Jump to content

Մորտարայի գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորտարայի գործ
քրեական գործ, Արդարադատություն, մարդու առևանգում Խմբագրել Wikidata
Նշանակալի անձEdgardo Mortara Խմբագրել Wikidata
ԵրկիրՊապական մարզ, Իտալիայի թագավորություն Խմբագրել Wikidata
Սկսած23 հունիսի 1858 Խմբագրել Wikidata
ՏուժողEdgardo Mortara Խմբագրել Wikidata

Մորտարայի գործ (իտալ.՝ caso Mortara), 19-րդ դարի՝ Իտալիայի ամենաշատ քննարկված սկանդալային դեպքերից, որը 1850-1860-ական թվականներին գրավել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ուշադրությունը։ Այն վերաբերել է Պապական մարզերի կողմից 6-ամյա հրեա տղայի՝ Էդգարդո Մորտարայի բռնի առգրավմանը Բոլոնիայում՝ իր ընտանիքից։ Սա հիմնավորվել է նախկին ծառայուհու ցուցմունքով, որը պնդել է, որ տղային փոքր տարիքում մկրտել է, երբ նա նորածին էր և հիվանդացել էր։ Այդ մկրտությունը դիտվել է որպես վավեր, և Մորտարան համարվել է կաթոլիկ։ Նա մեծացել է որպես կաթոլիկ՝ Պապ Պիոս IX-ի պաշտպանության ներքո, որը մերժել է ծնողների հուսահատ աղաչանքները՝ վերադարձնելու իրենց որդուն։ Հետագայում Մորտարան դարձել է քահանա։ Այս դեպքը զայրույթ է առաջացրել ինչպես Իտալիայում, այնպես էլ միջազգային մակարդակով՝ նպաստելով Պապական մարզերի անկմանը Իտալիայի միավորման ընթացքում։

1857 թվականի վերջին Բոլոնիայի ինկվիզիտոր Պիեր Ֆելետին իմացել է, որ Աննա Մորիզին, որը վեց տարի աշխատել է Մորտարայի ընտանիքում, գաղտնի մկրտել է Էդգարդոյին, երբ նա նորածին ժամանակ հիվանդացել էր, և ծառայուհին կարծել է, թե նա կմահանա։ Հռոմեական և համընդհանուր ինկվիզիցիայի Սրբազան գերագույն ժողովը որոշել է, որ այդ գործողությամբ երեխան անշրջելիորեն դարձել է կաթոլիկ։ Քանի որ Պապական նահանգներում օրենքով արգելվել էր քրիստոնյաների դաստիարակությունը ոչ քրիստոնյաների կողմից, որոշվել է, որ Էդգարդոյին պետք է վերցնել ընտանիքից և մեծացնել եկեղեցու հսկողության ներքո։ 1858 թվականի հունիսի 23-ի ուշ երեկոյան ոստիկանությունը գնացել է նրանց տուն և հաջորդ օրը վերցրել Էդգարդոյին։

Երբ 1858 թվականի օգոստոսին և սեպտեմբերին երեխայի հորը թույլ են տվել այցելել որդուն, ի հայտ են եկել երկու կտրուկ տարբեր պատկերացումներ։ Մի կողմը ասել է, որ տղան ցանկացել է վերադառնալ ընտանիք ու իր նախնիների հավատքին, իսկ մյուսը ներկայացրել է նրան որպես երեխա, որը հիանալի սովորել էր կաթողիկ վարդապետությունը և ցանկացել, որ ծնողներն էլ դառնան կաթոլիկ։ Չնայած միջազգային բողոքներին՝ Պապը անդրդվելի է մնացել։ Երբ 1859 թվականին Պապական իշխանությունը Բոլոնյայում ավարտվել է, Պիեր Ֆելետիի դեմ գործ է հարուցվել՝ Մորտարայի առևանգմանը մասնակցելու համար, բայց դատարանը նրան արդարացրել է՝ եզրակացնելով, որ նա գործել է ոչ իր սեփական նախաձեռնությամբ։ Մինչև 1870 թվականը Պապի խնամքով մեծացած Մորտարան Հռոմում կրթվել է որպես քահանա, երբ Իտալիայի թագավորությունը գրավել է Հռոմը՝ վերջ տալով Պապական նահանգների գոյությանը։ Այնուհետև նա տեղափոխվել է Ֆրանսիա և երեք տարի անց՝ 21 տարեկանում, ձեռնադրվել որպես քահանա։ Իր կյանքի մեծ մասն անց է կացրել Իտալիայից դուրս և 1940 թվականին՝ 88 տարեկանում, մահացել Բելգիայում։

Բազմաթիվ պատմաբաններ այս դեպքը համարել են Պապ Պիոս IX-ի պապության ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ համեմատելով նրա վերաբերմունքը 1858 թվականին Պապական տարածքների կորստի հետ, որը տեղի է ունեցել մեկ տարի անց։ Դեպքը ազդել է նաև Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի քաղաքականության վրա․ նա փոխել է դիրքորոշումը՝ ի սկզբանե ընդդիմանալով Իտալիայի միավորմանը, իսկ հետո աջակցելով դրան։ Թեև Իտալիայի միավորման դասական պատմագրության մեջ Մորտարայի գործը շատ չի ընդգծվել, այն 20-րդ դարի վերջից սկսած հիշվել է հիմնականում հրեա գիտնականների կողմից։ 1997 թվականին ամերիկացի պատմաբան Դեյվիդ Քերցերի ուսումնասիրությունը նոր հետաքրքրությունէ առաջացրել այս հարցի շուրջ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական համատեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 754 թվականից սկսած՝ ավելի քան հազար տարի, Պապական մարզերը եղել են Իտալիայում գտնվող տարածքներ, որոնք եղել են պապի ուղղակի և գերագույն իշխանության ներքո։ Հռոմի և դրա հարևան միջին իտալական տարածքների նկատմամբ կաթոլիկ եկեղեցու վերահսկողությունը դիտվել է որպես պապի աշխարհիկ, այսպես կոչված «ժամանակավոր» իշխանության դրսևորում՝ ի տարբերություն նրա եկեղեցական գերիշխանության[1]։

1815 թվականին՝ նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո, Իտալիայի մյուս հիմնական պետություններն էին Տոսկանայի մեծ դքսությունը (արևմուտքում), Երկու Սիցիլիաների թագավորությունը (հարավում) և Սարդինիայի թագավորությունը, որի կառավարությունը գտնվել է Պիեմոնտում՝ մայրցամաքում[2]։ 1790-ական թվականներին և 1800-ական թվականների սկզբին ֆրանսիական օկուպացիան մի կողմից բարձրացրել էր պապի ժողովրդականությունը և հոգևոր հեղինակությունը[3], սակայն մյուս կողմից լրջորեն վնասել էր Պապական մարզերի աշխարհաքաղաքական վստահելիությունը։ Պատմաբան Դեյվիդ Քերցերը նշել է, որ մինչև 1850-ական թվականները «այն, ինչ մի ժամանակ թվում էր ամուր և աստվածային կարգի արդյունք, այժմ սարսափելի փխրուն էր թվում»[4]։

Pope Pius IX
Պիոս IX-ը (1846-1878 թվականներ), պատկերված է «Harper's Weekly» ամսագրում, 1867 թվականին՛։

Պապ Պիոս IX-ը, որը ընտրվել է 1846 թվականին, սկզբում լայնորեն ընկալվել է որպես մեծ բարեփոխիչ և նորարար գործիչ, որը հնարավոր է աջակցեր Իտալիայի միավորման աճող շարժմանը, որը իտալերեն կոչվել է Risorgimento («Վերածնունդ»): Սակայն երբ 1848 թվականին բռնկվել են հեղափոխությունները, նա մերժել է աջակցել Ավստրիական կայսրության դեմ կազմակերպված համիտալական արշավին, որը Իտալիայի հյուսիս-արևելքում վերահսկել է Լոմբարդիա-Վենետիան[5]։ Սրա հետևանքով Պապական մարզերում տեղի է ունեցել ժողովրդական ապստամբություն, և Պապ Պիոսը փախել է Գաետա (այն ժամանակ՝ Երկու Սիցիլիացիների թագավորության մաս), իսկ 1849 թվականին՝ կարճատև ժամանակով, հռչակվել է Հռոմեական Հանրապետություն, որը արագորեն ճնշվել է Ավստրիայի և Ֆրանսիայի զինված միջամտությամբ՝ ի պաշտպանություն Պապի։ Դրանից հետո Հռոմը հսկվել է ֆրանսիական զորքերի կողմից, իսկ Պապական մարզերի մնացած հատվածը՝ ավստրիացիների կողմից, ինչը վրդովմունք է առաջացրել բնակչության շրջանում[6]։ Պապ Պիոսը կիսել է ավանդական պապական դիրքորոշումը, ըստ որի՝ Պապական մարզերը կարևոր էին որպես կաթոլիկ եկեղեցու ղեկավարի անկախության երաշխիք[3]։ Նա 1850-ական թվականներին որոշ չափով վերականգնել է իր ժողովրդականությունը[7], սակայն Սարդինիայի թագավորության գլխավորած Իտալիայի միավորման շարժումը շարունակել է նրան անհանգստացնել[3]։

Պապական մարզերում ապրող հրեաները, որոնք 1858 թվականին կազմել են մոտ 15,000 մարդ[4], սկզբում երախտապարտ էին Պապ Պիոս IX-ին, քանի որ նա չեղարկել էր նրանց վրա դրված պարտադրանքը՝ տարվա մեջ չորս անգամ մասնակցել եկեղեցական քարոզների, որոնք կառուցված էին Տորայի տվյալ շաբաթվա հատվածի շուրջ՝ ուղղված նրանց քրիստոնեացմանը[8]։ 1848 թվականի ապրիլի 17-ին նա նաև քանդել էր Հռոմի Գետտոյի դարպասները՝ չնայած շատ քրիստոնյաների դժգոհություններին[9]։ Սակայն հրեաները շարունակել են ենթարկվել բազմաթիվ սահմանափակումների, և նրանց մեծամասնությունը դեռ ապրել են Գետտոյում[9]։ 1850 թվականին՝ աքսորից վերադառնալուց հետո (այդ ընթացքում Հռոմեական Հանրապետությունն ընդունել էր եկեղեցուն ընդդեմ ուղղված խիստ միջոցառումներ)[10], Պապը հրապարակել է մի շարք հակալիբերալ միջոցառումներ, այդ թվում՝ վերականգնել Գետտոն[11]։

Մորտարա և Մորիսի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալական պետությունների քարտեզը։ 1843 թվականի պապական մարզի մայրաքաղաքը գտնվել է Հռոմում։

Էդգարդո Մորտարան՝ ութերորդ երեխաներից վեցերորդը, ծնվել է 1851 թվականի օգոստոսի 27-ին Բոլոնիայում՝ Պապական մարզերի հյուսիսային մասում գտնվող մի շրջան։ Նրա հայրը՝ Սալոմոնե «Մոմոլո» Մորտարան, հրեա վաճառական էր, իսկ մայրը՝ Մարիաննա Պադովանին[6]։ 1850 թվականին ընտանիքը տեղափոխվել էր Մոդենայի դքսությունից, որը գտնվել է Բոլոնիայի արևմուտքում[6]։ Բոլոնյայի՝ մոտ 900 հոգուց բաղկացած հրեական բնակչությունը 1593 թվականին վտարվել էր քաղաքից՝ Պապ Կղեմենտոս VIII-ի հրամանով[12]։ 1790-ական թվականներին որոշ հրեաներ, հիմնականում վաճառականներ՝ ինչպես Էդգարդոյի հայրը, սկսել են կրկին բնակություն հաստատել Բոլոնիայում։ Մինչև 1858 թվականը քաղաքում արդեն եղել է մոտ 200 հոգանոց հրեական համայնք։ Բոլոնիայի հրեաները կրոնական կյանքը վարել են զգուշությամբ՝ առանց ռաբբիի կամ սինագոգի[4]։ Պապական մարզերի օրենքներով հրեաներին արգելվել է քրիստոնյա ծառա ունենալ։ Սակայն կրոնապաշտ հրեա ընտանիքները կարևորել են ոչ հրեա աղախինների ներկայությունը, քանի որ վերջիններիս վրա չեն տարածվել հրեական օրենքները։ Դա թույլ էր տալիս շաբաթ օրը տնային գործերը կատարել՝ առանց կրոնական օրենքները խախտելու[13]։ Գործնականում եկեղեցական իշխանությունները աչք են փակել այս երևույթի վրա, և Բոլոնիայի գրեթե բոլոր հրեական ընտանիքներում աշխատել է առնվազն մեկ կաթոլիկ կին[13]։

Էդգարդոյի ծնվելուց մի քանի ամիս անց Մորտարա ընտանիքը գործի է ընդունել նոր ծառա՝ Աննա («Նինա») Մորիզիին՝ 14-ամյա կաթոլիկ մի աղջիկա[14]՝ մոտակա Սան Ջովանի ին Պերսիչետո գյուղից։ Նա անգրագետ էր՝ ինչպես իր ընտանիքի և շրջապատի մեծ մասը։ Նա քաղաք էր եկել իր քույրերի օրինակով՝ աշխատելու և թոշակ հավաքելու, որպեսզի մի օր ամուսնանա[15]։ 1855 թվականի սկզբին Մորիզին հղիացել է՝ այն ժամանակվա Բոլոնիայում չամուսնացած ծառաների շրջանում դա հազվադեպ չէր։ Շատ գործատուներ նման դեպքերում ազատել են ծառաներին աշխատանքից, սակայն Մորտարաները դա չեն արել։ Նրանք հոգացել են նրա հղիության վերջին չորս ամիսների ծախսերը՝ ուղարկելով նրան տատմոր տուն, որտեղ նա ծնել է երեխային։ Հետո նա նորից սկսել է աշխատել նրանց տանը։ Վերջինիս և ընտանիքի պատիվը պաշտպանելու նպատակով նրանք հարևաններին ասել են, թե իրենց աղախինը հիվանդ է։ Մորիզին նորածնին հանձնել է որբանոց՝ ինչպես պահանջել է Պապական մարզերի օրենքը չամուսնացած մայրերից, ապա վերադարձել աշխատանքի Մորտարաների մոտ[16]։ Նա այդտեղ մնացել է մինչև 1857 թվականը, երբ ընդունվել է աշխատելու այլ ընտանիքում։ Շուտով ամուսնացել և վերադարձել է Սան Ջովանի ին Պերսիչետո[17]։

1857 թվականի հոկտեմբերին Բոլոնիայի ինկվիզիտորը՝ դոմինիկյան միանձնուհի Պիեր Գաետանո Ֆելետին, լսել է լուրեր, թե քաղաքում մի կաթոլիկ աղախին գաղտնի մկրտել է մի հրեա երեխայի։ Եթե դա ճիշտ լիներ, ապա ըստ եկեղեցու՝ երեխան պետք է դառնար կաթոլիկ, ինչը կունենար ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ հետևանքներ[18]։ Եկեղեցին պաշտպանել է այն տեսակետը, որ քրիստոնյան համարվող երեխաները չպետք է մեծանան ոչ քրիստոնյա ծնողների կողմից, ուստի նման դեպքերում նրանք պետք է վերցվեին ընտանիքից[19]։ Նման դեպքերը հազվադեպ չէին 19-րդ դարի Իտալիայում և հաճախ կապված էին հրեա երեխաների՝ քրիստոնյա աղախինների կողմից մկրտման հետ[20]։ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ առանց ծնողների համաձայնության հրեա երեխային մկրտել չի կարելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան կյանքի վտանգի մեջ է։ Այդ պարագայում եկեղեցին կարծել է, որ երեխայի հոգին փրկելու անհրաժեշտությունը գերազանցել է ծնողական իշխանության իրավունքը, և թույլատրոել մկրտությունը[21]։ Շատ հրեա ընտանիքներ վախեցել են աղախինների կողմից գաղտնի մկրտությունից և դրա դեմ պայքարելու նպատակով երբեմն ստիպել դուրս եկող ծառաներին ստորագրել նոտարական փաստաթուղթ՝ հաստատելով, որ երբեք չեն մկրտել իրենց երեխաներից որևէ մեկին[22]։

Լուրերում նշված աղախինը Աննա Մորիզին էր։ Սուրբ գերագույն հռոմեական և համընդհանուր ինկվիզիցիայից (հայտնի որպես Սուրբ Գրասենյակ) գրավոր թույլտվություն ստանալուց հետո՝ Ֆելետին սկսել է հետաքննություն։ Նա Մորիզիին հարցաքննել է Բոլոնիայի Սան Դոմենիկոյի բազիլիկայում[23]։ Մորիզին հայտարարել է, որ երբ աշխատել է Մորտարայի ընտանիքում, նրանց նորածին որդի Էդգարդոն ծանր հիվանդացել էր իր խնամքի ընթացքում, և ինքը վախեցել էր, թե նա կմահանա։ Այդ ժամանակ նա կատարել էր շտապ մկրտություն՝ մի փոքր ջուր ցողելով երեխայի գլխին և ասելով․ «Ես քեզ մկրտում եմ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։ Սակայն նա այդ մասին երբեք չէր ասել երեխայի ընտանիքին։ Էդգարդոն հետագայում ապաքինվել էր։ Ֆելետին ստիպել է Մորիզիին երդվել լռություն պահելու և ուղարկեց հարցաքննության արձանագրությունը Հռոմ՝ խնդրելով թույլտվություն Էդգարդոյին, որն այդ պահին 6 տարեկան էր, վերցնելու իր ընտանիքից[24]։

Հայտնի չէ՝ արդյոք Պապ Պիոս IX-ը որևէ կերպ ներգրավված էր Մորտարայի գործով Սուրբ Գրասենյակի (ինկվիզիցիայի) նախնական քննարկումներին կամ տեղյակ էր Ֆելետիի սկսած հետաքննությունից։ Չնայած նա պաշտոնապես այդ մարմնի ղեկավարն էր, հաճախ չէր մասնակցել դրա նիստերին, և քիչ հավանական է, որ կարդինալները նրան խորհրդակցության էին հրավիրել, հատկապես այն հարցերի շուրջ, որոնք համարել են սովորական ընթացակարգային[23]։ Սուրբ Գրասենյակի համար Ֆելետիի հաղորդած դեպքի նման իրավիճակները խոչը ներքին հակասություն են առաջացրել։ Մի կողմից՝ եկեղեցին պաշտոնապես հավանություն չի տվել բռնի դարձի բերելու (բապտիզմ) դեպքերին, սակայն մյուս կողմից այն հավատացել է, որ մկրտության խորհուրդն անխախտ է, եթե մկրտությունը կատարվել է ըստ կանոնների, ապա տվյալ անձը արդեն համարվել է քրիստոնեական համայնքի անդամ[25]։ Ըստ 1747 թվականի պապական Postremo mense հրովարտակի՝ Պապական մարզերի օրենքներով արգելվել է ոչ քրիստոնյա ծնողներից երեխաներին վերցնել մկրտության նպատակով (բացի մահվան եզրին գտնվողների դեպքերից), սակայն եթե երեխան արդեն մկրտվել է, ապա եկեղեցին պարտավորվել է ապահովել նրա քրիստոնեական դաստիարակությունը և հեռացնել նրան ծնողներից[26]։

Կարդինալները ուսումնասիրել են Աննա Մորիզիի պատմածը և վերջնականապես այն ընդունել որպես «բոլորովին հավաստի ու իսկության բոլոր նշանները պարունակող վկայություն՝ առանց մկրտության իրականության և վավերության վերաբերյալ որևէ կասկած թողնելու»[27]։ Ֆելետիին հրահանգվել է կազմակերպել Էդգարդոյի հեռացումը և տեղափոխումը Հռոմի Կաթեքումենների Տուն՝ այն վայր, որտեղ կրթություն են ստացել նորադարձները կամ քրիստոնեություն ընդունելու գործընթացում գտնվող անձինք[28]։

Սան Դոմենիկոյի բազիլիկան Բոլոնիայում, լուսանկարվել է 2006 թվականին։

1858 թվականի հունիսի 23-ի երեկոյան՝ մայրամուտից անմիջապես հետո, Պապական ջենդարմերիայի (զինվորական ոստիկանության) մի խումբ՝ Մարշալ Պիետրո Լուչիդիի և Բրիգադիր Ջուզեպպե Ագոստինիի գլխավորությամբ, Բոլոնիայում ժամանել է Մորտարա ընտանիքի բնակարանը։ Մի քանի հարց տալուց հետո Լուչիդին ասել է. «Սինյոր Մորտարա, ցավով պետք է հայտնեմ, որ դուք դավաճանության զոհ եք», և բացատրել, որ ինկվիզիտոր Ֆելետիի հրամանով եկել են վերցնելու Էդգարդոյին, քանի որ նա մկրտված է։

Մարիաննան՝ տղայի մայրը, հիստերիկ աղաղակել է, վազել դեպի Էդգարդոյի մահճակալն ու գոռացել, թե ստիպված կլինեն սպանել իրեն, նախքան երեխային տանելը։ Լուչիդին կրկնել է, որ միայն կատարում է հրամանները։ Հետագայում նա ասել է, որ «հազար անգամ կցանկանար շատ ավելի լուրջ վտանգների ենթարկվել, քան ականատես լինել այդքան ցավալի տեսարանի»[29]։ Լուչիդին առաջարկեցլ է երեխայի հորը՝ Մոմոլոյին, իրենց հետ գնալ ինկվիզիտորի մոտ՝ հարցը պարզաբանելու համար, սակայն վերջինս հրաժարվել է։ Փոխարենը Լուչիդին թույլ է տվել նրա ավագ որդուն՝ Ռիկկարդոյին, կանչել հարազատներին ու հարևաններին։ Մարիաննայի հորեղբայրը՝ Անջելո Պադովանին, որը Բոլոնիայի հրեական համայնքի հայտնի անդամ էր, եզրակացրել է, որ միակ հույսը Ֆելետիին դիմելն է[29]։

Ինքն ու Մարիաննայի փեսան՝ Անջելո Մոսկատոն, նույն գիշերը՝ ժամը 23:00-ից հետո, գնացել են Սան Դոմենիկոյի եկեղեցի՝ հանդիպելու ինկվիզիտորին։ Ֆելետին կրկնել է, որ ինչպես Լուչիդին, ինքը նույնպես միայն հրամաններ է կատարում։ Նա հրաժարվել է բացահայտել, թե ինչու են կարծել, որ Էդգարդոն մկրտվել է՝ նշելով, որ դա գաղտնի տեղեկատվություն է։ Երբ տղամարդիկ աղաչել են գոնե մեկ օր էլ ժամանակ տալ ընտանիքին տղայի հետ մնալու համար, Ֆելետին համաձայնել է՝ պայմանով, որ որևէ փորձ չի արվի երեխային փախցնելու։ Նա մի գրություն է տվել Պադովանիին՝ Լուչիդիին հանձնելու համար։ Լուչիդին հեռացել է, բայց երկու զինվոր թողել է ընտանիքի ննջասենյակում՝ Էդգարդոյին հսկելու համար[29]։

1858 թվականի հունիսի 24-ի առավոտյան Մորտարա ընտանիքը փորձել է չեղարկել ինկվիզիտոր Ֆելետիի որոշումը՝ դիմելով քաղաքի կարդինալ-ներկայացուցիչ Ջուզեպե Միլեզի Պիրոնի Ֆերրետիին կամ Բոլոնյայի արքեպիսկոպոս Միքելե Վիալե-Պրելային, բայց պարզվել է, որ երկուսն էլ քաղաքում չէին։ Կեսօրին մոտ Մորտարաները որոշել են ամեն ինչ անել, որպեսզի Էդգարդոյի հեռացումը հնարավորինս առանց ցավի անցնի։ Էդգարդոյի քույրերն ու եղբայրները տարվել են ազգականների մոտ, իսկ մայրը՝ Մարիաննան, դժկամությամբ համաձայնել է երեկոն անցկացնել հրեա ընտանեկան ընկեր Ջուզեպպե Վիտտայի կնոջ հետ։ Ժամը 17:00-ի սահմաններում Մոմոլոն գնացել է Սան Դոմենիկո՝ վերջին անգամ խնդրանքով դիմելու Ֆելետիին։ Ինկվիզիտորը կրկնել է նախորդ գիշերվա իր խոսքերը՝ վստահեցնելով, որ Էդգարդոյին լավ կխնամեն և նա կլինի հենց Պապի հովանու ներքո։ Նա նաև զգուշացրել է, որ տեսարան ստեղծելն օգտակար չի լինի, երբ ջենդարմերը վերադառնան երեկոյան[30]։

Երբ Մոմոլոն վերադարձել է տուն, բնակարանում մնացել էին միայն Վիտտան, Մարիաննայի եղբայրը՝ Անջելո Պադովանին, երկու ոստիկաններ և Էդգարդոն։ Ժամը 20:00-ի կողմերը ջենդարմերը վերադարձել են երկու կառքով։ Մեկում Լուչիդին ու իր մարդիկ էին, իսկ մյուսը՝ Ագոստինիի վարածը՝ նախատեսված Էդգարդոյի տեղափոխման համար։ Լուչիդին ներս է մտել և վերցրել Էդգարդոյին հոր գրկից, ինչի պատճառով երկու պահակները, որոնք հսկել են տղային, արտասվել են։ Մոմոլոն հետևել է նրանց աստիճաններով դեպի փողոց, ապա ուշաթափվել։ Էդգարդոյին նստեցրել են կառք, ևհեռացրել ընտանիքից[30]։

Նախնական բողոքարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Giacomo Antonelli
Ջակոմո Անտոնելի, Հռոմի Պապի կառավարության ղեկավար, որպես կարդինալ-պետքարտուղար։

Քանի որ նրանք չեն իմացել, թե ուր են տարել Էդգարդոյին (Մոմոլոն միայն հուլիսի սկզբին է իմացել այդ մասին), Մորտարաները՝ Բոլոնիայի, Հռոմի և Իտալիայի այլ քաղաքների հրեական համայնքների աջակցությամբ, սկզբում կենտրոնացել են բողոքների ձևակերպման և արտասահմանյան հրեաներից աջակցություն ստանալու վրա[31]։ Արևմտյան Եվրոպայի երկրներում հրեաների՝ մամուլի ազատության ընդլայնման և քաղաքական էմանսիպացիայի արդյունքում զգալիորեն ընդլայնված հրապարակային ձայնը (հատկապես Սարդինիայի թագավորությունում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում) հանգեցրել է նրան, որ Մորտարայի առևանգումը ստացել է մամուլի աննախադեպ ուշադրություն՝ նման դեպքերի համեմատությամբ[32]։ Սկզբում պապական իշխանությունները տրամադրված էին պարզապես անտեսել Մոմոլոյի բողոքները, սակայն վերանայել են իրենց դիրքորոշումը, երբ թերթերն սկսել են գրել այդ դեպքի մասին։ Պապական պետության բազմաթիվ հակառակորդներ այս դեպքը ներկայացրել են որպես պապական բռնապետության վառ օրինակ[33]։

Փորձելով պաշտպանել Պապական պետությունների արդեն իսկ խոցելի դիվանագիտական դիրքերը՝ պետության քարտուղար կարդինալ Ջակոմո Անտոնելին կապ է հաստատել Հռոմի հրեական համայնքի հետ՝ կազմակերպելով հանդիպում Մոմոլո Մորտարայի հետ և 1858 թվականի օգոստոսի սկզբին նրան քաղաքավարի ընդունել[34]։ Անտոնելին խոստացել է, որ հարցը կներկայացվի Պապին և բավարարել Մոմոլոյի խնդրանքը՝ թույլ տալով նրան պարբերաբար այցելել Էդգարդոյին Կատեխումենների տանը[34]։ Պատմաբան Դեյվիդ Կերցերը նշել է, որ այս անսովոր որոշումը (կրկնվող այցելությունների թույլտվությունը, այլ ոչ թե սովորական մեկ այցելությունը) առաջին նշանն էր, որ Մորտարայի դեպքը բացառիկ նշանակություն էր ստանալու[34]։

Մորտարաների և նրանց դաշնակիցների փորձերը պարզելու, թե իրականում ով էր մկրտել Էդգարդոյին, շուտով արդյունք են տվել։ Նրանց ներկայիս սպասուհին՝ Աննա Ֆակինին, վճռականորեն հերքել է որևէ ներգրավվածություն, և ընտանիքը սկսել է գնահատել նախկին աշխատակիցներին։ Շուտով նրանք սկսել են կասկածել Աննա Մորիզիին։ 1858 թվականի հուլիսի վերջին Մորտարայի տուն այցելել է Գիներվա Սկալյարինին՝ Մորիզիի ընկերուհին, որն աշխատել էր Մարիաննայի քրոջ՝ Չեզարե Դե Անջելիսի համար։ Մարիաննայի եղբայր Անջելո Պադովանին փորձեցլ է փորձարկել Սկալյարինիին՝ կեղծաբար հայտարարելով, թե լսել է, որ հենց Մորիզին է մկրտել Էդգարդոյին։ Խաբեությունը ստացվել է․ Սկալյարինին պատասխանել է, որ իրեն նույնը պատմել է Մորիզիի քույրը՝ Մոնիկան[35]։

Ավագ Անջելո Պադովանին Չեզարե Դե Անջելիսի հետ է գնացել Սան Ջովաննի ին Պերսիչետո՝ դիմակայելու Աննա Մորիզիին։ Պադովանին հիշել է, որ նրան լացելիս են գտել։ Երբ այցելուները նրան համոզել են, որ վնաս տալու մտադրություն չունեն, Մորիզին պատմել է այն, ինչ արդեն հայտնել էր Ֆելետիին։ Նա ասել է, որ մի մթերավաճառ Չեզարե Լեպորն է առաջարկել մկրտությունը, երբ ինքը խոսել էր Էդգարդոյի հիվանդության մասին, և հենց նա էլ սովորեցրել է՝ ինչպես կատարել այդ ծեսը։ Նա շարունակել է, թե մինչև 1857 թվականը այդ մասին ոչ մեկին չի ասել, երբ մեկ տարեկանում մահացել է Էդգարդոյի կրտսեր եղբայրը՝ Արիստիդեն։ Երբ հարևաններից մեկի սպասուհին՝ Ռեգինա անունով, ակնարկել է, թե Մորիզին երևի Արիստիդեին էլ պետք է մկրտած լիներ, Մորիզու շուրթերից «պատահաբար սայթաքել է», որ ինքն արդեն մկրտել է Էդգարդոյին։ Պադովանիի խոսքով՝ Մորիզին պատմել է, որ ինկվիզիտորի հարցաքննության ժամանակ լաց է եղել և զղջացել Էդգարդոյի հեռացման համար՝ «ըմբռնելով, որ ամեն ինչ իր մեղքով է, շատ դժբախտ և լուռ է»[36]։ Մորիզին համաձայնել էր, որ այդ ամենը գրանցվի պաշտոնապես, սակայն երբ երեք ժամ անց Պադովանին ու Դե Անջելիսը վերադարձել են՝ նոտարի և երկու վկայի հետ, նա արդեն իսկ այնտեղ չէր։ Նրան երկար որոնելուց հետո՝ ապարդյուն, նրանք վերադարձել են Բոլոնիա՝ Մորիզիի պատմության վկայությամբ, որը Պադովանին ճշմարիտ է համարել. «Նրա խոսքերը, վարքն ու արցունքները, որ նախորդել են նրա պատմությանը, ինձ համոզել են, որ նա ասել է մաքուր ճշմարտություն»[36]։

Երկու պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականի օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսերը Էդգարդոյին մի քանի անգամ այցելել է իր հայրը՝ Կատեխումենների տան վերակացու Էնրիկո Սառայի հսկողությամբ։ Այդ հանդիպումների վերաբերյալ տարբեր պատմությունները հետագայում վերածվել են երկու հակադիր նարատիվի՝ ամբողջ գործի շուրջ։ Մոմոլոյի պատմած տարբերակը, որն աջակցություն էր գտել հրեական համայնքում ու նրանց համակիրների շրջանում, պնդել է, որ մի ընտանիք կործանվել էր պապական կառավարության կրոնական ֆանատիզմի պատճառով, որ անօգնական Էդգարդոն Հռոմ ճանապարհին լացել է՝ կանչելով ծնողներին, և որ տղան միայն մի բան է ուզել՝ վերադառնալ տուն[37]։ Իսկ եկեղեցու և նրա աջակիցների կողմից տարածված, ամբողջ Եվրոպայի կաթողիկե մամուլում շրջանառվող նարատիվը ներկայացրել է աստվածային նախասահմանմամբ զղջումի ու փրկության պատմություն՝ հոգևոր ուժով օժտված մի երեխայի մասին։ Ըստ այս տեսանկյունի՝ նորադարձ Էդգարդոն մի կյանք է թողել՝ լի մոլորությամբ և հավերժական կործանմամբ, իսկ այժմ նա ունակ էր կիսելու քրիստոնեական փրկությունը, և խորապես վշտացած էր, որ ծնողները չեն ցանկացել կրոնափոխվել իր հետ[37]։

Համարյա բոլոր պատմական անդրադարձներում, որոնք աջակցել են Մորտարա ընտանիքին, առանցքային թեման Մարիաննա Մորտարայի առողջությանն էր վերաբերել։ 1858 թվականի հուլիսից սկսած Եվրոպայում տարածվել է, թե Էդգարդոյին կորցնելու վշտից Մարիաննան կամ գրեթե խելագարվել էր, կամ այդ վիճակում կարող էր մահանալ։ Ուժեղ մոր հզոր կերպարը ակտիվորեն ընդգծվել է թե՛ հանրությանը, թե՛ հենց Էդգարդոյին ուղղված ընտանիքի դիմումներում։ Մոմոլոն և Հռոմի հրեական համայնքի քարտուղար Սաբատինո Սկացոկյոն Էդգարդոյին ասել է, որ մոր կյանքը վտանգված է, եթե նա շուտ չվերադառնա։ Երբ Մարիաննան օգոստոսին նամակ է գրել որդուն, Սկացոկյոն հրաժարվել է այն հանձնել՝ պատճառաբանելով, որ նամակի հանգիստ և հուսադրող տոնը կարող էր հակառակ ազդեցությունն ունենալ․ նրանք ցանկացել են համոզել տղային, թե մայրը այլևս ինքն իրենը չէ և միայն նրա վերադարձը կարող է փրկել նրան[38]։ 1859 թվականի հունվարին մի թղթակից գրեցլ է․ «Հայրը մեծ քաջություն է ցուցաբերում, բայց մայրը հազիվ է դիմանում։ …Եթե Սուրբ Հայրը տեսներ այդ կնոջը այնպես, ինչպես ես տեսա, նա այլևս սիրտ չէր ունենա պահելու նրա որդուն գեթ մեկ վայրկյան»[39]։

Կաթոլիկ պատմության որոշ տարբերակներ կային, բայց բոլորն ունեցել են նույն հիմնական կառուցվածքը․ Էդգարդոն շուտափույթ և եռանդով ընդունել է քրիստոնեությունը ու ձգտել հնարավորինս շատ բան սովորել կրոնի մասին[40]։ Շատ պատմություններում նկարագրվել է հուզիչ տեսարան, որտեղ Էդգարդոն հիանցել է Մարիամ Աստվածածնով՝ սգացող կերպարով պատկերված նկարով՝ կամ Հռոմում, կամ Բոլոնիայից Հռոմ ճանապարհին[40]։ Ագոստինին՝ ոստիկաններից մեկը, որը նրան ուղեկցել էր Հռոմ, հաղորդել է, որ Էդգարդոն սկզբում համառորեն հրաժարվել է մտնել եկեղեցի, բայց այնուհետև տեղի է ունեցել «զարմանալի փոփոխություն»․ նա ծնկի է իջել, խաղաղ մասնակցել պատարագին և ուշադիր լսել Ագոստինիի բացատրությունները։ Նա սովորեցրել է Էդգարդոյին խաչակնքվել, ապա ասել «Ողջույն քեզ, Մարիամ» աղոթքը[41]։ Այդ պահից հետո, Ագոստինիի վկայությամբ, տղան «մոռացել էր ծնողներին» և պնդել այցելել յուրաքանչյուր քաղաքի եկեղեցի, որտեղով անցել են դեպի Հռոմ ճանապարհին։

Հաճախ կրկնվող թեման այն էր, որ Էդգարդոն դարձել էր մի տեսակ հրաշամանուկ։ Ըստ մի ականատեսի վկայության, որը հրապարակվել էր կաթոլիկ «L'armonia della religione colla civiltà» ամսագրում՝ Էդգարդոն մի քանի օրվա ընթացքում լիովին սովորել էր կատեխիզիսը, «օրհնել էր ծառային, որը իրեն մկրտել էր» և հայտարարել, որ ուզում է բոլոր հրեաներին դարձի բերել քրիստոնեության[40]։ Մորտարայի գործի վերաբերյալ եկեղեցու ամենաազդեցիկ կողմնապահ հոդվածը հրապարակվել էր 1858 թվականի նոյեմբերին իեզուիտական «La Civiltà Cattolica» պարբերականում և այնուհետև վերատպվել կամ մեջբերվել եվրոպական բազմաթիվ կաթոլիկ թերթերում։ Այդ պատմության համաձայն՝ Էդգարդոն աղաչել էր Կաթեխումենների ռեկտորին, որ իրեն հետ չուղարկեն ընտանիք, այլ թույլ տան մեծանալ քրիստոնեական միջավայրում։ Այդ պատմությունը դարձել է եկեղեցու պաշտպանների հիմնական թեզերից մեկը, որ Էդգարդոն արդեն ուներ նոր ընտանիք՝ կաթոլիկ եկեղեցին։ Հոդվածում մեջբերվել են Էդգարդոյի խոսքերը․ «Ես մկրտված եմ, ես մկրտված եմ, և իմ հայրը Պապն է»[42]։

Պատմաբան Դևիդ Կերտցերի կարծիքով՝ եկեղեցու կողմնակիցները, կարծես, չեն հասկացել, որ այդ պատմությունները շատերի ականջին հնչել են որպես «չափազանց լավ, որ ճշմարիտ լինեն» և «անհեթեթ»[42]։ Կերտցերն գրել է․ «Եթե Էդգարդոն իրոք ասել է հորը, որ չի ցանկանում վերադառնալ, որ այժմ իր իսկական հորն է համարում Պապին և ուզում է իր կյանքը նվիրել հրեաներին դարձի բերելու գործին, ապա այդ ուղերձը, կարծես, Մոմոլոյին չի հասել»[42]։ Ազատականները, բողոքականները և հրեաները ողջ Եվրոպայով մեկ ծաղրել են կաթոլիկ մամուլում հրապարակված զեկույցները[42]։ Բրյուսելում 1859 թվականին հրապարակված մի բրոշյուրում ներկայացված էին երկու հակադիր պատմություններ, որից հետո եզրակացվել է․ «Վեցամյա մարգարեի՝ հրեաներին դարձի բերելու ցանկության ու մորն ու փոքրիկ քույրերին շարունակ փնտրող երեխայի լացի միջև մենք ոչ մի վայրկյան չենք տատանվում»[42]։ Մորտարայի ծնողները կատաղի կերպով հերքել են կաթոլիկների պատմությունները՝ անվանելով դրանք կեղծ, սակայն նրանց որոշ համախոհներ՝ այդ թվում Սկացոկյոն, որը ներկա էր վիճահարույց հանդիպումներից մի քանիսին, այնքան էլ վստահ չէին, թե իրականում որտեղ էր Էդգարդոյի հավատարմությունը[42]։

Լեպորիի հերքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1858 թվականի սեպտեմբերի վերջին Մոմոլոն վերադարձել է Բոլոնիա՝ այն բանից հետո, երբ նրա երկու աներները նրան գրել էին, որ եթե նա մնա Հռոմում ավելի երկար, ընտանիքը կարող է ֆինանսապես կործանվել[43]։ Նա թողել է Սկացոկյոյին՝ ընտանիքի գործը Հռոմում ներկայացնելու համար[44]։ Մոմոլոն իր ուշադրությունը կենտրոնացրել է Մորիզիի վկայության արժանահավատությունը խարխլելու վրա՝ կամ ապացուցելով նրա պատմության որոշ հատվածների կեղծ լինելը, կամ ցույց տալով, որ նա անհուսալի անձնավորություն է։ Նա նաև որոշել է առերեսվել Չեզարե Լեպորիի հետ՝ այն մթերավաճառի, ում Մորիզին նշել էր որպես թե՛ մկրտությունն առաջարկող, և թե՛ կարգը սովորեցնող։ Մորիզիի պատմության հիման վրա շատ դիտորդներ արդեն Լեպորիին են համարել այս ողջ պատմության գլխավոր մեղավորը։ Երբ Մոմոլոն հոկտեմբերի սկզբին այցելել է նրա խանութ, Լեպորին կտրականապես հերքել է, թե երբևէ խոսել է Մորիզիի հետ Էդգարդոյի կամ որևէ մկրտության մասին, և հայտարարել, որ պատրաստ է այս մասին վկայել ցանկացած իրավական ատյանի առջև։ Նա պնդել է, որ ինքը ինքնուրույն չգիտի մկրտություն կատարել, այնպես որ, եթե այդպիսի զրույց լիներ, այն չէր կարող ընթանալ այնպես, ինչպես նկարագրել է Մորիզին[45]։

Կարլո Մաջին՝ Մոմոլոյի կաթոլիկ ծանոթը, որը նաև պաշտոնաթող դատավոր էր, Լեպորիի հերքման մասին զեկույց է ուղարկել Սկացոկյոյին։ Վերջինս խնդրել է կարդինալ Անտոնելիին այն փոխանցել Պապին։ Մաջիի հայտարարության կցորդ ուղեկցող նամակում այն ներկայացվել է որպես ապացույց, որ Մորիզիի պատմությունը կեղծ է[46]։ Սկացոկյոն նաև ուղարկել է Մորտարա ընտանիքի բժիշկ Պասկուալե Սարագոնիի ցուցմունքը, որում նա հաստատել է, որ Էդգարդոն հիվանդացել է մոտ մեկ տարեկանում, սակայն երբեք չի եղել մահվան վտանգի տակ, և, ցանկացած դեպքում, հենց Մորիզին այդ ժամանակ անկողնային վիճակում է եղել ու ֆիզիկապես չի կարողացել մկրտություն կատարել։ 1858 թվականի հոկտեմբերին Բոլոնիայից ուղարկված մեկ այլ զեկույց, որը ներառել է ութ կնոջ և մեկ տղամարդու՝ բոլորը կաթոլիկ, հաստատել են բժիշկի հայտարարությունները Էդգարդոյի և Մորիզիի հիվանդությունների վերաբերյալ։ Զեկույցում նաև պնդվել է, որ նախկին աղախինը՝ Մորիզին, հակված է եղել գողության և սեռական անբարոյականության։ Չորս կին, այդ թվում՝ ծառա Աննա Ֆակկինին և Մորիզիին Մորտարայից հետո աշխատանքի ընդունած կինը՝ Էլենա Պինյատտին, պնդել են, որ Մորիզին պարբերաբար սիրախաղ է արել ավստրիացի սպաների հետ և նրանց հրավիրել իր տերերի տուն՝ սեռական կապ հաստատելու նպատակով[47]։

Միջազգային սկանդալ և քաղաքական նենգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի թագավոր Նապոլեոն III-ը միջազգային գործիչների թվում էր, որոնք զայրացած էին Մորտարայի նկատմամբ պապական շրջանի գործողություններից։

Քանի որ Հռոմում որևէ առաջընթաց չէր գրանցվել, Մոմոլո և Մարիաննա Մորտարաները 1858 թվականի դեկտեմբերի սկզբին վերադարձել են Բոլոնիա[48] և շուտով տեղափոխվել Թուրին՝ Պիեմոնտ[49]։ Քերտցերի խոսքերով՝ այս գործը դարձել է հակակաթոլիկ «հրապարակախոսների երազանք» և մինչ այդ արդեն վերածվել հսկայական միջազգային սկանդալի՝ թե՛ Եվրոպայում, և թե՛ ԱՄՆ-ում։ Տարբեր խավերից մարդիկ պահանջել են, որ Պապը վերադարձնի Էդգարդոյին ծնողներին[50]։ Մորտարայի գործը դարձել է հայտնի ոչ միայն հրեաների, այլև բողոքական քրիստոնյաների համար՝ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ հակակաթոլիկ տրամադրությունները տարածված են եղել։ Միայն 1858 թվականի դեկտեմբերին Նյու Յորք Թայմսը այս թեմայի վերաբերյալ ավելի քան 20 հոդված է հրապարակել[51]։ Բրիտանական The Spectator հանդեսը Մորտարայի գործը ներկայացրել է որպես ապացույց, որ Պապական մարզերը «աշխարհի ամենավատ կառավարությունն» են ունեցել՝ «ամենաանհուսալի, ամենագոռոզ, ամենադաժան ու ամենախեղճ»[52]։ Կաթոլիկ մամուլը՝ թե՛ Իտալիայում, և թե՛ արտերկրում, հաստատակամորեն պաշտպանել է Պապի գործողությունները[53]։ Կաթոլիկ կողմնակիցների հոդվածները հաճախ բացահայտ հակասեմական բնույթ են կրել՝ օրինակ պնդելով, թե իբր զարմանալի չէ, որ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի մամուլը քննադատական էր, «քանի որ եվրոպական թերթերի մեծ մասն այժմ հրեաների ձեռքերում է»[54]։ Սկացոկյոն առաջարկել է, որ մամուլի գրոհը ընդդեմ եկեղեցու, իրականում հակառակ արդյունքն է տվել՝ զայրացրել է Պապին ու ամրապնդել նրա որոշումը որևէ զիջման չգնալ[55]։

Անկախ նրանից՝ արդյոք Պապ Պիոս IX-ը անձամբ մասնակցել էր Մորտարային ծնողներից խլելու որոշմանը (այս մասին մամուլում լայն քննարկումներ են եղել), պարզ էր, որ նա խորապես զարմացել էր միջազգային արձագանքի ուժգնությունից։ Նա որդեգրել է այն դիրքորոշումը, որ «Postremo mense» նամակի հիման վրա՝ մկրտված երեխային ոչ քրիստոնյա ընտանիք վերադարձնելը անհամատեղելի է եկեղեցու վարդապետության հետ[56]։ Չնայած օտարերկրյա կառավարությունները և Ռոտշիլդների տարբեր ճյուղերը մեկը մյուսի հետևից դատապարտել են Պապի գործողությունները, Պիոս IX-ը մնացել է անդրդվելի՝ համարելով դա սկզբունքի հարց[57]։ Դժգոհների թվում էր նաև Ֆրանսիայի Նապոլեոն III-ը, որի համար իրավիճակն առավել ցավալի էր, քանի որ հենց ֆրանսիական կայազորըապահովել է Պապական իշխանության գոյությունը Հռոմում։ Նապոլեոն III-ը համեմատաբար անտարբերորեն է աջակցել Պապի աշխարհիկ իշխանությանը, քանի որ այն վայելել է լայն աջակցություն ֆրանսիացի կաթոլիկների շրջանում[58]։ Մորտարայի առևանգումը լայնորեն դատապարտվել է ֆրանսիական մամուլում[59] և թուլացրել Պապի նկատմամբ համակրանքը։ Պատմաբան Ռոժե Օբերիի խոսքով՝ դա եղել է վերջին կաթիլը, որը փոխել է Ֆրանսիայի քաղաքականությունը[58]։

1859 թվականին Նապոլեոն III-ը գաղտնի պայմանագիր է կնքել Սարդինիայի թագավորության հետ՝ խոստանալով ֆրանսիական ռազմական աջակցություն Ավստրիացիներին Իտալիայից դուրս մղելու և երկրի միավորման նպատակով։ Կաթողիկոսական տիրույթների մեծ մասը, ինչպես նաև Երկու Սիցիլիան ու մի շարք փոքր պետություններ, պետք է միավորվեին այդ գործընթացի ժամանակ[60]։

Այդ ժամանակ ընդունված սովորույթ էր, որ ամեն Նոր տարվա սկզբին Հռոմի հրեական համայնքի պատվիրակությունը հանդիպել է Պապի հետ։ 1859 թվականի փետրվարի 2-ի հանդիպումը շուտով վերածվել է բուռն վեճի։ Պապ Պիոսը խիստ հանդիմանել է հրեական պատվիրակությանը՝ հայտարարելով, թե «Մորտարայի գործով ամբողջ Եվրոպայում փոթորիկ եք բարձրացրել»[61]։ Երբ պատվիրակները ժխտել են, թե Հռոմի հրեաներն առնչություն ունեն հակակղերական հոդվածների հետ, Պապը Սկացոկյոյին անփորձ ու հիմար է անվանել և բղավել. «Թերթերը կարող են գրել ինչ ուզեն։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե աշխարհն ինչ է մտածում»։ Այնուհետև Պապը փոքր-ինչ հանդարտվել է՝ ասելով. «Այնքան մեծ է իմ գութը ձեր հանդեպ, որ ներում եմ ձեզ։ Իրոք, պարտավոր եմ ներել»։ Երբ պատվիրակներից մեկը առաջարկել է, որ եկեղեցին չպետք է այդքան վստահի Մորիզիի վկայությանը՝ հաշվի առնելով նրա կասկածելի բարքերը, Պապը հակադարձել է՝ ասելով, որ անկախ նրա բնավորությունից՝ ծառան, որքան ինքը կարող է դատել, որևէ պատճառ չի ունեցել նման պատմություն հորինելու համար։ Բացի այդ՝ Մոմոլո Մորտարան չպետք է կաթոլիկ անձին ծառայության ընդուներ[61]։

Պապ Պիոս IX-ի վճռականությունը՝ Էդգարդոյին պահելու հարցում, վերածվել է հորական ջերմ կապի։ Էդգարդոյի հուշերի համաձայն՝ Պապը հաճախ ժամանակ է անցկացրել իր հետ, խաղացել նրա հետ։ Պապը հաճախ նրան թիկնոցի տակ է թաքցրել ու ձայնով որոնել՝ «Ո՞ւր է տղան»[62]։ Մի հանդիպման ժամանակ Պապ Պիոսն ասել է Էդգարդոյին. «Որդիս, դու ինձ թանկ ես արժեցել, և քո պատճառով ես շատ եմ տառապել»։ Այնուհետև ներկաներին դիմելով՝ ասել է. «Թե՛ հզորները, թե՛ անզորները փորձել են այս տղային խլել ինձնից՝ մեղադրելով ինձ բարբարոսության ու անողորմության մեջ։ Նրանք ողբացել են նրա ծնողների համար, բայց չեն հասկացել, որ ես նույնպես նրա հայրն եմ»[61]։

Բրիտանացի հրեաների պատգամավորների խորհրդի նախագահ սըր Մոզես Մոնտեֆիորեն փորձել է պաշտպանել Մորտարի ընտանիքը։

Ֆելետինի ձերբակալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականի վերջն ու 1860 թվականի հունվարը Մոմոլո Մորտարան անցկացրել է Փարիզում և Լոնդոնում՝ փորձելով միջազգային աջակցություն ստանալ։ Մինչ նա բացակայել է, նրա հայրը՝ Սիմոնը, որը բնակվել է Բոլոնյայից մոտ 30 կիլոմետր արևմուտք՝ Ռեջո նել Էմիլիայում, հաջողությամբ դիմել է նոր ձևավորված Ռոմանիայի իշխանություններին՝ խնդրելով սկսել Մորտարայի գործի հետաքննությունը։ 1859 թվականի դեկտեմբերի 31-ին Ֆարինին հրամայել է իր արդարադատության նախարարին հետապնդել «փախուստի հեղինակներին»։ Ֆիլիպո Կուրլետին՝ Ռոմանիայի նորանշանակ ոստիկանության գլխավոր տնօրենը, նշանակվել է այդ հետաքննության պատասխանատու։ Երբ երկու ոստիկաններ ճանաչել են նախկին ինկվիզիտոր Ֆելետտիին՝ որպես Էդգարդոյին հեռացնելու հրամանը տվող, 1860 թվականի հունվարի 2-ի գիշերը՝ մոտ ժամը 02:30-ին, Կուրլետին ոստիկանների ջոկատով մեկնել է Սան Դոմենիկո և ձերբակալել նրան[63]։

Ոստիկանության քննիչները սկսել են հարցաքննել Ֆելետիին, սակայն երբ հարցերը վերաբերել են Մորտարային կամ նրա հեռացման հանգամանքներին, վանականը պատասխանել է, որ սուրբ երդումը արգելել է իրեն խոսել Սրբազան Գրասենյակի գործերի մասին։ Երբ Կուրլետին պահանջել է հանձնել Մորտարայի գործին առնչվող բոլոր փաստաթղթերը, Ֆելետին պատասխանել է, որ դրանք այրվել են։ Հարցին, թե երբ և ինչպես՝ նա կրկնել է, որ Սրբազան Գրասենյակի գործերի շուրջ ոչինչ ասել չի կարող։ Ավելին՝ Ֆելետին հայտարարել է. «Ինչ վերաբերում է իմ՝ Բոլոնիայի Սրբազան Գրասենյակի ինկվիզիտորի կարգավիճակում իրականացրած գործունեությանը, ես պարտավոր եմ բացատրություն տալ միայն մեկ ատյանի՝ Հռոմի գերագույն սրբազան հանձնաժողովին, որի նախագահն է Սրբազան Պապ Պիոս IX-ը, և ոչ ոքի այլ»։ Ոստիկանները խուզարկել են վանքը՝ Մորտարայի գործի հետ առնչվող փաստաթղթեր փնտրելով, սակայն ոչինչ չեն գտել։ Այնուհանդերձ, ինկվիզիտորին տեղափոխել են բանտ[64]։ Ֆելետիի ձերբակալության լուրը մեծ աղմուկ է բարձրացրել՝ վերակենդանացնելով Եվրոպայում արդեն մարած մամուլի փոթորիկը Մորտարայի գործի շուրջ[64]։

Լուիջի Կառլո Ֆարինի,1859 թվականին՝ Բոլոնիայում պապական իշխանության անկումից հետո, Ռոմանիայի նահանգապետ

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելետիի դատավարությունը Բոլոնիայի նոր իշխանությունների օրոք առաջին խոշոր քրեական գործն էր[65]։ 1860 թվականի հունվարի 18-ին դատախազ Ֆրանչեսկո Կարբոնին հայտարարել է, որ մեղադրանք է առաջադրվելու ինկվիզիտոր Ֆելետիին և փոխգնդապետ Լուիջի դե Դոմինիչիսին, բայց ոչ Լուչիդիին կամ Ագոստինիին։ Հունվարի 23-ին Կարբոնին բանտում հարցաքննել է Ֆելետիին[65]։ Վանականը հայտարարել է, որ Էդգարդոյին ընտանիքից հեռացնելը պարզապես Սրբազան Գրասենյակի հրամանն էր, որը երբեք չի հրապարակել որևէ որոշում առանց Հռոմի Պապի համաձայնության։ Նա ներկայացրել է Մորտարայի գործի մասին եկեղեցու տեսակետը՝ պնդելով, որ Էդգարդոն «միշտ հաստատակամ է եղել քրիստոնյա մնալու ցանկության մեջ և այժմ հաջողությամբ ուսանում է Հռոմում»[65]։ Ի վերջո, Ֆելետին կանխատեսել է, որ Էդգարդոն մի օր կդառնա «Մորտարա ընտանիքի հպարտությունը և հենարանը»[65]։

Փետրվարի 6-ին Մոմոլո Մորտարան ներկայացրել է իր պատմությունը, որը գրեթե բոլոր հարցերում հակասել է ինկվիզիտորի վկայությանը։ Նա ասել է, որ Հռոմում Էդգարդոն «վախեցած էր, ընկճված ռեկտորի ներկայությունից, սակայն բացահայտ արտահայտել է մեզ հետ տուն վերադառնալու ցանկությունը»[66]։ Դրանից հետո Կարբոնին մեկնել է Սան Ջովաննի ին Պերսիչետո՝ հարցաքննելու Մորիզիին, որը ասել է, որ 23 տարեկան է, մինչդեռ իրականում նա 26 էր։ Մորիզին պատմել է, որ Էդգարդոն հիվանդացել էր 1851-1852 թվականների ձմռանը՝ մոտ 4 ամսականում[67]։ Նա հիշել է, թե ինչպես Մորտարաները նստած են եղել Էդգարդոյի մահճակալի մոտ՝ տխուր դեմքերով, և կարդացել մի եբրայերեն գիրք, որը հրեաներն ընթերցել են, երբ մեկը մահանալիս է եղել։ Մորիզին կրկնել է իր պատմությունը՝ ասելով, որ հրատապ մկրտությունը կատարել է Լեպորի անունով մթերավաճառի հուշումով և այնուհետև պատմել այդ մասին հարևանի ծառային՝ Ռեջինային, ինչպես նաև իր քույրերին[67]։

Լեպորին, ինչպես նախկինում, ամբողջովին հերքել է իր առնչությունն այս գործին՝ պնդելով, որ նույնիսկ չի հիշել Մորիզիին[68]։ Մորիզիի պատմության մեջ հիշատակված «Ռեջինա»-ն նույնացվել է որպես Ռեջինա Բուսոլարի, սակայն թեև Մորիզին պնդել է, թե պատմել է նրան ամեն ինչ, Բուսոլարին հակառակն է պնդել, որ ոչինչ չի իմացել այս գործի մասին։ Նա ասել է, որ Մորիզիի հետ խոսել է միայն մեկ կամ երկու անգամ, երբ նա գնացել է պահեստ՝ ինչ-որ բան վերցնելու», և երբեք՝ Մորտարայի երեխաների կամ նրանց ընտանիքի վերաբերյալ որևէ բանի մասին[68]։

Ելենա Պինյատին՝ այն կինը, որը 1857 թվականին՝ Մորտարայի ընտանիքից հեռանալուց հետո, Մորիզիին աշխատանքի է ընդունել, և ում վկայությունը Մորիզիի վարքի մասին տեղ է գտել Մորտարաների՝ Պապին ուղղված բողոքների մեջ, վկայել է․

Յոթ կամ ութ տարի առաջ… Մորտարա ընտանիքի մի որդի, որի անունը ես չգիտեմ, հիվանդացել է, և ասել, թե նա մեռնելու վրա է։ Այդ օրերին մի առավոտ պատահաբար հանդիպել եմ Մորիզիին։ Մեր այլ խոսակցությունների ընթացքում նա՝ առանց նշելու երեխայի հիվանդությունը, ինձ հարցրել է. «Ճի՞շտ է, որ եթե մկրտես մի հրեա երեխայի, որը մահանալու վրա է, նա կգնա դրախտ և կստանա ինդուլգենցիա»։ Չեմ հիշում՝ ինչ եմ պատասխանել նրան, բայց երբ Մորտարայի տղային առևանգել են դոմինիկյան հոր հրամանով, ես վստահ էի, որ հենց նա էր այդ հիվանդ երեխան»[69]։

Դատ և արդարացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելետին կանգնել է դատարանի առաջ՝ հիմք ընդունելով այն օրենսգիրքը, որը Բոլոնիայում Էդգարդոյի հեռացման պահին համարվել է գործող։ Կարբոնին առաջարկել է, որ նույնիսկ պապական օրենքներով այդ գործողությունը եղել է անօրինական։ Նա հայտարարել է, որ որևէ ապացույց չի գտել Ֆելետիի պնդման օգտին, թե իբր նա գործել է Հռոմից ստացած հրահանգով, և որ կան ծանրակշիռ հիմքեր կասկածելու Մորիզիի պատմությանը։ Բացի այդ, ըստ նրա, Ֆելետին ոչինչ չի արել՝ ստուգելու համար Մորիզիի ասածը, նախքան Էդգարդոյի հեռացման հրամանը։ Երբ Ֆելետին հրաժարվել է պաշտպան ներգրավելուց՝ ասելով, որ իր պաշտպանությունը հանձնում է Աստծուն ու Կույս Մարիամին, պետության կողմից նշանակվել է փորձառու փաստաբան Ֆրանչեսկո Յուսսին՝ որպես նրա պաշտպան[70]։

Դատական լսումը կայացել է 1860 թվականի ապրիլի 16-ին՝ վեց դատավորներից կազմված խորհրդի ներկայությամբ։ Ո՛չ Մորտարայի ընտանիքը, ո՛չ էլ Ֆելետին ներկա չեն գտնվել։ Առաջինները գտնվել է Թուրինում և դատի օրվա մասին իմացել են ընդամենը երկու օր առաջ, իսկ Ֆելետին հրաժարվել է ներկայանալ՝ չճանաչելով նոր իշխանությունների՝ իրեն դատելու իրավասությունը։ Քանի որ Կուրլետիի և Կարբոնիի կողմից հավաքված ապացույցները առկա են եղել, մեղադրող կողմը որևէ վկա չի հրավիրել[70]։ Մեղադրող Ռադամիստո Վալենտինին, որն այս գործով հանդես է եկել իր առաջին խոշոր դատավարությունում, հայտարարել է, որ Ֆելետին միայնակ և սեփական նախաձեռնությամբ է հրամայել երեխայի հեռացումը։ Այնուհետև նա կենտրոնացել է Կարբոնիի երկրորդ դիտարկման վրա՝ թե Հռոմի իշխանությունները ինչպես կարող են հավատալ Մորիզիի պատմությանը։ Վալենտինին մանրամասն վերլուծել է Մորիզիի ասածները՝ պնդելով, որ եթե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես նա նկարագրել է, մկրտությունը ճիշտ կերպով չի կատարվել, և, հետևաբար, այն անվավեր է[71]։ Այնուհետև նա մատնանշել է Մորիզիի վկայության անհամապատասխանությունները մյուս ցուցմունքների հետ, անվանեցլ նրան հիմար աղջիկ, «որ փչացած էր օտար զինվորների գարշահոտ շնչով ու հպումով … և առանց ամաչելու նրանց հետ պտտվել է անկողնում», և վերջում մեղադրել Ֆելետիին՝ իբրև վերջինս գործել է մոլուցքով ու «հուդայամերժ մի ինկվիզիտորի ատելությամբ»[72]։

Յուսսին երկար մեջբերում է արել Անջելո Պադովանիի պատմությունից՝ նրա 1858 թվականի հուլիսին Մորիզիի հետ հանդիպման մասին։ Այնուհետև նա կասկածի տակ է առել խանութպան Լեպորիի պնդումը, իբրև թե ինքն անգամ չի իմացել ինչպես է կատարվել մկրտությունը՝ ներկայացնելով ոստիկանության զեկույց, որտեղ Լեպորին նկարագրվել է որպես քահանայի մտերիմ ընկեր։ Յուսսին առաջարկել է, որ Լեպորին և Բուսսոլարին կարող են ստել՝ իրենց պաշտպանելու նպատակով, և որ Մորիզիի բարոյական վարքի խախտումները չեն նշանակել, թե նրա պատմությունը կեղծ է։ Վերջում նա եզրակացրել է, որ Ֆելետին, որպես ինկվիզիտոր, պարզապես կատարել է իր պարտականությունը, հետևաբար որևէ հանցագործություն տեղի չի ունեցել[73]։ Դատարանը, Կալչեդոնիոն Ֆերրարիի նախագահությամբ, արագ քննարկումից հետո որոշել է Ֆելետիին ազատել՝ եզրակացնելով, որ նա գործել է այդ ժամանակվա կառավարության հրահանգով[74]։

Քահանայի ձերբակալության և դատավարության միջև եղած ժամանակահատվածը, ինչպես նաև Իտալիայի միավորման գործընթացի արագ ընթացքը, բերել են նրան, որ Մորտարայի գործն արդեն կորցրել է իր առաջնային տեղը հանրային ուշադրության կենտրոնում, և որոշման դեմ գրեթե բողոք չի հնչել։ Իտալական L'Educatore Israelita թերթում խմբագիրը նշել է, որ գուցե սխալ էր որպես մեղադրյալ ընտրել Ֆելետիին, ոչ թե ավելի բարձր պաշտոնյայի։ Ֆրանսիական Archives Israélites-ը նմանատիպ տեսակետ է հայտնել՝ հարց հնչեցնելով․ «Ի՞նչ օգուտ կա հարվածելու ձեռքին, երբ հենց գլուխն է այս հարձակումը ծրագրել, իրականացրել և արդարացրել»[74]։

Հանրաճանաչ լրատվամիջոցներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դեպքը դարձել է Ֆրանչեսկո Սիլուֆոյի «Մահացու դեպք» երկգործոն օպերայի թեման, որի պրեմիերան կայացել Է 2010 թվականին Նյու Յորքում[75]։ 2005 թվականին Վիտորիո Մեսորիի հրապարակումը Մորտարայի չհրապարակված իսպանական հուշագրության իտալերեն տարբերակի (կեղծված[76]), որը անգլերեն լեզվով հասանելի է 2017 թվականից՝ «Վատիկանի կողմից առևանգված» վերնագրով։ Էդգարդո Մորտարայի չհրապարակված հուշերը կրկին բորբոքել են բանավեճը[77]։

2023 թվականին Մարկո Բելոկիոն թողարկել է «Առևանգվածները. Էդգարդո Մորտարայի առևանգումը» ֆիլմը, որը նա նույնպես գրել և նկարահանել է[78]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hearder, 2013, էջեր 96, 287–288
  2. Hearder, 2013, էջ vi
  3. 3,0 3,1 3,2 Hearder, 2013, էջեր 287–288
  4. 4,0 4,1 4,2 Kertzer, 1998, էջեր x–xi
  5. Kertzer, 1998, էջ 21
  6. 6,0 6,1 6,2 Kertzer, 1998, էջեր 22–23
  7. Kertzer, 1998, էջ 79
  8. Kertzer, 1998, էջեր 49, 59, 89
  9. 9,0 9,1 Kertzer, 1998, էջեր 49, 59
  10. Pougeois II, p. 429.
  11. Pougeois III, 258
  12. Kertzer, 1998, էջ 14
  13. 13,0 13,1 Kertzer, 1998, էջեր 37–38
  14. Kertzer, David (2004 թ․ սեպտեմբերի 12). «David I. Kertzer, The Kidnapping of Edgardo Mortara. NY: Knopf, 1997». University of Washington. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. Kertzer, 1998, էջեր 23, 39
  16. Kertzer, 1998, էջեր 95–96
  17. Kertzer, 1998, էջեր 23, 39–41
  18. Kertzer, 1998, էջ 83
  19. Kertzer, 1998, էջեր 33, 147
  20. Kertzer, 1998, էջ 34
  21. Kertzer, 1998, էջ 97
  22. Kertzer, 1998, էջեր 34–39
  23. 23,0 23,1 Kertzer, 1998, էջեր 83–84
  24. Kertzer, 1998, էջեր 40–41, 83, 148
  25. Kertzer, 1998, էջեր 145–147
  26. De Mattei, 2004, էջ 154
  27. Kertzer, 1998, էջեր 148–149
  28. Kertzer, 1998, էջեր 54–55, 83–84
  29. 29,0 29,1 29,2 Kertzer, 1998, էջեր 3–8
  30. 30,0 30,1 Kertzer, 1998, էջեր 8–12
  31. Kertzer, 1998, էջեր 64, 85–86
  32. Kertzer, 1998, էջ 43
  33. Kertzer, 1998, էջեր 65–66, 85–87
  34. 34,0 34,1 34,2 Kertzer, 1998, էջեր 65–66
  35. Kertzer, 1998, էջեր 39–40
  36. 36,0 36,1 Kertzer, 1998, էջեր 40–41
  37. 37,0 37,1 Kertzer, 1998, էջեր 50–52, 67–69, 70–71
  38. Kertzer, 1998, էջեր 102–103
  39. Kertzer, 1998, էջ 104
  40. 40,0 40,1 40,2 Kertzer, 1998, էջեր 67–70
  41. Kertzer, 1998, էջեր 53–54
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 42,5 Kertzer, 1998, էջեր 70–71
  43. Kertzer, 1998, էջ 72
  44. Kertzer, 1998, էջեր 92–93
  45. Kertzer, 1998, էջեր 93–94
  46. Kertzer, 1998, էջեր 94–95
  47. Kertzer, 1998, էջեր 97–101
  48. Kertzer, 1998, էջեր 116–118
  49. Kertzer, 1998, էջ 184
  50. De Mattei 2004, p. 154; Kertzer 1998, pp. 116–118.
  51. Kertzer, 1998, էջեր 126–127
  52. The Spectator, 1858, էջեր 1197-98
  53. Kertzer, 1998, էջ 128
  54. Green 2012, p. 264; Kertzer 1998, p. 135.
  55. Kertzer, 1998, էջ 162
  56. De Mattei 2004, pp. 155–156; Jodock 2000, p. 41; Kertzer 1998, pp. 83–85.
  57. Kertzer, 1998, էջեր 87–90
  58. 58,0 58,1 Kertzer, 1998, էջեր 85–87
  59. Monaco, 2013, էջ 104
  60. Kertzer, 1998, էջ 167
  61. 61,0 61,1 61,2 Kertzer, 1998, էջեր 158–161
  62. Kertzer, 1998, էջ 255
  63. Kertzer, 1998, էջեր 185–191
  64. 64,0 64,1 Kertzer, 1998, էջեր 191–194
  65. 65,0 65,1 65,2 65,3 Kertzer, 1998, էջեր 196–201
  66. Kertzer, 1998, էջեր 201–205
  67. 67,0 67,1 Kertzer, 1998, էջեր 205–208
  68. 68,0 68,1 Kertzer, 1998, էջեր 208–212
  69. Kertzer, 1998, էջեր 212–217
  70. 70,0 70,1 Kertzer, 1998, էջեր 227–229
  71. Kertzer, 1998, էջեր 229–231
  72. Kertzer, 1998, էջեր 231–232
  73. Kertzer, 1998, էջեր 232–237
  74. 74,0 74,1 Kertzer, 1998, էջեր 240–242
  75. Tommasini, 2010
  76. Winfield, Nicole (2018 թ․ ապրիլի 20). «Memoir of secretly baptized Jewish boy kidnapped by Vatican under fresh scrutiny». Times of Israel. Վերցված է 2025 թ․ մարտի 26-ին.
  77. Kokx, 2018
  78. Bellocchio, Marco (2024 թ․ մայիսի 24), Rapito (Drama, History), Paolo Pierobon, Fausto Russo Alesi, Barbara Ronchi, IBC Movie, Kavac Film, Rai Cinema, Վերցված է 2024 թ․ հուլիսի 18-ին

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]