Jump to content

Յուլի Ֆեդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլի Ֆեդերս
Ծնվել էհունիսի 19, 1838(1838-06-19)[1]
ԾննդավայրԿոկնեսե, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունվարի 19, 1909(1909-01-19)[3] (70 տարեկան)
Մահվան վայրՆեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունՌիգայի Մայր տաճարի դպրոց, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863) և Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ և նկարիչ
 Julijus Federis Վիքիպահեստում

Յուլի Իվանովիչ Ֆեդերս (այլ թարգմանությամբ՝ Ֆեդեր, Ֆեդդեր, Ֆեդդերս, հունիսի 19, 1838(1838-06-19)[1], Կոկնեսե, Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 19, 1909(1909-01-19)[3], Նեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն), լատիշ գեղանկարիչ, բնանկարչության ազգային ռեալիստական դպրոցի հիմնադիրներից[4], Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։

Ճարտարապետ Պյոտր Ֆեդերսի հորեղբայրը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականին Լիֆլյանդիայի նահանգի Կոկենգաուզեն գյուղում։

Ավարտել է Ռիգայի պաստոր Բերգմանի վարժարանը։ Մտադիր էր իրեն նվիրել բժշկությանը։

1856 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ Վեց տարի սովորելուց հետո իր աշխատանքների համար ստացել է արծաթե երկու փոքր մեդալ։ Ֆեդերսի գեղարվեստական հայացքների ձևավորման մեջ մեծ նշանակություն է ունեցել դասընկերների՝ Իվան Շիշկինի, Միխայիլ Կլոդտի, Կարլ Գունի ընկերակցությունը, ներառյալ նրանց, ովքեր հետագայում դարձել են ճանապարհորդողներ[6]։

Հոր մահվան հետևանքով առաջացած նյութական վիճակի վատթարացումից հետո Ֆեդերսը 1863 թվականին ստացել է ազատ նկարչի աստիճան և ուղևորվել Է Միտավա, որտեղ մինչև 1875 թվականն աշխատել է Միտավական ռեալական ուսումնարանում՝ որպես նկարչության ուսուցիչ։

1868-1875 թվականներին` լուսանկարիչ-նկարիչ, ֆոտոստուդիայի սեփականատեր։

1873 թվականին «Առվակ» բնապատկերի համար Ֆեդերսն արժանացել է երկրորդ աստիճանի նկարչի կոչման, իսկ 1874 թվականին Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրված «Անտառ», «Փոթորիկ» և «Թղթի ֆաբրիկան Լիգատնում» աշխատանքների համար՝ նկարչի առաջին աստիճանի կոչման։

1874 թվականին Լոնդոնի ցուցահանդեսում ցուցադրված «Անտառը փոթորկից հետո» կտավի համար Ֆեդերսը արծաթե մեդալ է ստացել և դարձել Բրիտանական ակադեմիայի անդամ, իսկ հենց կտավը ձեռք է բերել պարսկական շահը։ Նույն թվականին նկարիչը վաճառել է ֆոտոստուդիան և ուղևորվել Նորվեգիա։

1875 թվականին նա թողել է Միտավայում դասավանդողի պաշտոնը և մեկնել Դյուսելդորֆ՝ օստզեյան ծագում ունեցող նկարիչ, պրոֆեսոր Եվգենի Դյուկերի մոտ վերապատրաստվելու։

1876-ից ապրել է Բելգորոդում, նկարչություն է դասավանդել Ուսուցչական ինստիտուտում և քաղաքային գիմնազիայում։

1880 թվականին ստացել է ակադեմիկոսի կոչում[7]։

Ֆեդերսը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Ռուսաստանում և արտասահմանում[6]։

Լատիշ գեղանկարիչներից առաջիններից է, ով նկարել է Լատվիայի բնապատկերներ։ Ակադեմիական ռոմանտիզմի ավանդույթներից ձևափոխվելով՝ Ֆեդերսի արվեստն աստիճանաբար հասել է ազգային բնապատկերի անմիջական, ռեալիստորեն ճշգրիտ արտացոլման («Ամպրոպային երկնքով բնանկար». 1873, «Պերսե գետը». 1890, «Գաույա գետի հովիտը». 1891, «Կոկնեսեի դղյակի ավերակները». 1904, «Սիգուլդայի պուրակում». 1905-1907, բոլորը՝ Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան, Ռիգա)։Բացի բնանկարներից, որոնք հիմնականում պատկերում են Լիֆլանդիայի, Սանկտ Պետերբուրգի և Մալոռոսիայի տեսարանները, նկարել է դիմանկարներ։

Յուլի Ֆեդերսի առավել հայտնի կտավներն են՝ «Ձկնորսի բույն», «Իմ ամառանոցը», «Սոճին զառիթափի վրա», «Լուգա գետը» (Տագանրոգի գեղարվեստի թանգարան), «Մրրկասյուն» (ցուցադրվել է 1874 թվականի Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսում), «Ձմեռային նկար» (ցուցադրվել է 1886 թվականի Բեռլինի հոբելյանական ակադեմիական ցուցահանդեսում) և «Բնորդով էտյուտ» (Պետական Տրետյակովյան պատկերասրահ)։ Նրա նկարների հավաքածուն՝ մոտ 80 կտավ, գտնվում է Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանում. սա վարպետի աշխատանքների ամենամեծ հավաքածուն է։ Առանձին աշխատանքներ ցուցադրվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Էստոնիայի, Բելգիայի թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Շատերի տեղն անհայտ է։

Ըստ Ա. Էգլիտի և Ա. Լապինի մենագրության (1958 թվական)՝ Ֆեդերսի ստեծագործությունների ցանկը ներառում է ավելի քան 300 գեղանկար և էտյուդ։

Յուլի Իվանովիչ Ֆեդերսը մահացել է Նեժինում 1909 թվականի հունվարի 19-ին (հին տոմարով)։ Թաղված է քաղաքի հարավային ծայրամասում գտնվող Հովհաննես Ողորմած ուղղափառ գերեզմանատան տարածքում։ Պատերազմից հետո դամբարանը կորել է, տապանաքարը պահպանվել է։ 1984 թվականին նկարչի ծննդյան 145-ամյակի կապակցությամբ տապանաքարը տեղափոխել են եկեղեցու մոտ՝ Նեժինի Կենտրոնական գերեզմանատուն։

Նեժինում կա Յուլի Ֆեդերսի փողոց, իսկ տան ճակատին, որտեղ ապրել է նկարիչը 1905-1909 թվականներին, տեղադրվել է հուշատախտակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլի Ֆեդերս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 622