Մ. թ. ա. 6-մ․ թ․ 3-րդ դարի հայկական կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիի բաղնիքի խճանկարը

Մ. թ. ա. 6 - մ․ թ․ 3-րդ դարի հայկական կերպարվեստի արվեստից մեզ հասած նմուշների թվում աչքի են ընկնում գեղարվեստական ձևավորմամբ մետաղե իրերը։ Դրանցից մի քանիսը դեռևս անցյալ դարի 2-րդ կեսին գտնվել են Արևմտյան Հայաստանում և այժմ պահվում են Փարիզի, Լոնդոնի և Բեռլինի թանգարաններում։

Բրիտանական թանգարանում է պահվում մի արծաթյա պտյակ, որի ցածր մասում պատկերված առասպելական կենդանին ունի առյուծի թաթեր, այծի եղջյուրներ, արծվի կամ անգղի կտուց, իսկ ուսերին գծագրված են թռչնաթևեր, փողը ծածկված է հորիզոնական օղակներով, պսակի մասում գծագրված են լոտուսի կոկոն, ծաղիկ և ոճավորված ծառեր։ Ինքնատիպ, արտահայտիչ մշակմամբ այս անոթը կապված է արևի և կայծակի ու որոտի պաշտամունքի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի Լուվր թանգարանում են պահվում Հայաստանում գտնված մի այլ արծաթյա պտյակ՝ եղնիկի և մի պղնձե պտյակ՝ քարայծի պատկերներով։ Այդ անոթները պատրաստված են ձուլելու և կռելու բավականաչափ բարձր արվեստով։ Արվեստի գերազանց գործեր են արծաթից ձուլված երկու քարայծի պատկերները, հզոր եղջյուրներով և լայն բացված թռչնաթևերով։ Դրանք արծաթյա միևնույն մեծ անոթի (ամֆորայի) դեկորատիվ կանթեր են։ Այդ զարդաձևը հանդիպում է հայկական հողում դեռևս ուրարտական ժամանակներում։ 1968 թվականին Երևանի Նոր Արեշ թաղամասում, էրեբունի ամրոցից ոչ հեռու, գտնվել է չորս անոթից բաղկացած մի գանձ։ Դրանցից մեկը աքեմենյան Պարսկաստանյան ոճի մեծ պտյակ է՝ աքեմենյան սատրապի հեծյալ պատկերով և բերվել է, հավանաբար, հյուսիս արևելյան Իրանից։ Մյուսը կարճ փողով գավաթ պտյակ է ցլիկի գլխով, փողի վրա դրվագված մարդկային չորս պատկերներով և ունի փոքրասիական ծագում։ Երրորդը՝ ձիու պատկերով պտյակ է, որը պատրաստվել է, հավանաբար, Եփրատի արևմտյան ափերին, Փոքր Հայքում կամ Կապադովկիայում, իսկ չորրորդը մեծ գավաթ է, որն ունի իր ուրարտական նախատիպը և, անկասկած, պատրաստված է տեղում։ Գավաթի ցածի մասը զարդարված է ուղղաձիգ մատնեքով (կանելյուրներով

Կերպարվեստը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև այն ամբողջովին հելլենիզմի արգասիք էր, սակայն Հայաստանում պատրաստվում էին արձանիկներ, ինչպես տեղական, նույնպես և արևմուտքին բնորոշ առանձնահատկություններով։ Եթե հունական աստվածությունների և առասպելական կերպարների արձանիկները ներկայացնում էին արևմտյան ուղղությունը հայկական կորոպլաստիկայում, ապա մանկանը կերակրող Անահիտ աստվածուհու, հեծյալների, զինվորների, տեղական երաժշտական գործիքների վրա նվազող կանանց արձանիկները՝ տեղական ուղղությունը։

Ապակեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի նոր բնագավառ էր նաև ապակեգործությունը։ Հայաստանում ապակի արտադրվել է դեռես մ․ թ․ ա․2-1-րդ դարերում, բայց նոր զարկ է ստացել, երբ հին և նոր թվագրությունների սահմաններում հայտնագործվել է փչելու եղանակով ապակեղենը պատրաստելու տեխնիկան։

Գեղարվեստական ապակեգործության համար նշանակալից էր ապակյա սրվակները կաղապարի մեջ փչելու եղանակը, քանի որ կաղապարի ներսի պատերին արված զարդերը վերարտադրվում էին պատրաստվող անոթների մակերեսին։ Եթե փչելու եղանակով անոթները պատրաստվում էին առանց կաղապարի, ապա նրանց վրա կարելի էր անել գծագիր, փորագիր, վերադիր զարդեր, ամրացնել ձևավոր կանթեր։ Ապակեղենին գեղարվեստական տեսք և հմայք հաղորդվում էր նաև տարբեր գույների ու երանգների միջոցով։

Գեղարվեստական ստեղծագործության կարևոր բնագավառ էր մոնումենտալ գեղանկարչությունն իր երկու ճյուղերով՝ որմնանկարչությամբ և խճանկարչությամբ։ Մեծ քանակությամբ և բարձրարվեստ որմնանկարներով զարդարվել են ուրարտականա պալատներն ու տաճարները, իսկ հին հայկականա՝ հելլենիստական դարաշրջանից որոշ նյութեր հայտնաբերվել են Արտաշատում։

Խճանկարչության առաջացումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնի տաճարի բաղնիքի հատակի կառուցվածք։

6–7 գույնի ու երանգի ներկերով շենքերի պատերի ներսի մակերեսները բաժանվել են տարբեր ձևի գունագեղ հատվածների, որոնց վրա հանդիպում են նաև ավելի մուգ գույներով կատարված գծազարդեր։ Որմնանկարների այս պարզ ձևը համապատասխանում է այսպես կոչված պոմպեյան առաջին ոճի որմնանկարչությանը։ Հելլենիստական ժամանակաշրջանի նորույթ էր մոնումենտալ գեղանկարչության մյուս ճյուղի՝ խըճանկարչության առաջացումը Հայաստանում։

Գառնի ամրոցում հայտնաբերված բաղնիքի հանդերձարան-հանգստարան հանդիսացող սենյակի հատակը ծածկված է բազմերանգ խճանկարով։ Թեև հատակը տեղ–տեղ քանդված, վնասված է, բայց խճանկարի բավականաչափ բարդ հորինվածքը հասկանալի է։ Ծովի կանաչավուն մակերեսին, կենտրոնի գունագեղ շրջանակում պատկերված են Օվկիանոսը՝ պատկառելի ծերուկի և Թալասան (ծովը)՝ գեղանի կնոջ տեսքով։ Այս շրջանակի չորս կողմում տարածվում է միջին՝ մեծ և լայն շրջանակը, որի վրա պատկերված են ձի–ձուկ համադրությամբ առասպելական արարածներ՝ իխթիոկենտավրոսներ, որոնց մեջքին բազմել են ծովային գուշակ ծերուկ Ներիոսի գեղանի դուստրերը․ պատկերված են նաև ձկներ, ձկնորսներ, հունական դիցարանից հայտնի սիրո և ամուսնության աստվածները։ Այս ամենը առնված է արտաքին ոչ լայն վարդագույն շրջանակի մեջ։ Պատկերներն ունեն հունարեն մակագրություններ։ Գառնիի մ․ թ․ ա. III դ․ այս խճանկարը, հունական առասպելաբանությունից փոխառած պատկերներով հանդերձ, հայկական հետհելլենիստական ժամանակների մի բարձրարվեստ և նշանավոր ստեղծագործություն է։

Հին հայկական մշակույթ զարգացման ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հայկական մշակույթը և արվեստը զարգանում էին երկու հիմնական ուղղություններով,

  • առաջինը՝ տեղական ավանդական ժողովրդական ուղղությունն էր,
  • նոր առաջացած հելլենիստական ուղղությունը, որոնք խաչավորվում և փոխադարձաբար հարստանում էին։
  • երկրորդ ուղղությունը հասարակության վերնախավի և քաղաքային բնակչության մշակույթն էր։

Հին հայկական հարուստ, բազմակողմանի, բազմաբովանդակ մշակույթը և արվեստը խոր արմատներ էին նետել հայկական հասարակության մեջ և խոշոր նշանակություն ունեցան տվյալ բնագավառների հետագա զարգացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 545 CC-BY-SA-icon-80x15.png