Յոհաննես Թեոդոր Բաառգելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհաննես Թեոդոր Բաառգելդ
Johannes Theodor Baargeld
Ի ծնեԱլֆրեդ Էմանուել Ֆերդինանդ Գրյունվալդ
ԿեղծանունՑենթրոդադա
Ծնվել էհոկտեմբերի 9, 1892(1892-10-09)[1][2]
ԾննդավայրՇթեթին, Գերմանական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 18, 1927(1927-08-18)[1][2] (34 տարեկանում)
Մահվան վայրՄոնբլան
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՕքսֆորդի համալսարան և Բոննի համալսարան
Մասնագիտությունարվեստների գործիչ, գրող, բանաստեղծ, նկարիչ և լուսանկարիչ
Ոճդադաիզմ
Johannes Theodor Baargeld Վիքիպահեստում

Յոհաննես Թեոդոր Բաառգելդը (գերմ.՝ Johannes Theodor Baargeld) գերմանացի դադաիստ նկարիչ և բանաստեղծ Ալֆրեդ Էմանուել Ֆերդինանդ Գրյունվալդի (գերմ.՝ Alfred Emanuel Ferdinand Grünwald, 1892 թ․ հոկտեմբերի 9, Շթեթին, Գերմանական կայսրություն - 1927 թ․ օգոստոսի 17 կամ 18, Մոնբլան) ստեղծագործական կեղծանունն էր։ Նկարիչը հանդես է եկել նաև Ցենթրոդադա (Zentrodada) կեղծանվամբ։ Բաառգելդը նաև զբաղվում էր էքստրեմալ լեռնագնացությամբ:

Յոհաննես Բաառգելդը Մաքս Էռնսթի հետ ստեղծել է Քյոլնի դադաիստական խմբակը: Նա նաև «Հովհարիչ» (Der Ventilator) պարբերականի խմբագիրն էր: Այն 1919 թվականին հիմնադրել էին Էռնսթը և Ժան Արպը: Բաառգելդը հրատարակել է նաև Bulletin D և die schammade թերթերը:

Յոհաննես Բաառգելդը մահացել է 1927 թվականին Ֆրանսական ալպերում, մնալով ձնահյուսի տակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադա Բաառգելդի արտապատկերումը տիպիկ ուղղահայաց խառնակույտի միջոցով (1920)
Մարդկային աչքը և ձուկ, վերջինը` քարացած, 1920
Die Aktion պարբերականի տիտղոսաթերթը, 1914

Յոհաննես Բաառգելդը ծնվել է Շթեթինում: Նա մեծացել է Քյոլն քաղաքում: 1912-13 թթ. ուսումնական տարում Բաառգելդը սովորել է Օքսֆորդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, իսկ հաջորդ տարվանից ուսումը շարունակել է Բոնում:

Առաջին աշխարհամարտի տարիներին` 1914-1917 թվականներին Բաառգելդը պահեստազորի լեյտենանտ էր: 1917 թ. նա սկսել է լիրիկական և քաղաքական տեքստեր գրել Ֆրանց Փֆեմֆերթի «Վարմունք» (Die Aktion) պարբերականի համար: 1918 թվականին անդամակցել է Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը:

1919 թվականի փետրվարին Յոհաննես Բաառգելդը և Մաքս Էռնսթը հիմնադրել են Քյոլնի դադաիստական խմբակը: Բաառգելդը և Էռնսթը նաև համատեղ տպագրել են «Հովհարիչ» (Der Ventilator) պարբերականը: Այդտեղ տպագրվել են տարբեր դադաիստ հեղինակների մեծ թվով գրական և նկարչական աշխատանքներ, որոնք հիմնականում երգիծական բնույթի էին[3]:

1920 թվականի փետրվարին Բաառգելդն ու Էռնստթը միասին սկսել էին die schammade թերթի տպագրությունը (դրա անվանումն անթարգմանելի հորինվածք է, որը բաղկացած է անձնատվություն, ամոթ, վանկախաղ ևն բառերից[4]), սակայն դրա միայն մեկ տպաքանակ է թողարկվել: Թերթի կարգախոսն էր` «Դիլետանտնե՜ր ելե՜ք» և այն կարևոր դեր ուներ Քյոլնի դադաիստական կյանքի համար, քանի որ ներառում էր ոչ միայն պրոֆեսիոնալ նկարիչների, այլ նաև` երեխաների, մտավոր խնդիրներ ունեցողների և սիրողական նկարիչների աշխատանքներ[5][6]:

Իրենց հրատարակած թերթերում Յոհաննես Բաառգելդը և Մաքս Էռնսթը ներկայացնում էին Քյոլնի, Փարիզի և Ցյուրիխի դադաիստական անցուդարձը: Բաառգելդի արվեստն առանձնահատուկ է ոչ ավանդական ասամբլյաժներով և կոլաժներով, ֆոտոմոնտաժներով, տիպոգրաֆիկայով: Բաառգելդի աշխատանքները հիմնականում բաղկացած են սադրիչ աստիճանի հասնող հանելուկային տեքստի և նկարազարդումների կամ պատրաստի նկարների համադրությամբ[7]: Բացի այդ Բաառգելդի աշխատանքներում մշտապես առկա է առնչությունն ինքնությանը և տրանսվեստիզմին: Իր Դադա Բաառգելդի արտապատկերումը տիպիկ ուղղահայաց խառնակույտի միջոցով աշխատության մեջ Բաառգելդն իր դիմալուսանկարը համադրել է Միլոսյան Վեներայի կրծքի հետ:

Յոհաննես Բաառգելդի գրական ստեղծագործություններին հատուկ էին երգիծական և սադրիչ երանգները, ինչի համար էլ դրանք արգելվել էին Հռենոսի մարզի բրիտանական օկուպացիոն իշխանությունների կողմից[8]:

Յոհաննես Բաառգելդը մասնակցել է 1920 թ. ամռանը Բեռլինում տեղի ունեցած Առաջին միջազգային դադաիստական ցուցահանդեսին: 1921 թվականի մայիսի 2-ին Մաքս Էռնսթը Ռենե Իլսոմի փարիզյան Au sans pareil տպագրատանը կազմակերպել է իր Fatagaga պատկերաշարի ցուցադրությունը: Ցուցադրված նկարներից շատերի ստեղծման համար օգտագործվել էին Բաառգելդի որոշ կոլաժներ: Այդ ցուցահանդեսից ոչ շատ ժամանակ անց Բաառգելդը թողել է դադաիզմը և խզել իր կապը դրա հետ[9]: Դրանից հետո Բաառգելդը սկսել է զբաղվել ժողովրդական տնտեսության ուսումնասիրությամբ:

1923 թվականին Բաառգելդը սկսել է զբաղվել էքստրեմալ լեռնագնացությամբ: Նա իր առաջին ուսումնական վերելքներն արել է Ալպերում: Այդ վերելքների ընթացքում նա արել է բնալուսանկարներ, որոնք պահվում են Քյոլնի Լյուդվիգ թանգարանում[10]: 1927 թվականի օգոստոսի կեսերին 34-ամյա Յոհաննես Բաառգելդը սկսել է իր վերելքը Մոնբլանի վրա: Նա մնացել է ձնահյուսի տակ:

Յոհաննես Բաառգելդը թաղված է Քյոլնի Մելաթեն գերեզմանատանը[11]: Քյոլնի Յունքերսդորֆ թաղամասում Յոհաննես Բաառգելդի հիշատակին անվանակոչվել է փողոց:

Նշանակալի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվերջանալի հովանոց (Unendlicher Regenschirm), 1919-20
  • Մարդամոլ երիզորդ (Antropofiler Bandwurm), 1920
  • Մարդկային աչքը և ձուկ, վերջինը` քարացած (Das menschliche Auge und ein Fisch, letzterer versteinert), 1920
  • Սովորական խառնակույտ: Խորանարդային տրանսվեստիտը թվացյալ խաչմերուկի առջև (Ordinäre Klitterung. Kubischer Transvestit vor einem vermeintlichen Scheideweg), 1920
  • Դադա Բաառգելդի արտապատկերումը տիպիկ ուղղահայաց խառնակույտի միջոցով (Typische Vertikalverklitterung als Darstellung des Dada Baargeld), 1920
  • Վեներան արքաների խաղում (Venus beim Spiel der Könige), 1920

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալթեր Վիտ (խմբ.). գերմ.՝ Auf der Suche nach der Biographie des Kölner Dadaisten Johannes Theodor Baargeld. Keller, Starnberg 1977, ISBN 3-7808-0114-0
  • Վալթեր Վիտ (խմբ.). գերմ.՝ Bagage de Baargeld. Neues über den Zentrodada aus Köln, Keller, Starnberg 1985, ISBN 3-7808-0136-1
  • Վալթեր Վիտ (խմբ.). գերմ.՝ Fummelmond & ferngefimmel. Lyrik und Prosa des Zentrodada. Steinmeier, Nördlingen 2001, ISBN 3-927496-86-3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118505416 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 RKDartists
  3. http://www.dada-companion.com/baargeld/
  4. Matthias Konzett, Encyclopedia of German Literature, Fitzroy Dearborn Publishers, 2000, p. 206, ISBN 1-57958-138-2
  5. http://www.dada-companion.com/baargeld/
  6. Die Schammade, 1920 թ. փետրվար, nº1.
  7. http://www.dada-companion.com/baargeld/
  8. Matthias Konzett, Encyclopedia of German Literature, Fitzroy Dearborn Publishers, 2000, p. 206, ISBN 1-57958-138-2
  9. http://sdrc.lib.uiowa.edu/dada/index.html sdrc.lib.uiowa.edu
  10. https://www.worldcat.org/oclc/198924220
  11. Josef Abt, Johann Ralf Beines, Celia Körber-Leupold: Melaten – Kölner Gräber und Geschichte. Greven, Köln 1997, ISBN 3-7743-0305-3, S.103f.