Յագամի Լայտ (Մահվան տետրը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յագամի Լայտ
Շարք՝ Մահվան տետրը
Առաջին անգամ
հայտնվել է՝
Մահվան Տետրը 1: Ձանձրույթ (ճապ.՝ 退屈)
Հեղինակներ՝ Թաքեշի Օբատա, Ցուգումի Օբա
Մարմնավորողներ՝ Մամորու Միյանո (ճապոներեն) Բրեդ Սվեյլ (անգլերեն)
Այլ անուն(ներ) Կիրա
Լայտ Ասահի
Էլ
Աստված
Մասնագիտություններ՝ Աշակերտ
ուսանող
քննիչ
Համատեղ ապրող(ներ) Ամանե Միսա
Բարեկամ(ներ) հայրը՝ Սոիչիրո Յագամի
մայրը՝ Սաթիկո Յագամի
քույրը՝ Սայու Յագամի
Ազգություն՝ Ճապոնացի

Յագամի Լայտը (ճապ.՝ 夜神 月, Յագամի Րայտո) հայտնի է նաև որպես «Կիրա» (ճապ.՝ キラ, Քիրա) Մահվան տետր մանգա ու անիմե շարքի հնարովի կերպարներից է։ Նա կյանքից հոգնած երիտասարդ հանճար է, որ բախտի բերմամբ թե պատահմամբ գետնից բարձրացնում է մահվան աստված Րյուքի նետած Մահվան տետրը։ Անիմեում նրան հնչյունավորում են Մամորու Միյանոն ու Բրեդ Սվայլը, համապատասխանաբար ճապոներեն ու անգլերեն տարբերակներում, իսկ ֆիլմում նրան է մարմնավորում Տացույա Ֆուջիվարան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայտը ծնվել է 1986 թվականի փետրվարի 28-ին։ Նա ազգային և բուհական ընդունելության քննություններին առաջին տեղը զբաղեցրած ճանաչված հանճար է, միաժամանակ նաև գրավիչ ու մարզված երիտասարդ՝ հանգիստ դիմագծերով։ Պատմության սկզբում Լայտն աշակերտ է ավագ դպրոցի վերջին դասարանում, հետո ընդունվում է Տոո համալսարան (ճապ.՝ 東応大学, Տոո Դայգաքու

Հայրը՝ Սոիչիրոն, ԱԱԾ-ի՝ Կիրային հետապնդող օպերատիվ խմբի ղեկավարն է, մայրը՝ Սաչիկոն, տնային տնտեսուհի է, փոքր քույրը՝ Սայուն, հանդես է գալիս որպես վառ գիտական ընդդիմադիր։ Երբ Լայտը հայտնաբերեց Մահվան տետրն ու սկսեց պայքար չարի դեմ, նա ծրագրեց սպանել բոլոր հանցագործներին և բոլոր նրանց, ովքեր բանի պիտանի չեն, այնքան ժամանակ, մինչև կորոշեր դադարեցնել։ Եթե ի սկզբանե նրա ծրագիրը հետևում էր բարի նպատակների, մի շաբաթ չանցած՝ ձեռք բերած ուժը ստիպում է Լայտին տարվել իր «նոր աշխարհի աստված» դառնալու ուտոպիայով։ Նրա էթիկան ուտիլիտար էր՝ ամենածայրահեղ արարքներն արդարացնող։

Լայտն առաջնորդվում էր հաղթանակի հասնելու ցանկությամբ, ինչը դրդում էր նրան ամենադաժան քայլերի։ Մահվան Տետրի հետ միասին մեծամտությունն ու հանճարեղ ուղեղը ներշնչել էին նրան այն, իբրև թե աշխարհի փրկությունը նրանից է կախված։

Սերիաների վերջում Լայտը կարողացավ հասնել աշխարհի մեծ մասի հավանությանը։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ Կիրայի հետևորդները իրենց փրկչին բառացիորեն վերաբերվում էին ինչպես Աստծո։ Սակայն ճակատագրական սխալի պատճառով Լայտը ձերբակալվում է ճապոնական ոստիկանության կողմից։ Դրան հետևում է նրա մահը։

Ցուգումի Օբան ասել է, որ Լայտի կյանքի տևողությունը ստեղծելիս նա մի շատ դժվար մաթեմատիկական հավասարում է ստեղծել, բայց հետագայում հենց ինքն էլ մոռացել է այն։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուգումի Օբան Լայտին բնութագրել է որպես մահվան տետրի զոհ։ Ըստ Օբայի՝ Լայտը մի երիտասարդ տղամարդ էր, որը հասկանում էր մյուսների ցավը։ Ըստ նրա՝ եթե Րյուքը հետաքրքրված չլիներ մարդկային աշխարհով ու տետրը աշխարհ չնետեր, ապա Լայտը կդառնար աշխարհի լավագույն հետախույզներից մեկն ու Էլի հետ կպայքարեր հանցագործների դեմ։

Օբան նաև ասել է, որ կարևոր չէ, թե մարդիկ Լայտի արարքները կորակեն որպես բարի, թե հրեշային. իր՝ Օբայի համար Լայտը սատանայական կերպար է։ Օբատան ասել է, որ Լայտն իր երկրորդ ամենասիրելի մարդ-կերպարն էր, բայց չի կարողացել բացատրել՝ սիրում էր, թե ուղղակի սովոր էր նման սատանայական կերպարներ նկարելուն։

Ըստ Օբայի՝ չնայած նրան, որ Միսան Լայտի մեղսակիցն էր, մեկ է, նա վատ մարդ էր Լայտի համար, որովհետև հանուն սիրեցյալի սպանում էր անմեղ մարդկանց։ Դրա համար էլ Լայտն իրեն վատ չէր զգում Միսային խաբելիս ու իր մութ գործերում օգտագործելիս։ Լայտը նույնիսկ անտեսում էր Միսայի սերը՝ խաբելով ու ասելով, թե կամուսնանա նրա հետ։ Իրականում նա ցանկանում էր սպանել Միսային, բայց նրան կանգնեցրեց Ռեմը՝ սպառնալով Լայտին, թե կսպանի նրան, եթե Միսայի կյանքի տևողությունը պակասի, կամ էլ նա շուտ մեռնի։

Լայտի բնավորությունն ու քայլերը փոխվում են, երբ նրա մոտ չի լինում իր մահվան տետրը, ու նա կորցնում է դրա հետ կապված հիշողությունները։ Դա պարզ երևում է, երբ նա իրեն Էլի գերության մեջ է դնում, որ ցրի Կիրան լինելու կասկածները։ Այդ ժամանակ նա Էլի կողքին էր, բայց դեռ Լայտը ծրագիր ուներ։ Չդադարելով օգտագործել Միսային՝ Լայտը հոգ էր տանում իր ընկերների ու իրեն հարազատ մարդկանց մասին։

Ամեն դեպքում, նույնիսկ երբ տետրն իր մոտ էր, Լայտը բարի նպատակներ ուներ՝ դառնալ աստված ու աշխարհը դարձնել անթերի՝ սպանելով ցանկացած հանցագործի։ Օբայի կարծիքով՝ Լայտն անզիջում էր, երբ հարցը վերաբերում էր իր ցանկությանն ու նվաճումներին։ Նա երբեք Մահվան տետրը չի օգտագործել անմեղ մարդկանց սպանելու համար. միգուցե դա էլ հանդիսանում է Լայտի «անբիծ» լինելու գրավականը։ Լայտը սիրում ու փայփայում էր իր ընտանիքի անդամներին, ոչ թե նրա համար, որ նրանք իր միակ հարազատներն էին, այլ որ, ըստ իրեն, նրանք անբիծ ու արդարացի մարդիկ էին։

Դուգլաս Ուոլքը Լայտին նկարագրում էր որպես սառը, մանիպուլյատիվ, եսակենտրոն սերիական մարդասպան, որը նման չէ Ֆրեդի Քյուգերին՝ զուտ հրեշին, որ իրեն անմեղ է ձևացնում, կամ էլ Բեթմենին՝ մեր ժամանակների սատանայական խորհրդանշին։ Ուոլքի համար Լայտը բարի տղա էր, որ հավատում էր, որ կկարողանա հասնել բարձունքի։ Ըստ Ուոլքի՝ Լայտի ամբողջատիրական աշխարհը մի հեռուստաալիքով ու անզուսպ դահիճով կառավարվող աշխարհ կլիներ։

Երբ Օբային հարցրին, թե որ կերպարին է իրեն նմանացնում, նա պատասխանեց, որ Նիային ու երևի Լայտին, քանի որ նա էլ էր դպրոցում լավ սովորում։

IGNԹրևիս Ֆիքկետը Լայտին համարում է սոցիոպատ։ Իսկ Թոմ Պրիպիրիումի համար Լայտն ուղղակի փայլուն է, բայց խանգարված։ Չնայած դրան՝ Օբայի համար Լայտի աշխարհը կլիներ ավելի մաքուր ու ուրախ, քան մերն է։

Ջոլյոն Թոմասի համար Լայտի «արդարությունը» ոչ այլ ինչ էր, քան մի պիղծ երևույթ, քանի որ աշխարհը փրկելու նրա մեծամիտ փորձը միայն իր ինքնամեծարման համար էր։

Ըստ Տոշիկի Ինոուեի ՝ Լայտը մի երեխա է, որի երազանքը մի օր իրականություն կդառնա։

Զարգացումն ու հայեցակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուգումի Օբան՝ «Մահվան տետրը»-ի հեղինակներից մեկը, ասել է որ Լայտի ընտանիքին տվել է «Յագամի» ազգանունն իր խմբագրի խորհրդով։ Նա նաև ասել է, որ շատ մտահոգված չէր այդ քանջիի նշանակությամբ՝ ճապ.՝ «յա» - «գիշեր», «կամի» (գամի) - «աստված»)։ Օբան ասել է, որ երբ վերջացրեց մանգայի վերջին գլխի աշխատանքները, կարդալուց հետո շատ հավանեց անվան խորը արտահայտչականության ու գլխի կապը։

Թաքեշի Օբատան ասել է, որ ոչ մի խնդիր չի ունեցել իրեն տրված նկարագրությամբ Լայտի կերպարը ստեղծելու գործում։ Ըստ նրա՝ Լայտը «փայլուն գերազանցությամբ աշակերտ էր, որն ուղղակի դուրս էր մյուսների պատկերացումներից»։ Երբ շաբաթական հրատարակումները դեռ շարունակվում էին, Օբատան ենթագիտակցորեն պարզեցրեց հերոսի կառուցվածքն ու իր համար ավելի հեշտացրեց Լայտին նկարելը։

Երբ եկավ 35-րդ գլխի նկարելու ժամանակը, ու խմբագիրը Օբատային տեղեկացրեց, որ Լայտը կորցրել է հիշողությունը, Օբատան որոշեց Լայտին պատկերել այնպիսին, ինչպիսին նա մեկնարկային գլխում էր։ Նա ասաց, որ ստիպված էր մոռանալ այն ամենն ինչ գիտեր Լայտի մասին։ Օբատայի համար դժվար էր ընտրել զգտեսներ Լայտի համար, դրա համար էլ մինչ նրան նկարելը Օբատան ստիպված էր հագուստի խանութներ այցելել։ Ըստ նրա՝ Լայտը խելացի տղա է, որն իրեն համահունչ հագուստ է հագնում։

Երբ արդեն կարիք կար կերպարներին գունավորելու մանգայի գունավոր շապիկի համար, Օբատան որոշեց Լայտին գունավորել ավելի շատ բաց՝ մասնավորապես սպիտակ գույնի մեջ։

Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի ռեժիսորը՝ Շուսուկե Կանեկոն, որոշել էր, որ Լայտը ֆիլմի սկզբում պիտի գրավիչ տեսք ունենա։ Կանեկոն փոխեց պատմությունը. այսպիսով, Լայտը ոչ թե գտավ իր տետրը, այլ վաստակեց այն։ Կատեկոն արեց սա՝ մտածելով, որ դիտողները կարող են բացասական կարծիք ունենալ ֆիլմի մասին, եթե տեսնեն մանգայի տեսարաններն ու պատմությունը։ Կանեկոն ավելացրեց, որ այսպիսով Լայտին էլ ավելի դաժան է դարձրել ու ստիպել է ֆիլմը դիտողներին ընկալել Լայտի դաժանությունը ու չփորձել անել այն, ինչ ինքն է անում։

Տացույա Ֆուջիվարան ասել է, որ ֆիլմերում Լայտի դերը տանելիս որոշ դժվարություններ է ունեցել։ Ըստ նրա՝ դժվարությունը կայանում էր նրանում, որ Լայտի կերպարը չուներ սեփական շարժուձևը, ուստի նա ստիպված էր Լայտի զգացմունքներն արտահայտել դիմախաղի միջոցով։

Ֆուջիվարան դեմ էր Լայտի անհավանական ընդունակություններին ու կարծում էր, որ եթե լիներ այնպիսին, ինչպիսին Լայտը մանգայում ու անիմեում էր, իր դերակատարումը շատ դատարկ ու անիմաստ կլիներ։ Դերակատարը նույնիսկ խնդրել է ռեժիսորին, որ Լայտը լաց լինի մի տեսարանում, բայց ռեժիսորը բացատրել է Ֆուջիվարային, որ Լայտն այնպիսի կերպար է, որ գրեթե չի կարող լաց լինել, այսպիսով Ֆուջիվարայի մտահղացումը տեղ չգտավ ֆիլմերում։

Կանեկոն հատուկ ձևով էր նախագծել նույնիսկ Լայտի սենյակը, քանզի ըստ նրա՝ նույնիսկ սենյակում գտնվող իրերով ու գրքերով հնարավոր է բնութագրել հերոսի բնավորությունն ու պահվածքը։ Մանգայում ու անիմեում Լայտի սենյակում ստերեո կար, սակայն Կանեկոն փոխարինել է այն փոշեկուլով։

Կենիչի Մացույաման՝ ֆիլմերում Էլի դերակատարը, ասել է, որ ինքն ու Լայտի դերակատարն այնպես էին զգում իրենց կերպարներին, որ նույնիսկ չէին խոսում միմյանց հետ ընդմիջումների ժամանակ, ու երբ նկարահանումներն ավարտվեցին, նրանք գնացին խմելու ու նշելու իրենց գերազանց խաղը ֆիլմերում։

Արձագանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

IGNԹոմ Ս. Փեփիրիումը ասաց, որ նա զարմացավ, երբ իմացավ, որ շատ դիտողներ սերիաները դիտելու ժամանակ ցանկանում էին, որ Լայտը հանդես գա հիմնական սյուժեի հաղթողի դերում։ The AnchorՋեյսոն Քարփենթերը հայտարարեց, որ Լայտի հատկանիշները և նրա դերը որպես գլխավոր կերպար՝ «մի մասն է այն բանի, ինչն է Մահվան Տետրը դարձնում հետաքրքիր»։ Լայտը նաև թվարկվել է 2009 թվականի 18-րդ IGN-ի բոլոր ժամանակների ամենալավ անիմե կերպարների ցանկում, գրող Քրիս Մաքենզիի գովաբանության հետ, թե ինչպես է Լայտը «հիպնոսացնում»։ 2014 թվականին Լայտը զբաղեցրել է IGN-ի 7-րդ տեղը, հայտարարվելով, որ «Յագամի Լայտը Մահվան Տետրը վարող ուժն էր, ով դարձրեց այն ֆենոմեն»։

Տեցուրո Արաքին՝ անիմեի ռեժիսորը, ասում էր, որ նա կոչ է անում աջակցել և ողջունել Լայտին։ Արաքին ավելացնում է, որ Լայտը կօգտագործեր և կսպաներ իրեն, եթե նա լիներ Լայտի ընկերներից մեկը, բայց ռեժիսորը մինչև հիմա հավատում է, որ Լայտը «հետաքրքիր» է, և հետևաբար՝ նա ներգրավում է զգացել Լայտի հանդեպ։

Փոլին Վոնգը OtakuZone-ից ուներ իր տեսակետները ֆիլմում Յագամի Լայտի նկարագրի վերաբերյալ, որը հրատարակվել էր մալայզիական The Star թերթում։ Դրա մասին Վոնգը ասում էր, որ «շատ բիշոնենի ստատուսին արժանի» Ֆուջիվարան նկարագրել է Լայտին «ինքնավստահությամբ և գրեթե իդեալական, փոքրիկ, չար ժպիտով»։ Քիթթի Սենսեյը նույն մալայզիական թեմայում մեջբերել է, որ ֆիլմում Լայտի նկարագրությունը «շատ հավատարիմ է մնացել մանգային»։

Տացույա Ֆուջիվարան՝ ֆիլմերում Լայտին պատկերողը, ասել է, որ նա «կարողացել է հասկանալ» Լայտի մտադրությունները նոր աշխարհ ստեղծելու վերաբերյալ, չնայած որ «մարդասպանությունը սարսափելի բան է»։ Կենիչի Մացույաման Էլին և Լայտին նկարագրում է որպես «այնպիսի եզակի կերպարներ, որոնց անհնար է հասկանալ»։ Էրիկա Տոդան՝ ֆիլմերում Միսա Ամանեյին պատկերողը, Միսայի և Լայտի գործողությունները «քրեական» է անվանել։