Մուրադ Մուրադյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրադ Մուրադյան (այլ կիրառումներ)
Մուրադ Մուրադյան
մարտի 11, 1996(1996-03-11) (տարիքը 32)
ԾննդավայրՎանաձոր
Մահվան վայրՏավուշի մարզ
ԳերեզմանԵռաբլուր պանթեոն
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումԿապիտան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ

Մուրադ Տելեմակի Մուրադյան, (մայիսի 12, 1963(1963-05-12), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 1996(1996-03-11), Տավուշի մարզ, Հայաստան), հայ բժիշկ-ազատամարտիկ, Նիկոլ Դուման կամավորական ջոկատի անդամ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Մուրադյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ 1970-1980 թվականներին սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 29 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներից Մուրադը զբաղվել է ըմբշամարտով, սովորել է նվագել երաժշտական տարբեր գործիքներ։ Տեղեկություններ, նկարներ է հավաքել Եղեռնի, Հայ դատի, բոլոր ժամանակների ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ, ալբոմներ կազմել[1]։

Դպրոցն ավարտելուց հետո որոշել է մեկնել Լենինգրադ, ընդունվել ռազմաբժշկական ակադեմիա՝ իրականություն դարձնելով իր նվիրական երազանքը, բայց, ի վերջո, տեղի տալով ծնողների խնդրանքին՝ Մուրադը հրաժարվել է Լենինգրադ մեկնելու իր որոշումից։

1982-1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1987 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետ։

1988 թվականից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր։ 1990 թվականին կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր, ապա «Հայկազուններ» մասնաճյուղը։ 1991 թվականին անդամագրվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատին, որի կազմում մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին։

1996 թվականին ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։

Զոհվել է 1996 թվականի մարտի 11-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը[2]։

Հայաստանի Լոռու մարզի Ջիլիզայի միջնակարգ դպրոցը անվանվել է Մուրադ Մուրադյանի անունով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Եթե Մուրադը կողքիս է, ինձ ոչինչ չի պատահի». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.
  2. «Բացվեց բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը».
  3. «ՋԻԼԻԶԱՅԻ ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.