Յոստ վան դեն Վոնդել
Յոստ վան դեն Վոնդել հոլ.՝ Joost van den Vondel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1587[1][2][3][…] |
Ծննդավայր | Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 5, 1679[1][2][3][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5] |
Գերեզման | Նիդերլանդներ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, գրող և rhetorician |
Լեզու | հոլանդերեն |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Յոստ վան դեն Վոնդել (հոլ.՝ Joost van den Vondel, նոյեմբերի 17, 1587[1][2][3][…], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - փետրվարի 5, 1679[1][2][3][…], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5]), բանաստեղծ, թատերագիր, նիդեռլանդական գրականության Ոսկեդարի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը, որն իր ստեղծագործությամբ դրել է նիդեռլանդական ժամանակակից գրական լեզվի հիմքերը։ Համարվում է 17-րդ դարի հոլանդացի ամենանշանավոր բանաստեղծն ու թատերագիրը։ Նրա թատերգությունները ամենահաճախ բեմադրվողներից են Նիդեռլանդներում, իսկ Հովհաննես Մկրտչի կյանքի մասին պատմող էպիկական պոեմը հռչակվել է հոլանդական լավագույն պոեմ։ Թատերգություններից ,,Գեյսբրեխտ Ամստերդամցին,, 1637 թվականից մինչև 1968 թվականը ամեն տարի ամանորյա տոնախմբությունների օրերին ներկայացվել է նիդեռլանդական թատրոններում։
Վոնդելն աչքի է ընկել նաև ստեղծագործական երկարակեցությամբ, գրել է նույնիսկ զառամյալ ծոր հասակում։ Իր լավագույն երկերից մեկը՝ ,,Նոյ,, թատերգությունը նա գրել է 85 տարեկանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է անտվերպենցի մենոնիտների բազմազավակ ընտանիքում (յոթ երեխաներից ավագն էր)։ Կրոնական հալածանքների պատճառով ընտանիքը 1595 թվականին փախել է Ուտրեխտ, որտեղ Յոստը դպրոց է հաճախել, առաջին անգամ դիտել լատինական մի թատերգության աշակերտական բեմադրությունը։ 1597 թվականի մարտին ընտանիքը բնակություն է հաստատել Ամստերդամում, որտեղ Յոստի հայրը տրիկոտաժեղենի վաճառքի կրպակ է բացել։ 1608 թվականին հայրը մահացել է, և նրա գործը շարունակել է մայրը, որին շուտով ընկերակցել է Յոստը՝ իր կնոջ հետ։ Նա միաժամանակ մասնակցել է գրականության և թատրոնի սիրահարների «Սպիտակ նարդոս» խմբակի գործունեությանը, սովորել լատիներեն, որոշ ժամանակ անց ընդգրկվել Ռումեր Ֆիսերի բանաստեղծական խմբակում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոնդելը բազմաժանր հեղինակ է. գրել է քնարական, էպիկական և դիդակտիկ բնույթի (ուսուցողական) չափածո երկեր, բազմաթիվ դրամաներ (ընդհանուր առմամբ՝ 32), որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել։ Բացի այդ, թարգմանել է ֆրանսիացի, իտալացի, հին հույն և հռոմեացի հեղինակների ստեղծագործություններից։ Նիդեռլանդներում Վերածնունդը համընկավ ազգային ազատագրության ու Ռեֆորմացիայի հետ, և Վոնդելն իր ստեղծագործություններում արտացոլել է պատմական այդ մեծ հեղաբեկումները։ Իր «ալեքսանդրիական» բանաստեղծություններում նա գովերգում է հայրենի երկրի հզորությունն ու վեհությունը, առևտրական քաղաքների աճի չտեսնված թափը, նիդեռլանդցիների սխրանքները ցամաքում ու ծովում, բանաստեղծական անտիկ ձևեր կիրառելով՝ գովերգում է իսպանացի զավթիչների դեմ մղված ազատագրական պայքարը։
Վերածննդի և Ռեֆորմացիայի տարրերի միահյուսումն առավել ցայտուն ու ակնառու է դրսևորվել Վոնդելի դրամաներում, որոնց մեծ մասը գրված է աստվածաշնչյան թեմաներով («Զատիկը», «Հովսեփը Եգիպտոսում», «Սամսոնը», «Սողոմոնը», «Արտաքսված Ադամը», «Նոյը» և այլն)։ Մեծ արվեստով են գրված նաև պատմական թեմաներով դրամաները՝ «Գեյսբրեխտ Ամստերդամցին», «Մարիա Ստյուարտը», «Բաթավիացի եղբայրները» և այլն։ Մինչև իսկ աստվածաշնչյան թեմաներով գրված դրամաներում Վոնդելն արձագանքում է իր ժամանակի պատմական իրադարձություններին; Այսպես, օրինակ, «Զատիկ»-ում նկարագրելով հրեաների ելքը Եգիպտոսից՝ գովերգում է Նիդեռլանդների պայքարը Իսպանիայի դեմ; Բիբլիական թեմաներով վոնդելյան դրամաները գեղարվեստական ձևի տեսակետից կառուցված են խիստ դասական եղանակով (սկզբնական շրջանում՝ ընդօրինակելով Սենեկային, ավելի ուշ շրջանում՝ Եվրիպիդեսին ու Սոֆոկլեսին); Յուրաքանչյուր դրամա բաղկացած է հինգ արարվածից, իր կազմում ունի երկարաշունչ մենախոսություններ և եզրափակվում է երգչախմբի (խորի) ամփոփող խոսքով։
Այն էլ պետք է նշել, որ Վոնդելի դրամաներին բնորոշ է միօրինակությունը. բոլոր հերոսների բնավորությունները նախապես որոշված են և տրվում են պատրաստի վիճակում և ոչ թե բացահայտվում են կրքերի, զգացմունքների պայքարում։ Բացի այդ, սերն ընդհանրապես բացակայում է, քանզի, Վոնդելի համոզմամբ, սերը գցում է գեղարվեստական ստեղծագործության ոգին, հասարակացնում է և, գումարած դրան՝ հակասում է բարոյականության օրենքներին։ Բայց սրա հետ մեկտեղ խիստ կարևոր է ընդգծել, որ Վոնդելը հին հունական ողբերգություններից իր դրամաներն է ներմուծել գերմարդկային ճակատագրի դեմ պայքարը, մի տարբերությամբ միայն, որ Զևսի փոխարեն հանդես է բերել «աստվածային ոգուն»։ Հերոսները կործանվում են կա՛մ որպես պատիժ՝ Աստծո հաստատած օրենքները խախտելու համար («Նոյ», «Բաթավիացի եղբայրները», «Արտաքսված Ադամը» և այլ դրամաներում), կա՛մ որպես հոգու մաքրագործում՝ ըստ քրիստոնեական հասկացության («Հովսեփը Եգիպտոսում», «Մարիա Ստյուարտ» և այլ դրամաներում); Այսպիսով՝ կարելի է փաստել, որ Վոնդելի երկերում տեղ են գտել պուրիտանական դրամային բնորոշ տարրեր, որոնք արտացոլում են հաղթանակած կալվինիզմի կրոնա-բարոյական միտումները։ Այդ միտումները շուտով հանգեցրին մի ժամանակ մարտնչող կալվինիզմի քարացածությանը, և հին, ծեր հումանիստ Վոնդելը անցում կատարեց դեպի կաթոլիկություն։ Իր այդ նոր դավանանքի ու հավատքի ոգով է նա գրել իր վերջին ներբողներն ու հովվերգությունները;
Վոնդելն իր ստեղծագործությամբ և հատկապես «Լյուցիֆեր» դրամայով զգալի ազդեցություն է գործել միջնադարի անգլիացի մեծ բանաստեղծ Միլտոնի վրա։ Նրա ազդեցությունը նկատելի է նաև գերմանացի գրողներ Գրիֆիուսի, Օպիցի երկերում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baumgartner A., Joost van den Vondel, Freiburg, 1882.
- Looten C., Etude littéraire sur le poète néerlandais Vondel, Lille, 1889.
- Hack, J. van den Vondel, Hamburg, 1890.
- Alberdingk Thijm J. A., Portretten van Joost van den Vondel, Amst., 1895.
- Kalff G., Vondel leven, 2-е изд., Haarlem, 1902;
- Brandt G., Leven van Vondel, reitgeg. door J. Hoeksma, Amst., 1905.
- Simons J., Vondel dramatick, Amst., 1912.
- Edmundson, Milton and Vondel, Lpz., 1885.
- Kollwijn, Ueber d. Einfluss d. Holländisch. Dramas.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joost van den Vondel — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вондел Йост ван ден // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոստ վան դեն Վոնդելը գուտենբերգի նախագծում
- Works by or about Joost van den Vondel at Internet Archive
- (in Dutch) Joost van den Vondel Արխիվացված 2011-10-26 Wayback Machine at the Project Laurens Janszoon Coster
- (in Dutch) Joost van den Vondel at the Digital library for Dutch literature
- (in Dutch) Joost van den Vondel: Profiel at the National Library of the Netherlands
- (in Dutch) Complete digitized copy of Lucifer, 1654
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոստ վան դեն Վոնդել» հոդվածին։ |
|