Մոմե արձանների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսիլիա Չունի մոմե արձանը Հոնկոնգի Մադամ Տյուսոյի թանգարանում

Մոմե արձանների թանգարան, մոմե արձանների թանգարաններ, որոնց հավաքածուն կազմում են հայտնի մարդկանց մոմե քանդակները։

Նմանատիպ թանգարաններից մի քանիսում կան այսպես կոչված «սարսափի սենյակներ», որտեղ ցուցադրվում են առավել սարսափազդու աշխատանքները։ Կան նաև հատուկ մասնագիտացված հավաքածուներ, օրինակ բժշկական կերպարների, որոնք ծառայում են ուսուցողական նպատակներով։ Շատ թանգարաններ տեղակայված են պատմական կառույցներում, իսկ մոմե արձանները հարդարանքի մաս են հանդիսանում։

Մոմե արձանների թանգարանի պատմությունը սկսվում է 18-րդ դարի սկզբից, իսկ մինչ այդ ճանապարհորդների և ուխտագնացների ուշադրությունը գրավում էին հայտնի միապետների և այլ պատմական անձանց տապանաքարերի մոմե մահարձանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական չափերով մոմե արձանների ծագումը կապված է եվրոպական միապետների թաղման ծեսի հետ։ Միջնադարում ընդունված էր արքայական ընտանիքի մահացած անդամի հանդերձավորված մարմինը տանել դագաղի վրա, ինչը շոգ եղանակին անցանկալի հետևանքներ էր ունենում։ Մարդկային քայքայվող մարմնի փոխարեն սկսեցին օգտագործել իսկական հագուստով մոմե մահարձաններ։ Ընդ որում, պատրաստում էին միայն մարմնի բաց մասերը՝ գլուխը, ձեռքերը։ Թաղումից հետո մոմե արձանը հաճախ մնում էր դամբարանի մոտ կամ եկեղեցու այլ մասում և դառնում այցելուների ուշադրությւան առարկան, երբեմն նաև վճարում էին դրանք տեսնելու համար[1]։

Լոնդոնի Վեստմինստերյան աբբայության թանգարանն ունի բրիտանական միապետների մոմե մահարձանների հավաքածու՝ սկսած Էդուարդ III-ից, որը մահացել է 1377 թվականին, ինչպես նաև այնպիսի գործիչների, ինչպիսիք են Հորացիո Նելսոնը, Ֆրենսիս Ստյուարտը, դքսուհի Ռիչմոնդը,որի հետ ցուցադրվում է նաև նրա թութակի խրտվիլակը։ 1680 թվականին Չարլզ II-ի հուղարկավորությունից հետո միապետների արձանները չէին տեղադրում դագաղի վրա, այլ պատրաստվում էին հատուկ հետմահու ցուցադրության համար[1]։ Չարլզ II-ի՝ կանգնած, բաց աչքերով մահարձանը հանրությանը հասանելի էր XIX դարի սկզբից, երբ բոլոր մահարձանները հեռացվել էին աբբայությունից[2][3]։ Ծովակալ Նելսոնի արձանը, որը ստեղծվել է նրա մահից մեկ տարի հետո, դառնում է տեսարժանություն, ընդ որում, նրա գերեզմանը գտնվում էր ոչ թե Վեստմինստերյան աբբայությունում, այլ Սուրբ Պողոսի տաճարում, որտեղ կառավարության որոշման համաձայն պետք է թաղվեին պատմական գործիչները։ Եկամուտ ստանալու նպատակով՝ աբբայությունը որոշում է ստեղծել Նելսոնին նվիրված հատուկ տեսարժան վայր[4]։

Եվրոպական միապետություններում, այդ թվում և Ֆրանսիայում, նույնպես տարածվում է մոմե մահարձանների պատրաստումը։ Ֆրանսիական պալատական նկարիչ և քանդակագործ Անտուան Բենուան (1632—1717) քանդակում է Լուի XIV արքայի արձանը։ Փարիզի իր բնակարանում Բենուան ցուցադրում է արքայական միջավայրի 43 անձանց մոմե արձաններ։ Հետագայում արքան թույլատրում է ցուցադրել այդ արձանները ամբողջ Ֆրանսիայում։ Բենուայի վարպետությունն այնպիսի մեծ ճանաչում է գտնում, որ Անգլիայի արքա Հակոբ II-ը 1684 թվականին հրավիրում է նկարչին ստեղծել իր և այլ պալատականների քանդակները։ Պետրոս I-ը ՝ ներշնչված Վերսալի ցուցահանդեսից, պատվիրում է սեփական քանդակը՝ նստած դիքով, որը պահպանվել է մինչ այսօր։ 1740 թվականին դանիական արքաների և թագուհիների մոմե արձանները պատրաստում է պալատական նկարիչ Յոհան Սալոմոն Վալը[5]։ Անգլիայի թագավորական ընտանիքի մոմե արձանների թանգարանը, որտեղ ցուցադրվում էր բնական չափերով 140 քանդակներ, բացվել է 1711 թվականին Լոնդոնի Ֆլիթ փողոցում։ 1770-1802 թվականներին Փարիզում գործում էր ֆրանսիական արքաների և պալատականների մոմե արձանների՝ Cabinet de Cire թանգարանը՝ բացված Ֆիլիպ Կյուրտյուսի կողմից։ 1783 թվականին այն համալրում է Caverne des Grandes Voleurs («Մեծ գողերի քարանձավ»), ը, առաջին «սարսափ- թանգարաններից» մեկը։ Հավաքածուն անցնում է Մարիա Տյուսոյին, որը Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ պատրաստել էր արքայական ընտանիքի՝ մահապատժի ենթարկված անդամների հետմահու դիմակները[6]։

Էլիզաբեթ Յորքի ՝ Հենրիխ VIII-ի մոր մահարձանը (1503, Վեստմինստերյան աբբայություն)

Մոմե արձանները հայտնի են եղել նաև Ռուսական կայսրությունում։ 1817 թվականի օգոստոսին Ա. Յ. Բուլգակովը Գրում է եղբորը Պետերբուրգից. «Անգործ զբոսնելիս տեսա հայտարարություն։ Սա ի՞նչ է։ Մոմե արձանների սենյակ։ Ես վճարեցի երկու ռուբլի և հայտնվեցի նշանավոր անձանց միջավայրում։ Ես երկու քայլ հետ ցատկեցի Նապոլեոնից, որի հայացքն ուղղված էր Սուրբ Հեղինե կղզու նահանգապետին, որը հանձնում է թղթերը Բերտրանին։ Մի փոքր այն կողմ՝ Վելինգթոնն է Բլյուխերի հետ՝ քարտեզը բացելիս, իսկ ավելի հեռու՝ Միշել Նեյը՝ երեխաներին և կնոջը հրաժեշտ տալիս…»[7]:

Նշանավոր թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

21-րդ դարի վերջին խոշոր քաղաքներից շատերում բացվեցին մոմե արձանների թանգարաններ, որոնք մեծ հռչակ էին վայելում շուրջ հարյուր տարի։ XX դարի վերջում նոր զվարճությունների ի հայտ գալով՝ պակասում է հետաքրքրությունը այդ թանգարանների նկատմամբ։

Մադամ Տյուսոն դառնում է մոմե արձանների թանգարանի հետ զուգորդվող աամենահայտնի մարդկանցից մեկը։ 1835 թվականին նա բացում է առաջին մշտական ցուցադրությունը Լոնդոնի Բեյքեր սթրիթ փողոցում։ Այսօր թանգարանի մասնաճյուղեր են բացվել Ամստերդամում, Բեռլինում, Հոնկոնգում, Շանհայում և ԱՄՆ-ի չորս քաղաքներում՝ Լաս Վեգասում, Նյու Յորքում, Հոլիվուդում, Վաշինգտոնում։ ԱՄՆ-ում մոմե արձանների հայտնի թանգարաններից մեկը Movieland Wax Museum է Բոենա Պարկում Կալիֆորնիա նահանգում։ Այն բացվել է 1962 թվականին և պարբերաբար համալրվել շոու բիզնեսի նշանավոր ներկայացուցիչների արձաններով։ Որոշ աստղեր ներկա են գտնվել իրենց արձանների բացմանը։ 2005 թվականի հոկտեմբերի 31-ին թանգարանը փակվում է քիչ այցելուներ ունենալու պատճառով։ Ամերիկական նշանավոր մյուս թանգարանը Հոլիվուդի Hollywood Wax Museum է։ Այն ամբողջովին նվիրված է դերասաններին և նրանց դերերին՝ ներկայացնելով նշանավոր ֆիլմերից տեսարաններ։

1970 թվականին բացվում է կանադական Royal London Wax Museum, որը գտնվում է Վիկտորիայում՝ Բրիտանական Կոլումբիայում։ 2010 թվականին թանգարանը փակվում է վերանորոգման համար։

Դուբլինում մոմե արձանների իռլանդական ազգային թանգարանը ստեղծվում է միայն մի քանդակագործի՝ Պի - Ջեյ Էրատիի ջանքերով։ Թանգարանի փակումից հետո նա շարունակում է սեղծել քանդակներ՝ սպասելով թանգարանի երկրորդ բացմանը։

1973 թվականին Բարսելոնայում (Իսպանիա) բացվում է նմանատիպ թանգարան, որտեղ մի սենյակում ներկայացված են պատմական նշանավոր մարդկանց մահապատժի տեսարաններ[8]։

Հնդկաստանում մոմե արձանների մեծ թանգարան է Mother's Wax Museum (MWM)՝ Մայր Թերեզայի պատվին անվանված։ Բացումը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 10-ին Կալկաթայում։ Տարածքը 450 մ² է[9]։ Ցուցադրվում է ավելի քան 50 մարդկանց արձաններ[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Westminster Abbey, Royal funerals». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  2. «Photo at Victoria & Albert Museum».
  3. «Westminster Abbey».
  4. «Westminster Abbey, "Horatio, Viscount Nelson"».
  5. Taylor, 2002, էջ 37
  6. Taylor, 2002, էջեր 37-38
  7. Русский архив за 1900 год. №9. Стр. 117.
  8. «Музей восковых фигур Барселоны (Museu de Cera)» (ռուսերեն). Каталония без посредников Catalunya.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  9. «Amitabh Bachchan and Shah Rukh Khan's wax statues at Kolkata's wax museum».
  10. «Now, Kolkata to get a wax museum».