Նավարինո (Հրո Երկիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավարինո
Տեսակկղզի
Երկիր Չիլի
ՎարչատարածքCabo de Hornos?
Մակերես2473 կմ²
Մասն էՀրո երկիր
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս և Ատլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ
Տեսարան Նավարինո կղզուց

Նավարինո (իսպ՝. Isla Navarino), Չիլիին պատկանող կղզի Հրո երկիր կղզեխմբում։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավարինոն գտնվում է Հրո երկիր (Իսլա Գրանդե) կղզուց Բիգլ նեղուցով դեպի հարավ և Հորն հրվանդանից դեպի հյուսիս։ Նրանից դեպի արևմուտք՝ նեղլիկ Մյուրրեյ նեղուցից այն կողմ, ընկած է Օստե կղզին։ Նավարինոն առաջին հերթին հայտնի է նրանով, որ այստեղ են գտնվում Երկիր մոլորակի ծայր հարավային բնակավայրերը՝ Պուերտո Ուիլյամս ավանն ու նավահանգիստը և ձկնորսների գյուղ Պուերտո Տորոն։ Կղզին չիլիական Կաբո դե Հորնոս համայնքի մի մասն է կազմում և համարվում է Անտարկտիդա մայրցամաքին ամենից մոտ գտնվող բնակեցված տարածքը։ Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է համայնքի վարչական կենտրոնը համարվող Պուերտո Ուիլյամս ավանում և Պուերտո Նավարինո, Ռիո Գուանակո, Պուերտո Տորո ոչ մեծ գյուղերում։

Այստեղ ձկնորսությամբ զբաղվում են ոչ միայն տեղաբնակները, այլև՝ ձկնորսության սիրահարներ այլ վայրերից[1]։ Բնիկները յագան ցեղի ներկայացուցիչներ են, որոնց նախնիները, ըստ գիտնականների հաշվարկների, Հրո երկիր կղզեխումբ են եկել ավելի քան տասը հազար տարի առաջ՝ այն ժամանակներում գոյություն ունեցած ցամաքային լեզվակով, որը հետագայում ընկղմվել է ջրի տակ։ Վուլայա ծովածոցի ափամերձ տարածքում հայտնաբերվել է մեգալիթյան հնագիտական տեղանք՝ հնագույն խրճիթների մնացորդներով[2]։

Յագան կամ յամանա կոչվող ցեղի մշակույթը հրապուրում, այս կողմերն է բերում դրանով հետաքրքրվող զբոսաշրջիկների, որոնք այցելում են նաև Մարտին Գուսինդե տարածաշրջանային մարդաբանական թանգարան, դիտում այդ քոչվոր ցեղի ժամանակավոր կացարանները, թակարդների նմուշները, արհեստագործական առարկաները, ինչպես նաև՝ տասնիններորդ դարի անգլիացի միսիոներներից պահպանված իրերը։ Զբոսաշրջիկներին գրավում են նաև կղզու յուրօրնակ բուսական աշխարհը, ջրլող թռչունները, Նավարինո ձկնառատ լիճը՝ սաղմոնի, կարմրախայտի հարուստ պաշարներով։ Կղզու մերձակա օվկիանոսային ջրերում կարելի է տեսնել կետեր և դրանց մի տարատեսակը հանդիսացող օրկաներ։

Նավարինո կղզու բարձրագույն կետը Պիկո Նավարինո սարն է՝ 1.195 մետր բարձրությամբ։ Կղզու կլիման, չնայած Անտարկտիդային նրա չափազանց մոտ գտնվելուն, համեմատաբար մեղմ է; Ամռանը օդի միջին օրական ջերմաստիճանը կազմում է +9-+10, ձմռանը՝ մոտավորապես 0 աստիճան։ Միջին տարեկան ջերմաստիճանը +5,5 -+6 է։ Կղզու տարածքի հիմնական մասը պատված է անտառներով, որոնք երկրագնդի ծայր հարավային՝ Մագելանյան անտառների մի մասն են կազմում։ Անտառազուրկ են միայն կղզու կենտրոնական մասում գտնվող սարերը և հարավային ափի ժայռերը։

Նավարինոն և շրջակա կղզիները 2005 թվականի հունիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել են հատուկ պահպանության ենթակա կենսոլորտային տարածք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lafferty, Jamie (2017 թ․ մարտի 28). «Chile: fly-fishing at the end of the world». Financial Times. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  2. C. Michael Hogan (2008) Bahia Wulaia Dome Middens, The Megalithic Portal, ed. Andy Burnham

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավարինո (Հրո Երկիր)» հոդվածին։