Նախում Գուտման
Նախում Գուտման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1898[1] |
Ծննդավայր | Տելենեշտի, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1980[2] (82 տարեկանում) |
Մահվան վայր | Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, մանկագիր և գրող |
Ժանր | Էկլեկտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | Իսրայելի մրցանակ և Դիզենգոֆի մրցանակ |
Nahum Gutman Վիքիպահեստում |
Նախում Գուտման (ծննդյան անունը՝ Նուխեմ Օլտերովիչ Գուտման, Nachum Gutman[3] , եբր.՝ נחום גוטמן, հոկտեմբերի 15, 1898[1], Տելենեշտի, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 28, 1980[2], Իսրայել), իսրայելցի բնանկարիչ, քանդակագործ, նկարազարդող և գծանկարիչ, մանկական գրող, բնանկարային գեղանկարչության պաղեստինյան ոճի հիմնադիր: Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի դափնեկիր (մանկական գրականության մեջ ունեցած ավանդի համար, 1962 թ.): Գրել է եբրայերեն:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նուհեմ (հետագայում՝ Նախում) Գուտմանը ծնվել է բեսարաբյան հրեական Տելենեշտի գյուղատնտեսական գաղութում, (ներկայումս՝ Մոլդովայի Տելենեշտի շրջկենտրոն), Օլտեր Գուտմանի և նրա կնոջ՝ Ռիվկեի ընտանիքում, եղել է հինգ երեխաներից չորրորդը: Ապագա նկարչի հայրը՝ սկսնակ գրող Օլտեր Գուտմանը, որը հայտնի էր Ս. Բեն-Ցիոն (կամ Սիմհա Բեն-Ցիոն) կեղծանունով, այդ ժամանակ աշխատում էր որպես ուսուցիչ:
1903 թվականին ընտանիքը տեղափոխվում է Օդեսա, որտեղ Նախումը սովորում է փորձարարական խեդերում (տարրական դպրոց) եբրայերեն ուսումնառությամբ, որտեղ դասավանդում էր նրա հայրը: 1905 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պաղեստին և բնակություն հաստատում Յաֆֆայում: Նախումը սովորում է «Էզրա» դպրոցում: 1910 թվականին անսպասելիորեն մահանում է նրա մայրը և հետագայում երեխաների դաստիարակությամբ զբաղվում է նկարչի տատիկը՝ Մինցե Գուտմանը, որը եկել էր Տելենեշտից հատուկ այդ նպատակով: Հենց այդ ժամանակ էլ Նախումը սկսեց ստանալ իր առաջին դասերը նկարչությունից Իռա Յանի (Էսթեր Սլեպյան) մոտ և ընդունվեց Հերցլիյա գիմնազիա: 1913 թվականին նա մեկնեց Երուսաղեմ և ընդունվեց գեղանկարչության ու գեղանկարչական արվեստի «Բեցալել» դպրոց Բորիս Շացի և Աբել Պենի մոտ:
Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ դպրոցի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելուց հետո, 1916 թվականին Գուտմանն աշխատել է խաղողի ճզմման արտադրությունում և ցիտրուսային այգիներում Պետահ Տիկվեում, Ռիշոն Լե Ցիոնում և Ռեխովոտում, ինչը շատ տարիներ անց իր արտահայտությունն է գտել նրա «հախոֆեշ հագադոլ օ Թաալումաթ հաԱրգազիմ» (Ամառային արձակուրդներ, կամ տուփի գաղտնիքը) ինքնակենսագրական գրքում: 1917 թվականին նա մյուս բնակիչների հետ միասին թուրքերի կողմից արտաքսվում է Երուսաղեմից (նկարագրված է «Նարնջի կեղևի արահետը» գրքում), 1918 թվականին կամավորական հիմունքներով անդամագրվում Բրիտանական բանակի հրեական լեգիոնին, ծառայելով որպես վերակացու Եգիպտոսում, թուրք ռազմագերիների ճամբարում:
1920 թվականին, զորացրվելուց անմիջապես հետո, մեկնում է Եվրոպա գեղանկարչություն սովորելու, մինչև 1926 թվականը բնակվում է Վիեննայում, Փարիզում, Բեռլինում, նկարազարդում է այդ ժամանակ Բեռլինում բնակվող հոր և նրա գրական ընկերների Հայիմ Նախման Բյալիկի և Շաուլ Չերնիխովսկու գրքերը: 1926 թվականին վերադառնում է Թել Ավիվ և հիմնականում իրեն նվիրում բնանկարչությանը (հետագայում Գուտմանի այդ ժանանակաշրջանի աշխատանքները սկսեցին դասվել այսպես կոչված նոր «պաղեստինյան ոճին»): 1928 թվականին նա ամուսնացավ Դորա Իյոֆֆեի հետ և նույն տարում ծնվեց նրանց միակ որդին Մենահեմը: 1929 թվականից Գուտմանը սկսեց զբաղվել «Օհել» (Վրան) մոդեռնիստական թատրոնի դեկորացիայի և բեմական հագուստի դիզայնով, դարձավ «Դավիթի թագը » (1929) և Սաբաթայ Զևիի (1932) ներկայացումների դեկորացիայի հեղինակը: 1931 թվականին նա դարձավ «Դավար Լեյալդիմ» («Դավար» թերթի մանկական հավելված) թերթի մշտական նկարազարդողը և այդ պաշտոնում առանց ընդմիջումների աշխատեց հետագա 35 տարիներին: Որոշ ժամանակ անց սկսեց նաև հոդվածներ գրել այդ թերթի համար:
1932 թվականին կայացավ Գուտմանի առաջին անհատական ցուցահանդեսը: 1933-1934 թվականներին մասնակցել է պարարվեստի վարպետ Բարուխ Ագադատիի կողմից Թել Ավիվում կազմակերպվող «Ադլոյադա» ամենամյա կառնավալային պուրիմի երթի դեկորացիայի պատրաստմանը: 1934 թվականին Թել Ավիվի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ստեղծեց քաղաքի խորհրդանիշը, որը պահպանվում է մինչև օրս (իր կողմից 1959 թվականին կատարված վերանայումով): 1934-1935 թվականներն անցկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ գրել է իր առաջին գիրքը երիտասարդների համար, «ԲեԷրէց Լոբենգուլու Մէլէխ Զուլու» (Լոբենգուլու արքայի Զուլու երկրում ), որը լույս տեսավ նրա նկարազարդումներով: Յոհաննեսբուրգում, Քեյփթաունում և Դուրբանում անցկացվել են նկարչի անհատական ցուցահանդեսները:
Այդ ժամանակից ի վեր Գուտմանը նկարազարդել է իր բոլոր մանկական գրքերը, որոնք նա հրատարակել է մինչև իր կյանքի վերջը: Հետագայում այդպես են հրատարակվել նրա կողմից գրված և նկարազարդված «Բեատրիս о Մաասե Շետհիլատո Համոր վէՍոֆո Արի Դորես» (Բեատրիսա, կամ պատմություն, որը սկսվեց ավանակից և ավարտվեց կատաղած առյուծով, 1942), «հարպատկաոտ Համոր Շեկուլո Տհելետ» (Իսկական կապույտ իշուկի արկածները, 1944), «Իր Կետինա վաանաշիմ բաՄեաթ» (Փոքրիկ քաղաք և մի քանի մարդիկ այնտեղ, 1959) և այլ գրքեր:
Իսրայելի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ, 1948 թվականին Գուտմանը պատրաստեց Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների դիմանկարների շարք, որոնք ընդգրկված են նրա «Ինչպես դա եղավ» ալբոմում:
1960-ական թվականների սկզբին առաջին անգամ սկսեց զբաղվել խճանկարով (Գուտմանն առաջին խճանկարն ստեղծել է Իսրայելի գլխավոր ռաբբինատում, 1961 թվականին), հետագա երկու տասնամյակում նրա խճանկարներով են զարդարվել թելավիվյան «Հերցլիա» գիմնազիայի պատերը (1967), Բյալիլի փողոցի շատրվանը (1976) և Թել Ավիվի Շալոմ Մեիրի առաջին երկնաքերը (1966): 1970 թվականից սկսել է զբաղվել նաև կերամիկայով[4][5][6]:
Գուտմանն ամուսնացել է Դորայի հետ: Նրանք ունեցել են որդի: Նախում Գուտմանը մահացել է 1980 թվականի նոյեմբերի 28-ին Թել Ավիվում: Մահից անմիջապես հետո նրա մասին լույս է տեսնում արվեստագետ Էհուդա Բեն-Էզերի կողմից գրված «Բեյն Հոլոտ վեՏհոլ Շամաիմ» (Ավազաբլուրներ և կապույտ երկինք) մանրամասն մենագրությունը: Նրա ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Թել Ավիվի Նևե Ցադիկ շրջանում գտնվող Գուտմանի թանգարանում, որտեղ նկարիչն անցկացրել է կյանքի մեծ մասը: Թանգարանը տեղակայված է շրջանի ամենահին շենքերից մեկում, որը կառուցվել է 1887 թվականին[7]: Բանաստեղծ Իսրոել Գոյխբերգը նրա զարմիկն է:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լամդան» մրցանակի դափնեկիր մանկական գրականության համար (1946 թ.)
- Դիզենհոֆի մրցանակ գեղարվեստի բնագավառում (1956 թ.)
- Հանս Քրիստիան Անդերսենի միջազգային մրցանակ (ՅՈՒՆԵՍԿՕ) «Նարնջի կեղևի արահետը» գրքի համար (1962 թ.)
- Յացիվի մրցանակ (1964 թ.)
- Բեսարաբիայի գաղթականների միության Ֆիհմանի մրցանակ (1969 թ.)
- Իսրայելի պետական մրցանակ (1978 թ.)
- Թել Ավիվի համալսարանի դոկտոր Honoris causa (1974 թ.)
- Թել Ավիվի պատվավոր քաղաքացի (1976 թ.)
- Իսրայելի մրցանակ (մանկական գրականության համար), 1978 թ.[8]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամաթ Ավիվում կա փողոց, որը կրում է նկարչի անունը: Նախում Գուտմանի ստեղծագործությունները բավականին բազմազան են (յուղաներկով բնանկարներ, ջրաներկ, գուաշ, խճանկար, փորագրություն, վիմագրություն, կերամիկական քանդակ) և սերտորեն կապված են Թել Ավիվի հետ, որի առաջին նորաբնակներից մեկը նրա ծնողներն էին և ինքը:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- "In the Land of Lobengulu King of Zulu", Massadah 1940
- "Seven Mills and Another Station" (Sheva T'khanot ve'od Takhana), Yavneh 1956
- Path of the Orange Peels: Adventures in the Early Days of Tel Aviv (English translation: Nelly Segal) Dodd, Mead & Company, 1979
- И было однажды… Агадические сказания о царе Давиде записал Хаим-Нахман Бялик. Иллюстрации Нахума Гутмана. М.: Текст—Книжники, 2015.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Nachum Gutman
- ↑ Mosaic Mural – Mosaic Artist – Nachum Gutman – Shalom Tower – Tel Aviv, Israel « Mosaic Art Source
- ↑ Haaretz: TA City Hall: Gutman Mosaic Destined for Ritzy Office Tower Courtyard, 11 June, 2009[1]
- ↑ PhotoStock-israel, Oren Shalev (2015): "The fountain is now located at the corner of Rothschild boulevard and Herzl street, Tel Aviv" [2]
- ↑ Gilerman Dana (2001-08-01)։ «Pinpointing Nahum Gutman»։ Haaretz.com։ Վերցված է 2014-04-11
- ↑ «Israel Prize Official Site – Recipients in 1978 (in Hebrew)»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նախում Գուտման կատեգորիայում։ |