Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում
Antoine-Jean Gros - Bonaparte visitant les pestiférés de Jaffa.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱնտուան Ժան Գրո
տարի1804
բարձրություն523±1 սանտիմետր[1]
լայնություն715±1 սանտիմետր[1]
ուղղությունռոմանտիզմ, նեոդասականություն և օրիենտալիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՍենյակ 700
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերՖրանսիա
պատվիրատուՆապոլեոն Բոնապարտ
Bonaparte visitant les pestiférés de Jaffa le 11 mars 1799
Napoleon Bonaparte Visiting the Plague-Stricken in Jaffa
Bonaparte Visiting the Plague Victims of Jaffa by Antoine-Jean Gros Վիքիպահեստում

Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում, Նապոլեոնն այցելում է Յաֆֆայում գտնվող ժանտախտով հիվանդներին (ֆր.՝ Bonaparte visitant les pestiférés de Jaffa), Անտուան Ժան Գրոյի 1804 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Լուվրի թանգարանում[2], կրկնօրինակը՝ Յաֆֆայի Սուրբ Նիկողայոս վանքում: Ֆրանսիացի ակադեմիստ-նկարիչը կտավը ստեղծել է Նապոլեոն Բոնապարտի պատվերով՝ պատկերելու մի դրվագ Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքից[2]: Ենթադրվում է, որ պատկերված տեսարանը տեղի է ունեցել 1799 թվականի մարտի 11-ին Յաֆֆայում, երբ Նապոլեոն Բոնապարտն այցելել է Յաֆֆայի Սուրբ Նիկողայոս վանքում գտնվող իր հիվանդ զինվորին տեսակցելու: Կտավը կերտելու առաջադրանքը փորձ էր պատկերազարդելու Բոնապարտի առասպելաբանությունը և վերացնելու այն լուրերը, թե իբր Նապոլեոնը Սիրիական արշավախմբի նահանջի ժամանակ հրամայել է Յաֆֆայում գտնվող ժանտախտով հիվանդ հիսուն զինվորներին ափիոնի մահաբեր դեղաքանակ տալ:

1804 թվականի սեպտեմբերի 18-ին նկարը ցուցադրվել է Փարիզյան սալոնում, Նապոլեոնի կայսր հռչակվելու և Փարիզի Աստվածամոր տաճարում թագադրվելու ժամանակահատվածում՝ մայիսի 18-ից մինչև դեկտեմբերի 2-ը: Դոմինիկ Վիվան-Դենոնը, ով 1798 թվականին մասնակցել է Բոնապարտի Եգիպտոս կատարած արշավանքին և ղեկավարում էր Լուվրի թանգարանը, հանդես է եկել որպես Գրոյի խորհրդատու:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում օգտագործված են տարրեր Ժակ Լուի Դավիդի 1784 թվականի «Հորացիուսների երդումը» կտավից, որը նույնպես գտնվում է Լուվրում, ինչպես «Երդման» երեք կամարաշարքերը, որոնք սահմանում են երեք տարբեր աշխարհներ (ձախում՝ երեք որդիները երդվում են, կենտրոնում՝ հայրը ճոճում է սրերը, աջ կողմում՝ տրտմության մեջ լքված կանայք են), սկզբունքը վերցված է այս նկարից:

Երբեմն սխալմամբ ենթադրում են, որ տեսարանը պատկերված է մզկիթում, բայց իրականում այն պատկերում է հայկական Սուրբ Նիկողայոս վանքը, որի բակը նկատելի է հետնաֆոնում[3]: Հետնաֆոնին պատկերված են Յաֆֆայի պատերը, կոտրված աշտարակի վրա ծածանվում է Ֆրանսիայի սովորական չափերից մեծ դրոշը: Քաղաքը պատված է հրդեհի կամ թնդանոթի ծխով:

Ձախ կողմում, որտեղ գերիշխում են տիպիկ արաբական սյունաշարերը, արևելյան ոճով հագնված մի մարդ հացով լի զամբյուղից ծառայողի օգնությամբ հաց է բաժանում: Նրանց հետևում երկու սևամորթ տղամարդիկ պատգարակն են տանում, որի վրա, հավանաբար, մարմին կա: Երկու նախշազարդ կամարաշարերի տակ բացվում է հիվանդներով լի տեսարան:

Աջ կողմում, երկու կամարաշարի տակ, կոտրված կամարի ներքո կանգնած է Նապոլեոնն իր սպաների ուղեկցությամբ շոշափում է հիվանդներից մեկի կռնատակի ավշայտուցը: Նրա դիմաց գտնվող արաբ բժիշկը հոգ է տանում մեկ այլ հիվանդի համար, իսկ մի կույր մարդ փորձում է մոտենալ գեներալին: Կտավի ներքևի հատվածում մարդիկ փռված են գետնի վրա: Կտավում օգտագործված լույսն ու գույների խաղը ընդգծում են Բոնապարտի ժեստերը հնարավորինս լույսի ներքո:

Տեսարանի վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականի մարտի 7-ին Բոնապարտի ֆրանսիական բանակի կողմից Յաֆֆայի գրավմանն ու բռնի թալանին 1799 թվականի հունվարին հաջորդեց բոբոնիկ ժանտախտի բռնկումը բանակում: Մարտի 11-ին Բոնապարտն այցելեց իր հիվանդ զինվորներին, շոշափելով նրանց, որը համարվում էր կամ հոյակապ քայլ, կամ ինքնասպանություն, ըստ Նապոլեոնի լեգենդի կամ ժանտախտի սարսափի տեսանկյունից:

Նապոլեոնի բանակը օգնություն է խնդրում հայ եկեղեցու քահանաներից, որոնք իրենց դեղամիջոցներով կարողանում են բուժել զինվորների մի մասին: Նապոլեոնն անձամբ շնորհակալություն հայտնեց հայ պատրիարքին և նրան նվիրեց իր վրանն ու սուրը[4]:

Կտավի աջ կողմում պատկերված վիրակապված աչքով հիվանդը տառապում է կուրությունից և ժանտախտից: 1798 թվականի հուլիսին բանակի Եգիպտոս ժամանելուց հետո մի քանի ֆրանսիացիներ աչքի լուրջ խնդիրներ ունեցան ավազի, փոշու և արևի սաստիկ լույսի պատճառով:

1804 թվականին այդ ամենը ներկայացվում էր որպես խիզախ արարք Բոնապարտի կողմից, սակայն Նապոլեոնի ետևում գտնվող սպան փորձում է չթողնել, որ նա դիպչի ավշայտուցով հիվանդին: 19-րդ դարի սկզբին դեռևս հայտնի չէին ժանտախտի տարածման միջոցները, և լվերի դերակատարումը դրա տարածման գործում անհայտ էր մինչև 1898 թվականին Պոլ-Լուի Սիմոնը փաստեր գտավ դրա դեմ: Բաց ձեռքով բուբոյին դիպչելը ռիսկային չէր, քանի որ դեպքի վայրում գտնվող բոլոր մյուս դերակատարները (այժմ մենք գիտենք) լվերից հիվանդության փոխանցման նույն ռիսկայնության տակ էին գտնվում: Նապոլեոնի ձախ կողմում կանգնած սպայի կողմից բերանն ու քիթը փակելն ամբողջովին անարդարացված չէ, սակայն բուբոնիկ ժանտախտի որոշ դեպքեր կարող են վերածվել թոքային ժանտախտի, ինչը ռիսկային է համարվում հիվանդների հազից արձակված աերոզոլներից:

Ժանտախտը դադարեցնելու համար գործադրված բժշկական ջանքերը Միջնադարից ի վեր չէին փոփոխվել. կտավում մի ծեր բժիշկ կտրվածք է անում հիվանդի վրա, որպեսզի թարախը դուրս գա, ինչը, փաստորեն, անարդյունավետ է հիվանդության բուժման առումով, ինչպես նաև թուլացնում է հիվանդին: Հիվանդն արյունոտ կոմպրեսը պահել է թևի տակ, իսկ բժիշկը կտրվածք է անում մյուս հիվանդի վրա. հիվանդ ու հյուծված մարմիններ: Իդեալիզմն ու կլասիցիզմը հեռանում են ռոմանտիզմի օգտին: Իրականում, սա տառապանք է նկարված ձևով, որը նորություն էր, քանի որ նախկինում միայն ազնվականների մահեր էին նկարում:

1799 թվականի ապրիլի 23-ին Աքքայի պաշարման ժամանակ Բոնապարտն արշավախմբի գլխավոր բժիշկ Ռենե Նիկոլյա Դեժենետ-Դյուֆրիշին առաջարկել է, որ հիվանդներն ընդունեն ափիոնի մահացու քանակ՝ էֆտանազիա: Դեժենետը հրաժարվել է: Նույն տարվա մայիսի 27-ին Նապոլեոնը երկրորդ անգամ է այցելել ժանտախտի զոհերին:

Առեղծվածային «32»[խմբագրել | խմբագրել կոդը]

Napoléon visitant les pestiférés de Jaffa.jpg
Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Գրոյի «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում», Smarthistory[5]

Նկարի մեկնաբանման շուրջ երկարատև հարցը վերաբերում է հիվանդներից մեկի գլխարկի «32» թվերի կարևորությանը: Գրոն 32 տարեկան էր, երբ ստեղծում էր կտավը. ամաչկոտ, մերկ բանտարկյալը, ըստ էության, կարող էր թաքնված ինքնադիմանկար լինել:

Այլապես, դա կարող էր արտացոլել զինվորական գունդը (32-րդ դիվիզիան եգիպտական արշավի ժամանակ ֆրանսիական ստորաբաժանումներից մեկն էր):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Joconde — 1975.
  2. 2,0 2,1 Napoleon Bonaparte Visiting the Plague-Stricken in Jaffa, French Painting at the Musée du Louvre.
  3. Zafran Eric, Resendez Sydney (1998)։ French Paintings in the Museum of Fine Arts, Boston: Artists born before 1790։ Boston: Museum of Fine Arts Boston։ էջ 189։ ISBN 0878464611 
  4. Ինչու էր Նապոլեոնն օգնություն խնդրում հայ պատրիարքից Յաֆֆայում
  5. «Gros's Napoleon Bonaparte Visiting the Plague-Stricken in Jaffa»։ Smarthistory at Khan Academy։ Վերցված է March 6, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Peste", from Encyclopædia Universalis
  • Jean Massin, Almanach du Premier empire, 1988, ISBN 2-85229-701-9.