Մովսես Ջանբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մովսես Ջանբազյան
Ծնվել է1945
ԾննդավայրԱյնճար (Լիբանան
Մահացել է2000 սեպտեմբերի 25
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԱշխատանքԱմերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն

Մովսես Պողոսի Ջանբազյան (1945 թվական, Այնճար (Լիբանան) - 2000 թվական, սեպտեմբերի 25, Փարամուս, ԱՄՆ), հայազգի բարերար, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն, Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենների խորհրդի հոգաբարձու[1], Մերձավոր Արևելքի աստվածաբանական ճեմարանի հոգաբարձության անդամ, Հայկազյան համալսարանի խնամակալության անդամ և Պատվավոր դոկտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Ջանբազյանը ծնվել է 1945 թվականին Լիբանանի Այնճար գյուղաքաղաքում, Պողոս և Ագնեսա Ջանբազյանների ընտանիքում։ Սովորել է Այնճարի Հայ Ավետարանական Վարժարանում, այնուհետև 1968 թվականին ավարտել Բեյրութի Հայկազյան համալսարանի արդի եվրոպական պատմության բաժինը և ստացել արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1971 թվականին Բեյրութի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցում ստանում է Քրիստոնեական դաստիարակության մագիստրոսի աստիճան: Երկու տարի Թրադի (Բեյրութ) Հայ Ավետարանական Ընկերային Ծառայության կենտրոնի հիմնադիր տնօրեն աշխատելուց հետո նա հրավիրվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ ու Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցու այցելող հովիվ: 1978 թվականին Մովսես Ջանբազյանն ամուսնանում է Լուիզա Յումուշակյանի հետ։ Նրանք ունենում են երկու երեխա՝ Վահագն և Անի։ 1980 թվականին Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) կողմից հրավիրվում է Ամերիկա և նշանակվում Ընկերակցության դաշտի առաջին տնօրեն, իսկ 1987 թվականին՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, միաժամանակ Ընկերակցության գործունեության վերահսկման և ընդհանուր ղեկավարման պատասխանատու: Նրա պաշտոնավարման ընթացքում ԱՀԱԸ-ի ակտիվները հասել էին 102 միլիոնի։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ջանբազյանը գլխավորել է ԱՀԱԸ-ի պատվիրակության այցը Հայաստան և ցուցաբերել օգնություն դեղորայքի, սննդի, բժշկական սարքավորումների և հագուստի տեսքով։ Ջանբազյանը նշել է, որ մեր առաջնահերթ նպատակների ու ծրագրերի մեջ այսուհետ Հայաստանը պետք է լինի առաջին տեղում՝ գլխավորը և դառնա մեր ավետարանչական ջանքերի հիմնական առանցքը[2]: 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո Մովսես Ջանբազյանի ջանքերով Հայ Ավետարանական Եկեղեցին պաշտոնապես գրանցվել է Երևանում և բացել իր առաջին գրասենյակը։ Դոկտոր Մովսես Ջանբազյանը մահացել է 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, 55 տարեկան հասակում: Մահից մոտ քսան օր անց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայրենիքին կատարած իր անհուն զոհողության համար Մովսես Ջանբազյանին հետմահու շնորհեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ 2004 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանի թիվ 79 դպրոցը անվանակոչվեց Մովսես Ջանբազյանի անվամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=24151
  2. http//amaa.am/am/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/item/745-25-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4
  3. http://www.ognirdprocid.am/school/109/

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]