Մուհամմադ մարգարեի կանայք

Մուհամմադ մարգարեի կանայք կամ հավատացյալների մայրեր (արաբ․՝ أمهات المؤمنين), կանայք, որոնք ամուսնացած են եղել Մուհամմադ մարգարեի հետ։
Հայտնի պատմաբան Ալ-Մասուդին իր «Մուրուջուզ-Զահաբ» գրքում նշում է, որ Մուհամմադն ունեցել է 15 կին[1]։ Մեկ այլ հայտնի պատմաբան՝ Յակուբին, գրում է, որ Մուհամմադն ունեցել է 21 կամ 23 կին։ Յակուբին նշում է, որ Մուհամմադը ֆիզիկական հարաբերությունների մեջ է մտել միայն 13 կանանց հետ, իսկ մյուսները մահացել են կամ ամուսնությունից հետո, կամ մինչ ամուսնական գիշերը, կամ նա բաժանվել է նրանցից մինչ ամուսնական գիշերը: 13 կանանց ցանկին են պատկանում «Սիրա-Իբն Հիշամ» գրքում հիշատակված 11 կանայք[2], ինչպես նաև Մարիա Կոպտյանկան և Ումմու-Շարիկ Գազիան[3]։ Պատմաբան Ուոթը նշում է, որ շատ ցեղեր պնդում էին, որ ազգակցական կապեր ունեն Մուհամմադի հետ, ուստի կանանց ցուցակը կարող է խիստ չափազանցված լինել: Նա տալիս է միայն տասնմեկ կանանց անուններ (ներառյալ Խադիջան), որն ավելի մոտ է ավանդական պատկերացումներին (նա նաև նշում է երկու հարճերի անունները)[4]։ Մուհամմադն ամուսնացել է կանանց հետ առանց նրանց քանակի սահմանափակմամբ մինչև Ղուրանի արգելքը, որտեղ արգելվում էր ունենալ չորսից ավելի կին[5]։ Բոլոր կանայք, բացի Աիշայից, ամուսնացած են եղել նրանից առաջ, այսինքն՝ կույս չէին։
Բոլոր կանայք ունեին «հավատացյալների մայր» կարգավիճակ։
Մուհամմադի կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խադիջա բինթ Խուայլիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խադիջա բինթ Խուայլիդ (արաբ․՝ خديجة بنت خويلد; 555-619), Մուհամմադի առաջին կին, հավատացյալների մայր: Նա սերում էր Մեքքայի Քուրայշ ցեղից։ Առաջին ամուսնուց՝ Ատտիկուս իբն Ազիզից, նա դուստր է ունեցել։ Ամուսնու մահից հետո Խադիջան ամուսնացել է Թամիմ ցեղի Աբու Հալայի հետ և ծնել է մեկ որդի և երկու դուստր: Աբու Հալայի մահից հետո արդեն ամուսնացել է Մուհամմադի հետ։
Խադիջան պարկեշտ և առաքինի կին էր։ Նա զբաղվում էր առևտրով, և դրա համար վարձում էր մարդկանց, ովքեր իր անունից առևտրային գործողություններ էին իրականացնում Սիրիայում։ Նրա վաճառքի ներկայացուցիչներից մեկը Մուհամմադն էր, որը մի անգամ Մայսարի հետ առևտրային ծառայությունից մեծ շահույթ ստացել։ Մայսարան հայտնել է Խադիջային Մուհամմադի ազնվության, ողջամտության և այլ արժանիքների մասին, որից հետո Խադիջան իր ներկայացուցչի՝ Բինթ Մունաբբիհի միջոցով առաջարկել է Մուհամմադին ամուսնանալ իր հետ։ Առաջարկն ընդունել է Մուհամմադը, և Մուհամմադի հորեղբայր Աբու Թալիբը Խադիջային ամուսնացրել է Մուհամմադի հետ։ Այդ ժամանակ Խադիջան 40 տարեկան էր, իսկ Մուհամմադը՝ 25։ Այս ամուսնությունից ծնվել են նրանց որդիներ Ալ-Քասիմը և Աբդուլլահը, դուստրեր Զայնաբը, Ռուքայան, Ումմ Քուլսումը և Ֆաթիման։
Ըստ ավանդության՝ Խադիջան դարձել է առաջին մարդը, որը հավատացել է Մուհամմադի մարգարեական առաքելությանը։ Նա միշտ աջակցել է իր ամուսնուն, իսկ Մուհամմադը սիրում էր Խադիջային, անվանելով նրան լավագույն կին. Մուհամմադը մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է եղել Խադիջային և ուրիշ կնոջ հետ չի ամուսնացել։
Սաուդա բինթ Զամա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաուդա բինթ Զամա իբն Քայիմ Իբն Աբդ-Շամս (արաբ․՝ سودة بنت زمعة), Մուհամմադի երկրորդ կին, որը նույնպես կրում է հավատացյալների մայր տիտղոսը։ Մուհամմադն ամուսնացել է Սաուդայի հետ 53 տարեկանում՝ Խադիջայի մահից և Մադինա տեղափոխվելուց հետո։ Նա առաջին մուսուլմաններից մեկի՝ աս-Սակրան իբն Ամրի այրին էր։ Նրա հայրը պատկանում էր քուրայշական ցեղին։ Սաուդա բինտ Զաման առաջին կինն էր, որը վերաբնակեցվել է Եթովպիայում։ Նրա առաջին ամուսինը իր զարմիկ Սակրան իբն Ամրն էր, որը հետապնդվում էր Մեքքայի բազմաստվածների կողմից: Մեքքա վերադառնալուց հետո Սակրանը մահացել է։ Սաուդան և Սակրանը որդի են ունեցել, որը մահացել է 637 թվականին Ջալուլի ճակատամարտում:
Մուհամմադն ամուսնացել է Սաուդի հետ շավվալ ամսվա ընթացքում, իր մարգարեության տասներորդ տարում, Խադիջայի մահից մի քանի տարի անց: Սաուդան ավելի մեծ էր, քան Մուհամմադը։ Սաուդան բարեպաշտ կին էր։ Մուհամմադի մահից հետո Սաիդը նվեր է ստացել գումար, որը նա ծախսել է բարեգործության համար: Նա մահացել է Մեդինայում խալիֆա Օմարի կառավարման տարիներին։
Աիշա բինթ Աբու Բաքր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աիշա բինթ Աբու Բաքր, Աբու Բաքրի դուստրը: Աիշան աչքի է ընկել իր խելացիությամբ, իսկ Խադիջայից հետո կանանց շրջանում ամենասիրվածն է համարվել։ Նա ուղեկցում էր իր հորը 615 թվականին Եթովպիա մուսուլմանների արտագաղթի ժամանակ։ 622 թվականին ամուսնացել է Մուհամմադի հետ։ Աիշան հսկայական քանակությամբ հադիսներ է փոխանցել, այդ թվում՝ Մուհամմադի ընտանեկան կյանքին վերաբերող։ Սրանք տեղեկություններ են այն մասին, թե ինչ է արել և ասել Մուհամմադը իր տան պատերի ներսում, ինչին շատ դեպքերում կարող էին ականատես լինել միայն նրա ընտանիքի անդամները: Ըստ որոշ իսլամական աղբյուրների, Աիշան ամուսնացել է Մուհամմադի հետ, երբ նա 6 տարեկան էր, իսկ ամուսնական կյանքի սկսելու պահին նա ինը տարեկան էր[6][7][8][9][10]։ Սակայն, այլ աղբյուրների համաձայն, նա հարսանիքի պահին արդեն 10 տարեկան էր[11]։
Կան նաև որոշ պատմական տարեգրությունների տվյալներ, ըստ որոնց նա տասնհինգ կամ նույնիսկ տասնյոթ տարեկան էր[12]։ Մուսուլմանական աղբյուրներում և ուսումնասիրություններում նշվում է Աիշայի տարբեր տարիք: Միևնույն ժամանակ, Իբն Հիշամը և մի շարք այլ պատմաբաններ տեղեկություններ ունեն այն մասին, որ Աիշան իսլամ ընդունած առաջին մարդկանց թվում էր, ինչը նշանակում է, որ ամուսնության պահին նա 15 տարեկան էր։ Բացի այդ, որոշ պատմաբաններ և հետազոտողներ տվյալներ են տալիս այն մասին, որ Մուհամմադից առաջ նրա հետ շփվել է Ջուբեյր իբն Մուտիմը, և նա 17 տարեկանից բարձր է եղել։ Շատ պատմական տարեգրություններ տեղեկություններ են տալիս Այշայի քրոջ՝ Ասմայի մասին, որը մահացել է 100 տարեկան հասակում՝ Հիջրայի 73 տարում: Սա նշանակում է, որ Հիջրայի ժամանակ (Մուհամմադի տեղափոխությունը Մեքքայից Մադինա) նա 27 տարեկան էր։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Այշան իրենից 10 տարով փոքր է եղել։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ Մուհամմադի հետ ամուսնության պահին Աիշան 17 տարեկան էր[12]։
Խալիֆա Օսմանի սպանությունից հետո նա նրանց թվում էր, ովքեր պահանջում էին անհապաղ պատժել խալիֆայի մարդասպաններին: Նոր խալիֆա Ալի իբն Աբու Թալիբը չէր շտապում հետաքննել տեղի ունեցածը՝ նախընտրելով սպասել խալիֆայության իրավիճակի փոփոխությանը։ Դա հանգեցրել է նրան, որ Աիշան զինվորներին հանել է ապստամբության, որը ղեկավարում էին նրա հարազատները՝ Թալհան և ազ-Զուբայրը։ Աիշան և նրա կողմնակիցները հրաժարվել են Ալիին խալիֆա ճանաչել։ Սակայն կա վարկած, որ իրականում նրանց նպատակը Օսմանի մարդասպաններին արժանին հատուցելն էր։ Աիշայի կողմնակիցներն իրենք են սկսել արդարադատություն իրականացնել՝ Բասրայում մահապատժի ենթարկելով հանցագործության մոտ 600 մասնակիցների։ Ապստամբները սկզբում գրավել են Քաֆուն, այնուհետև շարժվեցին դեպի Բասրա, որտեղ 656 թվականին տեղի է ունեցել Ուղտի ճակատամարտը, որի ժամանակ Աիշայի կողմնակիցները պարտություն են կրել։ Ինքը՝ Աիշան, կալանավորվել և տեղափոխվել է Մեքքա, որտեղ ազատ է արձակվել և հետագայում մահացել։ Մնացած բոլոր գերիները նույնպես ազատ են արձակվել Ալիի հրամանով։
Խաֆսա բինթ Օմար
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաֆսա բինթ Օմար, երկրորդ խալիֆ Ումար իբն ալ Խատաբի դուստր։ Նա ծնվել է Մուհամմադի՝ մարգարեությունը սկսելուց մոտ 5 տարի առաջ և իսլամ է ընդունել Մեքքայում հոր հետ միաժամանակ։ Փրկվելով հետապնդումներից՝ Խաֆսան ամուսնու՝ Խունայս իբն Խուզաֆայի հետ սկզբում տեղափոխվել է Եթովպիա, իսկ հետո Մեդինա։ Նրա ամուսինը մասնակցել է Բադրի (624 թվական) և Ուհուդի (625 թվական) ճակատամարտերին։ Ուհուդի ճակատամարտում էլ Խաֆսայի ամուսինը ծանր վիրավորում է ստացել և մահացել[13]։
Երբ Խաֆսան այրիացել է, նրա հայրը փորձել է նրան ամուսնացնել Ուսման իբն Աֆֆանի, իսկ հետո Աբու Բաքր աս Սիդիկի հետ։ Երկուսից էլ մերժում ստանալով՝ Ումարը դիմել է Մուհամմադին, ինչին ի պատասխան մարգարեն ասել է, որ հենց ինքը կամուսնանա Խաֆսայի հետ, իսկ իր դստերը՝ Ումմ Կուլսումին կնության կտա Ուսմանին։ Մուհամմադը և Խաֆսան ամուսնացել են հիջրայի 3-րդ տարում։ Այդ ժամանակ Մուհամմադն արդեն ամուսնացած էր Աիշայի և Սաուդայի հետ[13]։
Խաֆսան առանձնանում էր աստվածավախությամբ, աչքի էր ընկնում նաև կամային բնավորությամբ։ Նա մոտ 60 հադիս է փոխանցել։ Նրա մոտ է եղել նաև Ղուրանի այն առաջին օրինակը, որը կազմվել էր Աբու Բաքր խալիֆի օրոք, իսկ հետո Օսման խալիֆի խնդրանքով փոխանցվել էր իրեն և բազմացվել։ Խաֆսան մահացել է 60 տարեկանում՝ Մեդինայում[13]։
Զայնաբ բինթ Խուզայմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զայնաբ բինթ Խուզայմա (արաբ․՝ زينب بنت خزيمة; 595—626), Ամիր իբն Սասայի ցեղից։ Կարիքավորների նկատմամբ իր բարեգթության և ուշադրության համար ստացել է «աղքատների մայր» (արաբ․ أم المساكين) կեղծանունը։ Նրա առաջին ամուսինը Տուֆայլ իբն Հարիսն է եղել․ նրա հետ ամուսնալուծությունից հետո Զայնաբն ամուսնացել է Ուբայդա իբն Հարիսի հետ, որը զոհվել է Բադրի ճակատամարտում։
624 թվականին Ամիր իբն Սասան ջարդել է Մուհամմադ մարգարեի ներկայացուցիչներին, ինչի հետևանքով այս ցեղի հարաբերությունները մուսուլմանների հետ կտրուկ վատթարացել են։ Արյունահեղությունը բացառելու համար 625 թ․-ին Մուհամմադը ամուսնացել է Զայնաբի հետ, որը նույնպես այդ ցեղից էր։ Հարսանիքից մի քանի ամիս անց Զայնաբը մահացել է։ Հատնի է, որ նա առաքինի և աստվածավախ կին է եղել, շատ ժամանակ է հատկացրել աղոթքին և առատորեն ողորմություն է բաժանել։
Զայնաբ բինթ Ջահշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զայնաբ բինթ Ջահշ, ծագումով քուրայշիների ցեղից. նա առաջին կին մուսուլմաններից է համարվում: Ծնվել է Մուհամմադի՝ մարգարեությունը սկսելուց մոտ 20 տարի առաջ։ Ծնվելուց նրա համար Բառռա անունն է ընտրվել, սակայն մարգարեն նրան այլ անուն է տվել՝ Զայնաբ[14]։
Լինելով չամուսնացած աղջիկ՝ Զայնաբը Մեդինա առաջինը տեղափոխվածներից էր։ Մուհամմադը ցանկանում էր նրա հետ ամուսնացնել իր հոգեզավակ և ստրկությունից ազատված Զեյդ իբն Հարիսային՝ դրանով իսկ չեղյալ համարելով հեթանոսության (ջահիլիա) ժամանակաշրջանի ավանդույթները՝ համաձայն որոնց ազատ կինը չէր կարող ամուսնանալ նախկին ստրուկի հետ։ Զայնաբն ու իր եղբայրները դեմ էին այդ ամուսնությանը, սակայն ալ Ազհաբ սուրայի 36-րդ այաթի առաքումից հետո համաձայնություն է տվել։ Ըստ որոշ աղբյուրների՝ նրա ամուսնությունը Զեյդ իբն Հարիսայի հետ երջանիկ չի եղել, և Զեյդը որոշել է ամուսնալուծվել։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ Զեյդն իմացել է, որ իր հոգեհայրն էլ է սիրել Զայնաբին և այդ պատճառով որոշել է զիջել նրան Մուհամմադին։ Չնայած մարգարեի բոլոր հորդորներին՝ նրանք մեկ տարի անց ամուսնալուծվել են։
Ամուսնալուծությունից հետո սպասելով սահմանված ժամկետը՝ Մուհամմադը ցանկացել է ամուսնանալ Զայնաբի հետ, սակայն արաբները, հաշվի առնելով գործող ավանդույթները, այդ կապն արյունապղծություն էին համարում, ինչն էլ առաջին մուսուլմանների դժգոհության պատճառ է դարձել։ Այդ ժամանակ է, որ Ղուրանում նոր դրույթ է ավելացվել, որն արյունակցության և խորթ ազգակցության տարբերակում էր մտցնում՝ միևնույն ժամանակ արգելելով որդեգիրներին իրենց խնամակալների անուններով կոչել, այսինքն Մուհամմադի որդի Զեյդը, նորից ստացել էր իր հոր անունը։ Դրանից հետո, հիջրայի 5 թվականին Մուհամմադ մարգարեն ամուսնանում է Զայնաբ բինթ Ջահշի հետ։ Հետագայում Զայնաբը շատ էր հպարտանում, որ Մուհամմադի հետ իր ամուսնությունը տեղ է գտել Ղուրանի հայտնությունների շարքում։
Զայնաբն աշխատասեր, առաքինի և աստվածավախ կին էր։ Նա շատ ժամանակ էր հատկացնում աղոթքների և պահքի համար։ Զայնաբը մահացել է 53 տարեկանում, Մեդինայում։ Նա մարգարեի առաջին կինն էր, որը մահկանացուն կնքել է Մուհամմադի մահվանից հետո։
Ջուայրիա բինթ ալ Հարիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուայրիա բինթ ալ Հարիս, մուստալիկ ցեղի առաջնորդի դուստր։ 626 թվականին մուսուլմանները հաղթել են մուստալիկ ցեղին, ինչի հետևանքով Ջուայրիան գերի է ընկել։ Նրա հայրը եկել է Մուհամմադի մոտ՝ դստերն ազատելու խնդրանքով և պատրաստակամություն հայտնել որպես փրկագին ուղտեր տալ։ Ջուայրիայի ազատվելուց հետո Մուհամմադը զրուցել է նրա հոր և նրանց մտերիմների հետո, ինչի արդյունքում նրանք իսլամ են ընդունել։ Դրանից հետո, մարգարեն Հարիս իբն աբու Դիրարից խնդրել է դստեր ձեռքը։ Այս ամուսնության նպատակներից մեկը Մուհամմադի ձգտումն էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել բանու մուստալիկ ցեղի հետ, որը Արաբական թերակղզում բավականին ազդեցիկ էր։ Ամուսնությունից հետո մուսուլմանները այդ ցեղի 100-ից ավելի գերեվարված ընտանիք ազատ են արձակել[15]։
Ջուայրիան առաքինի և աստվածավախ կին էր։ Նա մահացել է 676 թվականին Մադինայում։
Սաֆիա բինթ Հույայյի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆիա բինթ Հույայյի (արաբ․՝ صفية بنت حيي بن أخطب; 610-670), հրեական բանու նադիր ցեղի առաջնորդի դուստր[16]։ Սաֆիա բինթ Հույայյին ծնվել է մոտավորապես 610 թվականին։ Նրա հայրը Հույայ իբն Ախտաբն էր (արաբ․ حيي بن أخطب; եբր․ חי בן אחיטוב)՝ Մուհամմադի երդվյալ թշնամին։ Սաֆիայի հայրը արտաքսվել էր Մադինայից, քանի որ խախտել էր պայմանագիրը։ Հեռացվելուց հետո նա տեղափոխվել էր Խայբար, սակայն այնտեղ էլ շարունակել դավեր նյութել մարգարեի դեմ, նաև ցուցադրաբար հրաժարվել հարկ վճարել։ Սաֆիայի մայրը Բառռա բինթ Սամաուլն էր (արաբ․ بَرَّة بِنْت سَمَوْأَل; եբր․ ברה בת שמואל)։ Նա բանու իզրաիլ ցեղից էր։
Չափահաս դառնալուց հետո Սաֆիան ամուսնացել է մարտիկ և բանաստեղծ Սալյամ իբն Մաշկամ ալ Կուրայզայի հետ, որը նույնպես իր ցեղից էր։ Նրանց ամուսնությունը երկար չի տևում և որոշ ժամանակ անց նա ամուսնանում է Քինանա իբն ալ Ռաբիի (արաբ․ كِنَانَة ٱبْن ٱلرَّبِيع) հետ, որը հայտնի և հարուստ հրեա էր[17]։
Երբ Մադինայի հրեական ցեղերը (բանու կայնուկա, բանու նադիր և բանու կուրայզա) խախտեցին մուսուլմանների հետ պայմանագիրը, նրանք արտաքսվել են․ բանու նադիր ցեղը հաստատվել է Խայբարում։ Արտաքսումից հետո Սաֆիայի հայրը չի դադարեցրել թշնամությունը մարգարեի հետ։ 628 թվականին նա արաբական այլ ցեղերի հետ պայմանավորվել է Մադինայի վրա հարձակվելու համար, սակայն մուսուլմաններն իմանալով այդ մասին՝ որոշել են առաջ անցնել նրանցից և շարժվեցլ դեպի Խայբար։ Խայբարի ճակատամարտում մահացել ենՍաֆիայի և՛ հայրը, և՛ ամուսինը, իսկ ինքը իր ցեղի շատերի հետ միասին գերի է ընկել։
Տեսնելով Սաֆիային՝ Մուհամմադը նրան որպես հարճ է վերցրել, իսկ հետո ազատել է ստրկությունից։ Ազատությունից հետո նրան ընտրության հնարավորություն է տրվել՝ կամ պահել իր կրոնը և հեռանալ, կամ մնալ Մուհամմադի հետ։ Սաֆիան ընտրել է մարգերի հետ մնալու տարբերակը։ Մուհամմադի հետ ամուսնության պահին Սաֆիան 18 տարեկան էր[18]։
Քաղաքացիական պատերազմի (ֆիթնա) ժամանակ, որը սկսվել էր երրորդ բարեպաշտ խալիֆա Օսման իբն Աֆանի կառավարման ժամանակ, Սաֆիան պաշտպանում է խալիֆի դիրքորոշումը և փորձում պաշտպանել նրան։ Նա ուտելիք և ջուր էր բերում խալիֆ Օսմանի տուն, երբ ապստամբները պաշարել էին այն։
Սաֆիան մահացել է հիջրայի 50-52 թվականներին, հուղարկավորվել Մադինայի ալ-Բաքի գերեզմանատանը։
Ռամլա բինթ Աբու Սուֆյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռամլա բինթ Աբու Սուֆյան, քուրայշիների ազդեցիկ առաջնորդ Աբու Սուֆյան իբն Հարբի դուստր։
Իսլամ ընդունելուց առաջ Ումմ Հաբիբան հեռացել է հեթանոսությունից և հանիֆիզմ է դավանել։ Նա իսլամ է ընդունել իր ամուսին Ուբայդուլլահ իբն Ջահշի հետ միաժամանակ, որը նախկինում քրիստոնեություն է դավանել։ Փրկվելով հետապնդումներից՝ նրանք հեռացել են Եթովպիա, որտեղ Ուբայդուլլահը անսպասելիորեն նորից սկսել է քրիստոնեություն դավանել։ Չնայած նա կնոջը ևս քրիստոնյա դարձնելու համառ փորձեր է արել, բայց Ումմ Հաբիբան հավատարիմ է մնացելիսլամին և ամուսնալուծվել է։ Դրանից հետո նա չէր կարող Մեքքա վերադառնալ, քանի որ իր հայրը մուսուլմանների ոխերիմ հակառակորդն էր։ Իմանալով այդ մասին՝ Մուհամմադը իր հիացմունքն է արտահայտում Ումմ Հաբիբայի անկեղծ հավատի նկատմամբ և իր ներկայացուցչին ուղարկում է Եթովպիայի նեգուսի (տիրակալ) մոտ՝ խնդրելով իր մոտ ուղարկել Ումմ Հաբիբային՝ նրա հետ ամուսնանալու համար։ Հիջրայի 7 թվականին նրանք ամուսնանում են։ Այս ամուսնությունը Մուհամմադին թույլ է տալիս մեղմել լարվածությունը իր և Մեքքայի հեթանոսների առաջնորդ Աբու Սուֆյանի միջև։
Ումմ Հաբիբան աստվածավախ և բարեպաշտ կին էր։ Նա մահացել է մոտավորապես 665-666 թվականներին՝ իր եղբայր Մուավիայի կառավարման ժամանակ։ Նա 65-ից ավելի հադիս է փոխանցել[19]։
Ումմ Սալամա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ում Սալամա բինթ Աբու Ումայա, իսկական անունը Հինդ, սակայն նրան բոլորը որպես Ումմ Սալամա են ճանաչել։ Նա քուրայշիների ցեղի բանու մախզում տոհմից էր ծագում։ Հայտնի է, որ նա ազնվաբարո ընտանիքից էր և բարօրության մեջ է մեծացել։ Չափահաս դառնալուց հետո Ումմ Սալաման ամունացել է Աբու Սալամայի հետ, որը մարգարեի կաթնեղբայրն էր. ամուսինները նաև բարեկամական կապ ունեին։ Ամուսիններն իսլամ ընդունած առաջին մարդկանցից էին։ Նրան նաև հաճախ «երկու տեղափոխությունների տիրուհի» են անվանում, քանի որ երկու անգամ ստիպված է եղել փոխել բնակության վայրը[20][21]։ Ամուսինների իսլամ ընդունելու լուրը հասել է բանու մախզում ցեղին, ինչը դժգոհություն է առաջ բերել նրանց նկատմամբ։ Նրանց սկսել են հետապնդել և հալածել։ Հայտնի է, որ նրանց նույնիսկ կապած են պահել իսլամից հրաժարվելու և հին հավատին վերադարձնելու համար, սակայն նրանք՝ հավատակից եղբայրների և քույրերի հետ միասին հաստատակամություն են ցուցաբերում։ Հակամարտության սրացման հետևանքով նրանք ստիպված Եթովպիա են տեղափոխվել[20][22]։ Որոշ ժամանակ անց, ամուսինները հույս ունենալով հաշտվել անհավատ բարեկամների հետ, վերադարձել են Մեքքա, սակայն պարզվել է մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել։ Ավելին, մուսուլմանների հետապնդումները ավելի են ուժգնացել։ Որոշ ժամանակ Մեքքայում մնալով անհավատների լծի տակ՝ նրանց հաջողվել է հեռանալ Մադինա, որտեղ նրանց կյանքը խաղաղվել է[23]։
Մսդինա տեղափոխությունից հետո Ումմ Սալաման հիմնական ժամանակը սկսել է հատկացնել զավակների դաստիարակությանը։ Նրա ամուսինը՝ Աբու Սալաման, մասնակցել է Ուհուդի ճակատամարտին և նետից վիրավորում է ստացել, մոտ մեկ ամիս անկողնում է անցկացրել։ Ուհուդի ճակատամարտից երկու ամիս անց Մուհամմադը Աբու Սալամային ջոկատի հրամանատար է նշանակել՝ բանու ասադ ցեղի վրա արշավելու համար։ Այդ ճակատամարտում Աբու Սալամայի՝ նախորդ վիրավորումից մնացած վերքը բացվել է, ինչի հետևանքով շատ չանցած նա մահացռլ է[20][22]։ Մահվանից առաջ մի օր Աբու Սալաման կնոջն ասել է, որ իր մահվանից հետո Ումմ Սալաման պետք է ամուսնանա իրենից ավելի լավ մեկի հետ։ Երբ Աբու Սալաման մահացել է, Ումմ Սալաման երկար ժամանակ չէր հավատում, որ կարող է այդպիսի մեկը լինել, որը կգերազանցեր ամուսնուն[20]։
Երբ Ումմ Սալամայի սուգն ավարտվել է (4 ամիս և 10 օր), նրան ամուսնության առաջարկ է արել սկզբում Աբու Բաքրը, այնուհետև Ումար իբն ալ Խատաբը, սակայն երկուսին է նա մերժել է։ Դրանից հետո ամուսնության առաջարկի համար նրա մոտ մարդ է ուղարկել Մուհամմադ մարգարեն[24]։ Ումմ Սալաման ցանկանում էր ընդունել մարգարեի առաջարկը, սակայն հաշվի առնելով տարիքը և երեխաների առկայությունը, մտավախություն ուներ, որ մարգարեի երիտասարդ կանանց հետ հավասար չէր կարողանա իր ամուսնական պարտականությունները կատարել, ինչի մասին էլ տեղեկացրել է մարգարեին, ինչին ի պատասխան Մուհամմադը պատասխանել է, որ ինքը տարիքով ավելի մեծ է։ Նրանք ամուսնացել են հիջրայի 4 թվականին[25]։
Ռայհանա բինթ Զայդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայհանա բինթ Զայդ (արաբ․՝ ريحانة بنت زيد بن عمرو), Մուհամմադ մարգարեի կանանցից մեկը։ Տեղեկություններ կան, որ նա մարգարեի հարճն է եղել։
Ռայխանա բինթ Զայդը հրեական կուրայզա ցեղից էր։ Նրա առաջին ամուսինը ոմն Հաքիմն է եղել։ 626 թվականին քուրայզա ցեղի դեմ մուսուլմանների արշավանքից հետո նա գերեվարվել և բաժին է հասնել մարգարեին։ Մուհամմադը նրան առաջարկել է իսլամ ընդունել, սակայն մերժում է ստացել։ Որոշ ժամանակ անց նա հայտնել է իսլամ ընդունելու մասին, ինչից հետո մարգարեն ազատել է նրան։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ մինչև կյանքի վերջը Ռայխանան, իսլամ ընդունած լինելով հանդերձ, իր ցանկությամբ մնացել է Մուհամմադի հարճը[26]։
Ռայխանան առաքինի և աստվածավախ կին էր։ Նա Մուհամմադի կանանցից ամենավաղն է մահացել։
Մայմունա բինթ ալ Հարիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայմունա բինթ ալ Հարիս (արաբ․՝ ميمونه بنت الحارث; 594-674), Մայմունա բինթ ալ Հարիսին ծնվելուց հետո Բառռա անունն են տվել։ Մայմունա անունը նրան մարգարեն է տվել։ Հեթանոսության շրջանում նա ամուսնացած է եղել Մասուդ իբն Ամրի հետ, որի հետ ամուսնալուծությունից հետո ամուսնացել է Աբու Ռուխում իբն Աբդ ալ Ուզզուի հետ։ Որոշ ժամանակ անց նա այրիացել է։
Մուհամմադ մարգարեն նրա հետ ամուսնացել է 628 թվականին իր հորեղբայր Աբբասի խորհրդով՝ մուսուլմանների առաջին փոքր ուխտագնացության (ումրա) ժամանակ[27]։
Մայմունան մարգարեի վերջին կինը դարձավ. նա առաքինի և աստվածավախ կին էր։ Նա մոտ 70 հադիս է փոխանցել։
Մարիա ալ-Կիբտիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա ալ-Կիբտիա (արաբ․՝ مارية القبطية, 637), Մուհամմադ մարգարեի կին, որին 628 թվականին քրոջ հետ միասին որպես հարճ մարգարեին է նվիրել Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսը[28]։ Նա կանանց ցանկում չի հիշատակվում մարգարեի այնպիսի կենսագիրների մոտ, ինչպիսիք են Իբն Հիշամը և Իբն Իսհակը[29]։ Բազմաթիվ աղբյուրներ համարում են, որ նա ընդամենը հարճ է եղել[30][31]։ Մարիան Մուհամմադ մարգարեից ունեցել է որդի՝ Իբրահիմին, որը մահացել է մանուկ հասակում։ Մարիան մահացել է մարգարեի մահից հինգ տարի անց։
Մարիայի հորը կոչում էին Շամուն, նա հեղինակավոր ղպտի քրիստոնյաներից մեկն էր։ Մայրն ուներ հռոմեական ծագում[32]։
Հիջրայի 6 թվականին (627-628) թվականներին Մուհամմադ մարգարեն նամակ է ուղարկել Մերձավոր Արևելքի իշխանավորներին, որով նրանց տեղեկացրել է նոր հավատքի հայտնվելու մասին և հրավիրել միանալ նրան։ Եգիպտոսի տիրակալ Մուկաուկիսին նամակը հասցրել էր Հատիբ իբն Աբու Բալտան։ Ի պատասխան նամակին՝ Մուկաուկիսն ուղարկել է նվերներ, որոնց թվում եղել են երկու ստրկուհիներ (Մարիա և Սիրին), Մաբուր անունով ստրուկը, հազար միսքալ ոսկի, ատլասե քսան հագուստ, Դալդալ անունով ջորի և Յաֆուր անունով ավանակ[32]։ Մեդինայի ճանապարհին Հատիբ իբն Աբու Բալտան զրուցել է ստրուկների հետ։ Երկու աղջիկներն էլ ընդունել են իսլամն ու Մեդինա մտել որպես մուսուլման հավատացյալներ[33]։
Ժամանելով Մեդինա՝ Հատիբը Մուհամմադ մարգարեին է հանձնել նամակն ու նվերները, վերջինս պատվով ընդունել է նրանց։ Մարիային բնակեցրել են Մեդինայի շրջակայքում գտնվող «ալ-Ալիա» կոչվող վայրում (այժմ՝ ալ-Ավալի»)։ Մարիայի քրոջը՝ Սիրինին, կնության են տվել Հասսան իբն Սաբիթին, որը հայտնի բանաստեղծ էր[34]։ Սիրինը և Հասսանն ապրել են երջանիկ, ունեցել են մեկ որդի՝ Աբդուլրահման իբն Հասսանը, որը շարունակել է հոր բանաստեղծական ուղին[32]։
Մարիա ալ-Կիբտիան մահացել է 637 թվականին ծանր հիվանդությունից։ Խալիֆ Ումարը և Մեդինայի մյուս բնակիչները կատարել են հուղարկավորության աղոթք և հուղարկավորել «Ալ-Բաքի» գերեզմանոցում[32]։
Հիջրայի 8 թվականի վերջին Մարիան ունեցել է որդի, որին անվանել են Իբրահիմ։ Մուհամմադ մարգարեն ուրախացել է որդու ծնունդով, նրա հետ շատ կապվել և ամենուր նրան տարել ձեռքերի վրա։ Որպես որդու ծննդի երախտագիտության նշան՝ Մուհամմադը Մարիային ազատություն է տվել՝ ասելով. «Նրա որդին ազատեց նրան»։
Նոր իրավիճակը Մուհամմադ մարգարեի մյուս կանանց մոտ խանդ է առաջացրել և հանգեցրել նրան, որ Հաֆսան ու Աիշան նրա դեմ դավ են ծրագրել։ Դավադրության արդյունքում Մուհամմադն իրեն զրկել է Մարիայի ամուսնական քնքշությունից։
Մի անգամ, հիանալով որդով, նա Աիշային ասել է. «Տես՝ ինչ նման է [ինձ]», ինչին կինը փնթփնթալով պատասխանել է. «Նմանություն չեմ տեսնում»։ Հնարավոր է, որ այդ ժամանակ շշուկներ են տարածվել, որ Իբրահիմը Մարիայի մոտի ներքինի եգիպտացու որդին է։ Մի անգամ Աիշան նույնիսկ խոստովանել է. «Ոչ մի կնոջ ես այդպես չեմ խանդել, ինչպես Մարիային, այն պատճառով, որ նա գեղեցիկ էր, գանգուր մազերով, և Ալլահի պատգամաբերը հիանում էր նրանով, և նրան նրանից որդի է տրվել, իսկ մեզ չի տրվել»[35]։ Սակայն սուննի աստվածաբաններն այդ պատմությունը համարում են հորինված[36]։
Իբրահիմը ծնվելուց 16 ամիս անց հանկարծակի հիվանդացել է ու մահացել։ Մուհամմադ մարգարեի կողմից հուղարկավորության աղոթքը կատարելուց հետո նրան թաղել են «Ալ-Բաքի» գերեզմանոցում։ Այդ օրը տեղի է ունեցել արևի խավարում, և Մուհամմադ մարգարեի ուղեկիցներից մեկն ասել է. «Արևը խավարել է Իբրահիմի մահից»։ Բայց Մուհամմադն ասել է. «Հիրավի, արևն ու լուսինը Ալլահի նշաններից են։ Նրանք չեն խավարում ինչ-որ մարդու մահվան կամ կյանքի պատճառով։ Հետևաբար, երբ դուք խավարում եք տեսնում, աղերսեք Ալլահին, փառաբանեք նրան, նամազ արեք և ողորմություն տվեք»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Муруджуз-захаб» т.2, стр. 282—283
- ↑ Жёны Пророка Արխիվացված է Մարտ 13, 2009 Wayback Machine-ի միջոցով: — Жизнь пророка Мухаммада
- ↑ «Тарихи-Йакуби», в переводе на перс. яз., т. 1, стр. 452—455
- ↑ М. Уотт. Мухаммад в Медине. с. 436
- ↑ Юсуф аль-Карадави, глава Международной ассоциации улемов. Из книги «Современные фетвы» Արխիվացված է Հոկտեմբեր 17, 2010 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Watt, Aisha // Encyclopedia of Islam Online
- ↑ D. A. Spellberg, Politics, Gender, and the Islamic Past: the Legacy of A’isha bint Abi Bakr, Columbia University Press, 1994, p. 40
- ↑ Karen Armstrong, Muhammad: A Biography of the Prophet, Harper San Francisco, 1992, p. 157.
- ↑ Муслим Сахих. хадис № 812 Արխիվացված է Մարտ 30, 2013 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Бухари Сахих. хадис № 1515(չաշխատող հղում)
- ↑ Denise Spellberg[en] Politics, Gender, and the Islamic Past: The Legacy of 'A’isha Bint ABI Bakr. (1996) pp. 4-5. ISBN 0-231-07999-0, ISBN 978-0-231-07999-0
- ↑ 12,0 12,1 Bərki A. H., Kəskioğlu O. Xatəmül-Ənbiyya Məhəmməd ve həyatı. Ankara: 1993. S. 211
- ↑ 13,0 13,1 13,2 Äli-zadä, Aydın (2007). Islamskij ėnciklopedičeskij slovarʹ. Serija "Zolotoj fond islamskoj mysli". Moskva: Izdat. Dom "Ansar". ISBN 978-5-98443-025-8.
- ↑ Äli-zadä, Aydın (2007). Islamskij ėnciklopedičeskij slovarʹ. Serija "Zolotoj fond islamskoj mysli". Moskva: Izdat. Dom "Ansar". ISBN 978-5-98443-025-8.
- ↑ Äli-zadä, Aydın (2007). Islamskij ėnciklopedičeskij slovarʹ. Serija "Zolotoj fond islamskoj mysli". Moskva: Izdat. Dom "Ansar". ISBN 978-5-98443-025-8.
- ↑ Сафия бинт Хуваййа / Следуй их путём. Из серии «Матери правоверных» — Al-Wayi.Org.
- ↑ «Следуй их путем. Из серии «Матери правоверных» (8). Сафия бинт Хуваййа». Аль-Ваъй. № 287-288.
- ↑ Как заключить брак. Краткое описание Արխիվացված է Հոկտեմբեր 12, 2013 Wayback Machine-ի միջոցով: — Даруль-Фикр. Ру.
- ↑ Äli-zadä, Aydın (2007). Islamskij ėnciklopedičeskij slovarʹ. Serija "Zolotoj fond islamskoj mysli". Moskva: Izdat. Dom "Ansar". ISBN 978-5-98443-025-8.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 «Umm Salamah, Umme Salama, Umme Salma, Mother of the Believers, Mother of the Faithfuls» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին. Վերցված է 2013-06-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Companions of The Prophet», Vol. 1, By: Abdul Wahid Hamid
- ↑ 22,0 22,1 Hazrath Umme Salma Արխիվացված է Մարտ 10, 2016 Wayback Machine-ի միջոցով: Umme Salma went through trials and tribulations following her conversion to Islam
- ↑ Imam Hussein (a.s.)'s intention of proceeding towards Iraq from Makkah Արխիվացված է Մայիս 2, 2014 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Marriage to a 'past': Parents should not reject a proposal without a good reasons — and being a revert with a past is not an acceptable one» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-02-ին. Վերցված է 2013-06-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 82 (օգնություն) - ↑ "Wives of the Prophet", Encyclopedia of the Qur'an, vol. 5, p. 508 et suiv.
- ↑ Ибн Хаджар аль-Аскаляни Аль-исаба фи тамйииз ас-сахаба. Бейрут, 1412 г.х. Т.7, с. 659.
- ↑ "Epouses du Prophétes", Dictionnaire du Coran, 2007, p; 262 et suiv.
- ↑ Ibn Ishaq The Life of Muhammad. — С. 653.
- ↑ Ibn Ishaq The Life of Muhammad. — С. 792.
- ↑ Exegesis (Tafsir) of Quran by ibn Kathir for Chapter 66, verses 1-5 of Quran
- ↑ Zaad al-Ma’aad, 1/103
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 «Из серии «Матери правоверных». Мария - представительница коптов». Журнал Аль-Ваъй (Сознание). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ибн Исхак, «Сира расулюллах»
- ↑ ат-Табари, Тарих, С.131.
- ↑ Большаков, 1989
- ↑ аз-Захаби, Ибн Касир, аш-Шаукани и Альбани Разбор относительно достоверности разных сообщений (хадисов и асаров) о биографий первых поколений..
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ մարգարեի կանայք» հոդվածին։ |
|