Նախ կանայք և երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Բերկենհեդի կործանումը» Թոմաս Հիմի պատկերմամբ

«Նախ կանայք և երեխաները» (անգլ.՝ Women and children first) (հազվադեպ՝ ««Բերկենհեդի» կառուցումը», Birkenhead Drill[1][2][3]), պատմական չգրված օրենք, ըստ որի՝ կանանց և երեխաների կյանքը պետք է փրկել առաջին հերթին (որպես կանոն՝ նավը լքելու և սահմանափակ փրկարարական ռեսուրսներ ունենալու դեպքում)։ Արտահայտությունը հայտնիություն է ձեռք բերել՝ կապված 1912 թվականին «Տիտանիկ» նավի խորտակման հետ, չնայած այս սկզբունքի կիրառման առաջին հայտնի դեպքը եղել է «Բերկենհեդ» նավի խորտակման ժամանակ։

19-20-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը, որպես կանոն, նավերն ապահովված չէին բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների համար նախատեսված փրկարարական հանդերձանքով։ Դա կապված էր նրա հետ, որ շատ ուղևորափոխադրող միջոցներ դեռևս ունեին առագաստանավեր, իսկ տախտակամածի տարածքը չափազանց թանկ էր, որպեսզի օգտագործվեր փախստական ուղևորներին տեղափոխելու համար (19-րդ դարի երկրորդ կեսին շատ անդրատլանտյան նավերի վրա կար այսպես կոչված 4-րդ դաս, որով երթևեկում էին առանց նավասենյակի ուղևորները)։ 1870 թվականին Միացյալ Թագավորության Համայնքների պալատում Ջորջ Շոու Լեֆեվրը, ի պատասխան «Նորմանդիայի» խորտակման մասին հարցի, ասել է[4]

Առևտրային խորհրդի կարծիքով հնարավոր չէ Ֆրանսիայի և Անգլիայի միջև երթևեկող նավի վրա այնքան նավակ բարձել, որպեսզի այդ նավակները տեղավորեն մեծ թվով ուղևորների, որոնց սովորաբար տանում են նավերը։ Դրանք կլցնեն տախտակամածը, և վտանգը պակասելու փոխարեն ավելի կմեծանա։

20-րդ դարից սկսեցին կառուցել ավելի մեծ նավեր, որը նշանակում էր տախտակամածի վրա ուղևորների թվի ավելացում։ Դրա հետ մեկտեղ փրկարարական լաստանավերի անվտանգության կանոնները չփոփոխվեցին։ Բրիտանական օրենսդրությունը նախատեսում էր փրկարարական նավերով ապահովել միայն այն նավերին, որոնք «10 000 բրուտո տոննա և ավելի գրանցված բեռ են տեղափոխում»։ Այս մոտեցման հետևանքով ուղևորների և անձնակազմի միջև առաջացավ բարոյական երկընտրանք՝ ու՞մ կյանքը պետք է փրկել սահմանափակ թվով փրկարարական նավակների դեպքում։

Առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախ կանանց և երեխաներին փրկելու առաջին հայտնի փորձը եղել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Բերկենհեդ» նավի խորտակման ժամանակ՝ 1852 թվականին[5]։ Նավապետը հրամայել է կանանց և երեխաներին (20 մարդ) նստեցնել միակ փրկարարական նավակը, իսկ տղամարդկանց՝ տախտակամածից ցատկել։ Սակայն տղամարդկանց մեծ մասը թագավորական զինվորներ էր, և գնդապետը, համարելով, որ նրանք կարող են վտանգ ներկայացնել փրկարարական նավակի անվտանգության համար, հրամայում է տախտակամածի վրա շարվել։ Զինվորները չեն շարժվում իրենց տեղից նույնիսկ նավաբեկությունից 20 րոպե անց նավը երկու մասի բաժանվելու ժամանակ։ Աղետի ժամանակ փրկվել է տղամարդկանց միայն 25 %-ը, մյուսները խեղդվել են կամ շնաձկների կեր դարձել։ Ավագ սպաներից ոչ ոք չի փրկվել։ Միջադեպը լուսաբանվել է մեծ մասշտաբներով, մարդկանց անձնազոհությունը հավերժացվել է այդ ժամանակվա թերթերում և նկարներում, արտացոլվել բանաստեղծություններում, օրինակ՝ Ռեդյարդ Քիփլինգի «Զինվորը և նավաստին հանուն մի նպատակի»։ 1859 թվականին Սեմուել Սմայլսն իր «Ինքնօգնություն» գրքում նկարագրել է «նախ կանայք և երեխաները» սկզբունքի օգտագործումը Լաքհնաուի պաշարման ժամանակ[6], իսկ հենց բուն արտահայտությունն առաջին անգամ հայտնվել է Ուիլյամ Դուգլաս Օ’Քոնների «Հարինգթոն․ իրական սիրո պատմություն» վեպում[7]։

Ավդոտյա Պանաևան հիշել է, որ Իվան Տուրգենևն իրեն պատմել է այն շոգենավի հրդեհի մասին, որով նա լողում էր Շեցինից 1838 թվականի մայիսին, «ընդ որում, իրեն չկորցնելով՝ հանգստացրել է լացող կանանց և քաջալերել նրանց ամուսիններին, որոնք խուճապահար էին եղել»։ Այդ ընթացքում նրա ծանոթը, որը նույնպես եղել է այդ շոգենավում, ճանաչել է Տուրգենևին՝ «երիտասարդ ուղևորին», որին «պատժել էր նավապետը, քանի որ կանանց և երեխաներին փրկարարական նավակում տեղավորելու ժամանակ նա հրել է նրանց և զզվեցրել բոլորին իր դժգոհություններով, որ նավապետն իրեն չի թողնում նստել նավակ և բարձր գոռացել է՝ mourir si jeune! (մահանալ այսքան երիտասարդ)»[8]։ Արդեն մահացու հիվանդ ժամանակ Տուրգենևն ինքը մանրամասն ներկայացրել է այս դրվագը՝ չպաշտպանելով իրեն, բայց ավելացնելով այլ ուղևորների փոքրոգության դրվագներ․ մի ռուս գեներալ կանանց հրում էր նավակից, և միայն անձնակազմի և կապիտանի արիության շնորհիվ են նրանք կարողացել փրկվել, բայց, Տուրգենևի խոսքերով, ուղևորներին փրկարարական նավակներում տեղավորելու ժամանակ իշխել է դասային սկզբունքը։

«Տիտանիկի» փրկված ուղևորները փրկարարական նավակի մեջ, 1912 թվականի ապրիլի 15-ի առավոտ

Չնայած արտահայտությունը երբեք չի եղել միջազգային ծովային օրենքի մի մասը, այն մեծ համբավ է ձեռք բերել «Տիտանիկի» խորտակումից հետո[9]։ Այս սկզբունքի օգտագործման հետևանքով փրկվել են 74 % կանայք և 52 % երեխաներ, իսկ տղամարդկանց՝ միայն 20 %-ը[10]։ «Տիտանիկի» սպաները տարբեր կերպ են մեկնաբանել կապիտան Սմիթի հրամանը[11][12]։ Նրանցից շատերը փորձել են կանխել տղամարդկանց մուտքը լաստանավերի մեջ, մյուսները հրամայել են (մասնավորապես անձնակազմի անդամներին) նստել թիերի վրա, իսկ երրորդները կանանց և երեխաների բացակայության ժամանակ լցրել են լաստանավերը մնացած ուղևորներով։ Տղամարդկանցից շատերը, որոնց հաջողվվել էր փրկվել լաստանավերի միջոցով, ներառյալ՝ «Ուայթ սթար լայն» (անգլ.՝ White Star Line) ընկերության ներկայացուցիչ Ջոզեֆ Իսմեյը, հասարակության կողմից պիտակվել են իբրև վախկոտներ[13]։

Միջազգային ծովային օրենքի տեսանկյունից ոչ մի հիմք չկա այսպիսի սկզբունքի օգտագործման համար[14]։ Ծովագնացության միջազգային կազմակերպության օրենքների համաձայն՝ վթարված նավն ունի 30 րոպե ուղևորներին լաստանավեր տեղափոխելու և նավից հեռու որևէ անվտանգ վայր տեղափոխելու համար[14]։ Պատմությունը ցույց է տալիս, որ սկզբունքի օգտագործումը եղել է ավելի շատ բացառություն, քան թե օրենք։ Ուպսալյան համալսարանի՝ 2012 թվականին հրատարակված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նավաբեկության ժամանակ տղամարդկանց փրկվելու հավանականությունն ավելի մեծ է, քան կանանցը և երեխաներինը։ Հոդվածում վերլուծության է ենթարկվել 18 ծովային աղետ, որոնք տեղի են ունեցել 1852-2011 թվականների ընթացքում։ Այդ նույն հետազոտությունը ցույց է տվել նաև, որ փրկվելու ավելի մեծ հավանականություն ունեն անձնակազմի անդամները, քան սովորական ուղևորները։ «Տիտանիկի» խորտակումը համարվում է մասնավոր դեպք և ընդհանուր պատկերացում չի տալիս ծովային ավանդույթների վերաբերյալ[15]։

Կանանց հագուստը, հատկապես վիկտորյական դարաշրջանում, մեծ դեր է խաղացել կանանաց փրկվելու վիճակագրության մեջ։ «Չարթերային ռոյալի» խորտակման ժամանակ կանայք վերև բարձրանալու և նավը լքելու փոխարեն հագնվում էին ներքևի տախտակամածում։ Ծանր հագուստները ուժեղ ալեկոծության ժամանակ նաև սահմանափակում էին մակերևույթին մնալու և դիմակայելու հնարավորությունը[16]։

Որոշ հեղինակներ վստահեցնում են, որ «նախ կանայք և երեխաները» սկզբունքը կապված է գենդերային անհվասարության հետ և սովորական պայմաններում կարող է օգտագործվել անհավասարությունը ցույց տալու համար[17]։ Բրիտանական էլիտան օգտագործել է ծովում տղամարդկանց քաջագործությունների մասին առասպելը, որպեսզի արդարացնի կանանց ձայնի իրավունք չտալը։ Այդ փաստարկի համաձայն՝ ոչ մի պատճառ չկար կանանց ձայնի իրավունք տալու, քանի որ այսպես, թե այնպես տղամարդիկ միշտ նրանց հետաքրքրությունները ավելի բարձր են դասում իրենց սեփական հետաքրքրություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kipling R. Collected Verse of Rudyard Kipling. — Kessinger, 2005. — P. 305. — ISBN 1-4179-0750-9
  2. Anson R. Double Star. — Gregg Press, 1978. — P. 169. — ISBN 0-8398-2446-7
  3. Каланов Н. А., Скрягин Л. Н. Англо-русский словарь морских идиом и жаргона. — М.: Моркнига, 2013, — Служебная:Источники книг/9785903081912, Служебная:Источники книг/9785030033150, с.35
  4. The Parliamentary debates. — 1870: H. M. Stationery Office, 21 March 1870. — Т. 200. — P. 323—324.
  5. Doughty S. (2012 թ․ հունվարի 17). «So much for women and children first: Italian cruise disaster shows men need to be reminded of the rules of gallantry» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. Smiles S. Self-Help. — 1859. — ISBN 1-4068-2123-3
  7. «Women and children first» (անգլերեն). phrases.org.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. Авдотья Панаева. Воспоминания. — 2002. — 448 с. — ISBN 5-8159-0198-9
  9. Marshall L. Sinking of the Titanic and Great Sea Disasters. — 2004. — ISBN 1-4191-4735-8(չաշխատող հղում)
  10. Anesi C. «Titanic Disaster: Official Casualty Figures and Commentary» (անգլերեն). anesi.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. Lord W. A Night to Remember. — New York: Bantam, 1997. — P. 63. — ISBN 978-0-553-27827-9
  12. Ballard R. The Discovery of the Titanic. — Toronto: Madison, 1987. — P. 37. — ISBN 978-0-446-67174-3
  13. Benedict M., Gardner R. When That Great Ship Went Down // In the face of disaster: true stories of Canadian heroes from the archives of Maclean's. — New York: Viking, 2005. — P. 204. — ISBN 0-670-88883-4
  14. 14,0 14,1 By Tom de Castella. «Costa Concordia: The rules of evacuating a ship» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. Elinder M., Erixson O. Every man for himself: Gender, Norms and Survival in Maritime Disasters. — Uppsala Universitet, 2012. Архивировано из первоисточника 15 Մայիսի 2012.
  16. Stilgoe J. Lifeboat. — University of Virginia Press, 2003. — P. 234. — ISBN 0-8139-2221-6
  17. Women and Children First: Feminism, Rhetoric, and Public Policy / ed. Meagher S.. — SUNY Press, 2004. — ISBN 978-0-7914-8285-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]