Jump to content

Նախիջևանի հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նախիջևանի սարահարթից)
Նախիջևանի հարթավայր

Նախիջևանի հարթավայր, Մերձարաքսյան հարթավայրի մասը Նախիջևան և Ջագրիչայ գետերի ստորին հոսանքների շրջանում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Արևելքից և հարավ-արևելքից պարփակված է Դարիդաղ լեռնաշղթայի ճյուղավորություններով, հյուսիսից՝ Շարուրի հարթավայրով, արևմուտքից՝ Արաքս գետով։ Երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 6–20 կմ, միջին բարձրությունը՝ 890 մ։ Ունի հյուսիս–արևելքից հարավ–արևմուտք ընդհանուր թեքություն։

Մակերևույթը տափարակ է՝ տեղ–տեղ խախտված ոչ բարձր թմբաշարերով ու բլուրներով։ Կլիման խիստ ցամաքային է, չորային։ Հունվարի միջին ջերմաստիճանը –3 °C–ից մինչև––6 °C է, հուլիսինը՝ 28°С։ Տարեկան տեղումները 190–300 մմ են, վեգետացիոն ժամանակաշրջանը՝ 265 օր։

Ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը (Արաքսի ձախափնյա վտակները)՝ Նախիջևանն ու Ջագրիչայը, հիմնականում օգտագործվում են ոռոգման համար։ Արաքսը սահմանային գետ Է, որի վրա կառուցված է «Արաքս» հիդրոտեխնիկական հանգույցը։ Այստեղ, Արաքսի վրա կառուցված է Նախիջևանի լիճը, որի ջրերը լայնորեն օգտագործվելու են ոռոգման համար։ Այժմ արդեն ստեղծվել են մի քանի պետական տնտեսություններ, որոնք հաջողությամբ մշակում են խաղող, պտուղ-բանջարեղեն, զբաղվում անասնապահությամբ[1]։

Նախիջևանի հարթավայրի հատակը իջվածք է՝ լցված ցամաքային նստվածքներով։ Հանդիպում են որոշ լեռներ և բլուրներ, որոնցից է Նախիջևան քաղաքի մոտ գտնվող Երղութի Թափա լեռը[2]։Հողերը գորշ են, տեղ–տեղ՝ աղակալած։ Օգտակար հանածոներից կա քարաղ։

Բուսածածկույթում գերակշռում են չորասեր բույսերը։ Տարածված է օշինդրաաղուտային կիսաանապատային բուսականությունը։ Կենդանական աշխարհը հիմնականում ներկայացված է կրծողներով (ոզնի, նապաստակ, գերմանամուկ, ավազամուկ և այլն), սողուններով (թաքիրային կլորագլուխ, ռադեի իժ, փոքր վիշապօձ և այլն) և միջատներով։ Նախիջևանի հարթավայրում մշակում են հացահատիկ, ծխախոտ, խաղող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 760 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 245 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 166