Մովսես Սարաֆյանի ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի ազատագրության Մովսես Սարաֆյանի ծրագիր, ստեղծվել է Մովսես Սարաֆյանի կողմից՝ 1769 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա II կայսրուհին, որին ներկայացվել է Սարաֆյանի ծրագիրը։

Հայկական գաղթօջախների մեջ առանձնանում էր ռուսական գաղթօջախը, որի պատճառը հայկական և ռուսական շահերի ժամանակավոր համընկնումն էր․ Ռուսական կայսրությունը ցանկանում էր ծավալվել դեպի հարավ, ամրապնդվել Կասպից ծովի ափերին, Անդրկովկասում, իսկ Հայաստանը ցանկանում էր թոթափել պարսկական և օսմանյան լուծը։ Այդ պատճառով հաճախ կազմվում էին ազատագարական ծրագրեր և ներկայացվում բարեկամ Ռուսաստանին։

Այդպիսի ծրագրերից էր Մովսես Սարաֆյանի՝ 1769 թվականին կազմած ծրագիրը։ 18-րդ դարի երկրորդ կեսին հայերի թիվը ռուսական գաղթօջախում շարունակում էր աճել, 1768 թվականին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմը, լուրերը, որ Ռուսական կայսրությունը զորք է մտցնելու Անդրկովկաս, շարունակում էին ոգևորություն և հույսեր արթնացնել հայերի շրջանում։

Այդպիսի հույսեր էր կապում նաև Մովսես Սարաֆյանը, որը մի շարք այլ հայ քաղաքական գործիչների (Հովհաննես Լազարյան, Գրիգոր Կամպանյան) իմացությամբ կազմեց և Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) ու Եկատերինա II կայսրուհուն ներկայացրեց Հայաստանի ազատագրության ծրագիրը[2]։

Հետագայում այս ծրագիրը չդիտարկվեց ռուսական կառավարության կողմից։

Ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այդ ծրագրի[3]՝

  • Վրաց երկու թագավորությունների հետ պատերազմ սկսել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանից Վրաստան ուղարկելով մի արշավախումբ։
  • Ռուսաստանում բնակվող հայերից և վրացիներից կազմել կամավորական ջոկատներ, որոնց հրամանատարը լինելու էր հայ։ Պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներ պետք է կազմավորվեին նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններից։
  • Ծրագրվում էր պատերազմի մեջ ներգրավել նաև Արցախի մելիքներին՝ նրանց մատակարարելով զենք, հանդերձանք և այլ անհրաժեշտ ռազմամթերք։
  • Հայաստանը ազատագրելուց հետո դրա երկու մասերը պետք է միավորվեին։ Կազմվելու էր Հայաստան պետությունը՝ Ռուսասատանի հովանու ներքո։
  • Արցախի մելիքներից մեկը պատահականության սկզբունքով պետք է դառնար հայոց թագավոր։
  • Կնքվում էր նաև փոխօգնության պայմանագիր։ Եթե Ռուսաստանին անհրաժեշտ լիներ ռազմական օգնություն, ապա հայերը պետք է նրան օժանդակեին։ Իսկ Ռուսաստանը պետք է հովանավորեր հայերին արտաքին թշնամիների հարձակման դեպքում։

Ռազմական գործողությունների պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռազմական պլանի՝ Ռուսական կայսրությունը մինչև Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսելը պետք է գրավեր Երևանը և Արևելյան Հայաստանը։ Դրանից հետո պետք է հայկական, վրացական և ռուսական ջոկատները տարբեր ուղղություններով շարժվեին դեպի Արևմտյան Հայաստան։ Կարսը, Վանը գրավելուց հետո դաշնակիցները պետք է շարունակեին առաջխաղացումը։

Ռազմական ծախսերը հոգալու համար Սարաֆյանը առաջարկում էր Հայաստանում ապրող թուրքերի վրա ռազմատուգանք դնել։ Ծախսերը հոգալու տարբերակ էր նաև հայերից դրամական միջոցների հավաքագրումը կամ եկեղեցու թանկարժեք սպասքի, հարստության և այլ միջոցների օգտագործումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «65. Հայաստանի ազատագրության ռուսահայ կենտրոնը»։ akunq.net (հայերեն)։ Վերցված է 2020-01-04 
  2. «Մովսես Սարաֆյանի ծրագիրը»։ findarmenia.org (հայերեն)։ Վերցված է 2020-01-04 
  3. «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ»։ Երևան։ էջեր 711–713