Մոմե արձանների տուն (ֆիլմ, 2005)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոմե արձանների տուն
անգլ.՝ House of Wax
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրսլեշեր և սարսափ ֆիլմ
Թեմասերիական մարդասպան
Թվականապրիլի 26, 2005[1] և հունիսի 2, 2005[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺոամե Կոյետ Սեռա
ՊրոդյուսերՌոբերտ Զեմեկիս, Ջոել Սիլվեր և Սյուզան Դաունի
Սցենարի հեղինակՉադ Հայես[3] և Քերի Հայես[3]
ԴերակատարներԷլիշա Քաթբերթ, Չադ Մայքլ Մյուրեյ, Բրայան Վան Հոլթ, Փերիս Հիլթոն, Ջարեդ Պադալեկի, Ջոն Էվերի Աբրահամս, Robert Ri'chard?, Andy Anderson?, Էմմա Լանգ[3] և Դեյմոն Հերրիման[3]
ՕպերատորՍթիվեն Ֆ. Ուինդոն
ԵրաժշտությունՋոն Օթման
Պատմվածքի վայրԱվստրալիա
Նկարահանման վայրԱվստրալիա
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures և Dark Castle Entertainment
Տևողություն113 ± 1 րոպե
Շահույթ1 985 563 A$[4]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

«Մոմե արձանների տուն» (անգլ.՝ House of Wax), ռեժիսոր Ժաումե Կոլետ-Սերայի ամերիկա-ավստրալիական արտադրության սարսափ ժանրի ֆիլմը։ Նկարահանվել է 2005 թվականին, պրեմիերան կայացել է նույն թվականի ապրիլի 27-ին։ Ֆիլմը 1953 թվականի համանուն ֆիլմի և «Մոմե արձանների թանգարանի գաղտնիքը» ֆիլմի (1933) անկախ ռիմեյքն է։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Տիրի՛ր։ Սպանի՛ր։ Եվ դեպի՛ թանգարան»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվական։ Կինը մոմ է պատրաստում և լցնում դիմակի ձևի մեջ։ Հայտնվում է ընտանիքի հայրը՝ իր հետ բերելով երկրորդ երեխային։ Նա կնոջն ասում է, որ հանգստացնի երեխային։ Նրանք երեխային նստացնում են աթոռին և կապում, բայց երեխան ազատվում է։ Մայրը հարվածում է երեխային՝ ձեռքի մաշկը պոկելու համար։

2005 թվական (մեր օրեր)։ Չորս տղա (Նիկը, Ուեյդը, Դալթոնը և Բլեյքը) և երկու աղջիկ (Կարլին և Փեյջը) մեկնում են ամերիկյան ֆուտբոլի տարվա խաղին։ Ճանապարհին նրանք կանգ են առնում գիշերելու համար։ Երբ նրանք նստած էին խարույկի մոտ, գալիս է մի բեռնատար մեքենա և լույսը գցում ուղիղ նրանց աչքերի մեջ։ Նիկը շպրտում է շիշը՝ ջարդելով մեքենայի լուսարձակը, մեքենան հեռանում է։ Կարլին՝ Նիկի քույրը, գիշերը լսում է, թե ինչպես է վրանի շուրջը ինչ-որ մեկը քայլում։ Առավոտյան Դալթոնը հարցնում է բոլորին, թե ուր է իր տեսախցիկը։ Անտառով մեկ տարածվում է սարսափելի գարշահոտ։ Կարլին ու Փեյջը գնում են տեսնելու, թե որտեղից է տարածվում այդ հոտը։ Գնալով հոտի ուղղությամբ՝ Կարլին ընկնում է կենդանիների դիակներով լի մի փոսի մեջ։

Գալիս է մեկ այլ բեռնատար ավտոմեքենա։ Նրա վարորդը հենց այն մարդն է, որը դիակներ է բերում այստեղ։ Կարլին և իր ընկեր Ուեյդը որոշում են միասին գնալ մոտակա Ամբրոուզ քաղաք՝ ավտոմեքենայի փչացած մասը գնելու համար։ Բեռնատարի վարորդը Ամբրոուզում իջեցնում է Կարլիին և Ուեյդին ու հեռանում։ Նրանք մտնում են բենզալցակայան։ Տեսնելով, որ այնտեղ ոչ ոք չկա, գնում են մոտակա եկեղեցին, որտեղ հուղարկավորության արարողություն էր տեղի ունենում։ Նրանց մոտենում է բենզալցակայանի տերը՝ Բոն, որը դժգոհ էր, քանի որ նրանք ընդհատել էին արարողությունը։ Որոշելով մի փոքր զբոսնել՝ զույգը մտնում է ծայրամասում գտնվող մոմե արձանների տուն։ Ուշադիր զննելով տունը՝ նրանք նկատում են, որ այն ամբողջովին պատրաստված է մոմից։ Հանկարծ Կարլին հայլու մեջ նկատում է դիմակով մի դեմք։ Նրանք սարսափահար դուրս են գալիս շենքից։

Կարլին և Ուեյդը մտնում են բենզալցակայան, և այդ ժամանակ Բոն նույնպես գնում է այնտեղ։ Ուեյդը չի կարողանում գտնել ավտոպահեստամասի ճիշտ չափը։ Բոն նրանց հրավիրում է իր մոտ։ Նրանք գնում են Բոյի տուն։ Կարլին մնում է ավտոմեքենայի մեջ, և ուշադիր նայելով հասկանում, որ սա այն բեռնատարն է, որը գիշերը իրենց մոտ էր գնացել։ Ուեյդը ուշադիր զննում է բնակարանը, և հանկարծ դանակի սուր ծակոցներ է զգում։ Ուեյդին փրկվել չի հաջողվում։ Վինսենթը (Բոյի եղբայրը) Ուեյդին իջեցնում է իր նկուղ և նրանից պատրաստում մոմե արձան։ Կարլին այդ ժամանակ փակվում է բեռնատարի մեջ և փորձում զանգահարել ընկերներին։ Բոն նկատում է, որ աղջիկն ինչ-որ բան է հասկացել և փորձում է նրան դուրս հանել մեքենայից։ Աղջկան հաջողվում է գործի դնել շարժիչը և մի քանի մետր առաջ շարժվել։ Նա չի կարողանում ղեկավարել բեռնատարը, ինչի պատճառով մեքենան կանգնում է։

Կարլին դուրս է գալիս ավտոմեքենայից և սկսում վազել դեպի եկեղեցին՝ օգնություն խնդրելու նպատակով։ Հասնելով եկեղեցի՝ նա տեսնում է, որ բոլոր մարդիկ նույնպես մոմե արձաններ են։ Բոն հասնում է եկեղեցի և առևանգում աղջկան։ Նա նրան կապում է և փակում բերանը։

Այդ ժամանակ մյուսները դուրս են գալիս փոսից, գնում այլ քաղաք, սակայն հայտնվելով խցանումների մեջ՝ վերադառնում են այնտեղ, որտեղ գիշերել էին։ Փեյջը մնում է Բլեյքի հետ, իսկ Նիկն ու Դալթոնը գնում են Ամբրոուզ, որտեղ պայմանավորվել էին հանդիպել։

Նիկն այնտեղ հանդիպում է Բոյին և հետաքրքրվում իր ընկերներից, իսկ Դալթոնը գնում է մոմե արձանների տուն։ Բոն պատասխանում է, որ ոչ մեկին չի տեսել։ Կարլին նկուղում ազատվում է կապերից և փորձում գրավել եղբոր ուշադրությունը, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին։ Նա իր ցուցամատն անցկացնում է երկաթե ցանցի միջով, սակայն եղբոր փոխարեն դա նկատում է Բոն և Նիկից աննկատ, կոշիկից հանելով քուղը, մասերի է բաժանում աղջկա մատը։ Կարլին սկսում է բղավել։ Նիկը, ունենալով բավականին լավ ֆիզիկական տվյալներ, մի քանի հարվածով Բոյին տապալում է գետնին, ինչից հետո գնում և ազատում է քրոջը։ Դալթոնն այդ պահին մոմե արձանների տանը տեսնում է Ուեյդի մոմե արձանը։ Նա մոտենում է արձանին և մտածելով, որ մաշկի փոխարեն մոմ է, քերում է այն։ Այդ պահին սենյակ է մտնում Վինսենթը և երկու դանակով կտրում Դալթոնի գլուխը։ Նիկը և Կարլին գնում են փնտրելու ընկերներին, սակայն շուտով հասկանալով, որ նրանք այլևս չկան, որոշում են արագ հեռանալ քաղաքից։ Վինսենթը չենթարկվելով եղբոր՝ Բոյի՝ տնից դուրս չգալու հրամանին, գնում է անտառ և այնտեղ սպանում Փեյջին ու Բլեյքին։ Թաքնվելով Բոյից՝ Նիկն ու Կարլին հայտնվում են կինոթատրոնում։ Աղեղնազենով վիրավորելով Բոյին՝ նրանք գնում են իր տուն։

Ավելի ուշ՝ Բոյից հետո, տուն է վերադառնում Վինսենթը։ Տան երկրորդ հարկում Նիկը գտնում է մի լյուկ (դռնակ), որի միջով նա և Կարլին իջնում են ներքև։ Նրանք սկզբում հայտնվում են արհեստանոցում, որտեղ հայտնաբերում են Դալթոնի մոմե արձանը։ Այնուհետև հայտնվում են մոմե արձանների տանը, որտեղ և տեղի է ունենում նրանց և եղբայրների միջև եզրափակիչ մարտը։ Պարզվում է, որ Վինսենթը մոմե դիմակի տակ թաքցնում էր իր վառված դեմքը։ Կարլիին հաջողվում է սպանել երկու եղբայրներին։ Տանը հրդեհ է բռնկվում, և մոմե արձանների տունը սկսում է վառվել ինչպես մոմը։ Կարլին և Նիկը վերջին պահին կարողանում են հաջողությամբ դուրս գալ տնից։

Հաջորդ օրը գալիս է ոստիկանությունը։ Պարզվում է, որ կա նաև երրորդ եղբայրը՝ Լեսթերը, որի մասին ոչ ոք տեղեկություն չուներ։ Երբ Կարլին ու Նիկը շտապ օգնության ավտոմեքենայով դուրս են գալիս քաղաքից, աղջիկը տեսնում է կենդանիների դիակներ տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի վարորդին, որն էլ հենց երրորդ եղբայրն էր։ Նա ժպտում և ձեռքով է անում նրան։

Շտապ օգնության ավտոմեքենան հեռանում է Ամբրոուզից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Էլիշա Կատբերթ Կարլի Ջոնս Կարլի Ջոնս
Չադ Մայքլ Մյուրեյ Նիկ Ջոնս Նիկ Ջոնս
Բրայան Վան Հոլթ Բո Սինքլեյըր/ Վինսենթ Սինքլեյըր Բո Սինքլեյըր/ Վինսենթ Սինքլեյըր
Փերիս Հիլթոն Փեյջ Էդվարդս Փեյջ Էդվարդս
Ջարեդ Պադալեկի Ուեյդ Ֆելթոն Ուեյդ Ֆելթոն
Ջոն Էվերի Աբրահամս Դալթոն Չապմեն Դալթոն Չապմեն
Ռոբերտ Ռիչարդ Բլեյք Ջոնսոն Բլեյք Ջոնսոն
Դեյմոն Հերիման Լեսթեր Սինքլեյըր Լեսթեր Սինքլեյըր
Էնդի Անդերսոն Շերիֆ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմն արժանացել է «Teen Choice Awards» (2005) մրցանակի՝ «Սարսափ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում[5]։ Չադ Մայքլ Մյուրեյն ստացել է մրցանակ որպես լավագույն դերասան[5], իսկ Փերիս Հիլթոնը հաղթել է «Ճիչի լավագույն տեսարան» անվանակարգում[5]։ Էլիշա Կատբերթը նույնպես առաջադրվել է այդ մրցանակի համար, սակայն չի հաղթել[6]։
  • Ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» (2005) մրցանակին՝ «Վատագույն ֆիլմ» անվանակարգում[7], «Ամենավատ ռեմեյք կամ սքվել»[7] և «Երկրորդ պլանի ամենավատ դերասանուհի» (Փերիս Հիլթոն) անվանակարգերում, սակայն մրցանակը շահել է միայն Հիլթոնը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.kinokalender.com/film5317_house-of-wax.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
  5. 5,0 5,1 5,2 «'Notebook' wins eight Teen Choice awards». usatoday.com. 8/15/2005. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Breaking News - FOX Announces Nominees for "The 2005 Teen Choice Awards"». TheFutonCritic.com. 06/01/05. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  7. 7,0 7,1 «Sequels and remakes get Razzie nods». United Press International (անգլերեն). Jan. 30, 2006. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Jackie Finlay (2006 թ․ մարտի 5). «Razzies pluck 2005 movie turkeys». BBC News. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]