Մռայլ վայրեր
Ֆիլմի միջազգային պաստառ | |
| Երկիր | |
| Ժանր | միստիկ ֆիլմ[2][3][4], դրամա[2][3][4] և քրեական ֆիլմ |
| Հիմք | Մութ վայրեր |
| Թվական | 2015, դեկտեմբերի 10, 2015[1][5] և հոկտեմբերի 11, 2015[6] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Gilles Paquet-Brenner?[1][2][7][…] |
| Պրոդյուսեր | Matthew Rhodes? |
| Սցենարի հեղինակ | Gilles Paquet-Brenner?[1][8] |
| Դերակատարներ | Անդրեա Ռոտ[9][10][11], Շարլիզ Թերոն[9][7][10][…], Քլոե Գրեյս Մորեց[9][10][11][…], Քրիստինա Հենդրիքս[9][7][10][…], Քորի Սթոլ[9][10][11], Նիկոլաս Հոլթ[9][7][10][…], Թայ Շերիդան[9][10][11], Sterling Jerins?[9][7][10][…], Շոն Բրիջերս[9][10], Ջեյ Լարոուզ[9][10], Շանոն Քուք[9][10], Denise Williamson?[9], Ջեֆ Չեյզ[9], Դրեա դե Մաթեո[9][10], Էդդի Միլլեր[9][10], Լաուրա Քայուեթ[9][10], Richard Gunn?[9][10], Գլեն Մորշաուեր[9], Dan Hewitt Owens?[9], Madison Burge?[9][10], Էժուր Պարսոնս[9][10], Ջեյսոն Դուգլաս[12], Միկո Հյուզ և Ջիլլիան Ֆլինն[12] |
| Օպերատոր | Բարրի Աքրոյդ[1] |
| Երաժշտություն | ԲիԹի |
| Մոնտաժ | Դուգլաս Քրայս |
| Պատմվածքի վայր | Լուիզիանա |
| Տևողություն | 113 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
Մռայլ Վայրեր (անգլ.՝ Dark Places), միստիկ-հոգեբանական ֆիլմ՝ գրված և նկարահանված Ժիյ Պաքե-Բրեների կողմից, որը հիմնված է Ջիլլիան Ֆլիննի «Մութ վայրեր» վեպի վրա։ Գլխավոր դերերում են Շարլիզ Թերոնը, Քրիստինա Հենդրիքսը, Նիկոլաս Հոլթը և Քլոյե Գրեյս Մորեցը։
Ֆրանսիայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 8-ին[13], իսկ ԱՄՆ-ում՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին A24 Films-ի ներքո[14]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանզասի գյուղական բնակավայրերից մեկում տեղի ունեցած սարսափելի սպանությունների հիշողությունները շարունակում են հետևել Լիբբի Դեյին (Շարլիզ Թերոն), որն իր մոր և քույրերի սպանության ողջ մնացած միակ վկան է։ Դիպաշարը պատկերում է 1985 թվականի հոկտեմբերին և 29 տարի անց՝ 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունները։
Կարծելով, որ սպանությունը սատանակայն խմբավորման ձեռքի գործն է, ութամյա Լիբբին դատարանում մեղադրում է իր եղբորը՝ 15-ամյա Բեն Դեյին։ Եղբոր ձերբակալությունից հետո Լիբբին ոստիկանությանը պատմել է, որ սպանության գիշերը տեսել է Բենին մոր դռան մոտ՝ զենքը ձեռքին։ Հետաքննիչները կարծում են, որ Բենը կրակել է մոր և կրտսեր քույրերից մեկի՝ Դեբիի վրա, նախքան իր սենյակում խեղդամահ կաներ երկրորդ քրոջը՝ Միշելին։ Չնայած ութամյա Լիբբիի շփոթություն առաջացնող ցուցմունքներին և Բենին սպանությունների հետ կապող ուղղակի ապացույցների բացակայությանը՝ նա մեղավոր է ճանաչվում դատավարության ժամանակ և դատապարտվում ցմահ ազատազրկման, քանի որ հրաժարվում է համագործակցել քննության և դատավարության հետ, ալիբի տրամադրել կամ դատարանին համոզել իր անմեղության մեջ։
Ողբերգությունից փրկվելով՝ Լիբբին դառնում է Միացյալ Նահանգներում հայտնի աղջիկ, ինչը մղում է երկրի տարբեր ծայրերից հոգատար մարդկանց նրան ուղարկել աջակցության և նվիրատվությունների նամակներ, որոնց շնորհիվ նա հաջորդող երկու տասնամյակների ընթացքում ապրում է ոչ աղքատ կյանքով: Տարիներ անց որպես չափահաս՝ Լիբբին այլևս չի կարողանում մարմնավորել սարսափելի ողբերգության երիտասարդ զոհին, ինչի պատճառով նվիրատվությունները աստիճանաբար նվազում են:
2014 թվականին Լիբբիի ժողովրդականությունը ամբողջապես մարում է, ինչը հանգեցնում է ֆինանսական դժվարությունների: Սպանությունից քսանհինգ տարի անց նա դեռ մնում է իր անցյալի սարսափելի բռնության ազդեցության տակ։ Այս ընթացքում է, որ նրան նամակ է գրում Լիլ Ուիրթը՝ մի երիտասարդ ձեռնարկատեր, որը Լիբբիին առաջարկում է 500 դոլար՝ մասնակցելու համար իր սիրողական ակումբին, որի նպատակն է անցյալ տարիների խորհրդավոր սպանությունների բացահայտումը և որի մասնակիցներներն իրենց անվանում են «Մահվան ակումբ»։ Անգործ և անուս Լիբբի Դեյը համաձայնում է Լիլի խնդրանքին՝ ելույթ ունենալ ակումբում և պատասխանել իր անցյալի վերաբերյալ հարցերին՝ խնդրելով 700 դոլար իր աշխատանքի համար: Վիրթի ակումբում Լիբբին իմանում է, որ ակումբը լուրջ կազմակերպություն է, որի անդամների մեծ մասը նախկին ոստիկաններ, մասնավոր հետաքննիչներ և փաստաբաններ են: Ակումբի անդամները անկախ հետաքննություն են անցկացնում մի շարք սպանությունների վերաբերյալ, որոնք 30 տարի շարունակ կատարվել են «Պարտքի հրեշտակ» մականունով անհայտ սերիական մարդասպանի կողմից: Հուսալով բավարարել իրենց հիվանդագին հետաքրքրասիրությունը՝ խմբի անդամները սկսում են հետախուզություն՝ կարծելով, որ Լիբբիի եղբայրը մեղավոր չէ։ Նրանց օգնելու համար Լիբբին պետք է քրքրի իր մանկության ցավոտ հիշողությունները։
Լիլ Ուիրթը խնդրում է Լիբբիին հրաժարվել իր խոստովանությունից, որը ծառայել է որպես մեղադրանքի հիմք, և բողոքարկել, բայց Լիբբին հրաժարվում է՝ ակումբի հանդիպմանը ներկա մասնակիցներին վստահեցնելով, որ Բենն է իրական մարդասպանը։ Սակայն մի քանի օր անց Լիբբին համաձայնում է համագործակցել ակումբի հետ՝ ֆինանսական փոխհատուցման դիմաց՝ սա օգտագործելով որպես իր կյանքի ողբերգությունից շահույթ ստանալու վերջին հնարավորություններից մեկը։ Վիրթը հայտարարում է, որ նրանք ընդամենը երեք շաբաթ ունեն Բենի անմեղությունը հաստատող նոր ապացույցներ գտնելու համար, քանի որ նրա քրեական գործը շուտով կկարճվի։ Լիլը պնդում է, որ Լիբբին այցելի եղբորը, և նա 28 տարվա ընթացքում առաջին անգամ այցելում է Բենին բանտում։ Լիբբիի հետ զրույցի ժամանակ Բենը բարյացակամորեն է տրամադրված նրա նկատմամբ և առաջարկում է վերականգնել իրենց ընտանեկան հարաբերությունները, քանի որ տառապում է միայնությունից, բայց Լիբբին մերժում է Բենի մերձենալու բոլոր փորձերը և ստիպում նրան վերադառնալ զանգվածային սպանությունների թեմային, որից հետո նա ատելությամբ տեղեկացնում է Բենին, որ հենց Բենին է համարում իրական մարդասպան, քանի որ նա երբեք չի կարողացել բացատրել, թե ինչու է լռել այսքան տարիներ՝ նույնիսկ չփորձելով ապացուցել իր անմեղությունը հանցագործություններում։
Բենի հետ խոսելուց հետո, դեռևս հավատալով եղբոր մեղավորությանը, Լիբբին նկատում է, որ եղբայրը մեծապես փոխվել է և պատրաստ է վերադառնալ հասարակություն: Այնուհետև նա համագործակցում է Լիլի հետ՝ գործի հետաքննությունը շարունակելու համար՝ փորձելով պարզել, թե ինչն է դրդել եղբորը սպանել իրենց ընտանիքը, և արդյոք նա իսկապես մեղավոր է: Այս նպատակով Լիլ Ուիրթը Լիբբիին տրամադրում է Բենի քրեական գործի նյութերը, որոնք նա վերանայում է և իմանում, որ սպանություններից կարճ ժամանակ առաջ Բենը փախել էր տնից, քանի որ ոստիկանությունը նրան փնտրում էր անչափահաս Քրիսի Քեյթի նկատմամբ սեռական ոտնձգության համար: Բենի մեղքը հարձակման մեջ երբեք չի ապացուցվել, բայց ըստ Բենի անմեղության կողմնակիցների՝ գործի պատճառով բարձրացած մեծ աղմուկը ազդել է երդվյալ ատենակալների դատավճռի վրա, որը խիստ կողմնակալ էր Բենի նկատմամբ: Բենին սպանությունների մեջ ներգրավող լրացուցիչ անուղղակի ապացույցներն էին նրա սատանիստ լինլը և զոհաբերություններ կատարելու ցանկությունը, որը նա կամավոր կերպով հայտարարել էր 1986 թվականի դատավարության ժամանակ: Հետաքննության ընթացքում Լիբբին պարզել է, որ Սատանայական խուճապի ժամանակ իր եղբայրը տարվել էր սատանիզմով՝ ընկնելով իր ընկերներից մեկի՝ Թրեյ Տիպանոյի ազդեցության տակ: Սպանված քրոջ՝ Միշելի օրագրերն ուսումնասիրելուց հետո, որոնք ներառվել էին Բենի քրեական գործում և օգտագործվել որպես նրա մեղքի ապացույց, քանի որ Միշելն ատում էր իր եղբորը և նրան համարում անչափահաս հանցագործ, Լիբբին իմանում է, որ սպանությունների ժամանակ Բենը հանդիպում էր 17-ամյա մի աղջկա՝ Դիոնդրա Վեցների հետ, որը սոցիալապես ապահովված ծնողների դուստր էր և որը անհետ կորել էր 1985 թվականի վերջին տեղի ունեցած սպանություններիից մի քանի օր անց։
Ֆիլմի գործողությունները տեղափոխվում են 1985 թվական: Լիբբի Դեյի և Բենի մայրը՝ Փեթի Դեյը, ողբերգությունից կարճ ժամանակ առաջ ֆինանսական դժվարություններ է ունենում և իմանում է, որ իրենց ֆերման բռնագրավվել է, ինչը կարող է զրկել իրենց տնից: Սոցիալական անբարենպաստ իրավիճակն էլ ավելի է բարդանում Բենի՝ մոր և քրոջ՝ Միշելի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը ծաղրում է Բենին՝ սատանիզմի հանդեպ նրա հետաքրքրության համար: Վտարված լինելով՝ Բենն իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է սատանիստ բուքմեյքեր Թրեյ Տիպանոյի և Դիոնդրա Վերցների հետ՝ միանալով նրանց՝ կովերի գիշերային սպանդի ծեսերին՝ որպես զոհաբերություններ սատանային: Քրիսի Քեյթսի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո նա և Դիոնդրան պլանավորում են փախչել նահանգից և գնալ Կալիֆոռնիա:
Փեթի Դեյը, փորձելով օգնել որդուն, հանդիպում է Քրիսի Քեյթսի հոր հետ՝ փորձելով նրանից իմանալ Բենի մասին ճշմարտությունը։ Սակայն նրա ներկայությունից Քրիսիին հիստերիայի մեջ է ընկնում, ինչի պատճառով Քրիսիի ծնողները վիրավորում են Բենի մորը և նրան վռնդում։ Հիասթափությունից և անելանելիությունից տանջված՝ ընտանեկան խնդիրների լուծում փնտրող Փեթի Դեյը հանդիպում է իր նախկին ամուսնու՝ իր երեխաների հոր հետ, որը ևս ֆինանսական խնդիրների մեջ է և Փեթիից գումար է խնդրում քաղաքից հեռանալու համար, քանի որ նա Թրեյ Տիպանոյին մեծ գումար է պարտք։ Վեճի ընթացքում Ռոնալդ Դեյը փորձում է պոկել ընտանեկան ռուբինե վզնոցը Փեթիի պարանոցից, բայց չկարողանալով՝ ծեծում է նրան և գողանում գումար նրա դրամապանակից։
2014 թվականին ակումբի անդամների օգնությամբ Լիբբին իմանում է արդեն չափահաս Քրիսի Քեյթսի գտնվելու վայրը, որը քաղաքի ստրիպտիզ ակումբներից մեկում աշխատում է որպես մերկապարուհի։ Լիբբիի և Լիլի հետ զրույցում Քրիսին կրկնում է իր պատմությունը՝ մանկության տարիներին Բենի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին։ Այնուհետև Լիբբին նրան 50 դոլար է տրամադրում և տալիս է իր հասցեն՝ իր իրական անունով՝ հուսալով, որ Քրիսին, իմանալով, որ խոսել է Բենի քրոջ հետ, որոշ ժամանակ անց կցանկանա կրկին հանդիպել նրան։
Դիոնդրա Վերցների անհետացման գաղտնիքը բացահայտելու համար Լիբբին գտնում է իր հորը՝ Ռոնալդ Դեյին Կանզաս Սիթիի աղբավայրի մոտակայքում: Ռոնալդ Դեյը վերջին երկու տասնամյակների ընթացքում ապրել էր որպես թափառաշրջիկ՝ ազատ ժամանակի մեծ մասն անցկացնելով անօթևանների շրջանում: Ռոնալդ Դեյը լքել էր ընտանիքը, երբ Լիբբին երկու տարեկան էր, որից հետո նա ապրել էր մարգինալ կյանքով և կոնֆլիկտ ունեցել կնոջ հետ, ինչի հետևանքով դարձել էր ընտանեկան սպանությունների կասկածյալ: Լիբբիի հետ հանդիպման ժամանակ Ռոնալդը խոստովանում է, որ ողբերգությունից կարճ ժամանակ առաջ նա ֆինանսական դժվարություններ է ունեցել և մեծ պարտքեր է ունեցել Բենի ընկերոջը՝ Թրեյ Տիպանոյին, որն այդ ժամանակ աշխատում էր որպես բուքմեյքեր: Սակայն նա չի խոստովանում իր մասնակցությունը սպանություններին՝ Լիբբիին ասելով, որ հավանական մարդասպանները Բենն ու Թրեյ Տիպանոն են, որոնք կարող էին Դիոնդրա Վերցներին զոհաբերել, քանի որ, ըստ նրա պնդումների, նա հղի էր 15-ամյա Բենից, իսկ սատանայապաշտները երեխա զոհաբերելու ծես ունեն:
Դրանից հետո Լիբբիին գտնում է Քրիսի Քեյթսը, որը, վերադարձնում է պարտք վերցրած գումարը, ներողություն է խնդրում նրանից և հայտարարում, որ ինքը երբեք սեռական ոտնձգությունների չի ենթարկվել, և Բենիի մասին այն ժամանակ սուտ բաներ է տարածել որպես վրեժ նրա համար, որ նա մերժել է իրեն մանկության տարիներին, քանի որ սիրահարված էր Բենին։
Գործում բազմաթիվ հակասություններ գտնելով՝ Լիբբին սկսում է կասկածել, որ Բենն է մեղավոր և կրկին այցելում է նրան բանտում, որտեղ մեղադրում է նրան։ Նրանք վիճում են։ Բենը հրաժարվում է պատմել նրան Դիոնդրայի գտնվելու վայրի մասին, իրենց երեխայի կամ Դիոնդրայի դերի մասին ընտանեկան սպանդում։ Այնուհետև Լիբբին բացասաբար է խոսում Բենի մասին՝ դեռևս հավատալով, որ նա կարող է լինել մարդասպանը, Բենն էլ միաժամանակ ափսոսանք է հայտնում, որ Լիբբին, ողբերգությունից 29 տարի անց, դեռևս չի կարողացել հարմարվել նորմալ կյանքին՝ մատնանշելով, որ քույրն էլ է բանտում, բարզապես ազատության մեջ։ Լիլ Ուիրթի օգնությամբ Լիբբին գտնում է Թրեյ Տիպանոյին, որը, նրանց կարծիքով, վերջին մարդն է, ով կարող էր իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել կոտորածի գիշերը։ Տարեց Թրեյ Տիպանոն, որն այժմ հաջողակ գործարար է, Լիբբիին և Լիլին ասում է, որ ինքը ներգրավված չի եղել այդ գիշեր տեղի ունեցած իրադարձություններում, բայց նրանց կարևոր տեղեկություններ է տրամադրում։ Տիպանոն հաստատում է Ռոնալդ Դեյի պնդումը, որ անհետ կորած Դիոնդրա Վերցները հղի էր Բենի երեխայից։ Նա պնդում էր, որ Բենը և Դիոնդրան պլանավորում էին փախչել քաղաքից, իսկ Դիոնդրան հակված էր կեղծանունով ներկայանալուն և սիրում էր անծանոթներին ներկայանալ Փոլի Փաուն կեղծանվամբ։ Այդ պահին Լիբբին հիշում է, որ Բենը իր ձեռքին դաջվածք ուներ Փոլի անունով, այն աղջկա, որին Բենը պնդում էր, որ սիրահարված է և մի ժամանակ մտադիր էր ամուսնանալ։ Հանրային ինտերնետային ծառայություններից օգտվելով՝ Լիլ Ուիրթը պարզում է, որ երկրում այդ անունով միակ կինը ապրում է Միսսուրիում։
Լիբբի Դեյը վերջապես գտնում է Դիոնդրա Վեցներին և նրա ու Բենի դստերը՝ Քրիստալին։ Դիոնդրան Լիբբիին պատմում է այդ գիշերվա իրադարձությունների իր տարբերակը. մանկապղծության մեղադրանքով հետախուզվող Բենը վերադարձել է տուն՝ մի փոքր հավաքած գումարը վերցնելու, ում ինքը սպասել է իր տանը, ապա փախել է քաղաքից, երբ Բենը այլևս չի վերադարձել։ Դիոնդրայի տան լոգարանում Լիբբին գտնում է տատիկի անունով ժառանգական ռուբինե վզնոցը, որը մայրը կրում էր իր պարանոցին։ Լիբբին հասկանում է, որ Դիոնդրան ստել է իրեն և իրականում եղել է իր տանը այդ ճակատագրական գիշերը՝ կոտորածի ժամանակ։ Այդ պահին Լիլ Ուիրթը զանգահարում է նրան և հայտնում, որ իր ակումբի անդամները հետապնդել են սերիական մարդասպան Քելվին Դիլին, որը հայտնի է նաև որպես «Պարտքի հրեշտակ», և նա ձերբակալվել է։ Ձերբակալությունից հետո Դիլը խոստովանել է, որ Միջին Արևմուտքում կատարել է ավելի քան 50 սպանություն, այդ թվում՝ մոր և քույրերից մեկի սպանությունները։ Այս տեղեկատվությունից ցնցված՝ Լիբբին փորձում է լքել Դիոնդրայի տունը, բայց Քրիստալը թիկունքից հարվածում է նրա գլխին, որովհետև նկատել էր, վզնոցը անհետացել է բաղնիքից։ Դիոնդրան և Քրիստալը փորձում են սպանել Լիբբիին, բայց վերջինիս հաջողվում է փախչել և թաքնվել անտառում։ Այնուհետև Լիլը գտնում է նրան, իսկ Դիոնդրան և նրա դուստրը փախչում են՝ թաքնվելով արդարադատությունից։
Ֆիլմի գործողությունները դարձյալ տեղափոխվում են 1985 թվական։ Իր խնդիրների լուծումը հուսահատորեն փնտրելով՝ Փեթի Դեյը ուշ գիշերով այգում հանդիպում է մի անծանոթի։ Պարզվում է, որ նա սերիական մարդասպան է՝ Քելվին Դիլ անունով, որը հայտնի է որպես «Պարտքի հրեշտակ», որը սպանում է մարդկանց, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան ստանալ իրենց կյանքի ապահովագրության պոլիսները։ Պայմանագիր կազմելուց հետո Փեթին համաձայնում է սպանվել՝ հույս ունենալով, որ իր քույրը՝ Դիանան, կհավաքի իր պոլիսից գումարը, կհոգա իր երեխաների մասին և կպահպանի իրենց ընտանեկան ֆերման։ Այնուհետև նա տուն է գնում, երեխաներին քնեցնում և որպես վճար՝ մի փոքր գումար է թողնում Դիլի համար։ Նույն օրը Դիոնդրան իմանում է Բենի դեմ մեղադրանքների մասին և համոզում է նրան անմիջապես փախչել քաղաքից իր հետ՝ վախենալով հորից, որը սպառնացել էր սպանել նրան, եթե իմանա, որ նա կորցրել է կուսությունը։ Բենը պլանավորում է այդ գիշեր վերադառնալ տուն՝ իր պաշարներից մի քանի հարյուր դոլար վերադարձնելու համար։ Այդ ճակատագրական գիշերը Բենը տուն է վերադառնում Դիոնդրայի հետ, որը թմրանյութերի ազդեցության տակ է և իրարանցում է ստեղծում։ Այնուհետև Միշելը հայտնվում է սենյակում և տեսնելով Դիոնդրային՝ սպառնում է ամեն ինչ պատմել Դիոնդրայի մորն ու հորը։ Զայրույթի նոպայի մեջ Դիոնդրան հանկարծակի հարձակվում է Միշելի վրա և սկսում խեղդել նրան։ Սա, իր հերթին, գրավում է Բենի և Լիբբիի մյուս քրոջ՝ Դեբիի ուշադրությունը, որի ճիչերը արթնացնում են նրանց մորը։
Մինչդեռ, Քելվին Դիլը գալիս է տուն, հանդիպում է Փեթիին միջանցքում և դանակահարում նրան որովայնից։ Սենյակներից եկող աղմուկից և Դեբիի միջանցքում հայտնվելուց անհանգստացած՝ Քելվին Դիլը խուճապի է մատնվում, ապա զայրացած վերցնում է ընտանեկան հրացանը և սպանում Դեբիին ու Փեթի Դեյին։ Կրակոցների ձայնը շեղում է Բենին, որը փորձում էր պաշտպանել Միշելին Դիոնդրայից։ Նա դուրս է գալիս միջանցք, որտեղ գտնում է մոր և քրոջ մարմինները։ Այնուհետև նա լաց է լինում և շոկի մեջ մի քանի րոպե անցկացնում մարմինների մոտ։ Բենի բացակայության ժամանակ Դիոնդրան սպանում է Միշելին՝ նրան խեղդամահ անելով իր ձեռքերով։ Քրոջը խեղդամահ արված տեսնելով՝ Բենը հարձակվում է Դիոնդրայի վրա, բայց թողնում է նրան մենակ, երբ կենդանի մնացած Լիբբին աղմկոտ դուրս է գալիս տան պատուհանից և փախչում։ Դիոնդրան առաջարկում է սպանել աղջկան, բայց Բենը կանգնեցնում է նրան և համոզում, որ ինքը կանի դա։ Նա Լիբբիին գտնում է կենդանիների վանդակներից մեկում, բայց հրամայում է նրան լուռ նստել և ոչ մի կերպ չի վնասում նրան, քանի որ իսկապես սիրում էր մորը և քույրերին, որից հետո ինքն ու Դիոնդրան լքում են տունը։
2014 թվականին, երբ Քալվին Դիլը բացահայտվում է և հաստատվում Դիոնդրա Վերցների մասնակցությունը սպանություններին, նա հայտնաբերվում է և ձերբակալվում՝ մեղադրվելով Միշել Դեյի սպանության մեջ։ Լիբբին կրկին այցելում է Բենին բանտում, որտեղ նրանք ներողություն են խնդրում միմյանցից։ Լիբբին, որն այդ ճակատագրական գիշերը երբեք չի տեսել մարդասպաններին կամ Բենի ատրճանակով, ներողություն է խնդրում նրանից՝ քննության ընթացքում կեղծ ցուցմունք տալու և նրա կյանքը կործանելու համար։ Նա, իր հերթին, ներողություն է խնդրում քրոջից՝ իր ընկերուհուն և չծնված երեխային պաշտպանելով նրա կյանքը կործանելու համար՝ ըստ էության ընդունելով իր մեղքը մոր և քույրերի սպանությունների մեջ։ Բենի հետ հանդիպման ավարտին Լիբբին խոստովանում է, որ նա իր ամենամտերիմ մարդն է, և այդ ողբերգական գիշերվա իրադարձությունները այլևս չեն վերահսկելու նրա կյանքը։ Նրանք վերջապես հաշտվում են՝ քննարկելով մանկության մի պատմություն, որը կապված է մի ծեր ձիու հետ։ Քննարկման ընթացքում Բենը խոստանում է նրան պատմել իր մանկության բազմաթիվ գեղեցիկ պատմություններ՝ համոզելով նրան, որ իրենց ընտանիքում ամեն ինչ այդքան էլ վատ չէր։ Ֆիլմի վերջին տեսարաններում Բեն Դեյը ազատ է արձակվում 28 տարի բանտարկությունից հետո, և Լիբբի Դեյը, նպատակ ունենալով անցնել վերջնական սոցիալական վերափոխում և ազատվել անցյալի մղձավանջներից, վերադառնում է ընտանեկան ֆերմա, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը:։ Տեսնելով, որ ֆերման դեռևս գոյություն ունի, և որ տանը այժմ ապրում է մեկ այլ ընտանիք, Լիբբին խոստովանում է, որ իրենց ընտանիքում ամեն ինչ այդքան էլ վատ չէր։ Նա հանգում է այն եզրակացության, որ այդ իրադարձությունների բոլոր մասնակիցներն իրենց համար ընտրել են խնդիրների լուծման բոլոր տարբերակներից ամենավատը, այդ թվում՝ իր մայրը, որն այդքան անխոհեմորեն իրենց տուն է հրավիրել մահը…
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շարլիզ Թերոն՝ Լիբբի Դեյ[15]
- Քրիստինա Հենդրիքս՝ Փեթի Դեյ[16]
- Նիկոլաս Հոլթ՝ Լիլ Ուիրթ[17]
- Քլոյե Գրեյս Մորեց՝ երիտասարդ Դիոնդրա Վերցներ[18]
- Թայ Շերիդան՝ երիտասարդ Բեն Դեյ[19]
- Քորի Սթոլ՝ մեծահասակ Բեն Դեյ[20]
- Անդրեա Ռոտ՝ մեծահասակ Դիոնդրա Վերցներ[20]
- Սին Բրիջերս՝ Ռաներ Դեյ
- Դրեա դե Մատեո՝ Քրիսի Քեյթս
- Էդդի Միլլեր՝ երիտասարդ Քրիսի Քեյթս
- Սթերլինգ Ջերինս՝ երիտասարդ Լիբբի Դեյ
- Շենոն Կուկ՝ երիտասարդ Թրեյ Տիպանո
- Դեն Հյուիտ Օուենս՝ Ռաբերտ
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսեցին 2013 թվականի օգոստոսի վերջին, Շրևփորթ, Լուիզիանայում[21][22]։
Պրեմիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատական կարծիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes-ում եղած 9 կարծիքների հիման վրա ֆիլմին տրվել է 56%՝ 5.6/10 վարկանիշով[23]։
Փաստեր Ֆիլմի Մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարլիզ Թերոնը և Նիկոլաս Հոլթը Ջորջ Միլլերի Mad Max։ Fury Road ֆիլմից հետո նույն ֆիլմում կնկարահանվեն երկրորդ անգամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- 1 2 3 http://www.imdb.com/title/tt2402101/
- 1 2 http://www.filmaffinity.com/en/film715680.html
- 1 2 http://www.metacritic.com/movie/dark-places
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 3 4 5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=207623.html
- ↑ http://www.artechock.de/film/text/kritik/d/daplge.htm
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 https://filmow.com/lugares-escuros-t77065/
- 1 2 3 4 http://www.bbfc.co.uk/releases/dark-places-film
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=207623.html
- ↑ http://www.ew.com/article/2015/04/17/dark-places-ew-preview
- ↑ «Շարլիզ Թերոնը միանում է Ջիլիան Ֆլինի «Մռայլ Վայրերին»». Blogs.indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Patten, Dominic (2013 թ․ սեպտեմբերի 3). «ԹԱՐՄԱՑՈՒՄ։ «Mad Men»-ի Քրիստինա Հենդրիքս ձեռք է բերել «Մռայլ Վայրերի» դերերից մեկը». Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Gallagher, Brian (2013 թ․ ապրիլի 3). «Նիկոլաս Հոլթը միանում «Մռայլ Վայրերին»». Movieweb.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Քլոյե Գրեյս Մորեցը միանում է «Մռայլ Վայրերին»». Screenrant.com. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Jason McDonald (2013 թ․ օգոստոսի 19). «Թայ Շերիդանը միացավ «Մռայ Վայրերին»». HorrorMovies.ca. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- 1 2 Patten, Dominic (2013 թ․ օգոստոսի 20). ««Մռայլ Վայրերն» ավելացրեց «House Of Cards»-ի Քորի Սթոլին և «Rescue Me»-ի Անդրեա Ռոթին». Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Սկսվել են «Մռայ Վայրեր» գրքի էկրանավորման նկարահանումները». Thehollywoodnews.com. 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Dark Places (2015)».
| ||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2015 դրամա ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական քրեական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կանզասում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2015 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1985 թվականին
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր