Մոլորակադիտարան

Մոլորակադիտարան կամ պլանետարիում, գիտալուսավորչական հաստատություն, որտեղ ցուցադրվում է երկնային ոլորտը՝ աստղերով, մոլորակներով և արբանյակներով, գիսաստղերով և ասուպներով, ինչպես նաև Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի, Մարսի, Վեներայի և երկրագնդի կլիմայական գոտիների համայնապատկերները։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլորակադիտարաններում ցուցադրումը կատարվում է «Պլանետարիում» կոչվող հատուկ սարքի օգնությամբ։ Սովորաբար ցուցադրությունն ուղեկցվում է աստղագիտության, տիեզերագնացության և Երկրի մասին գիտությունների վերաբերյալ դասախոսություններով։
Մոլորակադիտարան ստեղծելու միտքն առաջին անգամ առաջարկել է Մյունխենում Գերմանական թանգարանի հիմնադիր Օսկար ֆոն Միլլերը 1919 թվականին։ 1923 թվականին առաջին նախագծող սարքը ստեղծվել է Ենայում՝ Ցեյսի գործարանում, հոկտեմբերին ցուցադրվել է Գերմանական թանգարանի տարեկան ժողովում, իսկ դեկտեմբերի վերջին տեղադրվել է հանրության համար։ 1925 թվականի մայիսին Գերմանական թանգարանում բացվել է մոլորակադիտարան։ Ենայում երկրորդ սարքը տեղադրվել է նույն տարում։ Առաջին պրոյեկցիոն սարքերը նախատեսված էին որոշակի աշխարհագրական լայնության համար։ Ցանկացած լայնություն ունեցող կետի վրա աստղային երկնքի ցուցադրումը հնարավոր է դարձել 1925 թվականին Վալտեր Բաուերսֆելդի կողմից համաշխարհային ճանաչում ստացած Ցեյսի մեծ ապարատի ստեղծումից հետո։ Դանիացի պրոֆեսոր Ստրյոմգրենը մոլորակադիտարանների մասին գրել է[2]․
Արևմտյան կիսագնդում առաջին մոլորակադիտարանը (Adler Planetarium and Astronomy Museum, Չիկագո, ԱՄՆ) բացվել է 1930 թվականին։ ԽՍՀՄ-ում առաջին մոլորակադիտարանը բացվել է Մոսկվայում 1929 թվականի նոյեմբերի 5-ին։
Ներկայումս աշխարհում կան մի քանի հազար մոլորակադիտարաններ, որոնցից գրեթե կեսը սինթեզված համակարգեր են, որոնք բաղկացած են օպտիկամեխանիկական «պլանետարիում» սարքից և թվային պրոյեկցիոն համակարգից։
Թվային պրոյեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստիճանաբար ավելի մեծ թվով մոլորակադիտարաններ են օգտագործում թվային տեխնոլոգիաներ, որպեսզի փոխեն երկնային ոլորտի հետ ավանդաբար օգտագործվող փոխկապակցված պրոյեկտորների համակարգը՝ դրանց որոշ սահմանափակումները հաղթահարելու համար։ Թվային պրոյեկտորների արտադրողները հայտարարում են գործառնական ծախսերի նվազեցման և նման համակարգերի հուսալիության բարձրացման մասին՝ ի համեմատ ավանդական երկնային ոլորտի՝ պատճառաբանելով, որ դրանք օգտագործում են ավելի քիչ շարժվող մասեր և, որպես կանոն, չեն պահանջում մի քանի առանձին համակարգերի միջոցով շարժվելու սինխրոնիզացիա։ Որոշ մոլորակադիտարաններ թվայինի հետ մեկտեղ նույն ոլորտում օգտագործում են նաև ավանդական օպտիկամեխանիկական պրոյեկտորներ[3]։
Նորարարական ինժեներական տեխնոլոգիաները կատարելագործում են թվային մոլորակադիտարանները։ Այժմ երկնակամարի պատկերի որակը ոչնչով չի զիջում ժամանակակից կինոթատրոններին, ուստի ավելի հաճախ կարելի է հանդիպել «լրիվ գմբեթավոր կինոթատրոն» հասկացությանը։ Հեղափոխական ծրագրային ապահովման շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օգտագործել մեկ սերվերից կառավարվող մինչև 64 պրոյեկտոր[4]։ Պատկերը ավտոմատ կերպով տրամաչափարկվում է, որը թույլ է տալիս օգտագործել նույնիսկ կենցաղային պրոյեկտորներ, որի միջոցով ստանում են լավագույն որակի նկարներ։
Գմբեթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստացիոնար գմբեթներ՝ ոլորտը կազմող պերֆորացված թերթերի ամրացման համար օգտագործում են մետաղական կոնստրուկցիա։ Պերֆորացված թերթերն օգտագործվում են օդափոխման նպատակներով, ինչպես նաև բարձրախոսները երկնակամարից դուրս տեղակայելու հնարավորության համար։
- Վակուումակարկասային գմբեթներ՝ ներմղիչների օգնությամբ գմբեթի արտաքին (էկրանի) և ներքին թաղանթների միջև ստեղծվում է վակուում, ինչի շնորհիվ էկրանը ստանում է իդեալական գնդաձև տեսք։
- Փչովի գմբեթներ՝ տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ օդը մղվում է գմբեթի հերմետիկ կառուցվածքից ներս, որն ընդունում է անհրաժեշտ ձև մթնոլորտային ճնշման համեմատ գմբեթի ներքին ավելի մեծ ճնշման հաշվին։ Գմբեթն ավելի լավ է դիմանում ուժգին քամիներին, քան թեթև կարկասային կառուցվածքները, ինչը հնարավորություն է տալիս կարճ ժամանակով (մինչև 2 շաբաթ մեկ տեղում) գմբեթն արդյունավետորեն օգտագործել դրսում։
Ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոլորակադիտարանին նվիրված են մի շարք փոստային թողարկումներ։ Պեկինի մոլորակադիտարանին, որպես չինական առաջին մոլորակադիտարան, նվիրված է ՉԺՀ 1958 թվականի երկու նամականիշ (Սքոթ #358-359), մեկը՝ մոլորակադիտարանի շենքի պատկերով, մյուսը՝ «Պլանետարիում» սարքի պատկերով։ 1961 թվականին Մոսկվայի մոլորակադիտարանը ՄՊՀ-ի և «Տիեզերքի նվաճողներ» հուշարձանի հետ հայտնվել է ԽՄԿԿ 12-րդ համագումարում թողարկված ԽՍՀՄ նամականիշի վրա։
Աթենքում մոլորակադիտարանի բացմանը նվիրված է 1965 թվականի Հունաստանի նամականիշը (Սքոթ #835) Հիպարքոսի և նրա աստրոլաբների պատկերով։ Նույն թվականին թողարկվել է Արևմտյան Բեռլինի նամականիշը՝ մոլորակադիտարանի և Վիլհելմ Ֆյորստերի անվան աստղադիտարանի[de] պատկերով (Սքոթ #9N232)։ Սիլեզիայի մոլորակադիտարանը[pl] պատկերված է 1966 թվականի Լեհաստանի նամականիշի վրա (Սքոթ #1446)։ Մոնտեվիդեոյի քաղաքային մոլորակադիտարանի[es] 10-ամյակին նվիրվել է 1967 թվականի Ուրուգվայի երկու նամականիշ՝ մոլորակադիտարանի շենքի պատկերով (Սքոթ #740) և «Պլանետարիում» սարքի պատկերով (Սքոթ #C301)։ 1969 թվականին, ի պատիվ Լյուցեռնում գտնվող Շվեյցարիայի տրանսպորտի թանգարանում առաջին շվեցարական մոլորակադիտարանի բացմանը, թողարկվել է շվեցարական փոստային նամականիշ, որի վրա պատկերված էր Պեգաս համաստեղությունը (Սքոթ #496)։
1970 թվականի Արգենտինայի նամականիշի վրա (Սքոթ #C132) պատկերված էր Բուենոս Այրեսի մոլորակադիտարանը[es], ինչպես նաև «Պլանետարիում» սարքը։ Հումբոլդտի մոլորակադիտարանին[es] նվիրված է 1973 թվականի Վենեսուելայի նամականիշների շարքը (Սքոթ #1016-1030), որը թողարկվել է այդ մոլորակադիտարանի 10-ամյակին՝ Արեգակի, Արեգակնային համակարգի 9 մոլորակների, աստղակերպների և Լուսնի պատկերով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Greger, 2011
- ↑ Порцевский К.А. Планетарии мира // Земля и Вселенная. — 1975. — № 6. — С. 70—77.
- ↑ «Հայելային համակարգ թվային մոլորակադիտարանների համար». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Fulldome.pro
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Greger, Ursula Jena. — Verlag Janos Stekovics, 2011. — ISBN 978-3-89923-283-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլորակադիտարան
- WPD համաշխարհային մոլորակադիտարանների տվյալների բազա
- Մոլորակադիտարաններ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Բոլոր երկրների մոլորակադիտարանների ցանկ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 320)։ |