Մոռացկոտություն
| Contributing factor of | omission | |
|---|---|---|
| Նպաստող գործոն | հիշողության խանգարում, Ժամանակ, disruption | |
| Բնութագրվում է | normality | |
| Less than | memory loss | |
| Handled, mitigated, or managed by | reminder | |
| Հակառակը | հուշեր, learning or memory | |
Մոռացկոտությունը կամ չհիշելը անհատի կարճատև կամ երկարատև հիշողության մեջ արդեն կոդավորված և պահված տեղեկատվության ակնհայտ կորուստը կամ փոփոխությունն է։ Դա ինքնաբուխ կամ աստիճանական գործընթաց է, որի ընթացքում հին հիշողությունները չեն կարողանում վերականգնվել հիշողության պահոցից։ Հիշելու, սովորելու և նոր տեղեկատվությունը պահպանելու հետ կապված խնդիրները տարեց մարդկանց ամենատարածված բողոքներից են[1]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեղեկատվության պարբերական և նպատակային կրկնությունը զգալիորեն բարձրացնում է դրա պահպանման արդյունավետությունն ու տևողությունը։ Այս բարելավումը պայմանավորված է նրանով, որ կրկնությունն օգնում է տեղեկատվությունը փոխանցել երկարաժամկետ հիշողության մեջ[2]։
Մոռացության կորերը (հիշվող նյութի քանակը՝ որպես գործառույթ այն ժամանակի, որը անցել է իրադարձության առաջին ընկալումից հետո) լայնորեն վերլուծվել են։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ աստիճանային ֆունկցիան ապահովում է մոռացկոտության ֆունկցիայի ամենամոտ մաթեմատիկական համապատասխանությունը[3]։
Ընդհանուր տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալ պահին որևէ իրադարձություն չհիշելը դեռ չի նշանակում, որ այն մշտապես մոռացվել է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կան առողջարար վարքաձևեր, որոնք որոշ չափով կարող են կանխել հաճախակի մոռացությունը[4]։ Ուղեղը առողջ պահելու և մոռացկոտությունը կանխելու ամենապարզ եղանակներից մեկը ակտիվ մնալն ու մարզվելն է։ Ակտիվ կենսակերպը կարևոր է, քանի որ ընդհանուր առմամբ նպաստում է օրգանիզմի առողջությանը։ Մարմնի ընդհանուր առողջությունը նպաստում է նաև ուղեղի առողջ վիճակին՝ նվազեցնելով բորբոքային գործընթացների հավանականությունը[4]։ Պարզվել է, որ ֆիզիկապես ավելի ակտիվ տարեցների շրջանում մոռացկոտության դեպքերը հանդիպում են ավելի հազվադեպ, քան այն տարեցների, ովքեր պակաս ակտիվ են։ Ավելին, առողջ և հավասարակշռված սննդակարգը բարելավում է ուղեղի գործունեությունը և ծերացման բնական ընթացքը, ինչն ուղիղ ազդեցություն ունի մոռացկոտության հաճախության նվազման վրա[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոռացկոտության մեխանիզմները առաջինն ուսումնասիրողներից մեկն գերմանացի հոգեբան Հերման Էբինգհաուսն էր (1885)։ Իր փորձի միակ սուբյեկտը լինելով՝ նա անգիր սովորեց երեք տառից բաղկացած անհեթեթ վանկային բառերի ցանկեր՝ երկու բաղաձայն և մեկ ձայնավոր մեջտեղում: Այնուհետև նա չափել է, թե որքան հեշտությամբ կարող է նույն ցուցակը նորից սովորել՝ որոշակի ժամանակահատվածից հետո։ Փորձի արդյունքները ցույց են տվել, որ մոռացկոտությունը տեղի է ունենում համակարգված ձևով՝ սկզբում շատ արագ, իսկ հետո աստիճանաբար նվազում է[5]։ Չնայած նրա մեթոդները պարզ էին, Էբինգհաուսի հիմնական եզրակացությունները այսօր էլ համարվում են ճշմարիտ և հաստատվել են մեթոդապես ավելի վստահելի հետազոտություններով[6]։ Նրա արդյունքները ներկայացնող գրաֆիկը, որը կոչվում է Էբինգհաուսի մոռացության կոր, ընդգրկում է երկու եզրակացություն՝ առաջինը՝ որ մեր մոռացածի մեծ մասը կորչում է սովորելուց անմիջապես հետո: Երկրորդը՝ որ մոռացկոտության քանակը ի վերջո կայունանում է[7]։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ Էբինգհաուսը մշակեց մոռացկոտության կորը, հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը առաջ քաշեց մի տեսություն․ մարդիկ դիտավորյալ մոռանում են ինչ-որ բաներ՝ վատ մտքերն ու զգացմունքները խորը մղելու իրենց ենթագիտակցության մեջ, մի գործընթաց, որը նա անվանեց «ճնշում»[8]։ Կան տարաձայնություններ այն հարցում, թե արդյոք (կամ որքան հաճախ) հիշողության ճնշումը տեղի է ունենում իրականում[9], և հոգեբանության հիմնական ուղղությունը պնդում է, որ իրական հիշողության ճնշումը տեղի է ունենում շատ հազվադեպ[10]։
Հիշողության գործընթացային մոդելներից մեկը առաջարկվել է Ռիչարդ Աթկինսոնի և Ռիչարդ Շիֆրինի կողմից 1960-ականներին՝ հիշողության գործառույթը բացատրելու նպատակով։ Հիշողության այս մոդալ մոդելը, որը հայտնի է նաև որպես Աթկինսոն–Շիֆրին մոդել, ենթադրում է, որ գոյություն ունեն հիշողության երեք տեսակ՝ զգայական հիշողություն, կարճաժամկետ հիշողություն և երկարաժամկետ հիշողություն[11]: Հիշողության յուրաքանչյուր տեսակ տարբերվում է իր ծավալով և տևողությամբ։ Մոդալ մոդելի համաձայն՝ տեղեկատվության մոռացվելու արագությունը կապված է այն հիշողության տեսակի հետ, որտեղ տվյալ տեղեկատվությունը պահվում է։ Մոդալ մոդելի համաձայն՝ տեղեկատվությունը մոռացվելու արագությունը կապված է այն հիշողության տեսակի հետ, որտեղ տվյալ տեղեկատվությունը պահվում է։ Առաջին փուլում՝ զգայական հիշողության մեջ, տեղեկատվությունը մոռացվում է ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում։ Երկրորդ փուլում՝ կարճաժամկետ հիշողության մեջ, տեղեկատվությունը մոռացվում է մոտավորապես 20 վայրկյանի ընթացքում։ Իսկ երկարաժամկետ հիշողության մեջ պահվող տեղեկատվությունը կարող է հիշվել րոպեներով կամ նույնիսկ տասնամյակներով, սակայն այն կարող է մոռացվել, եթե տվյալ տեղեկատվության վերականգնման գործընթացները ձախողվեն[5]։
Անցանկալի հիշողությունների վերաբերյալ ժամանակակից տերմինաբանությունը մոտիվացված մոռացկոտությունը բաժանում է անգիտակցական ճնշման (որը վիճարկվում է) և գիտակցական մտքի ճնշման։
Չափումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոռացկոտությունը կարող է չափել տարբեր ձևերով, որոնք բոլորն էլ հիմնված են հիշողության վրա․
Վերարտադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափման այս տեսակի դեպքում մասնակցից պահանջվում է ճանաչել նախկինում սովորած նյութը։ Մասնակցին առաջարկվում է մտապահել նյութերի մի ցանկ։ Ավելի ուշ նրան ներկայացվում է նույն ցանկը՝ լրացուցիչ տեղեկություններով, և նրանից պահանջվում է տարբերակել, թե որ նյութերն էին ընդգրկված սկզբնական ցանկում։ Որքան շատ նյութ նա ճանաչեց, այնքան քիչ տեղեկատվություն է մոռացվել[12]։
Ազատ վերարտադրում և դրա տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ վերարտադրումը մարդու հիշողության ուսումնասիրության համար կիրառվող հիմնական պարադիգմաներից մեկն է։ Ազատ վերարտադրման առաջադրանքում փորձարկվող անձին հերթով ներկայացվում է մտապահման ենթակա տարրերի ցանկ։ Օրինակ՝ փորձարարն կարող է բարձրաձայն կարդալ 20 բառից բաղկացած ցանկ՝ յուրաքանչյուր 4 վայրկյանը մեկ ներկայացնելով նոր բառ։ Ցանկի ներկայացման ավարտից հետո փորձարկվողից պահանջվում է վերարտադրել տարրերը (օրինակ՝ գրի առնելով ցանկից որքան հնարավոր է շատ բառեր)։ Սա կոչվում է ազատ վերարտադրման առաջադրանք, քանի որ անձը կարող է տարրերը վերարտադրել իր նախընտրած ցանկացած հերթականությամբ[13]։
Ուղղորդված (կայունացնող հուշումով) վերարտադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղորդված վերարտադրումը ազատ վերարտադրման փոքր-ինչ փոփոխված տարբերակն է, որը ենթադրում է հուշումների կամ ազդակների ներկայացում՝ վարքագծի դրսևորման հավանականությունը բարձրացնելու նպատակով։ Սովորաբար այս հուշումները այնպիսի խթաններ են, որոնք ուսուցման ընթացքում առկա չեն եղել։ Ուստի մոռացկոտության աստիճանը չափելու համար կարելի է գնահատել, թե փորձարկվողը քանի հուշում է բաց թողնում կամ քանի հուշում է անհրաժեշտ լինում վարքագիծը դրսևորելու համար[12]։
Վերաուսուցման մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս մեթոդը մոռացկոտությունը չափում է նախորդ մակարդակին հասնելու համար անհրաժեշտ մարզման քանակով։ Գերմանացի հոգեբան Հերման Էբինգհաուսը (1885) այս մեթոդը կիրառել է ինքն իր վրա։ Նա մտապահում էր անիմաստ վանկերից կազմված ցանկեր, մինչև կարողանում էր դրանք երկու անգամ անսխալ վերարտադրել։ Որոշակի ժամանակահատված անց նա կրկին սովորում էր նույն ցանկը և չափում, թե որքան ժամանակ է պահանջվում առաջադրանքը նորից կատարելու համար։ Եթե առաջադրանքը կատարելու համար անհրաժեշտ էր ավելի քիչ կրկնել, ապա դա վկայում էր, որ մոռացկոտության աստիճանը նվազ էր։ Նրա իրականացրած փորձը համարվում է մոռացկոտության գիտական ուսումնասիրության առաջին համակարգված հետազոտություններից մեկը[12]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակիցներին տրվում է բառերի մի ցանկ, որը պետք է հիշեն։ Այնուհետև նրանց ներկայացվում է նույն ցանկը՝ լրացուցիչ տեղեկություններով, և պահանջվում է տարբերակել, թե որ նյութերն էին ընդգրկված սկզբնական ցանկում։ Որքան շատ տարրեր են նրանք ճանաչում, այնքան քիչ տեղեկատվություն է մոռացվել[14]։
Տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանության ուսումնասիրության մեջ ակնհայտ մոռացկոտության չորս հիմնական տեսություններն են․
Հուշումներից կախված մոռացկոտություն
Հուշումից կախված մոռացկոտությունը (նաև՝ համատեքստից կախված մոռացում) կամ վերականգնման ձախողումը հիշողությունը վերարտադրելու անհաջողությունն է, որը պայմանավորված է այն խթանների կամ հուշումների բացակայությամբ, որոնք առկա էին հիշողության կոդավորման պահին։ Կոդավորումը հիշողության ձևավորման և պահպանման առաջին փուլն է։ Այն, թե որքան արդյունավետ է տեղեկատվությունը կոդավորվել, կարելի է գնահատել վերականգնման հատուկ թեստերի միջոցով։ Այդ թեստերը կարող են լինել բացահայտ կամ թաքնված օրինակ՝ բառի հատվածների լրացումը[15] ։ Հուշումից կախված մոռացկոտությունը ճանաչողական հոգեբանության մեջ մոռացման հինգ տեսություններից մեկն է։ Այս տեսության համաձայն՝ երբեմն հիշողությունը ժամանակավորապես մոռացվում է միայն այն պատճառով, որ այն հնարավոր չէ վերականգնել, սակայն համապատասխան հուշումը կարող է այն կրկին բերել գիտակցության։ Լավ փոխաբերություն է գրադարանում գիրք որոնելը՝ առանց հղման համարի, վերնագրի, հեղինակի կամ նույնիսկ թեմայի իմացության․ տեղեկատվությունը շարունակում է գոյություն ունենալ, սակայն առանց այդ հուշումների դրա վերականգնման հավանականությունը քիչ է։ Բացի այդ, արդյունավետ վերականգնման հուշումը պետք է համապատասխան լինի տեղեկատվության սկզբնական կոդավորմանը։ Եթե կոդավորման ընթացքում շեշտադրվել է բառի հնչյունական կողմը, ապա օգտագործվող հուշումն էլ պետք է ընդգծի բառի հնչյունական առանձնահատկությունը։ Տեղեկատվությունը առկա է, սակայն առանց համապատասխան հուշումների այն հեշտությամբ չի վերականգնվի։ Կախված տարիքից՝ վերականգնման հուշումները և հմտությունների արդյունավետությունը կարող է պակաս լինել։ Սա հաճախ նկատվում է տարեցների շրջանում, թեև ոչ միշտ։ Երբ տեղեկատվությունը կոդավորվում է և հետագայում վերականգնվում է «ընդմիջումներով վերականգնման» մեթոդի միջոցով, դա կարող է օգնել տարեցներին ավելի արդյունավետ վերարտադրել հիշողության մեջ պահպանված իրադարձությունները[1]։ Տարբեր հետազոտություններ ևս վկայում են, որ հիշողության մեջ առկա են տարիքային փոփոխություններ[15] ։ Մասնավորապես, ցույց է տրվել, որ էպիզոդիկ հիշողության արդյունավետությունը տարիքի հետ նվազում է, և որ տարեցների մոտ մոռացկոտության մակարդակը բարձրանում է այն դեպքերում, երբ երկու տարրեր համակցվում են, սակայն պատշաճ կերպով չեն կոդավորվում[1]։
Օրգանական պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոռացկոտությունը, որն առաջանում է ուղեղի ֆիզիոլոգիական վնասվածքների կամ դեգրադացիայի հետևանքով, կոչվում է մոռացման օրգանական պատճառներ։ Այս տեսություններն ընդգրկում են արդեն երկարաժամկետ հիշողությունում պահպանված տեղեկատվության կորուստը կամ նոր տեղեկատվությունը կրկին կոդավորելու անհնարինությունը։ Օրինակներն են Ալցհայմերի հիվանդությունը, ամնեզիան, դեմենցիան, կոնսոլիդացիայի տեսությունը և ծերացման պատճառով կենտրոնական նյարդային համակարգի աստիճանական դանդաղումը։
Ինտերֆերենցիայի տեսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտերֆերենցիայի տեսությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ նոր նյութ սովորելը կարող է հանգեցնել ավելի հին նյութի մոռացման՝ դրանց միջև մրցակցության հետևանքով։ Սա նշանակում է, որ հիշողության մեջ առկա տեղեկատվությունը կոդավորման ընթացքում կարող է խառնվել կամ միավորվել այլ տեղեկատվության հետ, ինչի արդյունքում հիշողությունները աղավաղվում կամ խաթարվում են[16]։ Ըստ այս տեսության՝ միջամտող տարրերը հաճախ ծագում են գերխթանող միջավայրից։ Ինտերֆերենցիայի տեսությունը բաժանվում է երեք ճյուղի՝ պրոակտիվ, ռետրոակտիվ և արտածման ինտերֆերենցիա։ Ռետրոակտիվ և պրոակտիվ արգելակումները հակադիր գործընթացներ են։ Ռետրոակտիվ ինտերֆերենցիայի դեպքում նոր տեղեկատվությունը (նոր հիշողությունները) խանգարում է հին տեղեկատվության վերականգնմանը։ Իսկ պրոակտիվ ինտերֆերենցիայի դեպքում հին տեղեկատվությունն է խանգարում նոր տեղեկատվության վերականգնմանը[17]։ Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ հիշողությունները նման են միմյանց։ Արտածման ինտերֆերենցիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ որոշակի տեղեկատվության սկզբնական վերարտադրումը խանգարում է սկզբնական նյութի հետագա վերականգնմանը։ Վերականգնման ձախողման մեկ այլ պատճառ է կոդավորման ձախողումը։ Տեղեկատվությունը պարզապես չի պահպանվում երկարաժամկետ հիշողության մեջ։ Ըստ մակարդակների մշակման տեսության, տեղեկատվության կոդավորման արդյունավետությունը կախված է այն մշակման մակարդակից, որը տվյալ տեղեկատվությունը ստանում է։ Տեղեկատվության որոշ հատվածներ ավելի լավ են կոդավորվում, քան մյուսները․ օրինակ՝ տեսողական պատկերավորմամբ ներկայացված կամ կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունը ավելի հեշտ է փոխանցվում երկարաժամկետ հիշողության պահոցին[18]: Այս տեսության մեջ կա հակասություն․ ենթադրվում է, որ չափազանց խելացի անհատը ավելի արագ կմոռանա տեղեկատվությունը, քան դանդաղ մտածողություն ունեցողը։ Դա բացատրվում է նրանով, որ խելացի անհատը իր մտքում կուտակում է ավելի շատ հիշողություն, որոնք կարող են առաջացնել միջամտություն (ինտերֆերենցիա) և խաթարել կոնկրետ տեղեկատվությունը վերականգնելու կարողությունը[19]։ Ներկայիս հետազոտությունների հիման վրա՝ միջամտության ուսումնասիրությունները հիմնականում իրականացվել են բառերի ցանկերից հիշեցման միջոցով, այլ ոչ թե առօրյա կյանքի իրավիճակների կիրառմամբ, ուստի դժվար է այս տեսության արդյունքները ընդհանրացնել[16]։ Պարզվել է, որ ինտերֆերենցիայի հետ կապված առաջադրանքները նվազեցնում են հիշողության արդյունավետությունը մինչև 20%-ով՝ բացասական ազդեցություն ունենալով ինտերֆերենցիայի բոլոր ժամանակային կետերում, ինչպես նաև նկատվում է մեծ տարբերություն մասնակիցների միջև՝ թե՛ ինտերֆերենցիայի առավելագույն ազդեցության ժամանակի, թե՛ դրա չափի առումով։ Բացի այդ, արագ սովորողները, թվում է, ավելի շատ են ազդվում ինտերֆերենցիայից, քան դանդաղ սովորողները[20]։ Մարդիկ նաև ավելի քիչ հավանականությամբ են հիշում նյութը, երբ միջամտող խթանները ներկայացվում են սովորելուց հետո առաջին տասը րոպեների ընթացքում։ Առանց միջամտության հիշեցման արդյունավետությունը ավելի բարձր է[20]։ Ծայրամասային գործընթացները, ինչպիսիք են կոդավորման ժամանակը, ճանաչման հիշողությունը և շարժողական ընդունակությունները տարիքի հետ նվազում են։ Սակայն պրոակտիվ ինտերֆերենցիան մնում է նմանատիպ մակարդակի վրա։ Սա հակասում է ավելի վաղ հաղորդումներին և ենթադրում է, որ տվյալ պարադիգմայում դիտարկվող արգելակիչ գործընթացները տարեցների մոտ պահպանվում են[21]։
Հետքերի քայքայման տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քայքայման տեսությունը պնդում է, որ երբ մենք ինչ-որ նոր բան ենք սովորում, ուղեղում ձևավորվում է նյարդաքիմիական, ֆիզիկական «հիշողության հետք»։ Ժամանակի ընթացքում այդ հետքը հակված է քայքայվելու, եթե այն պարբերաբար չի օգտագործվում։ Տեսության համաձայն՝ մենք ի վերջո ինչ-որ բան կամ իրադարձություն մոռանում ենք այն պատճառով, որ այդ հիշողությունը ժամանակի ընթացքում անհետանում է։ Եթե չենք փորձում մտովի վերադառնալ որևէ իրադարձության, ապա որքան մեծ է անցած ժամանակահատվածը իրադարձության տեղի ունենալու և այն հիշելու փորձի միջև, այնքան մեծ է հիշողության մոռանալու հավանականությունը։ Այս տեսության շրջանակում ժամանակը համարվում է հիշողության պահպանման վրա ազդող հիմնական գործոնը[22]։
Հետքերի քայքայման տեսությունը բացատրում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հիշողության համակարգերում պահպանվող հիշողությունները և ենթադրում է, որ հիշողությունները մտքում թողնում են որոշակի հետք[16]։ Այս տեսության համաձայն՝ կարճաժամկետ հիշողությունը (ԿԺՀ) կարող է տեղեկատվությունը պահպանել սահմանափակ ժամանակահատվածում՝ մոտավորապես 15–30 վայրկյան, եթե այն չի կրկնվում։ Եթե տեղեկատվությունը չի կրկնվում, այն սկսում է աստիճանաբար մարել և քայքայվել։ Դոնալդ Հեբբը առաջարկել է, որ մուտքային տեղեկատվությունը առաջացնում է նեյրոնների ակտիվացման շղթա, որի արդյունքում ուղեղում ձևավորվում է նյարդաբանական հիշողության հետք։ Սա հանգեցնում է ուղեղում ձևաբանական և/կամ քիմիական փոփոխությունների, որոնք ժամանակի ընթացքում կարող են մարել։ Նեյրոնների կրկնակի ակտիվացումը առաջացնում է սինապսների կառուցվածքային փոփոխություն։ Կրկնության միջոցով այդ ակտիվացումը պահպանվում է կարճաժամկետ հիշողության մեջ այնքան ժամանակ, մինչև տեղի ունենա կայուն կառուցվածքային փոփոխություն։ Այսպիսով, մոռացությունը տեղի է ունենում ուղեղում հիշողության հետքի ավտոմատ քայքայման հետևանքով։ Տեսությունը պնդում է, որ սովորելու և հիշելու միջև տեղի ունեցող իրադարձությունները էական ազդեցություն չունեն հիշեցման վրա․ հիմնական ազդող գործոնը տեղեկատվության պահպանման տևողությունն է։ Հետևաբար, որքան երկար ժամանակ է անցնում, այնքան ավելի շատ հիշողության հետքեր են ենթարկվում քայքայման, և արդյունքում տեղեկատվությունը մոռացվում է։
Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ իրական կյանքի իրավիճակներում տեղեկատվության կոդավորման և դրա վերականգնման միջև ընկած ժամանակահատվածը սովորաբար լցված է տարբեր իրադարձություններով, որոնք տեղի են ունենում անհատի հետ։ Հետևաբար դժվար է եզրակացնել, որ մոռացկոտությունը պայմանավորված է միայն ժամանակի տևողությամբ։ Կարևոր է նաև դիտարկել այս տեսության արդյունավետությունը։ Թեև այն թվում է բավականին հավանական և տրամաբանական, գործնականում գրեթե անհնար է այն փորձերով ստուգել։ Դժվար է ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ նյութի ներկայացման և դրա հետագա հիշեցման միջև լինի ամբողջովին «դատարկ» ժամանակահատված՝ առանց որևէ միջանկյալ ազդեցության[16]։
Այս տեսությանը, ենթադրաբար, հակասում է այն փաստը, որ մարդը կարող է հեծանիվ վարել նույնիսկ տասնամյակներ շարունակ չվարելուց հետո։ «Լուսարձակային հիշողություններ»-ը թվացյալ հակասական ապացույցների ևս մեկ մաս են կազմում։ Ենթադրվում է, որ որոշ հիշողություններ «քայքայվում են», մինչդեռ մյուսները՝ ոչ[փա՞ստ]։ Կարծիք կա, որ քունը կարևոր դեր է խաղում հիշողության հետքի քայքայումը դադարեցնելու կամ դանդաղեցնելու գործում, թեև այդ գործընթացի ճշգրիտ մեխանիզմը դեռևս ամբողջությամբ պարզված չէ։
Ուղեղում տեղի ունեցող ֆիզիկական և քիմիական փոփոխությունները հանգեցնում են հիշողության հետքի ձևավորմանը, և սա հիմնված է հիշողության հետքի տեսության վրա։ Տեղեկատվությունը, որը մուտք է գործում կարճաժամկետ հիշողություն, պահպանվում է ընդամենը մի քանի վայրկյան (մոտ 15–20 վայրկյան) և մարում է, եթե չի կրկնվում, քանի որ նյարդաքիմիական հիշողության հետքը արագորեն անհետանում է։ Հետքի քայքայման տեսության համաձայն՝ նոր հիշողությունների ձևավորման և դրանց վերականգնման միջև տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդում հիշեցման վրա։ Սակայն այդ երկու պահերի միջև անցած ժամանակահատվածն է որոշում՝ տեղեկատվությունը կպահպանվի, թե՞ կմոռացվի։ Այստեղ դիտվում է հակադարձ համեմատական կապ․ որքան կարճ է ժամանակահատվածը, այնքան ավելի շատ տեղեկատվություն կարելի է հիշել։ Մյուս կողմից, եթե ժամանակահատվածը երկար է, ավելի քիչ տեղեկատվություն կարելի է հիշել կամ ավելի շատ տեղեկատվություն կմոռացվի։ Այս տեսությունը քննադատվում է այն պատճառով, որ չի բացատրում, թե ինչու որոշ հիշողություններ կարող են պահպանվել, իսկ մյուսները՝ մարել, նույնիսկ եթե ձևավորման և հիշեցման միջև անցել է երկար ժամանակ։ Այս իրավիճակում կարևոր դեր է խաղում նորությունը։ Օրինակ՝ մարդիկ ավելի հավանական է, որ հիշեն իրենց արտասահմանում անցկացրած առաջին օրը, քան դրան հաջորդած բազմաթիվ օրերը։ Բացի այդ, զգացմունքներն նույնպես կարևոր դեր են կատարում հիշողության պահպանման գործընթացում[23]։
Խանգարումներ և մոռացկոտության բացակայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոռանալը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ, քան պարզապես պահված տեղեկատվության վերացումը։ Մոռացկոտությունը կարող է նշանակել տեղեկության հասանելիության դժվարություններ, դրա գոյության հետ կապված խնդիրներ, կամ կարող է ունենալ այլ պատճառներ՝ օրինակ, վթարից առաջացած ամնեզիա։
Մոռանալու անհնարինությունը կարող է առաջացնել հոգեբանական տագնապ, ինչպիսին նկատվում է հետվթարային սթրեսային խանգարումներում կամ հիպերտիմեզիայում (երբ մարդիկ ունեն արտադրվող ծավալով և չափազանց մանրամասն ինքնակենսագրական հիշողություն)։
Սոցիալական մոռացկոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբանները ուշադրություն են հրավիրել «մոռացման սոցիալական ասպեկտների» վրա[24]։ Չնայած հաճախ ազատ սահմանմանը, սոցիալական ամնեզիան ընդհանուր առմամբ համարվում է կոլեկտիվ հիշողության հակառակը։ «Սոցիալական ամնեզիան» առաջին անգամ քննարկել է Ռասել Ջեյքոբին , սակայն նրա կողմից այս տերմինի օգտագործումը սահմանափակվում էր նեղ մոտեցմամբ, հիմնականում կենտրոնանալով այն բանի վրա, ինչը նա ընկալում էր որպես հոգեբանության մեջ հոգեվերլուծական տեսության համեմատական անտեսում։ Մշակութային պատմաբան Պիտեր Բյորկը ենթադրել է, որ «արժե ուսումնասիրել մոռացկոտության սոցիալական կառուցվածքը, այն կանոնները, որոնցով իրականացվում են բացառումը, ճնշումն ու ճնշող մեխանիզմները, ինչպես նաև այն հարցը, թե ով է ուզում, որ ուրիշը ինչ մոռանա և ինչի համար[25]»։ Երկու դարերի պատմության մեջ անցկացված մանրակրկիտ ուսումնասիրություններում Գայ Բեյները առաջադրել է «սոցիալական մոռացկոտություն» հասկացությունը, որը տարբերում է «հավաքական ամնեզիա» և «ամբողջական մոռացություն» պարզ գաղափարներից, և նշել է, որ «սոցիալական մոռացկոտությունը գտնվում է հասարակական լռության և նեղ անձնական հիշողության սահմանագծում[26]»։ Փիլիսոփա Վալտեր Բենջամինը սոցիալական մոռացկոտությունը կապում է ներկայիս շահերի հետ՝ նշելով, որ «անցյալի յուրաքանչյուր պատկեր, որը ներկայիս կողմից չի ճանաչվում որպես իր մտահոգություններից մեկը, անդառնալիորեն անհետանալու վտանգի տակ է[27] »։ Այս դիտարկման հիման վրա սոցիոլոգ Դեյվիդ Լոյպոլդը նշել է, որ մրցակցող ազգային պատմություններում այն, ինչը ճնշված կամ մոռացված է մեկ ազգային պատմության մեջ, կարող է հայտնվել մյուսի անցյալի պատմությունների կենտրոնում, ինչն հաճախ հանգեցնում է հակադիր պատկերացումների անցյալի վերաբերյալ[28]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Maddox, G. B.; Balota, D. A.; Coane, J. H. & Duchek, J. M. (2011). «The role of forgetting rate in producing a benefit of expanded over equal spaced retrieval in young and older adults». Psychology and Aging. 26 (3): 661–670. doi:10.1037/a0022942. PMC 3168729. PMID 21463056.
- ↑ Wayne, W. & McCann, D. (2007). Psychology: Themes & Variety 2nd Canadian ed. Nelson Education Ltd: Thompson Wadsworth Publisher. ISBN 978-0-17-647273-3.
- ↑ John T. Wixted; Shana K. Carpenter. «The Wickelgren Power Law and the Ebbinghaus Savings Function» (PDF). Psychological Science. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- 1 2 3 Szabo, A. N.; McAuley, E.; Erickson, K. I.; Voss, M.; Prakash, R. S.; Mailey, E. L.; Kramer, A. F.; և այլք: (2011). «Cardiorespiratory fitness, hippocampal volume, and frequency of forgetting in older adults». Neuropsychology. 25 (5): 545–553. doi:10.1037/a0022733. PMC 3140615. PMID 21500917.
- 1 2 Kohn, Art (2015 թ․ փետրվարի 9). «Use It or Lose It». TD.
- ↑ Murre, Jaap M. J.; Dros, Joeri (2015 թ․ հուլիսի 6). «Replication and Analysis of Ebbinghaus' Forgetting Curve». PLOS ONE. 10 (7) e0120644. Bibcode:2015PLoSO..1020644M. doi:10.1371/journal.pone.0120644. PMC 4492928. PMID 26148023.
- ↑ Hockenbury, Sandra. (2010)
- ↑ «Memory: Forgetting». Spark Notes. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
- ↑ McNally, R.J. (2004). «The Science and Folklore of Traumatic Amnesia». Clinical Psychology: Science and Practice. 11 (1): 29–33. doi:10.1093/clipsy/bph056.
- ↑ «Repressed Memories and Recovered Memory Therapy». Jan Groenveld.
- ↑ Malmberg, Kenneth J.; Raaijmakers, Jeroen G. W.; Shiffrin, Richard M. (2019 թ․ հունվարի 28). «50 years of research sparked by Atkinson and Shiffrin (1968)». Memory & Cognition. 47 (4): 561–574. doi:10.3758/s13421-019-00896-7. PMID 30689198.
- 1 2 3 Chance, Paul (2014). Learning and behavior (Seventh ed.). Jon-David Hague. էջեր 346–371. ISBN 978-1-111-83277-3.
- ↑ Bjork, Robert A.; Woodward, Addison E. (1973). «Directed forgetting of individual words in free recall». Journal of Experimental Psychology. 99: 22–27. doi:10.1037/h0034757.
- ↑ http://www.chegg.com. (n.d.). Learn About Measures Of Forgetting | Chegg.com. [online] Available at: https://www.chegg.com/learn/psychology/introduction-to-psychology/measures-of-forgetting(չաշխատող+հղում).
- 1 2 Craik, F. M., & Rose, N. S. (2011). Memory encoding and aging: A neurocognitive perspective. Neuroscience And Biobehavioral Reviews
- 1 2 3 4 McLeod, Saul. «Forgetting». Simply Psychology. Վերցված է 2014 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Underwood, B.J. (1957). 'Interference and forgetting' in Psychological Review
- ↑ E Bruce Goldstein (2019). Cognitive psychology : connecting mind, research, and everyday experience. 5th ed. Boston, Ma, Usa: Cengage.
- ↑ «Forgetting». Canadian Medical Association Journal. 90 (13): 794. 1964. PMC 1922558. PMID 20327804.
- 1 2 Sosic-Vasic, Zrinka; Hille, Katrin; Kröner, Julia; Spitzer, Manfred; Kornmeier, Jürgen (2018 թ․ փետրվարի 16). «When Learning Disturbs Memory – Temporal Profile of Retroactive Interference of Learning on Memory Formation». Frontiers in Psychology. 9: 82. doi:10.3389/fpsyg.2018.00082. PMC 5820352. PMID 29503621.
- ↑ Archambeau, Kim; Forstmann, Birte; Van Maanen, Leendert; Gevers, Wim (2020 թ․ փետրվար). «Proactive interference in aging: A model-based study». Psychonomic Bulletin & Review. 27 (1): 130–138. doi:10.3758/s13423-019-01671-0. PMC 7000511. PMID 31797260. S2CID 208620951.
- ↑ «The Decay Theory of Forgetting». Արխիվացված է օրիգինալից 2011-12-11-ին. Վերցված է 2011-12-01-ին.
- ↑ Ricker, Timothy J.; Vergauwe, Evie; Cowan, Nelson (2016 թ․ հոկտեմբեր). «Decay Theory of Immediate Memory: From Brown (1958) to Today (2014)». Quarterly Journal of Experimental Psychology. 69 (10): 1969–1995. doi:10.1080/17470218.2014.914546. PMC 4241183. PMID 24853316.
- ↑ Burke, Peter (1989), «History as Social Memory», in Butler, Thomas (ed.), Memory: History, Culture and the Mind, Blackwell, էջեր 97–113
- ↑ Beiner, Guy (2018). Forgetful Remembrance: Social Forgetting and Vernacular Historiography of a Rebellion in Ulster. Oxford University Press. ISBN 978-0-19-874935-6.
- ↑ Benjamin, Walter (c. 1986) [1968]. Illuminations. Hannah Arendt, Harry Zohn. New York: Schocken Books. էջ 255. ISBN 0-8052-0241-2. OCLC 12947710.
- ↑ Leupold, David (2020). Embattled dreamlands: the politics of contesting Armenian, Kurdish and Turkish memory. New York: Routledge. էջ 9 page. ISBN 978-0-429-34415-2. OCLC 1130319782.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wixted, John T. (2004 թ․ փետրվար). «The Psychology and Neuroscience of Forgetting». Annual Review of Psychology. 55 (1): 235–269. doi:10.1146/annurev.psych.55.090902.141555. PMID 14744216. S2CID 3057114.
- McLeod, S. A. (2008). Simply Psychology; . Retrieved 19 February 2012, from Simply Psychology
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Տես՝ forgetting Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- The End of Forgetting An article by Jeffrey Rosen
- Forgetting: High School Psychology
- Forgetting is Key to a Healthy Mind
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռացկոտություն» հոդվածին։ |
| ||||||