Յոզեֆսպլաց (Վիեննա)

Յոզեֆսպլաց (գերմ.՝ Josefsplatz), հրապարակ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Անվանակոչվել է կայսր Յոզեֆ II-ի անունով։ Վիեննայի ամենալավ պահպանված հրապարակներից մեկն է[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզեֆսպլաց հրապարակի կենտրոնում կանգնեցված է Յոզեֆ II-ի լիարժեք չափերով արձանը, որը կառուցվել է 1795-1807 թթ. քանդակագործ Ֆրանց Անտոն ֆոն Ցաուների կողմից[2]։ Արձանի կառուցումը, որի համար օրինակ է հանդիսացել Հռոմի Կապիտոլիում բլուրում գտնվող Մարկոս Ավրելիոսի արձանը, հանձնարարվել է կայսր Ֆրանց II-ի կողմից, ով 16 տարեկանից մեծացել է իր հորեղբոր՝ Յոզեֆ II-ի խնամակալության ներքո[2]։ Յոզեֆ II-ի պատկերումը՝ որպես հռոմեական նվաճող, հագին պարեգոտ ու դափնեպսակ, արտացոլում է Հաբսբուրգների այն համոզմունքը, որ իրենք սերել են հին հռոմեացի կայսրերից[3]։
Հրապարակը երեք կողմից շրջափակված է Հոֆբուրգի պալատի մասնաշենքերով։ Աուգուստիներշտրասե փողոցին է նայում Պետական սրահը (Prunksaal), որը Ավստրիայի ազգային գրադարանի կենտրոնական կառույցն է։ Գրադարանը Հոֆբուրգի պալատի մասն է կազմում և ուշ բարոկկո շրջանի ճարտարապետության լավագույն օրինակ է։ Շենքը նախագծվել է Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էռլախի և իր որդու՝ Յոհան Էմանուել Ֆիշեր ֆոն Էռլախի կողմից, իսկ թևերը ավելացվել են հետագայում Նիկոլաուս Պակասսիի կողմից։ Շենքը, բացի գրադարանին ծառայելուց, նախագծվել է նաև որպես հիանալի ակուստիկայով համերգասրահ[4]։ Գրադարանի թանգարանը աղետային վնասներ է կրել 1848 թ. Վիեննայի ապստամբության ժամանակ, երբ կենդանաբանական հավաքածուն ամբողջությամբ ոչնչացվեց թնդանոթային կրակի հետևանքով։
Պետական սրահի աջ կողմում գտնվում է Ավստրիայի ազգային գրադարանի Ավգուստինյան թևը և Վիեննայի Ավգուստինյան եկեղեցին՝ հրապարակի ամենահին կառույցը[2]։ Իսկ աջ կողմում եկեղեցու դիմաց գտնվում է Ռեդոուտենզալեն (Redoutensäle), որը ներառվել է Հոֆբուրգի համալիրում 1744-1748 թթ.[3]։ 1992 թ. այն մեծապես վնասվել է հրդեհից։
Հրապարակի հյուսիսարևմտյան անկյունում գտնվում է Շթալբուրգը՝ նախկին կայսերական ախոռները, որտեղ ժամանակին պահվում էին մոտ 900 լիպիցաներ տեսակի ձի։ 16-րդ դարում էրցհերցոգ Մաքսիմիլիանի կողմից կառուցված այս կառույցում 1614-1662 թթ. գտնվել է էրցհերցոգ եոպոլդ Վիլհելմի արվեստի հավաքածուն։ Ավելի ուշ շենքը վերածվել է Հոֆբուրգի համար ախոռի։ Ընդարձակ բակը շրջապատված է երեք աստիճանի կամարաշարերով և մեծ ծխնելույզներով[5]։ Այսօր Շթալբուրգում է գտնվում Ձիավարության իսպանական դպրոցը և Լիպիցաներ թանգարանը[6][7]։
Հրապարակի դիմաց կա երկու պալատ։ Պալավիչինի պալատը կառուցվել է 1784 թ. Ֆերդինանդ ֆոն Հոհենբերգի կողմից և բարոկկոյի ու նեոկլասիցիզմի ոճերի խառնուրդ է։ Փալֆի պալատը կառուցվել է 16-րդ դարում[5]։
Յոզեֆսպլացում է նկարահանվել «Երրորդ մարդը» ֆիլմը (1949 թ.)։
Հուշադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական հավաքորդական 5 եվրո մետաղադրամների վրա պատկերված է Յոզեֆսպլացը՝ որպես հիմնական թեմա։ Այն հատվել է 2006 թ. հունվարի 18-ին։ Հետադարձ կողմում պատկերված է Հոֆբուրգի պալատը Յոզեֆսպլաց հրապարակում։ Հեծյալ Յոզեֆ II-ի արձանը պատկերված է մեջտեղում։ Աջ կողմում երևում է Հոֆբուրգի շենքի թևը, ուր տեղակայված են Ձիավարության իսպանական դպրոցն ու Ռեդոուտենզալեն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Յոզեֆսպլաց
-
Շթալբուրգը Յոզեֆսպլացից
-
Յոզեֆսպլաց
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեջբերումներ
- Գրականություն
- Brook Stephan (2012)։ DK Eyewitness Travel Guide: Vienna։ London: Dorling Kindersley Ltd.։ ISBN 978-0756684280
- Gaillemin Jean-Louis (1994)։ Knopf Guides: Vienna։ New York: Alfred A. Knopf։ ISBN 978-0679750680
- Meth-Cohn Delia (1993)։ Vienna: Art and History։ Florence: Summerfield Press։ ASIN B000NQLZ5K
- Schnorr Lina (2012)։ Imperial Vienna։ Vienna: HB Medienvertrieb GesmbH։ ISBN 978-3950239690
- Schulte-Peevers Andrea (2007)։ Alison Coupe, ed.։ Michelin Green Guide Austria։ London: Michelin Travel & Lifestyle։ ISBN 978-2067123250
- Toman Rolf (1999)։ Vienna: Art and Architecture։ Cologne: Könemann։ ISBN 978-3829020442
- Unterreiner Katrin, Gredler Willfried (2009)։ The Hofburg։ Vienna: Pichler Verlag։ ISBN 978-3854314912
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Josefsplatz Experience Archived 2016-03-20 at the Wayback Machine.