Նապոլեոն Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նապոլեոն Թումանյան
Ծնվել է1923
ԾննդավայրԴսեղ, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ և Խիզախության համար մեդալ

Նապոլեոն Եղիշի Թումանյան (1923, Դսեղ, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1944), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Թումանյանը ծնվել է 1923 թվականին Ալավերդու (Թումանյան) շրջանի Դսեղ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1940 թվականին աշխատանքի է անցել շրջանի Աքորի գյուղում որպես ավագ ջոկատավար, այնուհետև՝ մաթեմատիկայի և աշխարհագրության ուսուցիչ։ Նույն թվականին Թումանյանն ընդունվել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, սակայն կիսատ է թողել ուսումը։ 1941 թվականի հոկտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ, 409-րդ հայկական դիվիզիա, ավարտել է գնդի կրտսեր հրամանատարների դպրոցը սերժանտի կոչումով և նշանակվել ռադիոկայանի պետ[1]։

Մարտական գործողություններին Թումանյանը մասնակցել է 684-րդ գնդի կապի վաշտում։ Մեր զորքերը 1942 թվականի վերջին և 1943 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հյուսիսային Կովկասում թշնամուն ետ են շպրտել Կովկասյան նախալեռներից։ Մարտերից մեկում Թումանյանը վիրավորվել է, հոսպիտալում բուժվելուց հետո ծառայել 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայում, որն այդ ժամանակ ծանր մարտեր էր մղում Եյսկ, Ստարո-Շչերբինովկայի շրջանում։ 476 կապի գումարտակի կազմում մասնակցել է Թաման թերակղզու, Նովոռոսիյսկի, Կերչի, Սևաստոպոլի ազատագրման մարտերին, մասնակցել է 89-րդ դիվիզիայի հետագա հերոսամարտերին։ Թումանյանը պարգևատրվել է Կարմիր աստղի երկու շքանշաններով, «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» և մի շարք ուրիշ մեդալներով։ Բազմիցս արժանացել է Գերագույն հրամանատարի շնորհակալությանը։ 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

1945 թվականին Թումանյանը զորացրվել է և անցել մանկավարժական աշխատանքի Դսեղ գյուղում, հայոց լեզու, գրականություն և պատմություն։ 1949 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առնթեր կուսակցական դպրոցը, իսկ 1951 թվականին՝ Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1958-1968 թվականներին եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրեն։ 1968 թվականին դպրոցի տնօրեն է աշխատել Լենինյան շրջանում։ Եղել է նաև մայրաքաղաքի № 133 դպրոցի տնօրենի՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]