Աշոտ Նավասարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նավասարդյան Աշոտից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ցոլակի Նավասարդյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1950(1950-03-28)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 3, 1997(1997-11-03) (47 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
 Ashot Navasardyan Վիքիպահեստում

Աշոտ Ցոլակի Նավասարդյան (մարտի 28, 1950(1950-03-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 1997(1997-11-03), Երևան, Հայաստան), հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահը՝ 1990 թվականից[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի` իրավագիտության ֆակուլտետը, աշխատել է Երևանի «Պիտակ» փաթեթների գործարանում, Հիմնել է «Լիցք» կոոպերատիվը[3]։

Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի[1]։ Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի[1][3], այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։ 1987 թվականին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, 1989-1990 թթ. եղել է ԱԻՄ Խորհրդի անդամ։ 1990 թ․–ի օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է, հանցակազմի բացակայության պատճառով[1]։ «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989)[4], որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին[5] Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։ Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թվականին հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը[2]։ 1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի[6], 1995 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր[7]։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997 թվականներին՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996 թվականին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին, ստացել է ռազմագետի որակավորում։ Սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահացել է 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Դավիթ Ալավերդյան (2014 նոյեմբերի 4). «Դիսիդենտական Հայաստան. Աշոտ Նավասարդյան». ՄեդիաՄաքս. Վերցված է 2015 հունվարի 19-ին.
  2. 2,0 2,1 Հայաստանի Հանրապետական Կուսակցության կայքում
  3. 3,0 3,1 ՀՀ Ազգային ժողովի կայք
  4. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 64
  5. «Ո՞վ Ո՞վ է. Հայեր» կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005
  6. ԳԽ առաջին գումարում
  7. ԱԺ առաջին գումարում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։