Նացիստական Գերմանիայի ճամբարային հասարակաց տներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի հասարակաց տան շենքը[1]

Նացիստական Գերմանիայի ճամբարային հասարակաց տներ, Երրորդ Ռայխի համակենտրոնացման ճամբարների տարածքներում գործող հասարակաց տներ: ՍՍ-ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմմլերի կարծիքով այսպիսի հաստատությունները պետք է բարձրացնեին բանտարկյալների աշխատանքի արտադրողականությունը: 1942-1945 թվականներին, ընդհանուր առմամբ, բացվել են 10 հասարակաց տներ, որոնցով անցել են մի քանի հարյուր կանայք: Ընդհուպ մինչև 1990-ական թվականները, համակենտրոնացման ճամբարները ուսումնասիրող գիտական աշխատություններում հասարակաց տների թեման եղել է տաբուի տակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի տեղադրությունը Գերմանիայի քարտեզի վրա
Համակենտրոնացման ճամբարներում հասարակաց տների բացման տարեթվերը[2]
Համակենտրոնացման ճամբար Բացման թվական
Մաութհաուզեն 1942 թվականի հունիս
Գուզեն 1942 թվականի հունիս
Աուշվից 1943 թվականի հունիսի 30
Բուխենվալդ 1943 թվականի հունիսի 15
Ֆլոսենբյուրգ 1944 թվականի մարտի 25
Նոյենգամե 1944 թվականի գարուն
Դախաու 1944 թվականի մայիս
Դորա Միթելբաու 1944 թվականի ամռան ավարտ
Զաքսենհաուզեն 1944 թվականի օգոստոսի 8

Նացիստական Գերմանիայում համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներին «հատուկ հաստատություններում» (գերմ.՝ Sonderbauten) ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ, որպեսզի բավարարեին լոյալ բանտարկյալներին[3]: Մարմնավաճառների մեծ մասը բերվում էին Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարից, որի «բնակիչների» մեծ մասը կանայք էին[3][4]: ՍՍ-ի ռեյխսֆյուրեր Հիմմլերի նամակում, որը 1942 թվականի մարտի 23-ին գրել էր համակենտրոնացման ճամբարի կառավարիչ Օսվալդ Պոլին, նշվում էր, որ «անհրաժեշտ է հնարավորություն տալ աշխատող բանտարկյալներին հաճախել հասարակաց տներ և վայելել կանանց ներկայությունը, որի արդյունքում կբարձրանա բանտարկյալների աշխատանքի արտադրողականությունը»[5]: Գաղափարը վերջնականապես կյանքի է կոչվել 1943 թվականի մայիսի 15-ին՝ Օսվալդ Պոլի հրամանով: Այդ հրամանով ձևավորվել էր ցանկ, որտեղ ներառված էր հասարակաց տներ այցելելու իրավունք ունեցող բանտարկյալների անունները: Բացի այդ, այդ անձանց հնարավորություն էր տրվում ապրել ավելի լավ պայմաններում, նրանց տրվում էր դրամական փոխհատուցում և հնարավորություն գնելու ծխախոտ[6]:

Բանտարկյալների համար նախատեսված առաջին հասարակաց տունը բացվել է 1942 թվականի հունիսին Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում, որը գտնվել է Հյուսիսային Ավստրիայում: Հասարակաց տունը ունեցել է 10 փոքր սենյակներ, որոնց լուսամուտները ունեցել են ճաղեր: Հասարակաց տան վրա ամրացված է եղել «Բարաք № 1» ցուցանակը: Նախնական հաշվարկներով մեկ անբարոյականը պետք է սպասարկեր 300-500 տղամարդու: Այդ նպատակով առանձնացվել էին 10 կանայք[5]: Նույն 1942 թվականին հասարակաց տուն է բացվել նաև Գուզեն ճամբարում[7]:

1943 թվականի հունիսի սկզբին Օսվենցիմ-Բժեզինկա համակենտրոնացման ճամբարի տարածքում բացվել է հասարակաց տուն: Այն տեղակայված է եղել 24а մասնաշենքում, չնայած որ սկզբնական տարբերակում նախատեսվում էր հասարակաց տան համար կառուցել առանձին մասնաշենք, որը կրելու էր «№ 93 մասնաշենք» անվանումը: Հասարակաց տան ծառայություններից օգտվել են բացառապես այն բանտարկյալները, ովքեր խրախուսվել էին՝ աշխատանքային հաջողությունների համար: Արձակվել էր հրաման, համաձայն որի ՍՍ-ի անդամներին կտրականապես արգելվում էր հարաբերություններ ունենալ ճամբարի հասարակաց տների մարմնավաճառների հետ: Դրա փոխարեն առաջարկվում էր օգտվել Օսվենցիմ քաղաքի հասարակած տների կանանց ծառայություններից: Բժեզինկայի և Օսվենցիմ III ճամբարների հասարակաց տների համար ճամբարի բանտարկյալներից ընտրվել են 60 կանայք (հիմնականում գերմանացիներ, լեհեր և ուկրաինացիներ), ովքեր ծառայություններ են մատուցել, ընդուպ մինչև ճամբարի վերջին օրերը[8]:

Այլ տվյալներով, այդ հասարակաց տունը բացվել է 1943 թվականի հունիսի 30-ին, իսկ նույն տարվա հուլիսի 15-ին ևս մեկ հասարակաց տուն է բացվել Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարում[9]: Վերջինում հասարակաց տունը կոչվել է «Lagerbordell», որի նպատակը «աշխատանքի բարձր արտադրողականության խթանումն էր»: Հասարակաց տանը աշխատել են 10 մարմնավաճառներ, որոնք բերվել էին Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարից[10]:

Ճամբարային հասարակաց տներում մարմնավաճառների կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր գնահատականներով ճամբարների հասարակաց տներով անցել են 200-ից 500 կին[3][5][11]: Բանտարկյալ մարմնավաճառների 60 %-ից ավելին եղել են գերմանուհիներ: Բացի այդ, «հատուկ նշանակության բավարարման խմբերում» եղել են նաև լեհեր, ԽՍՀՄ երկրներից բանտարկյալներ և մեկ հոլանդուհի[5]: Նրանց շարքերում հրեուհիներ չեն եղել[5]: Բանտարկյալ հրեաները իրավունք չեն ունեցել այցելելու հասարակաց տներ[3]: Միայն գերմանացիները կամ արիացիները կարող էին հավակնել ստանալու այդպիսի արտոնություններ[6]: Բացի այդ, հասարակաց տները օգտագործվում էին համասեռամոլ բանտարկյալների «փորձարկման» և բացահայտման համար[12]: Բանտարկյալ մարմնավաճառների մոտ 70 %-ը ճամբարում հայտնվել են որպես «ասոցացված տարրեր», ընդ որում, նրանցից ոմանք ազատության մեջ նույնպես զբաղվել են մարմնավաճառությամբ[5]:

Ճամբարների հասարակաց տների համար ընտրված կանանց տեղավորում էին լազարեթում (զինվորական հիվանդանոց), որտեղ նրանց ներարկում էին կալցիում, մաքրում էին նրանց մարմինը հատուկ խոզանակներով, լողացնում էին դիզինֆեկցիոն վաննաներում, ուտեցնում էին և թողնում արևայրուք ընդունելու կվարցային լամպերի տակ[5]: Այնուհետև նրանք տեղափոխվում էին հասարակաց տներ, որոնք տիպիկ ցանկապատված տներ էին՝ կառուցված ճամբարի ծայրամասում: Սկզբնական շրջանում հասարակաց տները հսկում էին ՍՍ-ի կանանց անձնակազմը, իսկ 1943 թվականի վերջից՝ բանտարկյալները, ում ընտրում էին Ռավենսբրյուկի մեծահասակ բանտարկյալներից[13]: Հասարակաց տներում կային բժիշկների սենյակներ, սպասասրահներ, զուգարաններ և լոգարաններ[14]:

Հասարակաց տներ այցելել թույլատրվում էր միայն արտոնյալ բանտարկյալներին՝ վերակացուներին և ավագներին: Ընդ որում, հասարակաց տուն այցելելը բավականին թանկ էր՝ 2 ռեյխսմարկ[5]: Այցելության համար սահմանված էր 15 րոպե: Մարմնավաճառի հետ առանձնացում, որպես այդպիսին թույլատրված չէր, սենյակները ունեին դիտանցքեր՝ վերակացուների հսկողության համար: Սեռական հարաբերությունների ժամանակ թույլատրվում էր միայն միսիոներական դիրքը[5][15]: Մարմնավաճառ բանտարկյալը մեկ օրվա ընթացքում ընդունում էր մինչև 8 տղամարդու: Սովորաբար նրանք աշխատում էին երեկոները՝ երկու ժամ տևողությամբ[15]: Հասարակաց տների մարմնավաճառները հղիանում էին հազվադեպ: Պատճառը ոչ միայն պարտադիր ստերիլիզացիան էր (ստերջացում), այլև բնակության ծանր պայմանները: Հղիության հայտնաբերման պարագայում նրան փոխարինում էին մեկ այլ մարմնավաճառով և ուղարկում աբորտի[5]: Սեռավարակներից խուսափելու համար հաճախորդներին տրամադրում էին դիզինֆեկցիոն քսուքներ, իսկ մարմնավաճառներից վերցնում էին սուսանակի քսուքներ և արյուն՝ սիֆիլիսի հետազոտություններ իրականացնելու համար[5]: Վարակվածներին արագ փոխարինել են[16]:

Առաջին հայացքից նվաստացուցիչ կարգավիճակ ունեցող ճամբարային մարմնավաճառները համակենտրոնացման ճամբարներում ունեին ցանկալի և հեղինակավոր կարգավիճակ[17]: Մինչև պատերազմի ավարտը գրեթե բոլոր մարմնավաճառները կենդանի են մնացել[5]: Բացի այդ, կանանց բարաքներում շրջանառվում էր տեղեկատվություն, համաձայն որի՝ հասարակաց տներում վեց ամիս աշխատելուց հետո մարմնավաճառներին ազատ էին արձակում, չնայած այդ ժամկետի ավարտից հետո կա՛մ նրանց թողնում էին աշխատել հասարակաց տանը, կա՛մ ուղարկում էին հետ՝ ճամբար[2]: Հաշվի առնելով կանանց «ինքնակամ» ցանկությունը աշխատելու հասարակաց տներում՝ հետազոտողները սովորաբար խուսափել են անդրադառնալ թեմային իրենց աշխատություններում[5]:

Պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեման չի արծարծվել Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Թեման չի դիտարկվել նաև գիտական հետազոտությունների մեջ, ընդհուպ մինչև 1990-ական թվականները[18][19][20]: Սակայն, 1970-ական թվականներին օգտագործվել է նացիստական թեմատիկայով նկարահանված ֆիլմերում («ՍՍ-ի գայլ Իլզան», «Երրորդ Ռայխի վերջին օրգիան», «Սիրո ճամբար N 7», «ՍՍ-ի փորձարկման ճամբար» և «Նացիստների սիրո ճամբար 27»)[21]): Բացի այդ, «Ղողանջ փշալարերից այն կողմ» վեպի մեջ, Բուխենդվալդի հասարակաց տան մասին գրել է Գեորգի Սվիրիդովը[22].

Յուրաքանչյուր էշելոնից Բուխենվալդի հասարակաց տան համար ընտրում էին կին բանտարկյալների: Ընտրությունը կատարում էր ճամբարի պարետ (լագերֆյուրեր) Մաքս Շոբերտը: Յուրաքանչյուր զոհին մանրակրկտորեն հետազոտում էին բժիշկները, այնուհետև նրանց հետազոտում էր նաև Հիգիենայի ինստիտուտի վարիչ, ՍՍ-ի մայոր Վալդեմար Հովեն:

Նույնիսկ 1990-ական թվականներին նացիստական համակենտրոնացման ճամբարներում ստրկական աշխատանքների վերաբերյալ գիտական աշխատություններում բռնի մարմնավաճառության թեման շատ քիչ է հիշատակվում կամ էլ շրջանցվում է, որը Քրիստա Շիկորրան կապում եվրոպական հասարակության մեջ կնոջ նկատմամբ սեռական բռնությունների համընդհանուր անուշադրության հետ[23]:

2009 թվականին գերմանացի մշակութաբան Ռոբերտ Զոմմերը այս թեման ընտրել է իր ատենախոսության համար[5].

Զաքսենհաուզեն, Դախաու և նույնիսկ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարներում հասարակաց տների առկայությունը, որտեղ ճամբարի կին բանտարկյալներին ստիպում էին զբաղվել մարմնավաճառությամբ, մինչ օրս մնում է նացիստական տեռորի ամենաքիչ ուսումնասիրված ասպեկտներից մեկը: 9 տարիների ընթացքում Ռոբերտ Զոմմերը ուսումնասիրել է փաստաթղթեր, որոնք գտնվում էին տարբեր պետությունների արխիվներում և հուշահամալիրներում: Նա հավաքել է նյութերի հարուստ հավաքածու, որոնք հերքում են այն առասպելը, համաձայն որի նացիոնալ- սոցիալիստները արգելում էին մարմնավաճառությունը և պայքարում էին դրա դեմ: Ռեժիմը ձգտում էր, ավելի շուտ, ամբողջական վերահսկողություն ունենալ մարմնավաճառների նկատմամբ: Այդպիսի քաղաքականություն վարվում էր ոչ միայն «հին ռեյխում» (հատկապես պատերազմի սկսվելուց հետո), այնպես էլ բռնազավթված տարածքներում: Հասարակաց տների ճյուղավորված համակարգը, որը գործել է պետության վերահսկողության ներքո, ծածկել է Եվրոպայի տարածքի կեսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wohnhaus, Bordellbaracke, Objekt-ID 114535» (գերմաներեն)։ Wiki loves monuments։ Վերցված է 2016-09-19 
  2. 2,0 2,1 Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 174—175
  3. 3,0 3,1 3,2 3,3 New Exhibition Documents Forced Prostitution in Concentration Camps — Der Spiegel — 15 January 2007
  4. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 170
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 Марайке Фаллет, Симоне Кайзер. «Главное — выжить» // Der Spiegel/Профиль. — № 22 (625) 15 Июня 2009 (копия)
  6. 6,0 6,1 Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 171
  7. Константин Залесский СС. Самая полная энциклопедия. — М.: Litres, 2015. — С. 478. — ISBN 9785457412422
  8. Константин Залесский СС. Самая полная энциклопедия. — М.: Litres, 2015. — С. 532. — ISBN 9785457412422
  9. Eschebach I., Jacobeit S., Wenk S. Gedächtnis und Geschlecht: Deutungsmuster in Darstellungen des nationalsozialistischen Genozids. — Campus Verlag, 2002. — С. 44. — ISBN 9783593370538
  10. Константин Залесский СС. Самая полная энциклопедия. — М.: Litres, 2015. — С. 461. — ISBN 9785457412422
  11. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 175
  12. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 171—172
  13. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 172
  14. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 172—173
  15. 15,0 15,1 Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 173
  16. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 174
  17. «Wenn wir wußten, daß in unserem Block eine ausgesucht wurde, haben wir sie geschnappt und ihr eine Decke übergeworfen und sie so verprügelt, daß sie sich nicht mehr rühren konnte. Es war unklar, ob sie sich davon überhaupt wieder erholen könnte. Die wollten doch nur ein schöneres Leben haben und wir haben sie so bestraft.» in: Thomas Gaevert / Martin Hilbert: «Frauen als Beute» («Women as Booty»), 2004 documentary made for ARD
  18. Christa Schulz. Weibliche Häftlinge aus Ravensbrück in Bordellen der Männerkonzentrationslager (de) // Frauen in Konzentrationslagern : Bergen-Belsen, Ravensbrück. — Bremen: Ed. Temmen, 1994. — С. 135—146.
  19. Paul, Christa. Zwangsprostitution : staatlich errichtete Bordelle in Nationalsozialismus Verfasst. — Berlin: Edition Hentrich, 1994. — 141 с.
  20. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 175—176
  21. Stiglegger Marcus (2007-02-09)։ «Beyond Good and Evil? Sadomasochism politics cinema 1970ies»։ IKONEN։ Ikonenmagazin.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-03-14 
  22. Свиридов, Георгий. Ринг за колючей проволокой. — 7-е изд., доп. — М: Физкультура и спорт, 1989. — С. 129. — ISBN 58-278-00097-X.
  23. Schikorra Ch. Forced prostitution in the Nazi concentration camps, 2006, էջ 176