Jump to content

Յասուսի Ինոուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասուսի Ինոուե
ճապ.՝ 井上靖
Ծնվել էմայիսի 6, 1907(1907-05-06)[1][2][3][…]
ԾննդավայրՀոկայդո, Հոկայդո, Ճապոնիա
Վախճանվել էհունվարի 29, 1991(1991-01-29)[4][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Մասնագիտությունգրող, վիպասան, բանաստեղծ և սցենարիստ
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԿիոտոյի համալսարան և Kyushu University?
Պարգևներ
ԱմուսինFumi Inoue?
ԶավակներShūichi Inoue?
 Yasushi Inoue Վիքիպահեստում

Յասուսի Ինոուե (ճապոներեն՝ 井上靖. մայիսի 6, 1907(1907-05-06)[1][2][3][…], Հոկայդո, Հոկայդո, Ճապոնիա - հունվարի 29, 1991(1991-01-29)[4][1][2][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի գրող, ժուռնալիստ, բանաստեղծ, էսսեիստ, հետպատերազմյան ժամանակաշրջանի ականավոր գրողներից մեկը, որ մեծ ավանդ է ներդրել ճապոնական արձակում պատումային ժանրի վերածննդի ապահովման ասպարեզում՝ նկատելիորեն փոխելով Սյովա դարաշրջանի գրականության ուղղությունը: Նրա թողած գրական ժառանգության մեջ գերակշռում են էգո -վեպերը և «հոգեկան տրամադրությունների էսսեները» (心境小説): Դեռահաս տարիքից մինչև ընդհուպ 83 տարեկանը բանաստեղծություններ է գրել նաև: Նրա գլխավոր գեղարվեստական երկերն են համարվում «Ցլամարտ»-ը (1949), «Տեմպյոյի կղմինդրը» (1957) և «Հազարավոր բուդդաների քարանձավները» (1959) գործերը:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասուսի Ինոուեն ծնվել է Ճապոնիայի Հոկայդո նահանգի Ասահիկավա քաղաքում, տոհմիկ բժիշկներ Հայաո Ինուեի և Յայի ընտանիքում: Նա ընտանիքի ավագ երեխան էր։ Նրա զինվորական բժիշկ հոր աշխատանքի ու բնակության վայրը հաճախ էր փոփոխվում, և Յասուսի Ինոուեին վեց տարեկանից մեծացնում է իր տատիկը՝ Կանոն, որը նախկին գեյշա էր և ապրում էր Սիձուոկա պրեֆեկտուրայի գյուղերից մեկում։

1910 թվականին՝ տատիկի մահից հետո, Յասուսին ընդունվել է Համամացու քաղաքի տարրական դպրոց։ Նումաձուի միջնակարգ դպրոցում սովորելիս նա սկսել է հետաքրքրվել պոեզիայով։ 1924 թվականին հաստատվելով բուդդայական Մյոկոկու-ջի տաճարի տարածքում՝ ընկերացել է մի խումբ գրքասերների հետ։ 1926 թվականին Ինոուեն տեղափոխվել է Կանաձավա քաղաք, որտեղ ապրում էին նրա ծնողները։ Ավագ դպրոցում նա սկսել է զբաղվել ձյուդոյով և գրել բանասեղծություններ՝ դրանք հրատարակելով Ճապոնական ծովի բանաստեղծ (日本海詩人) և Բոց (焔) կեղծանուններով։ 1929 թվականին հրաժարվել է ձյուդոյի պարապմունքներից։ Չհաջողելով հանձնել Կյուսյուի համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդունելության քննությունները՝ 1930 թվականին ընդունվել է բանասիրական ֆակուլտետ (անգլերենի բաժին), բայց շուտով, կորցնելով սովորելու նկատմամբ հետաքրքրությունը և տարվելով գրականությամբ, ընդհատել է ուսումը։ 1932 թվականին տեղափոխվել է Կիոտոյի համալսարան, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն և գեղագիտություն։ Այդ ժամանակներից սկսած՝ մրցանակներ է ստացել իր ստեղծագործական գործունեության համար։ 1936 թվականին ավարտել է համալսարանը՝ հաջողությամբ պաշտպանելով Պոլ Վալերիի պոեզիայի վերաբերյալ գրած ավարտական դիպլոմային աշխատանքը:

1935 թվականին Յասուսին ամուսնացել է մարդաբանության պրոֆեսոր Ադաչի Բունտարոյի դստեր՝ Ադաչի Ֆումիի հետ։ Ինոուեն տարբեր ամսագրերում արդեն տպագրել էր մի քանի բանաստեղծություններ ու պատմվածքներ, բայց թողեց գրողի իր կարիերան և դարձավ Օսակայի Մայնիտի Սիմբուն շաբաթաթերթի լրագրող: 1937 թվականին՝ չին-ճապոնական երկրորդ պատերազմի ժամանակ, գնացել է ծառայելու Չինաստանի հյուսիսում, սակայն ավիտամինոզի՝ վիտամինային անբավարարության պատճառով ընկել է դաշտային պահեստային հիվանդանոց։ 1938 թվականից Ինոուեն շարունակել է աշխատել Մայնիտի թերթի մշակութային բաժնում, որտեղ պատասխանատու է եղել կրոնական թեմաներով նյութերի համար, իսկ 1939 թվականից ղեկավարել է նաև արվեստի բաժինը։ Նա կենտրոնացել է բուդդայական գրականության, բուդդայական արվեստի և գեղարվեստական խումբ-խմբակների ու շրջանների լուսաբանման վրա։ 1945 թվականին շաբաթաթերթի արվեստի բաժինը վերափոխվել է սոցիալական բաժնի։

1951 թվականին Տոկիո տեղափոխվելով՝ Յասուսին ամբողջությամբ նվիրվել է գրական գործունեությանը։ 1964 թվականին դարձել է Ճապոնիայի արվեստների ակադեմիայի անդամ։ 1976 թվականին արժանացել է ստեղծագործական աշխատանքի համար Ճապոնիայում շնորհվող բարձրագույն պարգևներից մեկին. նրան տրվել է «նինգենկոկուհո» կոչում, որը բառացի նշանակում է «մարդ՝ ազգային գանձ»։ 1984 թվականին նա Փեն ակումբի ճապոնական մասնաճյուղի նախագահի պաշտոնում փոխարինել է Կավաբատա Յասունարիին։

Սյովայի ժամանակաշրջանում, երբ դեռ հազվադեպ էր թույլատրվում արտասահման մեկնել, նա բազմիցս ճանապարհորդել է Եվրոպայի և Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներով, ԽՍՀՄ-ի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի չուսումնասիրված կամ քիչ ուսումնասիրված տարածաշրջաններով:

Ինոուե Յասուսին մահացել է սուր թոքաբորբից 1991 թվականի հունվարի 29-ին՝ 83 տարեկան հասակում, Թյուոյի հատուկ շրջանի ուռուցքաբանական ազգային կլինիկայում:

Գրական ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան շրջանում Ինոուեն որպես գրող հայտնի է դարձել «Որսորդական հրացանը» և «Ցլամարտ» պատմվածքներով: Ընդ որում՝ վերջինիս համար 1949 թվականին արժանացել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան մրցանակին ։

Ինոուե Յասուսին հեղինակել է վեպեր, որոնք քնարական շնչով պատկերում են հետպատերազմյան Ճապոնիայի մտավորականության մենությունը (Որսորդական հրացան, Ցլամարտ, Սառցե պատ և այլն): Գրել է նաև ինքնակենսագրական գործեր (Ասունարո Մոնոգատարի, Սիրոբամբա և այլն), պատմավեպեր՝ նվիրված Սենգոկու Ձիդայի դարաշրջանին («Ֆու Ռինկաձան», «Սանադայի ռազմական տարեգրությունները», «Յոդոյի ամրոցի տիրուհին» և այլն) և ուղեգրություններ, որոնցում նկարագրել է իր ճանապարհորդությունները Չինաստանի արևմտյան շրջաններով («Հազարավոր բուդդաների քարանձավները», «Լոուլան», «Տեմպյոյի կղմինդրը» և այլն):

«Սիրոբամբա», «Ամառային խոտաբույսեր և ձմեռային ալիքներ», «Հյուսիսային ծով» ինքնակենսագրական վեպերում հեղինակն ինքն է հանդես եկել որպես մոդել գլխավոր հերոսի՝ Ինոուե Կոսակուի համար, որի կյանքը՝ մանկությունից մինչև պատանեկություն, ծավալվում է եռագրության էջերում։ «Սիրոբամբա»-ում նկարագրվում է Յուգասիմա քաղաքում գրողի անցկացրած մանկությունը, «Ամառային խոտաբույսեր և ձմեռային ալիքներ»-ում՝ Նումաձուի միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակը, «Հյուսիսային ծով»-ում՝ Կոսակուի առօրյա կյանքի մեկ տարին՝ համալսարան ընդունվելու անհաջող փորձից հետո, երբ նրան հրավիրել են մարզվելու թիվ 4 ավագ դպրոցում, որտեղ նա ջանասիրաբար զբաղվել է կոսեն ձյուդոյով։

Հաճախ Ինոուե Յասուսիի ստեղծագործությունների հերոսներ են դարձել նրա իրական միջավայրի մարդիկ։ Մասնավորապես՝ Սիրոբամբա-ում նկարագրվում է Կոսակուի կյանքը իր ապուպապի հարճի՝ Օնուիբաասանի (իսկական անունը՝ Օկանո) հետ, ով իր հետ արյունակցական կապ չի ունեցել, սակայն մեծ ազդեցություն է գործել Ինոուեի՝ որպես անձի ձևավորման վրա։

Կյանքի վերջին տարիներին Ինոուե Յասուսին գրել է կարճ եռագրություն՝ նվիրված իր ծերացած մորը: Դրա սյուժեի հիման վրա նկարահանվել է «Մորս քրոնիկները» ֆիլմը, որը Մոնրեալի կինոփառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մեծ մրցանակը:

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրելու տարիները Վերնագիրը
  • 1947
  • Ցլամարտ (闘牛 )
  • 1949
  • Որսորդական հրացան (猟銃 )
  • 1950
  • Սառցե պատ (氷壁 )
  • 1957
  • Տեմպյոյի կղմինդրը (天平の甍 )
  • 1958
  • Ասունարո-մոնոգատարի (あすなろ物語 )
  • 1959
  • Հազարավոր բուդդաների քարանձավները (敦煌 )
  • Լոուլան (楼蘭 )
  • 1960
  • Կապույտ գայլը (蒼き狼 ) (վեպ Չինգիզխանի մասին
  • Յոդո ամրոցի տիրուհին (淀どの日記 )
  • 1960—1962
  • Հյուսիսային ծով (北の海 )
  • Սիրոբամբա (しろばんば )
  • 1963
  • Քամին ու ալիքները (風濤 Фу: то:) (վեպ Հիբուլայի մասին)
  • 1963—1965
  • Ֆավորիտուհին (楊貴妃伝 ) (վեպ Յան-գույֆեյի մասին)
  • Ամառային խոտաբույսերն ու ձմեռային ալիքները (夏草冬濤 )
  • 1968
  • Երազներ Ռուսաստանի մասին (おろしや国酔夢譚 )
  • 1969
  • Լուսնալույս (月の光 )
  • 1971
  • Աստղային փառատոն (星と祭 )
  • 1975
  • Մորս քրոնիկները (わが母の記 )
  • 1980
  • Արծաթե սանդուղքը (銀のはしご )
  • 1981
  • Հոնգակուբոյի նոթերը (本覺坊遺文 )
  • 1989
  • Կոնֆուցիուս (孔子 )

1936 - Տիբա Կամեո մրցանակ «Թափառողը» (流転Ruten ) պատմվածքի համար

1950 - Ակուտագավա Ռյունոսկեի անվան մրցանակ «Ցլամարտի» (闘牛To: gyu:) համար

1958 - Կրթության նախարարության գրական մրցանակ «Տեմպյոյի կղմինդրը» (天平の甍Tempyo no iraka ) երկի համար

1959 - Ճապոնիայի արվեստների ակադեմիայի մրցանակ «Սառցե պատի» (氷壁Hyo: heki) համար

1960 - Մայնիտի մրցանակ «Հազարավոր բուդդաների քարանձավներ»-ի (敦煌) համար: Ընթերցողների մրցանակ «Կապույտ գայլ»-ի (蒼き狼Aokiookami) համար

1961 - առաջադրվել է Նոբելյան մրցանակի: Ստացել է Նոմա գրական մրցանակ «Յոդո ամրոցի տիրուհին» (淀どの日記Yododo no Nikki) երկի համար

1964 - Յոմիուրիի գրական մրցանակ «Քամի և ալիքներ»-ի (風濤Fu: to: ) համար

1969 - Ճապոնական գրականության առաջին կարգի մրցանակ «Երազներ Ռուսաստանի մասին» երկի համար

1976 թ.՝ Մշակույթի շքանշան

1980թ.՝ Կիկուտի Կան մրցանակ

1981թ.՝ NHK ռադիոյի մշակութային մրցանակ (բուդդայականության մշակութային մրցանակ)

1982 - Ճապոնական գրական մրցանակ «Հոնգակուբոյի նոթերը» (本覚坊遺文hongakubo:-ibun ) երկի համար

1985 - Ասահիի մրցանակ

1986թ.՝ Պեկինի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

1989 - Նոմա գրական մրցանակ «Կոնֆուցիուս»-ի (孔子Ko:si ) համար

Նոբելյան մրցանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հոկտեմբերին լուրեր տարածվեցին, որ Ինոուե Յասուսին առաջադրվել է Նոբելյան մրցանակի, և լրագրողների ամբոխը շրջապատեց գրողի տունը Սետագայայում: Ինոուեն նրանց հյուրասենյակ հրավիրեց, և երբ հայտարարվեց հաղթողը, հավաքվածների հետ ափսոսանքի զգացումով խմեց։ Այդ ժամանակից ի վեր, ամեն տարի Նոբելյան մրցանակի շնորհման օրը գրողը լրագրողներին հրավիրում էր իր հյուրասենյակ՝ այսպես կոչված «Նոմելյան մրցանակի» համար (ճապոներեն «nomu» - «խմիչք»)՝ լվանալու պարտության դառնությունը:

Տարիների ընթացքում լրագրողները դառնում էին ավելի ու ավելի համառ, բայց Ինոուեն մրցանակ չէր ակնկալում: Գրողի ընտանիքը սպասում էր, որ նա վերջապես կհաղթի և կարծիք հայտնեց, որ ավելի լավ է լրագրողներին տուն չթողնել։ Սակայն Ինոուեն, իր փորձից իմանալով, որ լրագրողը պարտավոր է տեղեկատվություն հավաքել, նույնիսկ եթե դա անհարմարություն է պատճառում մեկ այլ անձի, միշտ ըմբռնումով ու քաղաքավարությամբ է վերաբերվել մամուլին[3]։

Այն ժամանակ դեռևս անհայտ էր, թե արդյոք Ինոուեն իսկապես առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց 2020 թվականի հունվարին պարզվեց, որ նա 1969 թվականին իսկապես առաջադրվել է [4]։ Մինչ այդ՝ 2012 թվականի մարտին, Նոբելյան կոմիտեի նախագահ Պեր Վեստբերգը Յոմիուրի Սիմբուն թերթին տված հարցազրույցում խոստովանել էր, որ «Ինոուե Յասուսիի թեկնածությունը ամենայն լրջությամբ քննարկվել է»։

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սամուրայների դրոշները» - ռեժ.՝ Հիրոսի Ինագակի (Ճապոնիա, 1969)
  • «Դունհուանգ » («Մետաքսի մեծ ճանապարհը») - ռեժ.՝ Սատո Ձյունյա (Ճապոնիա, 1988)
  • «Թեյի արարողության վարպետի մահը» - ռեժ.՝ Կեի Կումաի (Ճապոնիա, 1989)
  • « Երազներ Ռուսաստանի մասին » - ռեժ.՝ Ջունյա Սատո (Ռուսաստան-Ճապոնիա, 1992 թ.)
  • «Սամուրայների դրոշները» - ռեժ.՝ Հիմիցու Կաձուհիկո (Ճապոնիա, 2007), հեռուստասերիալ
  • «Չինգիզխան. Դեպի երկրի և ծովի ծայրերը» («Չինգիզխան. Մեծ մոնղոլը») - ռեժ.՝ Սինիչիրո Սավաի (Ճապոնիա, 2007)
  • «Ռազմիկն ու գայլը» - ռեժ.՝ Չժուանչժուան Տիան (Հոնկոնգ-Չինաստան, 2009)
Ինոուե Յասուսիի հուշահամալիրը
Ինոուե Յասուսիի նախկին կեցավայրը։
Ինոուե Յասուսիի անվան գրականության թանգարանը (Սիձուոկա, Սունտո, Նագաիձումի)
  • Ինոուե Յասուսիի հուշասրահ (Հոկայդո, Ասահիկավա)
  • Ինոուե Յասուսիի անվան գրականության թանգարան (Սիձուոկա, Սունտո, Նագաիձումի)
  • Ինոուե Յասուսիի նախկին կեցավայրը (Ամագի կայարանի մերձակայքում)
  • Ասիայի թանգարան. Ինոուե Յասուսիի հուշաթանգարան (Տոտտորի, Յոնագո, Օոսինոձու)
  • Ինոուե Յասուսիի հուշաթանգարան Նովակիում (Տոտտորի, Նիտինան)
  • Հուշասենյակ (Կանագավայի ժամանակակից գրականության թանգարանում)
  • Հուշասենյակ (Ժամանակակից ճապոնական պոեզիայի և գրականության թանգարանում)
  • Հուշասենյակ (Նագահամայի Տակացումա գրադարանում) [9]

Այլ.

  • Ինոուե Յասուսիի աջակցությամբ ստեղծվել է ճապոնա-չինական մշակութային փոխանակման ասոցիացիան:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Yasushi Inoue». Great Catalan encyclopedia. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  • Inoue Yasushi // Encyclopædia Britannica (անգլերեն)
  • Յասուսի Ինոուե // Babelio (ֆրանսերեն) - 2007 թ.

Երկերի ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1937: Ryūten (流転) - պատմվածք
  • 1949: Որսորդական հրացան (猟銃, Ryōjū) - նորավեպ
  • 1949: Ցլամարտը (闘牛, Tōgyū) - նորավեպ
  • 1950: Kuroi Ushio (黯い潮) - վեպ
  • 1950: Shi to koi to nami (死と恋と波と) - պատմվածքների ժողովածու
  • 1951: Դրամանենգի կյանքը (ある偽作家の生涯, Aru gisakka no shōgai) - պատմվածքների ժողովածու
  • 1953: Asunaro monogatari (あすなろ物語) - վեպ
  • 1956: Hyōheki (氷壁) - վեպ
  • 1957: Տեմպյոյի կղմինդրը (天平の甍, Tenpyō no iraka) - վեպ
  • 1958: Kitaguni (北国) - բանաստեղծական ժողովածու
  • 1959: Lou-Lan (楼蘭, Ro-ran) - պատմվածքների ժողովածու
  • 1959: Tun-huang (敦煌, Tonkō) - վեպ
  • 1960: Yodo dono no nikki (淀どの日記) - վեպ
  • 1962: Chikūkai (地中海) - բանաստեղծական ժողովածու
  • 1963: Քամի և ալիքներ (風濤, Fūtō) - վեպ
  • 1967: Kaseki (化石) - վեպ
  • 1967: Unga (運河) - բանաստեղծական ժողովածու
  • 1968: Oroshiyakoku suimutan (おろしや国酔夢譚) - վեպ
  • 1969: Ճամփորդություն Սամարղանդից այն կողմ (西域物語, Seiiki monogatari) - վեպ
  • 1971: Kisetsu (季節) - բանաստեղծական ժողովածու
  • 1975: Մորս քրոնիկները (わが母の記, Waga haha no ki) - վեպ
  • 1976: Enseiro (遠征路) - բանաստեղծական ժողովածու
  • 1979: Zen shishū (全詩集) - բանաստեղծական ժողովածու
  • 1981: Hongakubō ibun (本覺坊遺文) - վեպ
  • 1989: Կոնֆուցիուս (孔子, Kōshi) - վեպ
  • ^ «朝日賞 1971-2000年度». 朝日新聞社. 2022年9月2日閲覧。
  • ^ 『グッドバイ、マイ・ゴッドファーザー』文藝春秋、1991年、p108-116頁。
  • ^ 井上靖、ノーベル賞候補だった 川端康成受賞翌年の1969年朝日新聞2020年1月21日
  • ^ «安部公房は受賞寸前だった…ノーベル委員長語る». YOMIURI ONLINE (2012年3月23日). 2012年3月25日時点のオリジナルよりアーカイブ。2012年5月5日閲覧。
  • ^ 株式会社ローソンエンタテインメント. «浦城いくよ|プロフィール|HMV&BOOKS online». HMV&BOOKS online. 2021年10月13日閲覧。
  • ^ 株式会社ローソンエンタテインメント. «井上卓也|プロフィール|HMV&BOOKS online». HMV&BOOKS online. 2021年10月13日閲覧。
  • ^ «黒田佳子 おすすめランキング (4作品) — ブクログ». booklog.jp. 2021年10月13日閲覧。
  • ^ 『るるぶ滋賀びわ湖'15〰'16』JTBパブリッシング〈るるぶ情報版〉、2015年、51頁。ISBN 9784533101458
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասուսի Ինոուե» հոդվածին։