Ֆրիցլյան գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոզեֆ Ֆրիցլից)
Մայիսի 1, 2008 թ.։ Ռեպորտաժ Ֆրիցլների տան մոտ։

Ֆրիցլյան գործը վերաբերում է Ավստրիայի Ամստետեն քաղաքում տարիներ շարունակ տեղի ունեցած բռնարարքին։ Գլխավոր մեղադրյալն էր Յոզեֆ Ֆրիցլը (ծն. 1935 թ. ապրիլի 9-ին), ամուսնացած 1956 թ., որը 2008 թ.-ի ապրիլի 27-ին 73-ամյա տարիքում ձերբակալվել է իր բնակավայր Ամստետենում։ Նա խոստովանել է, որ 11-ամյա տարիքից բռնության է ենթարկել իր դուստր Էլիզաբեթին․ 1984 թ. օգոստոսից, երբ վերջինս 18 տարեկան էր, Յոզեֆ Ֆրիցլը նրան բանտարկել էր իր տան մառանում։

2009 թ․ մարտի 19-ին դատարանը Ֆրիցլին մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։

Բռնարարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստետտեն, Ավստրիա։

Յոզեֆ Ֆրիցլը մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ է։ Ամուսնացած է Ռոզեմարի Ֆիրցլի հետ։ Ունեն յոթ երեխա[1]։

1984 թ. օգոստոսից Ֆրիցլը տան մառանում արգելափակել է աղջկան՝ Էլիզաբեթին և պարբերաբար սեռական բռնության ենթարկել նրան։ Արդյունքում Էլիզաբեթը ծնել է 7 երեխա, որոնք 2008 թ. 5-19 տարեկան էին։ Նրանցից երեքին՝ Լիզային, Մոնիկային և Ալեկսանդրային, խնամել են Ֆրիցլը և վերջինիս կինը՝ Ռոզեմարին։ Երեխաներից երկուսը երկվորյակներ էին, որոնցից մեկը մահացել է ծննդից մի քանի շաբաթ անց։ Մահացած երեխայի դին Յոզեֆ Ֆրիցլը հրկիզել է գազօջախում։ Մյուս երեք երեխաները իրենց մոր հետ բանտարկված են մնացել մառանում. նրանք երբեք կացարանից դուրս չեն եկել և դպրոց չեն հաճախել։ Արտաքին աշխարհի մասին նրանք իմացել են միայն հեռուստացույցից:

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստետտենի հիվանդանոցը, որտեղ ապրիլի 19-ին տարվել է Քերսթին Ֆրիցլը։

Եղելությունը հայտնի է դարձել միայն ավագ երեխայի Քերսթինի (19 տ.) հիվանդությունից հետո։ Վերջինս, որ դեռ երբեք ցերեկվա լույս չէր տեսել, 2008 թ.-ի ապրիլին ծանր հիվանդացել էր։ Էլիզաբեթին հաջողվել է համոզել հորը, որ արդեն ուշաթափ Քերսթինին պետք է հիվանդանոց տանել։ Քանի որ Յոզեֆ Ֆրիցլը մենակ չէր կարող բարձրացնել երիտասարդ աղջկան, հարկ եղավ, որ Էլիզաբեթը օգնի նրան և 2008 թ. ապրիլի 19-ին, բանտարկությունից 24 տարի անց, նա առաջին անգամ դուրս եկավ մառանից։ Ապա հայրը նրան նորից փակեց իր որդիների՝ Ստեֆանի (18 տ.) և Ֆելիկսի (6 տ.) մոտ։

Հիվանդանոցում Քերսթինին անմիջապես խիստ հսկողության տակ առան։ Աղջկա մոտ Յոզեֆ Ֆրիցլի թելադրանքով Էլիզաբեթի կողմից գրված մի նամակ կար, որտեղ Էլիզաբեթը հայտնում էր, որ Քերսթինը իր դուստրն է և նրան թողել է իր ծնողների խնամքին։ Դրանից առաջ արդեն Յոզեֆ Ֆրիցլը նման պատմություններ էր ներկայացրել պետական մարմիններին և այդպիսով կարողացել էր լույս աշխարհ հանել Էլիզաբեթի երեխաներից երեքին։ Սակայն այս անգամ Քերսթլինը նորածին երեխա չէր, այլ չափահաս, որը ոչ մի տեղ գրանցված չէր, չուներ անկետա, ինչը դժվարացնում էր բժշկական օգնությունը։ Անսովոր պատմությունը բժիշկ Ալբերտ Ռայթերին ստիպեց միջադեպի տեղյակ պահել պետական մարմիններին։ Հաջորդ օրը ԶԼՄ-ներով հայտարարություն տարածվեց, որով կոչ էր արվում երեխայի անհայտ մորը ներկայանալ հիվանդանոց, որպեսզի թերևս հնարավոր լինի փրկել Քերսթինի կյանքը։

Էլիզաբեթը հայտարարությունը լսեց հեռուստացույցով, և մառան այցելելիս սկսեց համոզել Յոզեֆ Ֆրիցլին՝ իրեն հիվանդանոց տանել։ Ապրիլի 28-ին, Քերսթինի հիվանդանոցում հայտնվելուց մեկ շաբաթ անց, հայրը Էլիզաբեթին տարավ հիվանդանոց։ Ոստիկանությունը հավանաբար ստացել էր անանուն կանչ, և հիվանդանոցից դուրս գալիս կանգնեցրեց Յոզեֆ Ֆրիցլին և Էլիզաբեթին, որին դեռ տարիներ առաջ որպես անհետ կորած էին ներկայացրել։

Ոստիկանությում, Յոզեֆ Ֆրիցլին, որը դեռ կասկածյալ չէր, և Էլիզաբեթին հարցաքննեցին առանձին սենյակներում։ Սակայն նկատեցին, որ Յոզեֆ Ֆրիցլը անհանգիստ է և հաճախ դեպի դուռն է նայում։ Երբ Էլիզաբեթին հավաստիացրեցին, որ հայրը նրան և իր երեխաներին այլևս վատ բան չի կարող անել, նա վարանելով պատմեց իրողությունը։

Այդ երեկո ոստիկանները Ֆրիցլների բնակարանում հանդիպեցին Ստեֆանին և Ֆելիկսին, որոնք այլևս մառանում չէին։ Հիվանդանոց մեկնելիս, Ֆրիցլը կնոջը Ռոզեմարիին հավատացրել էր, որ դրանք կրկին Էլիզաբեթի երեխաներն են, որոնց իբր թողել է փողոցում։

Ըստ նախնական վարկածի Ֆրիցլի կինը ոչնչից տեղյակ չի եղել. ամուսինը նրան ասել է, որ «լույս աշխարհում» ապրող երեք երեխաները Էլիզաբեթի ապօրինի երեխաներն են, որոնց նա լքել է, ինքն էլ իբրև թե ապրում էր աղանդավորների հետ։ Տեղական բնակիչները ևս այդքան ժամանակ կասկածելի որևէ բան չեն նկատել։ Ձերբակալումից մեկ օր անց Ֆրիցլը մանրամասն ցուցմունք է տվել ոստիկանությանը իր կատարածի մասին։

Ներկա դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը, Ռոզեմարին, Ստեֆանը, Ֆելիքսը և արտաքին աշխարհում ապրած երեք երեխաները՝ Լիզան (2008 թ․՝ 16 տ․), Մոնիկան (15 տ․) և Ալեկսանդրը (12 տ․) սկզբնապես ապաստանել են Ամստետտենի հանրապետական կլինիկայի առանձին մասնաշենքում։ Մինչև մայիսի 26-ը Քերսթինը պահվել է արհեստական կոմայի մեջ, այնուհետև նրա դրությունը աստիճանաբար բարելավվել է։ Էլիզաբեթը, Ստեֆանը և Ֆելիքսը հետզհետե վարժվել են ցերեկվա լույսին և բաց տարածություններին, իսկ Լիզան, Մոնիկան և Ալեքսանդրը սեպտեմբերին արդեն կարողացել են դպրոց հաճախել։

Այժմ Էլիզաբեթը երեխաների հետ բնակվում է Ավստրիայի հյուսիսային մասում։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ. հունիսի 7-ին Ֆրիցլյան գործի դատավոր է նշանակվել Անդրեա Հումերը։ 2009 թ. մարտի 19-ին դատարանը Յոզեֆ Ֆրիցլին մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։

Նմանատիպ դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]