Նարոչանյան (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Նարոչանյան
Narač - 6.jpg
Տեսակազգային պարկ և Բելառուսի արգելոցների և ազգային պարկերի ցանկ
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
ՎարչատարածքՄինսկի մարզ
Հիմնվել է1999
Մակերես933 կմ²
Կոորդինատներ: 54°51′ հս․ լ. 26°43′ ավ. ե. / 54.850° հս․. լ. 26.717° ավ. ե. / 54.850; 26.717
Նարոչանյան (ազգային պարկ)ը գտնվում է Բելառուսում
Նարոչանյան (ազգային պարկ)

Նարոչանյան, ազգային պարկ Բելառուսի Հանրապետությունում, որն ընդգրկում է Մինսկի մարզի հյուսիս արևմտյան, Վիտեբսկի և Գրոդնոյի մարզերի հյուսիսային մասերը՝ 93,3 հազար հեկտար տարածք[1]։

Պարկի մակերեսի 17%-ը զբաղեցնում են լճերը, որոնց ընդհանուր թիվը հասնում է 40-ի։ Լճերը շրջապատված են հազվագյուտ կենդանիներ ունեցող անտառներով։ Ազգային պարկի ընդհանուր տարածքում տեղակայված է լճերի երեք խումբ՝ Բոլդուկյան, Նարոչանյան և Մյադելյան։ Նարոչանյան լճերի գլխավոր լիճը Նարոչն է։ Այն Բելառուսի ամենախոշոր բնական ջրամբարն է (մակերես՝ 80 կմ²)։ Միջին խորությունը 9 մետր է, երկարությունը՝ 13 կիլոմետր, լայնությունը՝ 10 կիլոմետր։ Լճի մեջ թափվում է գրեթե երկու տասնյակ առու և փոքրիկ առվակ, և սկիզբ է առնում Նարոչ գետը։ Լճի ջուրը մաքուր է, ինչը հնարավորություն է տալիս բազմացնել սիգ տեսակի ձկներ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկի տարածքով հոսող Ստրաչա գետը

Նարոչանյան ազգային պարկը ստեղծվել է 1999 թվականի հուլիսի 28-ին Բելառուսի Հանրապետության նախագահի № 447 հրամանով՝ բնության յուրահատուկ համալիրների պահպանման նպատակով։

Ազգային պարկի կազմում ներառված է 7 որսարգելավայր[2]

  • «Կապույտ լճեր» (լանդշաֆտային),
  • «Նեկասեցկի», «Չերեմշինցի» և «Շվակշտի» (ջրաբանական),
  • «Թերակղզի Չերեվկի» (ջրաբանական),
  • «Ռուդակովո», «Պասինկի» (կենսաբանական)։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարոչանյան պարկի տեսարանով նամականիշ

Նարոչանյան պարկը պատված է եղևնիների և լայնատերև ծառերի անտառներով։ Ազգային պարկի տարածքում կա բարձրակարգ բույսերի 900 տեսակ, որոնցից ավելի քան 30-ը հազվագյուտ են և գտնվում են անհետացման եզրին։

Առավել խոշոր անտառները գտնվում են պարկի հարավ-արևմտյան շրջաններում:

Խոշոր փոփոխությունների է ենթարկվել ճահճային և մարգագետնային բուսականությունը: Ճահճուտների (ստորին և անցումային տեսակների) և ճահճացած մարգագետինների զգալի տարածքները ենթարկվել են ջրատեխնիկական մելիորացիայի։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկի տարածքում կան ֆաունագիտական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող բնության օբյեկտներ: Դրանց թվին են պատկանում «Կապույտ լճեր», «Ղանձիլ», «Նեկասեցկի», «Պասինկի», «Րուդակովո» և «Ուրլիկի» բնավայրերը:

Նարոչ լճի տարածքը տարբերվում է կենդանական աշխարհի բազմազանությամբ: Ջրամբարների ցանցը պայմաններ է ստեղծում ջրային կենդանիների հարուստ համալիրի գոյության և սեզոնային միգրացիայի ընթացքում մի շարք ջրային թռչունների համակենտրոնացման համար: Ազգային պարկի տարածքում բնակվում է ցամաքային ողնաշարավոր կենդանիների առնվազն 243 տեսակ ՝ երկկենցաղների 10 տեսակ, սողունների 5 տեսակ, բնավորվողների 179 տեսակ, չվող, ձմեռող և չվահյուր թռչունների գրեթե 40 տեսակ, ինչպես նաև կաթնասունների 49 տեսակ:

Առավել հարուստ է անտառային համալիրը, որն ընդգրկում է 95 տեսակի թռչուն: Դրանց թվում կան հյուսիսային տայգա համալիրի տեսակներ, ինչպիսիք են թավշաոտ բվիկը, մայրահավը, դահուճը և այլն: Հարուստ է նաև ջրային աշխարհը, որն իր մեջ ներառում է 35 տեսակ։ Ճահիճների մոտ հիմնականում հանդիպում են թռչունների 3 տեսակ, իսկ բնակեցված վայրերում՝ 14։ Նարոչանյան պարկը համարվում է եղջերավոր անասունների ձմեռելու հիմնական վայրը։

Պարկում հանդիպում է ձկների 32 տեսակ, այդ թվում՝ նաև կարմրախայտ, թեփուղ, արագաշարժ (ձուկ), փշաձկներ, սիգ և այլն: Այս տարածքում առանձնացված են հատուկ ֆաունագիտական արժեք ներկայացնող տարածքներ՝ «Չերեմշիցա» արգելավայրը, որի տարածքում բնակվում են գորշուկներ, սևախածի սուզահավեր, մեծ ջրցուլներ և այլ կենդանիներ: Դյագիլի լճի շրջակայքում բնակվում են մոխրագույն կռունկներ, ջրարծիվներ, սպիտակ կաքավներ, իժեր և այլն: Անտառային զանգվածում՝ Մեծ Շվաքշտներ լճի և «Կապույտ լճեր» արգելավայրի միջև, բնակվում են գորշուկներ, սև արագիլներ, բվեճներ, հողամաղիկներ և այլն[3]:

Ճարտարապետական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկի տարածքում գտնվող ճարտարապետական հուշարձանները ներկայացված են պաշտամունքային կառույցների տեսքով (17-րդ դարում կառուցված Սկապուլյարա Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին Մյադել քաղաքում, Սուրբ Անդրեյ առաքյալի լեհական կաթոլիկ եկեղեցին Նարոչ քաղաքում, 19-րդ դարում Կոնստանտինովկա քաղաքում կառուցված կաթոլիկ եկեղեցին և այլն):

Լրացուցիչ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարոչ շրջանը գտնվում է երկու պատմաազգագրական շրջանների՝ Պոնեմանիայի և Պոդվինյայի անցումային գոտում: Մեր թվարկության 1-ին հազարամյակի երկրորդ կեսին և 2-րդ հազարամյակի սկզբին կառուցված հնագիտական հուշարձանները վկայում են այդ տարածքում բալթյան և սլավոնական ցեղերի համատեղ բնակության մասին։

Նարոչ շրջանի հնագույն հնագիտական հուշարձանները վերաբերում են մեզոլիթին (միջին քարե դար) և թվագրվում են մ. թ. ա. 7-6-րդ հազարամյակով: Նեոլիթյան (նոր քարե դար) դարաշրջանի մշակութային շերտը, որը հայտնի է Նիկոլցի և Քոչերգիի գյուղերի պեղումներով (դամբարանադաշտային խեցեղենի մշակույթ), վերաբերում է մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակին: Երկաթի դարի հին ժամանակաշրջանի հետքերը համեմատաբար լավ են պահպանվել գերեզմանոցների, հին ամրացված քաղաքների և գյուղերի ավերակատեղիների տեսքով:

«Բելառուսի ազգային պարկեր և արգելոցներ» հուշադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

20 ռուբլի արժողությամբ, 33,63 գրամ քաշով, 38,61 միլիմետր տրամագծով, 925 կարգի արծաթյա հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

Ավերս՝ զինանշանի և պետության անվանում, անվանական արժեք և թողարկման տարեթիվ, մետաղանմուշ («Беловежская пуща» մետաղադրամինը նշված չէ), զարդաքանդակ, ռեվերս՝ կենդանու պատկեր, անվանումը բելառուսերենով:

Դիզայնը՝ Ս. Զասկևիչի, հուշադրամի տպաքանակ՝ 2000 հատ:

2003 Transfiguration Church (silver) av.gifMute swan (silver) rv.gif Ազգային պարկ «Նարոչանյան». Թշշան կարապ
(բելառուս․՝ НАЦЫЯНАЛЬНЫ ПАРК "НАРАЧАНСКІ". ЛЕБЕДЗЬ-ШЫПУН)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]