Յուան Չունխուան
Յուան Չունխուան | |
![]() | |
Գիտական աստիճան՝ | Ցզինշի[1] (1619) |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 6, 1584 |
Ծննդավայր | Դունգուան, Canton prefecture, Guangdong, Մին դինաստիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 22, 1630 (46 տարեկան) |
Վախճանի վայր | Xicheng District, Պեկին |
Քաղաքացիություն | Մին դինաստիա |
Յուան Չունխուան, երկրորդ անունը՝ Յուանսու, մականունը՝ Ցզիչժու (袁崇煥, հունիսի 6, 1584, Դունգուան, Canton prefecture, Guangdong, Մին դինաստիա - սեպտեմբերի 22, 1630, Xicheng District, Պեկին), չինացի քաղաքական գործիչ, զորապետ և գրող, ով ծառայել է Մինգ դինաստիայի օրոք: Չինական մշակույթում լայնորեն հայտնի է որպես հայրենասեր, նա առավելապես հայտնի է նրանով, որ պաշտպանել է Լյաոնինը չժուրչենների կողմից ձեռնարկված ներխուժումից, որը ղեկավարել է Ուշ Ցզին դինաստիան: Լինելով գեներալ՝ Յուան Չունխուանը հաջողությունների է հասել որպես հրետանավոր և ձգտել եվրոպական թնդանոթների կառուցվածքները ներառել Մինգ դինաստիայի զինանոցում:
Յուանի ռազմական կարիերան հասել է իր գագաթնակետին, երբ նա հաղթել է տիրակալ ուշ Ցզին Նուրխացիին և նրա բանակին Նինյուանի առաջին ճակատամարտում: Հետագայում Յուան Չունխուանը Նինգյուանի երկրորդ ճակատամարտում հաղթել է նաև Նուրխացիի որդուն և իրավահաջորդին՝ Հունթայցզիին և նրա 200,000-անոց բանակին, որը բաղկացած է հիմնականում էթնիկ մոնղոլներից։ Յուան Չունխուանը հասել է իր վախճանին, երբ նրան ձերբակալել և մահապատժի են ենթարկել լինչի դատաստանով («դանդաղ կտրատում») Չունչժեն կայսրի հրամանով դավաճանության կեղծ մեղադրանքներով, որոնք, ենթադրվում էր, որ նրա դեմ ներկայացվել են Ուշ Ցզինի կողմից:
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուանը ծնվել է 1584 թվականի հունիսի 6-ին Գուանդուն նահանգի Դունգուան քաղաքում[2]։ Մեկ այլ աղբյուր ենթադրում է, որ նրա նախնիները ծագումով Գուանսիից էին[3]։ Դեռահաս տարիքում ճանապարհորդել է տարբեր քաղաքներում։ Թեև նա բազմիցս առանց մեծ հաջողության հանձնել է կայսերական քննությունները, սակայն մայրաքաղաք կատարած իր ճանապարհորդությունների ընթացքում ձեռք է բերել մեծ գործնական փորձ։ Նշվում է, որ այդ ընթացքում նա ընկերացել է մի քանի ճիզվիտների հետ և շատ ժամանակ է ծախսել եվրոպական թնդանոթների վերափոխման վրա:
Վաղ զինվորական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1619 թվականին Յուանը կայսերական քննությունը հանձնելուց հետո նշանակվել է Ֆուցզյան նահանգի Շաոու գավառի հաշտարար դատավոր։ 1619 թվականին Մինի կայսերական բանակը պարտություն է կրել չժուրչժեններից Սարխուի ճակատամարտում։ Մինի ուժերը չժուրչժեններից հաջորդական պարտություններ կրելուց հետո ստիպված են եղել 1622 թվականին նահանջել Շանհայի լեռնանցք՝ նրանց թողնելով ամբողջ Լյաոնինը։ Ռազմաճակատ այցելելուց հետո Յուանը նշանակվել է պաշտպանության նախարարության երկրորդ դասի քարտուղար, այնուհետև գրեթե անմիջապես նշանակվել քարտուղար և միջոցներ տրամադրել զորքերի հավաքագրման համար: Յուանի արագ առաջխաղացումը բավականին ուշագրավ է եղել այդ ժամանակ, քանի որ նա ընդհանրապես չի ունեցել պաշտոնական ռազմական պատրաստություն, բացի դասական կոնֆուցիականության ուսումնասիրությունից՝ կայսերական քննությունը հանձնելու համար:
Յուան Չունխուանը համագործակցել է գլխավոր հրամանատար Սուն Չենցզունի հետ՝ աստիճանաբար սահմանը դեպի հյուսիս մղելով՝ ամրացնելով Նինյուանը 1623 թվականին: Տարեց Սունը ընդունակ հրամանատար էր, բայց հրաժարվել է կաշառել Վեյ Չժունսյանին, ով Տյանցի կայսրի օրոք ազդեցիկ պալատական ներքինի էր։ Այնուետև, 1625 թվականին Սունը հետ է կանչվել, և նրան փոխարինել է Գաո Դին (高第), որը հրամայել է նահանջել Շանհայգուան։ Սակայն Յուանը կտրականապես հրաժարվել է հեռանալ Նինյուանից։
Հաջորդ տարվա սկզբին Նուրխացին առաջնորդել է չժուրչժեններին և հետ է տանում Լիաո գետով։ Յուանը և նրա տեղակալները հաջողությամբ պահել են Նինյուանը, նոր կազմավորված և վերափոխված «խուիպաո»-ի և ընդամենը 9000 աշխարհազորականների հետ մարտնչելով Նուրխացիի 130000-անոց բանակի դեմ: Նինյուանում տարած հաղթանակը խանգարել է չժուրչժենների անհապաղ առաջխաղացմանը:
Ասում են, որ Յուանը ուսումնասիրել է թնդանոթը բոլոր տեսանկյուններից, որպեսզի կարողանար կրակել իր ուզած դիրքի ուղղությամբ և ենթադրվում է, որ հենց դա էր պատճառը, որ Նուրխացին, թեև ապահով դիրքում լավ պաշտպանված է եղել իր էլիտար պահակախմբով, վիրավորվել է թնդանոթի կրակոցից։ Ճակատամարտից հետո Յուան Չունխուանը նամակներ է ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել Նուրխացիի առողջական վիճակի մասին, ինչպես ավանդաբար արել են չինացի գեներալները, սակայն Նուրխացին պատասխանել է վիրավորանքով նրան անվանելով երկերեսանի։
Այդ հաղթանակի արդյունքում 1626 թվականի փետրվարի 27-ին Պեկինի Մին կայսերական արքունիքը Յուանին նշանակել է Լյաոդունի նահանգապետ՝ լեռնանցքից դուրս գտնվող բոլոր ուժերին վերահսկելու լիակատար լիազորությամբ։
Այդ ընթացքում Յուանը մահապատժի է ենթարկել Մաո Վենլունին՝ մինական գեներալին, որը համարվել է անխիղճ, բայց տաղանդավոր: Տարբեր տեքստերում տարբեր կարծիքներ կան նրա արարքների մասին։ Շատերը հայտարարեցին, որ դա սխալ է, քանի որ Մաոյին դեռ կարելի էր օգտագործել չժուրչժենների դեմ։ Սակայն, Յուանը հաշվի է առել, թե ինչպես է Մաոն կազմակերպում իր մարտերը․ Մաոյի մարտավարությունը սովորաբար ներառում էր քաղաքացիական բնակավայրերի օգտագործումը որպես վահան իր զորքերի համար, և խաղաղ բնակիչները մեծապես տուժում էին օկուպացիայի ժամանակ: Մաոն նաև օգտագործել է Մին կայսրության դաշնակից Չոսոնի թագավորությունը՝ որպես հենակետ չժուրչժենների դեմ արշավներ իրականացնելու համար։ Երբ չժուրչժենները մտել են Չոսոն, Մաոն հրամայել է Մինի զորքերին նահանջել։ Դա զայրացրել է Պեկինի շրջանում գտնվող բազմաթիվ առևտրականների, ովքեր առևտուր էին անում Կորեական թերակղզում: Բացի այդ, հայտնի է դարձել, որ Մաո Վենլոնգը կաշառել է բազմաթիվ կոռումպացված ներքինիների և պաշտոնյաների: Հետևաբար, Մաոյին մահապատժի ենթարկելով՝ Յուանը թշնամիներ է ձեռք բերել Չինաստանի ամենաազդեցիկ մարդկանց շրջանում։
Օգտվելով Նուրխացիի մահից, Յուանը նույն տարում գրավել է Ցզինչժոուն: Չժուրճժենները կրկին հայտնվել են հունիսին և նահանջել մի շարք անվճռական մարտերից հետո։ Յուանին քննադատել են Վեյ Չժունսյանի կողմնակիցները, ովքեր ասել են, որ նրան չափազանց երկար ժամանակ է պահանջվել չժուրչժենների դեմ պայքարելու համար։ Շուտով Յուանը ստիպված է եղել հրաժարական տալ։
Ուշ զինվորական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
1628 թվականին Չունչժեն կայսրի օրոք Յուան Չունխուանը վերականգնվել է հյուսիսարևելյան բոլոր Մին ուժերի ֆելդմարշալի պաշտոնում։ Նա ձեռնամուխ է եղել հավակնոտ հնգամյա ծրագրի իրականացմանը, որով նախատեսվում էր ամբողջությամբ վերականգնել Լյաոդունը: Չունչժեն կայսեր կառավարումը սկսվել է 1627 թվականին, երբ նա 16 տարեկան էր, իսկ Յուանին նշանակել է 1629 թվականին (18 տարեկան հասակում)։ 1629 թվականին Յուանը ստացել է «Ժառանգի ավագ խնամակալ» տիտղոսը։ Կայսրը Յուանին տվել է իր Կայսերական սուրը և հայտարարել, որ լիովին աջակցում է Յուանի որոշումներին:
Այս անգամ Յուանը ստիպված է եղել կրկին դիմակայել ավելի քան 200,000 հոգուց բաղկացած չժուրչժենների ավելի մեծ ուժերին՝ Նուրխաչիի իրավահաջորդ Խունտայցզիի հրամանատարությամբ: Չժուրչժենները ներգրավել են ավելի շատ մարդկանց իրենց բանակում, այդ թվում՝ վերջերս հանձնված մոնղոլներին և մին ապստամբներին։ Նրանք նվաճել են տարբեր փոքր ցեղեր հյուսիսային Չինաստանում և ջախջախել Չոսոնի թագավորությունը՝ նրանց դարձնելով հարկատու: Այնուամենայնիվ, չժուրչժենները այլևս երբեք չեն հարձակվել Ցզինչժոուի կամ Նինյուանի վրա։ Փոխարենը նրանք ամբողջությամբ շրջանցել են Ցզինչժոուն, Նինգյուանը և Շանհայգուանի լեռնանցքը։ Նրանք ճեղքել են Մեծ պարիսպը Շանհայգուանյան լեռնանցքից դեպի արևմուտք և հասել Պեկինից հյուսիս։ 1629 թվականի ձմռանը Յուանը Նինյուանի վետերանների ընտրյալ ուժերով հետ վերադարձել է մայրաքաղաքը պաշտպանելու: Նա Պեկին է հասել չժուրչժեններից ընդամենը մի քանի օր առաջ։ Պեկինի քաղաքային պարսպից դուրս ջախջախել է չժուրչժենների ութդրոշակակիրանոց բանակին, որը կազմում կար մոտ 100,000 մարդ, բայց չի կարողացել նրանց ամբողջությամբ ոչնչացնել։ Պեկինի վրա չժուրչժենների անսպասելի հարձակումը ձախողվել է։ Չնայած նրան, որ չժուրչժեններին թույլ չեն տվել հասնել քաղաքի պարիսպներին, Յուանը խիստ քննադատության է արժանացել Պեկին ժամանելուն պես, որոշ ներքինիներ նույնիսկ նրան մեղադրել են թշնամու հետ համագործակցելու մեջ:
Չունչժեն կայսրը հրամայել է ձերբակալել Յուանին 1630 թվականի հունվարի 13-ին ունկնդրության ժամանակ: Չնայած ապացույցների բացակայությանը, Յուանին մեղադրել են թշնամու հետ համաձայնության մեջ և դատապարտել մահապատժի լինչի դատաստանով («դանդաղ կտրատում») Պեկինի Գանշիցյաոյում (甘石橋): Երբ Յուանին մահապատժից առաջ խնդրել են ասել իր վերջին խոսքերը, նա հորինել է հետևյալ բանաստեղծությունը․ «Ամբողջ կյանքում աշխատանքը միշտ ապարդյուն է ավարտվում, իմ կարիերայի կեսը կարծես երազում է անցել։ Ինձ չի անհանգստացնում իմ մահից հետո քաջարի մարտիկների բացակայությունը, քանի որ իմ հավատարիմ ոգին կշարունակի հսկել Լյաոդունը» (一生事業總成空,半世功名在夢中。死後不愁無將勇,忠魂依舊守遼東)։
Յուան Չունխուանի որդին մինից տեղափոխվել է ցին հպատակություն, իսկ 1642 թվականին հանգրվանել չինական Սպիտակ դրոշի ներքո:
Կայսերական արձանագրություններում նշված է, որ Յուանի մահը վրա է հասել կես օր հետո[4]։
Յուանի մահը սգացել են Պեկինից դուրս գտնվող երկրի մեծ մասում և նույնիսկ Չոսոնի թագավորությունում: Նրա մահից հետո շատերն ուշադրություն են դարձրել Մինի և նրանց դաշնակիցների թույլ դիրքի վրա՝ որպես բարենպաստ նախապայման չժուրչժենների վրա հերթական արշավանքի համար[5]։
Պատմում են, որ լսելով Յուանի ակնհայտ «դավաճանության» մասին, Պեկինի շատ բնակիչներ այնքան են ատել նրան, որ շտապել են գնել նրա մարմնի մասերը, որպեսզի ուտեն, երբ դրանք կտրվեն նրա մարմնից: Խոշտանգումներից հետո նրան թողել են այնտեղ, և կես օր նա գոռացել է, մինչև մահվան վրա հասնելը[4]։ Նրա գլուխը, որը մահապատժից հետո միակ ճանաչելի հատվածն էր, պահակախումբը դուրս է բերել քաղաքային պարսպից Շե (佘) մականվամբ և թաղել Խուաշիում՝ Գուանկումենից ոչ հեռու: Այդ ժամանակից ի վեր պահակախմբի ընտանիքը պաշտպանել է նրան մի քանի սերունդ[6]։
Յուանի դամբարանը վերջերս վերանորոգվել և վերանվանվել Յուան Չունխուան հուշահամալիր, որը գտնվում է Լունտանի այգում։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մին դինաստիայի գիտնականները Յուանին նկարագրել են որպես փոքրամարմին տաքարյուն մարդու, և նրա արտաքին տեսքի պատճառով Մինի կայսր Չունչժենը մեծապես կասկածել է նրա կարողություններին, երբ առաջին անգամ հանդիպել է Յուանին:
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցզին Յունի «Սուրը, որը ներկված է թագավորական արյունով» ուսյա վեպում, Յուանին մնացել է մտացածին որդին Յուան Չենչժին։ Յուան Չենչժին փրկվել է հոր ենթակաների կողմից, երբ հորը մահապատժի են ենթարկել, նրան ուղարկել են Խուա լեռան դպրոց, որտեղ զբաղվել է մարտարվեստով: Մի քանի տարի անց, երբ նա մեծացել է, հեռացել է Խուա լեռից և ուղևորվել ճանփորդության՝ արկածներ փնտրելու և վերականգնելու իր հոր ժառանգությունը:
Յուանը փառաբանվել է որպես Կանտոնի հերոս[2], 2010 թվականի հանրահավաքի ժամանակ Գուանչժոուում ցուցարարները օգտագործել են Նինյուանի ճակատամարտի ժամանակ Յուանի մարտական բացականչությունը չժուրչժենի թշնամիներին․ «Սատանան նրանց մոր հետ։ Ուժեղ հարվածեք» [sic] (掉哪媽! 頂硬上!)[7], որպես վանկերգություն՝ կապված Յուանի արձանից համապատասխան հուշատախտակի հեռացման հետ։
2017 թվականին նկարահանված «Գեներալը, գիտնականը և ներքինին» TVB դրամայում Յուան Չունխուանին մարմնավորել է Էդվին Սիուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ 2,0 2,1 «Cantonese cultural warriors fight back». Asia Times Online. Արխիվացված է օրիգինալից 2010-08-06-ին. Վերցված է 2016-05-18-ին.
- ↑ 《明季北略》:袁崇煥號自如,廣西梧州府藤縣人,萬曆己未進士。
- ↑ 4,0 4,1 計六奇. 明季北略, vol. 5
- ↑ «程本直墓記修廣東新義園碑記» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-09-10-ին. Վերցված է 2010-07-20-ին.
- ↑ «372年守墓史曲終人散». Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին. Վերցված է 2010-07-20-ին.
- ↑ «The obscene battle-cry of a Ming Dynasty war hero». Արխիվացված է օրիգինալից 2010-07-09-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hummel, Arthur W. Sr., ed. (1943). «Yüan Ch’ung-huan» . Eminent Chinese of the Ch’ing Period. United States Government Printing Office.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուան Չունխուան» հոդվածին։ |