Jump to content

Մոնպառնաս կայարանի վթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայարանի պատը ճեղքած շոգեքարշը

Մոնպառնաս կայարանի վթար, Փարիզում 1895 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած վթար, երբ մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց։ Ամենատպավորիչ և հայտնի տրանսպորտային վթարներից մեկն է համարվում[1][2]։

Իրադարձությունների ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոգեքարշը ուրիշ անկյունից

№56 Գրանվիլից Փարիզ մեկնող մարդատար գնացքը 8։ 45-ին ճանապարհ էր ընկել։ Այն քաշում էր №721 շոգեքարշը, որը ղեկավարում էր մեքենավար Գիյոմ-Մարի Պելերեն (ֆր.՝ Guillaume Marie Pellerin), որի աշխատանքային ստաժը այդ պահին 19 տարի էր։ Գնացքը 12 վագոնից էր՝ սկզբից երկու բեռնատար, հետո փոստային մեկ վագոն, որից հետո 8 մարդատար վագոններ 131 ուղևորով։ Գնացքը ժամանելու էր 15։ 55, բայց քանի որ ուշանում էր, ապա մեքենավարը թեքության վրա չօգտագործեց արգելակները։ Կայարան հասնելուց մի քանի րոպե առաջ փորձեցին աշխատեցնել ձեռքի արգելակները, բայց ապարդյուն, թեքության վրա աճող արագությունը մեծ էր և գնացքը 40 կմ/ժ արագությամբ մտնելով Արևմտյան կայարան (այժմ Մոնպառնաս), ջարդեց 60 սմ հաստությամբ պատը 10 մետր բարձրությունից ընկավ Ռյու դե Ռեն փողոց։ Մարդատար վագոնները մնացին կայարանում[3]։

Վթարի հետևանքով վիրավորվել է 5 մարդ՝ շոգեքարշի անձնակազմը, երկու ուղևոր և հրշեջը։ Մնացած ուղևորները անվնաս են մնացել։ Միայն մահացել է փողոցում երեկոյան թերթեր վաճառող կինը, որը այդ օրը փոխարինում էր ամուսնուն։ Արևմտյան երկաթգիծը լիովին վճարեց թաղման ծախսերը և երկու որբացած երեխաներին թոշակ նշանակեց։ Մեքենավար Գիյոմ-Մարի Պելերենը դատապարտվեց երկու ամսվա ազատազրկման և վճարեց 50 ֆրանկ զոհվածի բարեկամներին։ Գնացքի պետը վճարեց 25 ֆրանկ տուգանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]