ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագիր
ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագիր (անգլ.՝ NATO Lisbon Summit Declaration), Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Լիսաբոնի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, որն ընդունվել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին գագաթնաժողովին մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարներից կողմից։ Անդրադառնալով մի շարք հարցերի՝ հռչակագրում արձանագրվել է, որ այն ուղղված է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միության անդամ երկրների պրագմատիկ համագործակցությանը[1]։
Այս փաստաթուղթը գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երեք հռչակագրերից մեկն է։ Մյուսը ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կողմից ընդունված ամուր գործընկերության մասին հռչակագիրն էր։ Մեկ այլ հռչակագիր էլ ընդունվել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների կողմից, որը վերաբերում էր Անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF)։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագիրը բաղկացած է 54 պարագրաֆից։ Շարունակելով Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերաբերյալ Ստրասբուրգ-Քելի գագաթնաժողովում ամրագրված դիրքորոշումը՝ այս հռչակագիրը ևս մեկ անգամ Ռուսաստանին կոչ արեց «հետկանչել, որպես անկախ երկրներ, Վրաստանի տարածաշրջաններ համարվող Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը»։ Հռչակագիրը Ռուսաստանին կոչ էր անում նաև «իրագործել Վրաստանի նկատմամբ իր պարտավորությունները», որոնք ռուսական կողմը ստանձնել էր 2008 թվականին Ռուս-վրացական պատերազմից հետո ձեռքբերված համաձայնագրով ու 2008 թվականի սեպտեմբերի 8-ի պայմանագրով։ Վերահաստատելով 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ կայացված որոշումը՝ այս հռչակագրով Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարեց, որ «Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»։
Հռչակագրում նաև ամրագրվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Մերձդնեստրի հիմնախնդրի շուրջ նմանատիպ ձևակերպում կա նաև Մոլդովայի մասով։ Հռչակագրում նշվում է, որ տարածաշրջանային ձգձգվող հակամարտությունները «շարունակում են մնալ դաշինքի համար մեծ մտահոգության առիթ»։ Այդուհանդերձ, քանի որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չաջակցեց Արցախյան հակամարտությանը միջնորդության գաղափարին, այդ մասով հռչակագիրն իրավական ուժ չունեցավ[2]։
Հռչակագրի հիմնական դրույթներն իրենց աջակցությունն են հայտնում սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանը և միջուկային զենքի չտարածմանը։ Բացի այդ, հռչակագրով դաշինքի անդամ երկրները պայմանավորվում էին զարգացնել հրթիռային պաշտպանությունը, որը կարող է պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական բոլոր երկրներին, ինչպես նաև թվային անվտանգությունը։ Ի թիվս այլ պայմանավորվածությունների անդամ երկրները հանձնառություն առան ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ գործողությունները և առաքելություններն իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N1325 բանաձևին համապատասխան։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագիրը դիվանագիտական հաղթանակ էր Ադրբեջանի համար[3]։ 1996 թվականին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ հայկական պատվիրակությունը վետո էր կիրառել գագաթնաժողովի հռչակագրի 20-րդ հոդվածի վրա, որն աջակցում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Սա դարձավ պատճառ, որ ադրբեջանական կողմը վետո կիրառի ողջ փաստաթղթի վրա[2]։ «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր փոխքարտուղար Մուբարիզ Գուրբանլին Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագիրը բնորոշել է որպես «խիստ կարևոր»[4]։
Հռչակագիրը խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանում։ Այդտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթի առկայության պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոյկոտեց գագաթնաժողովը, իսկ Հայաստանը գագաթնաժողովին ներկայացրեցին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը[4]։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներից մեկի՝ Կիրո Մանոյանի խոսքով՝ հռչակագիրը ցույց էր տալիս Արևմուտքում Հայաստանի դիրքորոշման առաջմղման շուրջ Սարգսյանի վարչակազմի ձախողումը, ինչը վերջինս կապում էր նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի քաղաքականությամբ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Russia getting into bed with NATO?». The Daily Telegraph. 2010 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 2,0 2,1 «NATO statement seen as Azerbaijan's success: analyst». AzerNews. 2010 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Vice speaker: Declaration adopted at NATO Lisbon summit strengthens Azerbaijan's position». Trend News Agency. 2010 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «NATO Summit Approves Declaration Denounced By Armenia». KAFKASSAM. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արցախյան ազատամարտ | ||||
|---|---|---|---|---|
| Պատմություն | Վայրեր | Քաղաքական առաջնորդներ | Ռազմական առաջնորդներ | Արտաքին օգնություն |
|
Ծագում
Զինադադարից ի վեր |
Արցախ, հյուսիս Արցախ, կենտրոնական Արցախ, հարավ Արցախի ազատագրված տարածքներ նրանց նախկին Ադրբեջանական անվանումներով |
Ռազմական օգնություն՝ Արցախի Ռազմական օգնություն՝ Ադրբեջանի Հակամարտության միջամտություն | ||