Մսակերների ժանտախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մսակերների ժանտախտ, շների, աղվեսների, սամույրների, ջրաքիսների և մորթատու այլ գազանների արագ տարածվող սուր վարակիչ հիվանդություն։

Ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթանում է տենդով, աչքերի, շնչառական ու մարսողական ուղիների բորբոքումներով, մաշկացանով և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով։ Հարուցիչը վիրուսն է։ Վարակի հարուցիչների աղբյուրը հիվանդ և առողջացած վիրուսակիր կենդանիներն են։ Հիվանդությունը փոխանցվում է վարակված կերի, ջրի և տարբեր առարկաների միջոցով։ Վարակվում են աերոգեն և սննդային ճանապարհով։ Գաղտնի շրջանը 3–15, ջրաքիսների մոտ՝ մինչև 45 օր է։ Ընթացքը՝ գերսուր և սուր։

Կլինիկական նշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախորժակի լրիվ կամ մասնակի անկում, քթից, աչքերից շճային կամ թարախային արտադրություն, բորբոքումներ, լուծ, փսխում, մաշկի վրա բշտային ցան, ջղաձգություններ, վերջավորությունների թերլուծանք ևն։ Առողջացած կենդանիները շատ հաճախ կորցնում են տեսողությունը, լսողությունը և հոտառությունը։ Աղվեսների մոտ բարդությունների դեպքում նկատվում է պարատիֆ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշում են էպիզոոտոլոգիական, կլինիկական տվյալների վերլուծությամբ և ախտաբանա–անատոմիական փոփոխությունների և լաբորատոր հետազոտության արդյունքներով։

Կանխարգելիչ միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուժա–սանիտարական կանոնների կիրառում, անապահով կետերում՝ կարանտին, թափառող շների ոչնչացում։ Հիվանդ և կասկածելի կենդանիներին մեկուսացնում են, բուժում, վարակի մեջ կասկածելիներին՝ իմունացնում։ Ամեն օր ախտահանում են շնանոցները, վանդակները, գազանաբուծական ֆերմայի շենքերը։ Կարանտինը հանվում է հիվանդության վերացումից 30 օր հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 280 CC BY-SA icon 80x15.png