Մոսկվայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոսկվայի հայկական տպագրություն, 1819 թվականին, Մոսկվայում, ֆրանսիացի Ավգուստ Սեմենի տպարանում հրատարակվում է առաջին հայերեն գիրքը՝ Սերովբե վարդապետի «Ծաղիկ գիտությանց» հանրագիտական բառարանը։ Հետագա տասը տարվա ընթացքում նա հրատարակում է Հ․ Ալամդարյանի «Համառոտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ» (1821), Լազարյան ճեմարանի սաների ստեղծագործությունների «Մուգայք Արարատեան» ժողովածուն (1829), Ալ․ Սուդաբաշյանի Մոսկվայի հայկական տպագրության հրատարակություններից «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ»-ը (հ․ 1—2, 1838) և մի շարք դասագրքեր։ Բոլոր հրատարակությունների վրա տպարանատիրոջ անունը գրված է Օգոսա Սեմենյանց կամ Օգոսայան Սեմեն։ Հետագայում Օգուսյան Սեմենի հայերեն տառերը անցել են Վլադիմիր Դոտիեին, որի հայերեն հրատարակություններից են․ «Ծաղկաքաղ յառակացն Քռիլովի, Տմիթրինւի Ա Խեմնիցերի» (1849), Մ․ Էմինի «Վեպք հնոյն Հայաստանի» (1850), Ս․ Նազարյանի «Ցաղագս փորձնական հոգեբանութեան․․․» (1851) և «Առաջին հոգեղեն կերակուր․․․» (1853), Գ․ Ախվերդյանի հայտնաբերած Սայաթ-Նովայի տաղերը (1852), Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ գուսաններ Ազբար-Ադամի, Նիրանիի, Շիրինի, Սեյյադի երգերը (1855—1859), Ստ․ Օրբելյանի «Պատմութիւն ի վերայ ծագման տոհմին Օրբելեանց․․․» (1858), Մ․ Մսերյանի «Պատմութիւն կաթողիկոսաց Էջմիածնի»-ն (1876)։ Մոսկվայում առաջին հայկական տպարանը 1829—1860-ական թթ․ վերջերը գոյատևած Լազարյան ճեմարանի ապարանն է։ XIX դ․ 60-ական թթ․ սկսած Մոսկվայում հայերեն գրքեր են տպագրվել Մոսկվայի համալսարանի, Կատկովի և ընկ՝․ Կուդրյավցևի, Օ․ Հերբեկի, Ե․ Գուդվիլդովիչի, Է․ Բարֆինեհթի, Վ․ Գատցուկի և այլոց տպարաններում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի 1-ին տասնամյակում Մոսկվայի հայկական ամենախոշոր տպարանը Մկրտիչ Բարխուդարյանինն էր (վերջին շրջանում տպարանը ղեկավարում էր նրա այրին՝ Քրիստինե Բարխուդարյանը)։ Այս տպարանի հրատարակությունները հասնում են շուրջ 150 անվան։ Դրանց թվում են Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Ծատուրյանի բանաստեղծությունների ժողովածուները, գրականբանասիրական ծանրակշիռ աշխատություններ, «Հյուսիսափայլ»-ը, «Ճռաքաղ»-ը, «Համբավաբեր Ռուսիո»-ն և այլն։ Նշանավոր էին նաև Ե․ Ավետիքյանի և Կ․ Մուրադյանցի տպարանները։ Ետհոկտեմբերյան առաջին տարիներին բեղմնավոր էր Հայկական գործերի կոմիսարիատի տպարանը, ուր հրատարակվել են «Կարմիր դրոշակ» թերթը, Վ․ Ի․ Լենինի «Պետություն և հեղափոխություն» աշխատությունը՝ Վ․ Տերյանի թարգմանությամբ (1920) և այլ գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 35