Նահդան Եգիպտոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նահդա (արաբերեն՝ النهضة՝ զարթոնք, վերածնունդ), մշակութային վերածնություն։ Նահդայի սկիզբը համարվում է 19-րդ դարը։ Այդ ժամանակաշրջանում արաբական երկրներից տնտեսապես և մշակութային առումով առավել զարգացած էին Եգիպտոսը և Սիրիան։ Այստեղ ավելի էր զգացվում եվրոպական ազդեցությունը։

Եգիպտոսը պետություն է Աֆրիկա մայրցամաքի հյուսիսում։ Այստեղ հազարրամյակներ առաջ ստեղծվել են առաջին պետությունները, ձևավորվել է հնագույն քաղաքակրթություն։ Ավելի քան վեց հազարամյա պատմության ընթացքում երկիրն անցել է զարգացման տարբեր փուլեր, որոնք կապված էին նաև օտար նվաճումների հետ։ Մ.թ.ա. 6-րդ դարում Եգիպտոսը նվաճվել է Աքեմենյան պետության, մ.թ.ա. 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու, ապա՝ Սելևկյանների, մ.թ.ա. 1-ին դարում՝ Հռոմեական կայսրության կողմից։ Հռոմեա-բյուզանդական տիրապետությունը տևում է 700 տարի՝ մինչև արաբական արշաավանքները։ 7–րդ դարից սկսած Եգիպտոսը դառնում է իսլամական պետություն, գերիշխող է դառնում արաբերեն լեզուն ու արաբական մշակույթը։ Այն համարվում է արաբական հանրապետություն՝ մի երկիր, որի բնակչությունը (ավելի քան 80 միլիոն) խոսում է սեփական արաբական բարբառով։

Արաբական Եգիպտոսը 16-18-րդ դարերում գտնվել է Օսմանյան կայսրության կազմում՝ որպես նրա նահանգ-վիլայեթ։ Այն անկախ պետությունից վերածվել էր Օսմանյան կայսրության մի նահանգի։ Սա բնականաբար չէր կարող չազդել նրա մշակութային կյանքի վրա։ Թուրքերի օրոք արաբերենը կորցրել էր պետական լեզվի իր դերը, չնայած շարունակվում էր լայնորեն կիրառվել թե Եգիպտոսում, և թե հենց Թուրքիայում։ Արաբների շրջանում գիտությունն անկում էր ապրում։ Մի շարք գիտական նվաճումներ, ինչպիսիք էին օրինակ Գյուտենբերգի տպագրական մեքենան, երկրի ձվաձևության մասին տվյալները, Կոպեռնիկոսի հայտնագործությունը և այլն, ուղղակի անհայտ էին մնում արաբներին մինչև 18-19-րդ դարերը։

1798 թվականի ամռանը, Ալեքսանդրիայում տեղակայելով իր զորքերը, Նապոլեոն Բոնապարտը եգիպտական բնակչությանը դիմեց արաբերեն մի ուղերձով, որտեղ խոսվում էր բոլոր մարդկանց միջև անկախ կրոնական պատկանելության հավասարության մասին։ Բոնապարտի զգուշավոր խոսքը ալ-Ազհարի մզկիթի մտավորականների վերաբերյալ, նրան չօգնեց վայելել վերջիններիս համակրանքն ու վստահությունը։ Երեք ամիս անց կրկին ապստամբություն ծագեց։ Ապստամբության օջախը դարձավ հենց ալ-Ազհարի մզկիթը։ Ճիշտ է, Բոնապարտի խոստացած հավասարությունը իրականություն չդարձավ, այդուհանդերձ հենց ֆրանսիացիների միջոցով եգիպտացիները ծանոթացան եվրոպական տեխնիկային, հատկապես զինվորական գործին, տպագրությանը, թերթերին, նոր ոճով և ոգով գործող դպրոցներին։ Նրա օրոք բացվեց առաջին տպարանը։

Ռեֆորմներն իրականացրեց Մուհամմադ Ալին։ Նա ստեղծեց կայուն նավատորմ, մշտական բանակ, զարգացրեց արտադրությունը, վերակազմավորեց պետական ապարատը։ Ռեֆորմներն իրականացնելիս Ալին ձգտում էր օգտագործել եվրոպական գիտությունների և տեխնիկայի ձեռքբերումները, ինչն էլ Եգիպտոսի համար հայտնի դարձրեց այս նոր գաղափարներն ու նվաճումները։ Եգիպտոսում առաջին անգամ բացվեցին հանրակրթական դպրոցներ։ Բացի դրանից բացվեցին նաև հատուկ բժշկական, տեխնիկական և զինվորական դպրոցներ՝ հետևելով եվրոպական օրինակին։ Որպես կանոն այնտեղ դասավանդում էին արտասահմանցիներ՝ ֆրանսիացիներ, անգլիացիներ, իտալացիներ։

Նապոլեոն Բոնապարտը Եգիպտոսում

Եգիպտոսում ծավալվեց նաև թարգմանչական աշխատանք։ Հիմնականում ֆրանսերենից արաբերեն էին թարգմանվում բազմաթիվ դասագրքեր։ Թարգմանչական գործի զարգացման մեջ մեծ դեր ունեցավ 1835 թվականին ստեղծված բյուրոն, հետագայում այն անվանվեց օտար լեզուների դպրոց։ Այս հաստատությանը պատկանում են ավելի քան 2000 թարգմանված աշխատանքներ, որոնք տպագրվում են 1821 թվականին Ալիի կողմից ստեղծված տպագրատանը։

Եգիպտոսի փաշան շուտով սկսում է երիտասարդ եգիպտացիներին ուղարկել Եվրոպա՝ գլխավորապես՝ Ֆրանսիա, ուսումնասիրելու բժշկություն, զինվորական գործ, իրավունք և այլն։ Երիտասարդների առաջին մեծ խումբը Եվրոպա ուղարկվեց 1826 թվականին՝ Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուիի գլխավորությամբ։ Ռեֆորմների արդյունքում Եգիպտոսում ավելի վաղ, քան Օսմանյան կայսրության մյուս նահանգներում, տեղի ունեցավ մշակույթների սինթեզում։ Եգիպտոսին առաջին հերթին պետք էին ռազմական և տեխնիկական գիտելիքներ։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ 1826 թվականին Ֆրանսիա ուղարկված անդամներից 11-ը ուսումնասիրում էին ռազմական գործ, դիվանագիտություն և կառավարում, 2-ը բժշկություն, 8-ը ծովային և ինժեներական գործ։ Նրանցից քչերն էին ուսումնասիրում մշակույթ և արվեստ։

Նապոլեոնի արշավանքից, այնուհետև Մուհամմադ Ալիի իրականացրած ռեֆորմներից հետո երկիրը թևակոխեց տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման մի նոր շրջան, որը ստացավ նահդա անվանումը։ Նահդա նշանակում է զարթոնք, վերածնունդ։ Նահդայի գաղափարները դեպի վերածնունդ տանող գլխավոր ճանապարհը տեսնում էին ժողովրդի մշակութային հետամնացության վերացման մեջ։

Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուին Ալ-Տահտաուին ծնվել է Տահտայում, Վերին Եգիպտոսում։ Ավարտել է ալ-Ազհարի համալսարանը։ Ավարտելուց հետո Մուհամմադ Ալին նրան նշանակում է հոգևոր առաջնորդ՝ իմամ, ով պետք է ուղեկցեր 1826 թվականին Ֆրանսիա ուղարկված 44 անդամներին։ 6 տարի անցկացնելով Ֆրանսիայում, հենց այստեղ գրում է իր ճամփորդության մասին, սակայն այն հրատարակվում է 1834 թվականին, Ֆրանսիայից Եգիպտոս վերադառնալուց հետո։ Գիրքն իրենով նորություն էր ներկայացնում արաբ հասարակության համար։ Թահթավին այն անվանել է «Մաքուր ոսկու հայտնաբերումը Փարիզ այցելության ընթացքում» (արաբ․՝ تخليص الإبريز في تلخيص باريز‎‎), որը հաճախ անվանում են նաև Ռիֆայի ճամփորդություն։ Նրա ստեղծագործության մեջ Ֆրանսիան ներկայացվում է որպես բազմաթիվ բարիքների աղբյուր։ Մանրամասն պատմվում է ֆրանսիական կարգուկանոնի և սովորույթների մասին։

ալ-Տահտաուի

Ըստ նրա հատկապես ընդօրինակման են արժանի կրթական և գիտական համակարգերը, հասարակության քաղաքական կազմակերպման ձևերը։ Չնայած կյանքի նկատմամբ ունեցած իր ավանդական մոտեցմանը՝ ալ-Տահտաուին ոչ միայն ընդունում է, այլ նաև ապացուցում է ֆրանսիացիների առավելությունը կրթական ոլորտում։ Նա կարծում էր, որ պետք է ընդօրինակել ֆրանսիական կրթական համակարգը, որպեսզի համակողմանի զարգանան գիտությունները՝ առանց որոնց անհնար է հզոր բանակի և նավատորմի ստեղծումը։ Նրա ստեղծագործության մեջ բավական շատ նկարագրություններ կան Ֆրանսիայի քաղաքական ինստիտուտների վերաբերյալ։ Հեղինակը մեծ համակրանքով գրում է լիբերալ շարժումների, սահմանադրական կառավարման մասին։ Պատմում է նաև 1830 թվականին տեղի ունեցած հուլիսյան շարժման մասին։ Նրա գրքում շատ մեծ տեղ են գրավում նրա գաղափարները անկախության և ազատության մասին։ Ալ-Տահտաուին նշում է, որ ֆրանսիացիների համար ազատությունը նույնն է, ինչ եգիպտացիների համար արդարությունը, քանի որ իշխանությունը ազատության պայմաններում նշանակում է բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առջև։ Ընդունելով բոլոր մարդկանց հավասարությունը, ալ-Տահտաուին չի ընդունում արևելյան ղեկավարների անսահմանափակ իշխանությունը։ Նա կարծում է, որ լիակատար իշխանությունը պատկանում է Աստծուն։ Իր մտածմունքների վերջում ալ-Տահտաուին գալիս է այն եզրահանգման, որ լիակատար արդարություն աշխարհում չկա և որ այն հարաբերական երևույթ է։

Ալ-Տահտաուին եկել է այն եզրահանգման, որ ազատությունը, հավասարությունը և արդարությունը համահավասար են։ Նրա կարծիքով մեծ տարբերություն չկա բնական իրավունքի և շարիաթի միջև։ Հասարակության կառուցվածքի եվրոպական ձևերը հնուց հայտնի են մուսուլմանական աշխարհում։ Եվ դրանք չեն հակազդում իսլամին։ Նրա գործունեությունը առաջին խոշոր ներդրումն էր արաբների մեջ ֆրանսիական լուսավորիչների հասարակական-քաղաքական հայացքների պրոպագանդումը։

Ալի Մուբարաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամադ Ալիից հետո Եգիպտոսում իշխանության է գալիս Իսմաիլը, ում որոնք մշակութային զարգացումը շարունակում է ընթանալ նույն հունով։ Այդ ժամանակաշրջանում մշակութային ամենաակնառու ներկայացուցիչներից էր փաշա Ալի Մուբարաքը (1823-1893)։ Նա ծնվել է քրիստոնյա ընտանիքում, ստացել է բժշկական կրթություն։ Նա այն ուսանողներից էր, ով 1844 թվականին երկրորդ հոսքով մեկնեց Ֆրանսիա։ Այնտեղ 4 տարի սովորելով ռազմական գործ, վերադառնում է Եգիպտոս և 1853-54 թվականներին Եգիպտական զորքի կազմում մասնակցում է Ղրիմի պատերազմին։ Իսմայիլի իշխանության գալուց հետո նրան է վստահվում բարձր պաշտոն ռազմական նախարարությունում։ Ալի Մուբարաքի աշխատություններից հայտնի է «Թաուֆիկի նոր նախաձեռնությունները» ( արաբերեն՝ الخطط التوفيقية الجديدة)։

1865 թվականին, երբ սուլթան Աբդուլ Ազիզը այցելում է Եգիպտոս, նկատում է թե ինչ անուշադրության են մատնված եգիպտական հին արժեքավոր ձեռագրերը և առաջարկում է Իսմայիլին հավաքել դրանք բոլորը մեկ ընդհանուր գրապահոցում։ Իսմայիլի նախաձեռնությամբ ստեղծվում է հայտնի «Ալ-Քութուբխանա ալ-խեդիվիյա ալ-մասռիյա» գրադարանը։ Ալի Մուբարաքին է վստահվում նորաստեղծ գրադարանի կարգավորումը, ով այդ ժամանակ հոգևոր ունեցվածքների նախարարն էր։ 1871-72 թվականներին Ալի Մուբարաքի կողմից տպագրվում են մի շարք աշխարհագրության, երկրաչափության և բժշկության դասագրքեր զիվորական կրթական հաստատությունների համար։ Մեկ տարի անց, զբաղեցնելով ազգային լուսավորության նախարարի պաշտոնը, նա ձեռնամուխ է լինում եվրոպական օրինակով համալսարանի հիմնադրման։ Նմանատիպ համալսարանի կառուցման գաղափարը կար դեռևս Մուհամադ Ալիի ժամանակից։ Ոգեշնչվելով նհոր հիմնադրված համալսարանի դասախոսներից մեկի աշխատանքով, Ալի Մուբարաքը ստեղծում է նմանատիպ աշխատություն՝ Ալամադդին վերնագրով։ Այն իրենից ներկայացնում էր 4հատորանի գիտական աշխատանք, գրված էր կիսագեղարվեստական ոճով։ Ի տարբերություն ալ-Տահտաուիի ստեղծագործության, այն նախատեսված էր մեծահասակների համար, ում նա ձգտում էր ծանոթացնել մարդկային գիտելիքների բոլոր ոլորտներին։ Նրա մյուս ստեղծագործություններից հայտնի է Մուհամմադ մարգարեի մասին հադիսներից մեկի մեկնաբանությունը։ Ալի Մուբարաքը մեկնաբանելով այն, կոչ է անում մուսուլմաններին չմոռանալով Աստծուն ջանասիրաբար աշխատել ապագայի համար։

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին ծնվել է Աֆղանստանում և ստացել է ավանդական մուսուլմանական կրթություն։ Կահիրեում հաստատվելուց հետո նա ծավալում է իր հիմնական գործունեությունը՝ դառնալով հասարակական մտքի անփոխարինելի առաջնորդ և քարոզելով լիբերալ-ռեֆորմիստական գաղափարներ և կոչ անելով գաղութացման դեմ պայքարի։

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին եղել է նաև Հնդկաստանում, Թուրքիայում։ Փարիզում իր աշակերտ Մուհամադ Աբդոյի հետ միասին ստեղծում է «Ալ-Ուրվաթ ալ-վուսկա» (արաբերեն العروة الوثقى, ամուր կապ) գաղտնի կազմակերպությունը և հրապարակում համանուն թերթը։ Նրա գաղափարախոսության հիմքում առաջնայինը կրոնի և գիտության փոխհարաբերության հիմնահարցն էր։

Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանին կարծում էր, որ ազգի բարեկեցությունը, հարստությունը հիմնված է գիտության վրա և որ կրոնը ոչ միայն չի ժխտում գիտությունը, այլ ամեն կերպ նպաստում է նրա զարգացմանը։ Իր «կրթության և ուսուցման» օգուտը հոդվածում Արևելքի երկրների ծանր վիճակը բացատրում է այստեղ գիտնականների՝ որպես կարևոր խավի ժխտմամբ։ Նա կարծում էր, որ ոչ բոլոր ժամանակաշրջանները կարիք ունեն մարգարեության, սակայն միշտ պահանջվում է գիտական առաջընթաց, որը ի վիճակի կլինի մարդկությանը դուրս հանել խավարամտության և անգրագիտության ճահճից դեպի բարեկեցիկ կյանք։

Նման գաղափարներ արտահայտելու համար ուղղափառ մուսուլմանների կողմից նա մեղադրվում էր հերետիկոսության մեջ։ Դրա արդյունքում նա էլ ավելի էր համոզվում, որ ոչ մի կրոնական ռեֆորմ նարավոր չէ մուսուլմանական համայնքում, քանի դեռ կրոնական առաջնորդները չեն փորձում վերանայել իրենց հայացքները և չեն հասկանում գիտության և մշակույթի օգուտը։

Ալ-Աֆղանիի կարծիքով մուսուլմանների անկումն ու հետամնացությունը արդյունք են նրա, որ նրանք մոռացել են, թե ինչում է կայանում իսկական իսլամի իմաստությունը, ինչպես նաև այն պատգամը, որով մուսուլմանները պետք է միշտ միասնական լինեն։ Այս միասնականության գաղափարն էլ հիմք դրեց պանիսլամիզմի գաղափարախոսությանը։ Այս գաղափարախոսության առաջուցումը հենց այս շրջանում ամենից առաջ ազգային ազատագրական պայքարի արդյունք էր։

Ալ-Աֆղանին համառորեն կոչ էր անում Արևելքին համախմբել իր ուժերը և դուրս գալ գաղութարարների դեմ։ Կարևորագույն քաղաքական խնդիր էր համարում մուսուլմանների համախմբումը խալիֆի դրոշի տակ, ով ի վիճակի կլինի պայքարել գաղութատիրության դեմ։

Մուհամմադ Աբդո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ Աբդո

Ծնվել է Վերին Եգիպտոսում, նախնական կրթությունը ստացել է մզկիթներից մեկին կից դպրոցում, ապա շարունակել ուսումը Ալ-Ազհարում։ Այստեղ էլ նա ծանոթացել է Աֆղանիի ռեֆորմիստական գաղափարների հետ, և դարձել նրա ամենանշանավոր աշակերտներից և կողմնակիցներից մեկը։ Աֆղանիի ազդեցության տակ Ալ-Ահրամ թերթում հրապարակվում է հոդվածների մի ամբողջ շարք՝ նվիրված Արևմուտքի և Արևելքի մշակութային փոխհամագործակցությանը։ 1880 թվականին նշանակվում է «Ալ-Վուկաա Ալ-Միսրիյա» թերթի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նա համագործակցում է ազգային ազատագրական շարժման հետ կապված «Միսր» և «Ալ-Թիջարա» թերթերի հետ, որոնցում պաշտպանում է սոցիալական, մշակութային և քաղաքական ռեֆորմների գաղափարը, սակայն ընդդիմանում է զինված ապստամբությանը՝ համարելով, որ ժողովուրդն այժմ պատրաստ չէ դրան, իսկ պարտությունը կհանգեցնի երկրի օկուպացմանը։ Այդ ամենի հետ մեկտեղ 1881-82 թվականների Արաբի փաշայի ապստամբության ժամանակ աջակցում է նրան, ինչի արդյունքում ապստամբության պարտությունից հետո արտաքսվում է Եգիպտոսից։

Որոշ ժամանակ բնակվելով Բեյրությում, Աֆղանիի հրավերով մեկնում է Փարիզ։ Հսկայական է Աբդոյի դերը իսլամի արդիականացման և Եգիպտոսի զարգացման մեջ։ Նա հանդիսանում է մոդեռնիստների «Ալ-Մանար» ամսագրի և նոր գրական ոճի՝ հրապարակախոսության հիմնադիրը։ Նրա աշխարհայացքը ռացիոնալ-կրոնական էր։ Նա իսլամը համարում էր բանականության կրոն, որի նպատակը մարդում կատարյալ դարձնելն է և բարեկեցության ապահովումը ոչ միայն հանդերձյալ, այլև իրական կյանքում։ Այս ամենի մասին նա խոսում է «Ռիսալաթուլ թաուհիդ» (Միաստվածության ուղերձ) և Թաֆսիր ալ-Ղուրան (Ղուրանի մեկնաբանություն) աշխատություններում։ Թաֆսիր ալ-Ղուրանը ընդգրկում է առաջինից մինչև չորրորդ սուրաների մեկնաբանությունը և բաղկացած է ինը հատորից։

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին համարվում է պանարաբիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Նա ահռելի ներդրում ունեցավ արաբական գրականության պատմության, մասնավորապես՝ հրապարակախոսության զարգացման մեջ։

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի

Լինելով նահդայի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև Մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և պանիսլամիզմի հիմնադիր Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ՝ դրանով իսկ խթան հանդիսանալով արաբական հրապարակախոսության հետագա զարգացմանը Սիրիայում և Եգիպտոսում։

Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին կրթություն է ստացել Հալեպի դպրոցներից մեկում՝ «ալ-Մադրասա ալ-Քաուաքիբիա» (արաբերեն՝ المدرسة الكواكبية)։ Իր ստեղծագործական ու գաղափարախոսական գործունեությունը ծավալում է Սիրիայում, վերջին տարիներին՝ Եգիպտոսում։ Այնտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում նա ազդվում է Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի և նրա աշակերտ Մուհամմադ Աբդոյի գաղափարներից։ Ալ-Քաուաքիբիի հոդվածները, որոնք տպագրվում էին այդ ժամանակ «Ալ-Մանար»-ում (արաբերեն՝ المنار, փարոս ), 1901 թ լույս են տեսնում առանձին գրքով «Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը» (արաբերեն՝ طبائع الاستبداد ومصارع الاستعباد)։ Մյուս նրա հայտնի ստեղծագործությունը «Քաղաքների մայրը» (արաբերեն՝ أم القرى, ումմ ալ-կուրա), որը հավանաբար գրվել էր դեռևս Հալեպում, տպագրվում է 1902 թ։

«Ումմ ալ-կուրա» հրապարակախոսական աշխատությունում պատկերված է 1899 թվականի գաղտնի համաժողովը Մեքքայում հաջջի ժամանակ։ Համաժողովի 12 նիստերում մասնակցում էին 22 մուսուլմաններ տարբեր երկրներից։ Ներկայացվում են աղավաղված պատկերացումները իսլամի մասին, որը մեծ մասամբ մուսուլման աստվածաբանների պատճառով էր տեղի ունենում։

«Բռնապետության բնույթը» գրքի մեջ ալ-Քաուաքիբին զարգացնում, խորացնում և համակարգի է բերում «Ումմ ալ-կուրա»-ում արտահայտած մտքերը։ Քննադատելով բռնապետությունը՝ նա ասում է, որ այն աղավաղում է կրոնական ուսմունքի իսկական իմաստը, կործանում ազգի նյութական հարստությունները, վերացնում է ցանկացած հետաքրքրություն աշխատանքի նկատմամբ։