Յասոն և Մեդեա (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յասոն և Մեդեա
Տեսակբալետ

Յասոն և Մեդեա (ֆր.՝ Jason et Médée), կոմպոզիտոր Ժ. Ռոդոլֆի երկու գործողությամբ բալետը, բեմադրվել է անվանի խորեոգրաֆ և բալետի նորարար Ժ. Նովերի կողմից։ Առաջին անգամ ցուցադրվել է Շտուտգարտի թագավորական թատրոնում, 1763 թվականի փետրվարի 11-ին, Վյուրտենբերգի դուքս Կարլ Երկրորդի ծննդյան օրը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյուրտենբերգի դուքս Կառլ Եվգենի 2-րդն արժանացել է թատերական արվեստի գործիչների հովանավորի պատվին` նրանց համար ստեղծելով ստեղծագործական աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ինչով Շտուտգարտը գրավել է շատ հայտնի երաժիշտների և արվեստագետների։ Այնտեղ ստեղծվել էր թատրոնի զարգացմանը և թատերական բարենորոգչական ձեռքբերումներին նպաստող մթնոլորտ։ Հենց այնտեղ էլ կիրառվել են Ժ. Նովերի բարեփոխական պլաստիկ գաղափարները։

Մինչև Նովերի խորեոգրաֆիկ բարեփոխումները բալետը գոյություն է ունեցել ոչ թե որպես թատերական արվեստի առանձին ձև` սեփական գործողության զարգացմամբ և ավարտուն սյուժեով, այլ որպես առանձին պար օպերայում և դրամայում, որը կապված չէր սյուժետային հիմնական գծի հետ։ Սովորաբար բալետային ելույթներով ավարտվում են օպերային գործողությունները[1], հաճախ պարն օգտագործվել է որպես շեղող միջոց` դեկորացիաները փոխելու ժամանակ։ Բալետը ծառայել է որպես պարային գեղեցիկ, զվարճացնող, շեղող միջոց` իր վրա չկրելով որևէ իմաստային ծանրաբեռնվածություն[2]։ Աստիճանաբար բալետի, հատկապես` մնջախաղի, նշանակությունն աճել է։ Սակայն միայն Նովերն իր «Գրառումներ պարի ու բալետի մասին» (ֆր.՝ Lettres sur la danse et les ballets) հրատարակված բազմահատոր աշխատության մեջ հիմնավորել է պարային արվեստի հնարավորությունները` քննարկելով բալետը որպես պարային ժանրի առանձին ձև` իր սյուժեով և վառ դրամատիկական բնավորությամբ կերպարներով։

«Յասոն և Մեդեա» բալետը դարձել է բեմադրողի էսթետիկ ծրագրերի մարմնավորումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սյուժե օգտագործվել է Յասոնի և Մեդեայի և Յասոնի և իր ուղեկցորդ-արգոնավորդների կողմից Ոսկե գեղմը փնտրելու մասին հին հունական լեգենդը։

Ոսկե գեղմը ձեռք բերելու դժվար պայքարում Յասոնին օգնել է կախարդուհի Մեդեան, որի հետ ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում. նրանք ամուսնանում են և ունենում երկու երեխա։ Սակայն որոշ ժամանակ անց Յասոնը գտնում է նոր հարսնացու։ Մեդեան զայրույթից ոչնչացնում է և՛ իր մրցակցին, և՛ այն ամենը, ինչ կապված էր Յասոնի հետ, այդ թվում նաև` սեեփական երեխաներին։

Այս սյուժեի հիման վրա ստեղծվել են բազմաթիվ դրամատիկական և երաժշտական ստեղծագործություններ։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1763 թվականին ներկայացման առաջնախաղի հիմնական դերակատարերն էին Նենսի Լևիերը (Մեդեա), Գաետանո Ապոլլինո Վեստրիսը (Յասոն), Անջիոլո Վեստրիս (Կրեոն), Շարլ Լե Պիկը (Էէն), Մարի-Մադլեն Գիմարը (Կրեուզա)։

Նովերի բալետը հեռացել է արտաքին գեղեցկությունից և վերաճել է ամբողջական դրամատիկ գործողությունների, որոնք արտահայտվել են պլաստիկայի, պարի ու մնջախաղի միջոցով։ Նովերը ընդհանուր բալետային ներկայացումների բեմադրություններում հենց մնջախաղին էր հատուկ կարևոր տեղ տալիս և հենց ինքը առաջին անգամ այն օգտագործել է «Յասոն և Մեդեա» բեմադրության մեջ[3][4]։ Նա հեռացրել է պարտադիր ծանր կեղծամները և դիմակները, որոնց տակ դերասանները թաքցնում էին իրենց դեմքերը։ Նովերի դերասանները օգտագործում էին դիմահարդարում, սակայն դրանք կենդանի դեմքեր էին, որոնք արտահայտում էին մարդկային զգացմունքները։ Գոյություն ուներ ավանդություն, ըստ որի երբ առաջին անգամ պարային բեմերում հայտնվել են դուրս պրծած աչքերով, վառ դիմահարդարմամբ ֆուրիաները, մարդիկ, դեռևս սովոր չլինելով բալետում այդպիսի տեսարանների, դուրս են փախել դահլիճից և նույնիսկ ուշագնաց եղել։ Չնայած դրան, ներկայացման հաջողությունը շատ մեծ էր։

Այս բեմադրությունը կարևոր դեր է խաղացել համաշխարհային բալետի զարգացման գործում` դառնալով ամբողջ ժամանակակից դասական բալետի նախակարապետը։ Ներկայացման աղմկալից հաջողությունը սկիզբ է դրել եվրոպական թատրոնների բալետային ներկայացումներում Նովերի բարեփոխումների մուտքին։

Այլ խորեոգրաֆներ բեմադրությունը բազմիցս տեղափոխել են այլ երկրների այլ քաղաքների այլ թատրոններ։

  • 1767 թվականին ներկայացման ցուցադրումը կայացել է Վիեննայում, Գ. Վեստրիսի բեմադրությամբ, նույն թվականին՝ նաև Վարշավայում։
  • 1770 թվականի Գ. Վեստրիսը` ներկայացման գլխավոր դերակատարը, կրկնել է Նովերի բեմադրությունը Փարիզի երաժշտական թագավորական ակադեմիայում, սակայն` ըստ կոմպոզիտոր Լա Բորդայի երաժշտության։ Դերակատարներից էին Մ. Ալար (Մեդեա), Մ. Գիմար (Կրեուզա)[5]։
  • 1775 թվականին Փարիզի երաժշտության թագավորական ակադեմիայում Գ. Վեստրիսը կրկնել է բեմադրությունը, սակայն` ըստ Ռոդոլֆի և Բերտոնի երաժշտության[5]։
  • 1780 թվական՝ բեմադրության կրկնություն։
  • 1804 թվական` բեմադրություն Փարիզի օպերայում` բալետմաստերներ Գ. Վեստրիսի և Պ. Գարդելի կողմից։
  • 1781 և 1782 թվականներին Լոնդոնում Նորին գերազանցություն թատրոնում Նովերն ինքն է կրկնել իր ներկայացումը, սակայն Անգլիայում վերջին ներկայացումների ժամանակ օգտագործվել է Ք. Գլյուկի երաժշտությունը, դերակատարներից էին Սիմոնեն (Մեդեա), Բաչելին (Կրեուզա), Գ. Վեստրիս (Յասոն)[5]։
  • 1791 թվական մայիսի 7` Նովերի բեմադրությունը կոմպոզիտոր Ժ. Ռոդոլֆի երաժշտությամբ ցուցադրվել է Պետերբուրգի Մեծ թատրոնում, նկարիչ` Պիետրո Գոնզագո, դերերում` Գերտրուդա Ռոսի Լե Պիկ (Մեդեա), Շարլ Լե Պիկ (Յասոն)[5][6]։
  • 1807 թվականին Պետերբուրգում բալետմաստեր Շ. Դիդլոն վերականգնել է Նովերի բեմադրությունը, իր պարային մոտեցումներով լրացնելով այն, կատարողներն էին Ե. Կոլոսովան (Մեդեա), Օ. Պուարոն (Յասոն), Մ. Իկոնինան (Կրեուզա)։
  • 1808 թվականին բեմադրությունը ցուցադրվել է Մոսկվայում, Մոսկվայի Կայսերական խմբի կատարմամբ, վերականգնվել է բալետմաստեր Ի. Վալբերխի կողմից, կատարողներն էին Ե. Կոլոսովա (Մեդեա), Ի. Վալբերխ (Յասոն)։
  • 1819 թվականի նոյեմբերի 28` Շարլ Դիդլոյի և Լե Պիկի բեմադրությունը (Նովերի խորեոգրաֆիայի օգտագործմամբ) Ա. Գլուշկովսկու (հենց նա է կատարել Յասոնի գլխավոր դերը պրեմիերայի ժամանակ) միջոցով տեղափոխվել է Մոսկվա` Մոխովի թատրոն, կատարողներն էին Տ. Գլուշկովսկայա (Մեդեա), Ժ. Ռիշար (Յասոն), Ա. Վորոնինա-Իվանովա (Կրեուզա), Բերնադելի (Կրեոն), Ի. Լոբանով (Նախանձ), Ֆ. Ուրբանի (Կրակ)[5]։
  • 1831 թվական` Մեծ թատրոն, Պետերբուրգ (ըստ Նովերի), Ե. Կոսոլովա` Մեդեա։

Թատերական գեղագիտության փոփոխության հետ աստիճանաբար այս ներկայացումն անհետացել է բալետի բեմից։

Այլ բալետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովերի բեմադրություններից բացի նույն սյուժեի հիման վրա ստեղծվել են նաև այլ բալետներ։ Դրանք քիչ չէին։ Դրանց թվում էր 1800 թվականին Մոսկվայում Պետրովսկի Մեդոկսի թատրոնում բեմադրվող «Մեդեա» բալետը, կոմպոզիտոր` Աշպերնի, բալետմաստեր` Ջ. Սոլոմոնի (Նովերի գաղափարների տարածող), նկարիչ` Պ. Գոնզագո, իսկ Մեդեայի դերում էր Սոլոմոնին[5][7].:

1947 թվականին կոմպոզիտորր Ս. Բարբերը նույն սյուժեի հիման վրա ստեղծել է «Սրտի քարանձավ», («The cave of the heart») մեկ գործողությամբ բալետը, այն բեմադրվել է նաև «Օձի սիրտ», «The serpent's heart» անվամբ)։ Բալետը բեմադրվել է 10.5.1946 թվականի մայիսի 5-ին, Նյու Յորքում, բալետմաստեր Մ. Գրեմ խմբի կողմից, նկարիչ` Ի. Նոգուչի (դեկորացիաներ) և Է. Գիլֆոնդ (կոստյումներ), կատարողներ` Գրեխեմ, Է. Հոքինս, Յուրիկո, Մ. Օ'Դոնել։ 1953 թվականին բալետը բեմադրվել է Քյոլնում` «Մեդեա» անվանումով, բալետմաստեր` Կ. Բերգեստ։ 1975 թվականին բեմադրվել է Սպոլետոյում, «Մեդեա» անվանումով, բալետմաստեր` Ջ. Բատլեր։

Հայտնի է Բ. Բարտոկի մեկ գործողությամբ բալետը Խ. Սանդբերգի վերադաշնակմամբ, սցենարի հեղինակ և բալետմաստեր` Բ. Կուլբերգ։ Բալետը բազմիցս բեմադրվել է 1950-ական թվականներին Եվրոպայի և Ամերիկայի բեմերում[5]։

Նույն «Մեդեա» անվամբ գոյություն ունի կոմպոզիտոր Ռ. Գաբիչվաձեի մեկ գործողությամբ բալետը (1978 թվական), որը բեմադրվել է Պալիաշվիլիի անվան թատրոնում, բալետմաստեր` Գ. Ալեքսիձե[5][8]։

1992 թվականին նույն սյուժեով բալետ է բեմադրվել «Ռհինի բալետում», (ֆր.՝ Ballet de l'Opéra national du Rhin) Իվո Կրեմերի կողմից։

2002 թվականին ԱՄՆ-ում «Սան Ֆրանցիսկոյի բալետ» թատրոնում բալետմաստեր Յուրի Պոսոխովը բեմադրել է «Նզովք» բալետը Եվրիպիդեսի «Մեդեա» ողբերգության մոտիվներով, երաժշտությունը` Մորիս Ռավելի, ներկայացումը բեմադրողի կողմից տեղափոխվել է Չայկովսկու անվան Պերմի ակադեմիական օպերայի և բալետի թատրոն և ցուցադրվել է փառատոնի ժամանակ[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ю.А.Бахрушин. «История русского балета»
  2. Онлайн Энциклопедия Кругосвет
  3. Жан-Жорж Новерр. Международный день танца Արխիվացված 2012-05-07 Wayback Machine
  4. «Жан Жорж Новер». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Балетная и танцевальная музыка
  6. Энциклопедия балета (страница 31)
  7. Балет в энциклопедии Кругосвет
  8. Алексидзе Георгий Дмитриевич(չաշխատող հղում)
  9. Медея в пуантах: Юрий Посохов создает в театре оперы Արխիվացված 2010-01-24 Wayback Machine.// 26.03.2009, автор Наталья Смольковская
  10. ЮРИЙ ПОСОХОВ, танцовщик и хореограф(չաշխատող հղում) // Русский Базар №10(672) 5 - 11 марта, 2009, автор Нина Аловерт
  11. Танцы с убийством // Пермская "Медея" на "Золотой маске" // Газета «Коммерсантъ» № 67 (4367) от 16.04.2010, автор ТАТЬЯНА КУЗНЕЦОВА