Jump to content

Յոախիմ դյու Բելլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոախիմ դյու Բելլեյ
ֆրանսերեն՝ Joachim du Bellay
Դիմանկար
Ծնվել է1522[1][2][3][…]
ԾննդավայրLiré[4][5]
Մահացել էհունվարի 1, 1560[1][6]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][6]
ԳերեզմանՓարիզի Աստվածամոր տաճար[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՊուատիեի համալսարան
ԵրկերLa Défense et illustration de la langue française?, Le fruit noir avec un noyaux?, The Regrets? և Q3230634?
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գրական քննադատ
Ծնողներհայր՝ Jean III du Bellay?
ԱնդամությունՊլեադա
 Joachim du Bellay Վիքիպահեստում

Յոախիմ դյու Բելլեյ[Ն 1] (անգլ.՝ Joachim du Bellay, 1522[1][2][3][…], Liré[4][5] - հունվարի 1, 1560[1][6], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][6])[8], ֆրանսիացի բանաստեղծ, քննադատ և «Պլեադա»-ի հիմնադիրներից։ Նա գրել է խմբի մանիֆեստը՝ «Ֆրանսերենի պաշտպանություն և պատկերացում», որի նպատակն էր խթանել ֆրանսերենը որպես արվեստի լեզու՝ հավասար հին հունարենին և լատիներենին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոախիմ դյու Բելլեյը ծնվել է Լա Տուրմելիեր ամրոցում, Լիրից ոչ հեռու՝ Անժեի մոտ, լինելով Գոնորի տիրակալ Ժան դյու Բելլեյի որդին, կարդինալ Ժան դյու Բելլեյի և Գիլյոմ դյու Բելլեյի զարմիկը։[9] Նրա մայրը եղել է Ռենե Շաբոն՝ Պերսևալ Շաբոյի դուստրը և Լա Տուրմելյերի կալվածքի ժառանգուհին։ («Ավելի է դուր գալիս ինձ այն բնակավայրը, որ կառուցել են իմ նախնիները») - այս տողը հղում է հենց այդ ժառանգական տեղին՝ Լա Տուրմելյերին, որը բանաստեղծի հայրենիքն էր։

Նրա երկու ծնողներն էլ մահացան, երբ նա դեռ երեխա էր, և նա մնաց իր ավագ եղբոր՝ Ռենե դյու Բելլեյի խնամակալության ներքո, որը անտեսեց նրա կրթությունը՝ թողնելով նրան ազատ, աննպատակ թափառելու «Լա Տուրմելյեր» ավանդական կալվածքի դպրոցում։ Այնուամենայնիվ, երբ նա դարձավ քսաներեք տարեկան, նրան թույլատրեցին սովորել իրավագիտություն Պուատիեի համալսարանում, անկասկած՝ իր ազգական կարդինալ Ժան դյու Բելլեյի միջոցով արտոնություն ստանալու նպատակով: Պուատիեում նա հանդիպեց հումանիստ Մարկ Անտուան Մյուրեին և ժամանակի ճանաչված լատինագիր բանաստեղծ Ժան Սալմոն Մակրինին (1490–1557)։ Հավանաբար, հենց այնտեղ էլ նա հանդիպել էր Ժակ Պելետիե դյու Մանիին, ով այդ շրջանում հրատարակել էր Հորացիոսի «Բանաստեղծության արվեստ» ստեղծագործության թարգմանությունը։ Այդ հրատարակությանը կցված նախաբանում ներկայացված էին այն գաղափարների հիմքերը, որոնք հետագայում կազմեցին «Պլեադ» գրական շարժման ծրագրի մեծ մասը[9]։

Հավանաբար 1547 թվականին էր, երբ դյու Բելլեյը հանդիպեց Պիեռ Ռոնսարին Պուատիե տանող ճանապարհին գտնվող մի պանդոկում։ Այս հանդիպումը իրավամբ կարելի է համարել վերածննդի դարաշրջանի ֆրանսիական բանաստեղծության դպրոցի իրական սկզբնակետը։ Այս երկու երիտասարդներն ունեցել են շատ ընդհանուր գծեր և արագ դարձել մտերիմ ընկերներ։ Դյու Բելլեյը վերադարձավ Ռոնսարի հետ Փարիզ՝ միանալու հումանիստ ուսանողների մի խմբի, որոնք սովորում էին ժան Դորայի հովանավորությամբ Կոլեժ դը Կոկրեում։[9]

Մինչ Ռոնսարի և Ժան-Անտուան դը Բայիֆի վրա առավել մեծ ազդեցություն էին ունեցել հունական օրինաչափությունները, դյու Բելլեյը առավելապես կապված էր լատինական ավանդույթի հետ։ Հավանաբար հենց մայրենի լեզվին մոտ մի լեզվի նկատմամբ այս նախապատվությունն էր, որ նպաստեց նրա պոեզիայի ավելի ազգային և հարազատ երանգին։ 1548 թվականին լույս տեսավ Թոմաս Սեբիեի Բանաստեղծական արվեստը, որում արտահայտվում էին այնպիսի գաղափարներ, որոնք մոտ էին Ռոնսարի և նրա համախոհների հայացքներին։ Սակայն կային էական տարբերություններ, քանի որ Սեբիեն օրինակ էր ծառայում Կլեման Մարոյին և նրա հետևորդներին՝ իբրև գրական իդեալ։ Ռոնսարը և իր ընկերները կտրականապես դեմ էին Սեբիեի այս և այլ տեսակետների հետ, և անկասկած նրանք ընդվզում էրն, երբ իրենց գաղափարները չէին ընդունում և, ավելին, համարում էին անբավարար ներկայացված:

Պլեադի հայտնի մանիֆեստը՝ «Ֆրանսերենի պաշտպանություն և պատկերացում» (Défense et illustration de la langue française, 1549 թ․), միաժամանակ և լրացում էր, և հերքում Սեբիլեի տրակտատը։ Այս գիրքը (մասամբ ոգեշնչված Սպերոնե Սպերոնիի «Լեզվի երկխոսություն» (1542) աշխատությունից) Պլեադայի գրական սկզբունքների արտահայտությունն էր որպես ամբողջություն, բայց չնայած Ռոնսարը ընտրված ղեկավարն էր, դրա խմբագրությունը վստահվեց դյու Բելլեին։ Այս աշխատանքը նաև խթանեց ֆրանսիական քաղաքական բանավեճը՝ որպես գիտուն մարդկանց կողմից իրենց երկիրը բարեփոխելու միջոց[10]։

Պլեադի ծրագրած բարեփոխումները լիարժեքորեն ըմբռնելու համար հարկ է «Պաշտպանությունը» դիտարկել Ռոնսարի «Բանաստեղծական արվեստի հակիրճ շարադրանքի» և նրա «Ֆրանսիադ» էպոսի նախաբանի համատեքստում։ Դյու Բելլեյը պնդում էր, որ ժամանակի ֆրանսերենը դեռևս չափազանց աղքատ է բարձրարվեստ պոեզիայի համար, սակայն վստահ էր, որ հղկված և մշակված լինելու դեպքում այն կարող է հավասարվել հին լեզուներին։ Նա դատապարտում էր նրանց, ովքեր հուսահատվել էին իրենց մայրենի լեզվից և լատիներենն էին օգտագործում իրենց առավել բարձրարժեք ստեղծագործություններում։ Դյու Բելլեյը նախընտրում էր հնագույն հեղինակների թարգմանությունների փոխարեն նրանց ոճի ու ձևերի ստեղծագործական ընդօրինակումները, չնայած իր գրքում հստակ չի ներկայացնում՝ ինչպես պետք է դա արվի։ Նա պնդում էր, որ անհրաժեշտ է ընդօրինակել ոչ միայն դասական բանաստեղծական ձևերը, այլև մշակել բանաստեղծության համար հատուկ լեզու և ոճ, որը պետք է տարբերվի արձակի լեզվից։ Ֆրանսերենը պետք է հարստացվեր և՛ սեփական ներքին պաշարների զարգացման միջոցով, և՛ զգուշավորությամբ ընտրված փոխառություններով՝ իտալերենից, լատիներենից և հունարենից։ Եվ՛ դյու Բելլեյը, և՛ Ռոնսարը շեշտում էին այս փոխառումների մեջ ողջախոհության անհրաժեշտությունը և երկուսն էլ հերքում էին իրենց հասցեին հնչող մեղադրանքները, թե իբր ցանկանում են լատինացնել ֆրանսերենը։ Գիրքը պոեզիայի և ֆրանսերեն լեզվի հնարավորությունների համարձակ պաշտպանություն էր. այն նաև պատերազմի հայտարարություն էր այն գրողների դեմ, ովքեր ավելի քիչ հերոսական հայացքներ ունեին։[9]։

Դյու Բելլեի կողմից Մարոյին, նրա հետևորդներին, ինչպես նաև Սեբիլեին ուղղված բռնի հարձակումները անպատասխան չմնացին։ Սեբիեն պատասխանեց իր կատարած թարգմանության՝ Եվրիպիդեսի «Իփիգենիա»-ի նախաբանում։ Լիոնցի բանաստեղծ Գիյոմ դեզ Օտելը մեղադրեց դյու Բելլեյին իր գրական նախորդների հանդեպ երախտագիտության բացակայության մեջ և «Պատասխան Լուի Մեգրեի զայրացած պաշտպանությանը» գրքում (Լիոն, 1550 թ․) մի միջբանում ցույց տվեց նրա փաստարկի թուլությունը՝ ընդօրինակումը թարգմանության գերադասելու հարցում։ Լիոնի Սուրբ Երրորդություն քոլեջի ղեկավար Բարտելեմի Անոն քննադատեց նրան իր «Քվինտիլ Հորացիան» (Լիոն, 1551) աշխատության մեջ, որի հեղինակությունը սովորաբար վերագրվում է Շառլ Ֆոնտենին։ Անոն նշեց ֆրանսերենի պաշտպանություն համարվող աշխատության մեջ հնագույն գրողների նմանակումը սերմանելու և տեղացի բանաստեղծներին թերագնահատելու ակնհայտ անհամապատասխանությունը։։[11]:

Դյու Բելլեն պատասխանեց իր քննադատներին «Օլիվեյ» սոնետային շարքի երկրորդ հրատարակության (1550) նախաբանում, որով նա նաև հրատարակեց երկու բանավեճային բանաստեղծություններ՝ «Մուսագնեոմախիա»-ն և Ռոնսարին ուղղված օդան՝ «Նախանձված աղջիկների դեմ»։Օլիվը սոնետների ժողովածու էր, որը կառուցված էր Պետրարկայի, Արիոստոյի և ժամանակակից իտալացի բանաստեղծների ոճով՝ հատկապես Գաբրիելե Ջոլիտոյի հրատարակած ստեղծագործությունների նմանությամբ։ Այն առաջին անգամ լույս էր տեսել 1549 թվականին։ Նույն տպագրությամբ հրապարակվել էին նաև տասներեք օդաներ՝ Լիրիկական ոտանավորներ վերնագրով։ Ըստ որոշ տեսակետների՝ «Օլիվ» անվանումը իբրև թե անագրամ էր մի «Մատիլդա Վիոլ» անունով կրտսեր աղջկա անվան համար, սակայն բանաստեղծություններում քիչ է իրական կրքի արտահայտությունը։ Այս պատճառով շատերը այդ շարքը դիտարկում են որպես պետրարկյան ոճի գրական վարժություն։ Սա հաստատվում է նաև այն հանգամանքով, որ երկրորդ հրատարակությունում՝ սիրելիին ուղղված նվիրման փոխարեն, ավելացվել էր նվիրման գրություն արքայադուստր Մարգարիտա դե Վալուային՝ Ֆրանսիայի թագավոր Հենրի Երկրորդի քրոջը։ Դյու Բելլեն իրականում սոնետը չի ներմուծել ֆրանսիական պոեզիա, բայց նա այն հարմարեցրել է, և երբ սոնետիզմի նորաձևությունը դարձավ մոլուցք, նա առաջիններից մեկն էր, ով ծաղրեց դրա չափազանցությունները[12]։

Այս ժամանակաշրջանում Ժոաշեն դյու Բելլեյը ծանր հիվանդացավ։ Երկու տարի տևած հիվանդությունն ունեցավ երկարատև հետևանք՝ հենց այդ ժամանակ էլ սկսեց նրա լսողության կորուստը, որը հետագայում վերածվեց խլության։ Նրա կյանքի այս փուլում նրան լրացուցիչ հոգսեր պատճառեց եղբորորդու խնամակալության պատասխանատվությունը։ Երեխան մահացավ 1553 թվականին, և այդ թվականից ի վեր դյու Բելլեյը, որը մինչ այդ կրում էր Լիրեի տիրակալի (sieur de Liré) կոչումը, դարձավ Գոնորի տիրակալ (seigneur de Gonnor)։ Նախքան այդ՝ 1549 թվականին, նա հրատարակել էր բանաստեղծությունների ժողովածու՝ Բանաստեղծությունների մատյան, որը նվիրված էր արքայադուստր Մարգարիտա դե Վալուային։ 1552 թվականին լույս տեսավ Վերգիլիոսի «Էնեիդա» դյու Բելլեյի չորրորդ գրքի թարգմանությունը, որին կցված էին նաև այլ թարգմանություններ և բանաստեղծություններ[12]:

1553 թվականին դյու Բելլեյը մեկնում է Հռոմ՝ ծառայելու որպես իր ազգական կարդինալ Ժան դյու Բելլեյի քարտուղարներից մեկը։ Նրա շուրջ չորսուկես տարի տևած բնակությունը Հռոմում դարձավ միաժամանակ մշակութային ազդեցության և անձնական տառապանքի շրջան։ Այստեղ է նա գրել իր նշանակալի գործերից մեկը՝ «Հռոմի հնությունները» (Antiquités de Rome) սոնետաշարը, որն առաջին անգամ հրատարակվեց 1558 թվականին և ներառում էր 47 սոնետ։[12]

Սոնետների մեջ ամենահայտնիներից է երրորդը՝ «Նորեկը, որը Հռոմ է փնտրում Հռոմում,» (Nouveau venu qui cherches Rome en Rome), որը, ըստ գիտական ուսումնասիրությունների, արտացոլում է լատինագիր վերածննդի գրող Ժան կամ Յանիս Վիտալիի մի բանաստեղծության ուղղակի ազդեցությունը։ Դյու Բելլեյի այս ստեղծագործությունը լայն ճանաչում ստացավ Եվրոպայում։ Այն թարգմանվեց անգլերեն՝ Էդմունդ Սպենսերի կողմից 1591 թվականին (Հռոմի ավերակները) և իսպաներեն՝ Ֆրանցիսկո դե Կեբեդոյի կողմից 1650-ին (Հռոմը՝ թաղված իր ավերակների մեջ)[13]:

Սոնետները համեմատաբար ավելի անձնական էին և ավելի ինքնատիպ, քան նրա նախորդ՝ Օլիվ շարքը։ Դրանցում հնչող հուսահատ, դատարկված Հռոմի պատկերը ազդեցություն ունեցավ ֆրանսիական գրականության վրա՝ վերածնվելով ավելի ուշ՝ Վոլնեյի և Շատոբրիանի ստեղծագործություններում։ Չնայած գրական հաջողություններին, դյու Բելլեյի մնալը Հռոմում չէր համապատասխանում իր ակնկալիքներին։ Իրականում նա ապրում էր մեկուսացած և հոգնեցուցիչ կյանքով։ Նրա պարտականությունները հիմնականում ներառում էին կարդինալի տնտեսական հարցերով զբաղվելը՝ նա պետք է հանդիպեր պարտատերերի հետ և միջոցներ գտներ կենցաղային ծախսերը հոգալու համար։ Այդուհանդերձ, նա ձեռք բերեց բազմաթիվ մտերիմ ընկերներ իտալացի գիտնականների և գրողների շրջանում։ Դրանց թվում էր նաև մեկ այլ աքսորյալ ֆրանսիացի բանաստեղծ՝ Օլիվիե դը Մագնի, որի կյանքն ու հոգեվիճակը նման էին դյու Բելլեյի փորձություններին[12]:

Դյու Բելլեյի Հռոմում գտնվելու վերջին շրջանը նշանավորվել է հանկարծակի ու խորը սիրով։ Նա սիրահարվել է մի հռոմեացի տիկնոջ՝ Ֆաուստինա անունով, որը հայտնվում է նրա բանաստեղծություններում՝ որպես Կոլումբա կամ Կոլոմբել։ Այս սիրային կրքի ամենահստակ արտահայտությունը կարելի է գտնել նրա լատիներեն գրվածքների մեջ։ Ֆաուստինան ամուսնացած էր մի ծեր և խանդոտ մարդու հետ, ուստի դյու Բելլեյի՝ ի վերջո նրան գրավելու հաջողությունը, հնարավոր է, որոշիչ դեր է խաղացել նրա՝ Հռոմից հեռանալու որոշման մեջ։ Նա վերադառնում է Փարիզ՝ 1557 թ․ օգոստոսի վերջում։ 1558 թվականին նա հրատարակում է Հռոմից հետ բերած բանաստեղծությունները՝ ներառյալ լատիներեն «Բանաստեղծություններ» ժողովածուն (Poemata), «Հռոմի հնությունները», «Տարատես գյուղական խաղեր» (Divers Jeux rustiques) և իր ամենահայտնի գործերից մեկը՝ «Ափսոսանքներ» (Regrets) սոնետաշարը, որը ներառում է 191 սոնետ, որոնց մեծ մասը գրվել է Իտալիայում։ Այստեղ դյու Բելլեյը նահանջում է իր ավելի վաղ պաշտպանած «Ֆրանսերենի պաշտպանություն և պատկերացում» մանիֆեստի տեսություններից՝ հօգուտ ավելի անձնական, պարզ ու զգացմունքային խոսքի[12]։

Դյու Բելլեյին հատուկ պարզությունն ու հուզական նրբությունը առավելագույնս արտահայտվում են այն սոնետներում, որտեղ նա նկարագրում է իր անհաջող սերը Ֆաուստինայի հանդեպ, ինչպես նաև իր կարոտը Լուար գետի ափերի նկատմամբ՝ հայրենիքի, որը մնացել էր հեռվում։ Այդ շարքում կարելի է գտնել նաև սատիրիկ սոնետներ, որոնք պատկերում են Հռոմի բարքերը, իսկ Փարիզ վերադառնալուց հետո գրած ստեղծագործությունները հաճախ պարունակում են հովանավորության խնդրանքներ։ Վերադառնալով Ֆրանսիա՝ դյու Բելլեյը չվերականգնեց իր նախկին մտերիմ հարաբերությունները Պիեռ Ռոնսարի հետ։ Սակայն նա ձևավորեց նոր բարեկամություն՝ գիտնական Ժան դը Մորելի հետ, որի տունը դարձել էր ուսյալների հավաքատեղի։ 1559 թվականին Պուատիե քաղաքում նա հրատարակում է սուր և գեղարվեստական սատիրա՝ «Նոր եղանակ՝ թե ինչպես օգուտ քաղել ուսումից» (La Nouvelle Manière de faire son profit des lettres), որը թարգմանություն էր Ադրիեն Տյուրնիբի լատիներեն աշխատությունից։ Նույն տարում նա հրատարակում է նաև «Դատարանյան բանաստեղծը» (Le Poète courtisan), որը սատիրիկ ոճը ներմուծեց ֆրանսիական պոեզիայի մեջ՝ որպես առանձին ժանր[12]։

«Նոր եղանակը» ըստ մասնագետների՝ ուղղված էր Պիեռ դը Պաշալին, ով վերադաս պատմաբան էր ընտրվել և խոստացել էր գրել նշանավոր անձանց կենսագրությունները լատիներենով, բայց երբեք այդ գործն ավարտին չէր հասցրել։ Երկու սատիրիկ աշխատություններն էլ հրատարակվել էին դյու Բելլեյի օգտագործած ծածկանունով՝ Ժ. Կվինտիլ դյու Տրուսսե։ Դատարանյան բանաստեղծի կերպարում շատերը տեսել են Մելին դը Սեն Ժելեին, որի հետ դյու Բելլեյը, սակայն, միշտ պահպանել էր բարեկամական հարաբերություններ[12]։

Վերջին ստեղծագործություններ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1559 թվականին Ժոաշեն դյու Բելլեյը ավարտեց իր երկար ու ճարտասանական «Ելույթը թագավորին» (Discours au roi) վերնագրով աշխատությունը, որն ուղղված էր Ֆրանսիոս Երկրորդին։ Ասում են, որ այդ ստեղծագործությունը դյու Բելլեյին ապահովել է ուշացած թոշակ, թեև հրապարակվել է միայն նրա մահից հետո՝ 1567 թվականին[8]։ Փարիզում նա դեռևս ծառայում էր կարդինալ Ժան դյու Բելլեյին, որը նրան էր հանձնարարել աշխարհիկ հովանավորությունների համակարգումը Փարիզի թեմում։ Սակայն այս պարտականությունների կատարման ընթացքում դյու Բելլեյը հակասության մեջ ընկավ Փարիզի եպիսկոպոս Օստաշ դյու Բելլեյի հետ, ինչն էականորեն վնասեց նրա հարաբերությունները կարդինալի հետ՝ առավել ևս այն բանից հետո, երբ լույս տեսավ նրա անկեղծ ու որոշ առումներով կշտամբող Ափսոսանքների շարքը։ Նրա գլխավոր հովանավորը՝ Մարգարիտա դը Վալուան, որին նա անկեղծորեն նվիրված էր, տեղափոխվել էր Սավոյ։ Այդ ժամանակ դյու Բելլեյը արդեն շատ տկար էր․ խլությունը լրջորեն խանգարում էր նրա պաշտոնական պարտականություններին։ 1560 թվականի հունվարի 1-ին՝ ընդամենը 38 տարեկան հասակում, նա մահացավ։ Չկա որևէ վկայություն այն մասին, որ նա ձեռնադրված հոգևորական էր, սակայն նա պաշտոնապես համարվում էր եկեղեցական անձ և տարբեր եկեղեցական պաշտոններ էր զբաղեցրել։ Մեկ ժամանակ նա Նոտր Դամի կանոնիկ էր, և այդ պատճառով նրան նաև թաղեցին Փարիզի Նոտր Դամի գավիթում։ Հաճախ է շրջանառվում մի պնդում, ըստ որի նա իր կյանքի վերջին տարում նշանակվել էր Բորդոյի արքեպիսկոպոս, սակայն դա ոչ մի փաստաթղթով հաստատված չէ և համարվում է քիչ հավանական[12]։

2022 թվականի ապրիլին Ֆրանսիայի Պաշտպանական հնագիտական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի կողմից կատարված պեղումների ժամանակ՝ 2019 թվականի Նոտր Դամի հրդեհից հետո, գտնվեց կապարե դագաղ, որը որոշ աղբյուրների համաձայն՝ պարունակում էր հենց դյու Բելլեյի աճյունը։ Տուլուզի համալսարանի բժշկության և մարդաբանության պրոֆեսոր Էրիկ Կրյուբեզիի խոսքով՝ դագաղում հայտնաբերված կմախքի վրա հայտնաբերվել են ոսկրային տուբերկուլյոզի և քրոնիկ մենինգիտի հետքեր, որոնցով բանաստեղծը տառապում էր իր կյանքի վերջին տարիներին։ Այդ պատճառով կասկած չկա, որ դագաղը նրան է պատկանում[14]։

Այնուամենայնիվ, իզոտոպային վերլուծությունը հակասում է այս եզրակացությանը։ Այն ցույց է տալիս, որ կմախքը, ամենայն հավանականությամբ, պատկանել է Ֆրանսիայի արևմտյան շրջաններից մեկի բնակչի, մինչդեռ դյու Բելլեյը ծնվել և մեծացել է երկրի արևելքում։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ մնացորդները հնարավոր է պատկանեն ոչ թե դյու Բելլեյին, այլ XVI դարի մի ֆրանսիացի ասպետին՝ Էդուար դը լա Մադլենին[15]։

Գրական ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոաշեն դյու Բելլեյի գրական ժառանգությունը այսօր էլ մեծապես գնահատվում է։ Նրա ստեղծագործությունների ֆրանսերեն լավագույն հրատարակությունը համարվում է Անրի Շամարի կազմած վեցհատորյակը։ Կարևոր է նաև Շարլ Մարտի-Լավոյի կողմից խմբագրված «Ֆրանսերեն ստեղծագործություններ» երկհատորյակը (1866–1867), ինչպես նաև Լուի Բեկ դը Ֆուկիերի կողմից հրատարակված «Ընտիր գործերը» (1876 թ․)։ Նրա կենսագրության հիմնավոր աղբյուրը հենց իր իսկ բանաստեղծություններն են, հատկապես՝ իր լատիներեն ողբերգական պոեմն՝ «Ողբեր Ժան դը Մորելի, իր սիրելի բարեկամի մասին», որը տպագրվել է 1569 թվականին «Հյուրընկալություններ» ժողովածուի հետ։ Հենրի Շամարի գիտական ուսումնասիրությունը՝ «Ժոաշեն դյու Բելլեյի կյանքն ու գրական ժառանգությունը» (Լիլ համալսարան, 1900), մնում է դյու Բելլեյագիտության հիմնական աղբյուրներից մեկը, որն ուղղում է նաև բազմաթիվ սխալ պատկերացումներ[12]։

  1. ↑ Նաև գրվում է Դյու Բելլեյ՝ մեծատառ Դ-ով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  3. 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
  4. 1 2 3 4 Дю Белле Жоашен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 Michaud L. Biographie universelle ancienne et moderne, Biographie universelle, ancienne et moderne (ֆր.): Histoire, par ordre alphabétique, de la vie publique et privée de tous les hommes qui se sont fait remarquer par leurs écrits, leurs actions, leurs talents, leurs vertus ou leurs crimes. — 1811. — Vol. III. — P. 553.
  6. 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  7. ↑ https://www.lemonde.fr/culture/article/2024/09/17/le-poete-joachim-du-bellay-identifie-dans-un-cercueil-retrouve-a-notre-dame-de-paris_6321666_3246.html
  8. 1 2 Smith, Malcolm (1974). Joachim Du Bellay's Veiled Victim: With an Edition of the Xenia, Seu Illustrium Quorundam Nominum Allusiones. Librairie Droz. էջեր 50–. ISBN 978-2-600-03901-7.
  9. 1 2 3 4 Chisholm, 1911, էջ 616
  10. ↑ Jones, Colin (1994). The Cambridge Illustrated History of France (1st ed.). Cambridge University Press. էջ 133. ISBN 0-521-43294-4.
  11. ↑ Chisholm, 1911, էջեր 616–617
  12. 1 2 3 4 5 6 7 8 9 Chisholm, 1911, էջ 617
  13. ↑ Zarucchi, Jeanne Morgan (1997). «Du Bellay, Spenser, and Quevedo Search for Rome: A Teacher's Peregrination». The French Review. 17 (2): 192–203.
  14. ↑ «Le corps du poète Joachim du Bellay, mort en 1560, a-t-il été identifié dans un cercueil de la cathédrale Notre-Dame de Paris ?». francetvinfo.fr (ֆրանսերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. ↑ Tran, Florence (director) (2024 թ․ դեկտեմբերի 18). Lost Tombs of Notre Dame (Documentary) (English). PBS. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sainte-Beuve, Tableau de la poésie française au XVI siècle (1828)
  • La Défense et illust. de la langue française (1905), with biographical and critical introduction by Léon Séché, who also wrote Joachim du Bellay--documents nouveaux et inédits (1880), and published in 1903 the first volume of a new edition of the Œuvres
  • Lettres de Joachim du Bellay (1884), edited by Pierre de Nolhac
  • Walter Pater, "Joachim du Bellay", essay in The Renaissance (1873) pp. 155–176
  • George Wyndham, Ronsard and La Pléiade (1906)
  • Hilaire Belloc, Avril (1905)
  • Arthur Augustus Tilley|Arthur Tilley, The Literature of the French Renaissance (2 vols., 1904).
  • Ursula Hennigfeld, Der ruinierte Körper. Petrarkistische Sonette in transkultureller Perspektive. Königshausen & Neuman, Würzburg (2008).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոախիմ դյու Բելլեյ» հոդվածին։