Յուդիթ Լեյստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուդիթ Լեյստեր
հոլ.՝ Judith Leyster
Դիմանկար
Ծնվել է1609
ԾննդավայրՀաառլեմ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
Մահացել էփետրվարի 10, 1660(1660-02-10)[2][3][1][…]
Մահվան վայրՀեյմստեյդե, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Մայրենի լեզուհոլանդերեն
ԵրկերJolly Toper?, Merry Trio?, The Proposition?, A Youth with a Jug? և A boy and a girl with a cat and an eel?
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
ԱմուսինJan Miense Molenaer?
ԱնդամությունHaarlem Guild of St. Luke?
Ստորագրություն
Изображение автографа
 Judith Leyster Վիքիպահեստում

Յուդիթ Յանս Լեյստեր (հոլանդ.՝ Judith Jans Leyster, նաև՝ Leijster[5], 1609, Հաառլեմ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - փետրվարի 10, 1660(1660-02-10)[2][3][1][…], Հեյմստեյդե, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), հոլանդական կերպարվեստի ոսկեդարի ժամանակաշրջանի նկարչուհի, ով հեղինակել է կենցաղային ժանրի գործեր, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Նրա ողջ ստեղծագործությունը երկար տարիներ վերագրվել է կամ Ֆրանս Հալսին, կամ իր ամուսնուն՝ Յան Մոլենարին (Jan Miense Molenaer), որ նույնպես նկարիչ էր։ Վերջապես՝ 1893 թվականին արվեստի պատմաբան Կոռնելիս Հոֆստեդե դե Գրոտը (Hofstede de Groot) յոթ նկարի հեղինակությունը վերագրել է նրան[6], ընդ որում՝ դրանցից վեցի վրա պարզորոշ դրված է նկարչուհու ստորագրությունը՝ 'JL*'[7]: Թյուրիմացությունը ծագել է թերևս այն պատճառով, որ նկարչուհու մահից հետո նրա գործերը գույքագրվել են որպես «Մոլենարի կնոջ աշխատանքներ», այլ ոչ թե իբրև Յուդիթ Լեյստերի ստեղծագործություններ[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուդիթը ծնվել է 1609 թվականի հուլիսի 28-ին Հառլեմում[9]. տեղի գարեջրագործ ու դերձակ Յան Վիլլեմս Լեյստերի ութերորդ զավակն էր։ Անորոշ է, թե ում է աշակերտել, սակայն, ինչպես երևում է, շատ շուտ է հասել ճանաչման, քանզի 1628 թվականին Սամուել Ամպցինգի լույս ընծայած Beschrijvinge ende lof der stadt Haerlem գրքում արդեն իսկ հիշատակվել է ընդամենը տասնինը տարեկան նկարչուհու մասին։

Երջանիկ զույգը, 1630 (Լուվր)

Կարծիք կա, որ Յուդիթը շատ վաղ է սկսել աշխատել հոր սնանկանալու և ողջ ընտանիքով կարիքի ճիրաններում հայտնվելու պատճառով։ Ենթադրվում է, որ նա նկարչության դասեր է առել Ֆրանս դե Գրեբերից (Frans Pietersz de Grebber)[10], ով 1620-ական թվականներին բավականին հարգի արվեստանոց է ունեցել Հառլեմում[11]։ Այդ դժվարին ժամանակներում նրանց ընտանիքը տեղափոխվել է Ուտրեխտ, որտեղ Յուդիթը, ամենայն հավանականությամբ, շփումներ է ունեցել ,,Ուտրեխտցի կարավաջիստներ,, անվանումը կրող խմբակի նկարիչների հետ[5]։

Նրա ստորագրությունը կրող առաջին գործը, որ հայտնի է արվեստի պատմաբաններին, թվագրված է 1629[12]։ Դրանից չորս տարի անց Լեյստերն անդամագրվել է Հառլեմի նկարիչների համքարությանը՝ Սուրբ Ղուկասի գիլդիային՝ դառնալով նման շնորհի արժանացած առաջին նկարչուհին (որոշ ուսումնասիրողներ վիճարկում են այս փաստը՝ գտնելով, որ առաջինը եղել է նկարչուհի Սառա վան Բաալբերգենը, որը, ըստ նրանց պնդումների, գիլդիայի անդամ է դարձել Յուդիթից երեք տարի շուտ՝ 1631 թվականին)[13]։

Լեյստերի՝ 1633-ով թվագրված ,,Ինքնանկարը ,, (Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն), ամենայն հավանականությամբ, հենց այն աշխատանքն է, որ նա ներկայացրել է համքարություն ընդունվելու նպատակով։ Այդ գործն ստեղծելիս նկարչուհին չափազանց լուրջ, կարելի է նույնիսկ ասել՝ պատմականորեն գնահատելի համարձակ քայլ է կատարել՝ մեծապես շեղվելով վաղ շրջանի կանացի ինքնանկարների ստեղծման խստականոն ավանդույթներից և ինքն իրեն պատկերելով շատ ազատ ու շարժուն (դինամիկ) դիրքով[14][15]։

Սերենադ, 1629 թ., Rijksmuseum, Ամստերդամ

Յուդիթ Լեյստերի նորամուծություններից մեկն էլ այն է, որ նա, առաջինը լինելով, իր մի շարք նկարներում կանանց պատկերել է տնային ինչ-որ աշխատանք կատարելիս /ի դեպ, արվեստագետ այս կնոջ ազգանունը թարգմանաբար նշանակում է առաջնորդող աստղ/:

Գործերի մեծագույն մասը նկարչուհին ստեղծել է 1629-ից 1635 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ սկսած քսանամյա տարիքից մինչև ամուսնանալն ու երեխաներ ունենալը։ Նկարիչ Յան Մոլենարի հետ ամուսնությանը հաջորդած տարիներին նրա ստեղծած հազվագյուտ գործերից են վարդակակաչների մասին պատմող մի գրքի երկու զարդապատկեր (1643 թվական), 1652 թվականի մի դիմանկար և 1654 թվականի մի նատյուրմորտ, որ վերջերս է հայտնաբերվել մասնավոր մի հավաքածուում[16]։ Թեև չի բացառվում նաև, որ պսակվելուց հետո էլ նա շարունակել է տքնաջան նկարել՝ դառնալով իր ամուսնու որոշ աշխատանքների համահեղինակ[5]։

Յուդիթ Լեյստերը մահացել է 1660 թվականին՝ հիսուն տարեկան հասակում։ Թաղվել է Հառլեմի քաղաքային սահմաններից դուրս՝ մի ագարակում։ Շուրջ երկու հարյուր տարի նրա կյանքն ու գործը մնացել են մոռացության թանձր քողի տակ[17]։ Ներկայումս Յուդիթ Լեյստերի մեծարժեք ստեղծագործությունները իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական մի շարք երկրների բազմաթիվ նշանավոր թանգարաններում ու պատկերասրահներում, այդ թվում՝ Ամստերդամի Rijksmuseum-ում[18], Հաագայի Mauritshuis-ում, Հառլեմի Ֆրանս Հալսի թանգարանում, Փարիզի Լուվրում, Լոնդոնի National Gallery-ում, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում և այլուր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chadwick, Whitney, Women, Art, and Society, Thames and Hudson, London, 1990.
  • "Leyster, Judith" in Gaze, Delia, ed. Dictionary of Women Artists. 2 vols. Chicago: Fitzroy Dearborn, 1997.
  • Welu, James A. and Pieter Biesboer. Judith Leyster: A Dutch Master and Her World, Yale University, 1993.
  • Harris A.S., Nochlin L. Women Artists: 1550—1950 . New York: Los Angeles County Museum of Art; Knopf, 1976
  • Fox Hofrichter F. Judith Leyster: a woman painter in Holland’s Golden Age. Doornspijk: Davaco, 1989.
  • Welu J.A., Biesboer P. Judith Leyster: a Dutch master and her world. Zwolle: Waanders Publishers; Worcester: Art Museum, 1993
  • Fraser A.I. Judith Leyster. Indianapolis: Indianapolis Museum of Art, 1995

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.britannica.com/biography/Judith-Leyster
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. 5,0 5,1 5,2 Molenaer, Judith. "Leyster, Judith, Dutch, 1609 - 1660," National Gallery of Art website. Accessed Feb. 1, 2014.
  6. Hofstede de Groot, Cornelis. "Judith Leyster," Jahrbuch der Königlich Preussischen Kunstsammlungen vol. 14 (1893), pp. 190-198; 232.
  7. Judith Leyster: A Woman Painter in Holland's Golden Age, by Frima Fox Hofrichter, Doornspijk, 1989, Davaco Publishers, 90-70288-62-1, p.32
  8. «Leyster, Judith». Leyster, Judith - Oxford Reference. Oxford University Press. 2008. doi:10.1093/acref/9780195148909.001.0001. ISBN 9780195148909.
  9. Harris, Ann Sutherland and Linda Nochlin, Women Artists: 1550-1950, Los Angeles County Museum of Art, Knopf, New York, 1976
  10. Hofrichter, See Frima Fox. Judith Leyster: A Woman Painter in Holland’s Golden Age (Doornspijk, 1989), p. 14.
  11. «Explore Frans Pietersz. de Grebber».
  12. «Explore Judith Leyster».
  13. Smith, Dominic (2016 թ․ ապրիլի 4). «Who Was Judith Leyster? The Overlooked Women Artists of the Golden Age». www.theparisreview.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  14. Frances Borzello, Seeing Ourselves: Women's Self-Portraiture 1998
  15. Hofrichter, Frima Fox. "Judith Leyster's 'Self-Portrait': Ut Pictura Poesis," Essays in Northern European Art. Presented to Egbert Haverkamp-Bergemann on his Sixtieth Birthday, Doornspijk, 1983, pp. 106-109.
  16. «Unique painting by Judith Leyster rediscovered, to be shown in the upcoming exhibition - CODART - Dutch and Flemish art in museums worldwide». CODART. 2009 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  17. McKiernan, Mike (2012 թ․ դեկտեմբեր). «Judith Leyster The Young Flute Player 1635». Occupational Medicine. 62 (8): 592–594. doi:10.1093/occmed/kqs194. PMID 23155158.
  18. «Search».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուդիթ Լեյստեր» հոդվածին։