Մոլեկուլային սպեկտրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոլեկուլային սպեկտրներ, լույսի կլանման, առաքման և կոմբինացիոն ցրման օպտիկական սպեկտրներ, որոնք առաջանում են էներգետիկ մի մակարդակից մյուսը մոլեկուլնեոի անցման ժամանակ։

Մոլեկուլային սպեկտրները բարդ կազմություն ունեն և բաղկացած են խիտ դասավորված բազմաթիվ սեպկտրային գծերից գոյացած տարբեր լայնության շերտերից։ Ատոմային գծավոր սպեկտրների համեմատությամբ շերտավոր մոլեկուլային սպեկտրների բարդությունը բացատրվում է նրանով, որ մոլեկուլը կազմող ատոմների միջուկների նկատմամբ էլեկտրոնների շարժումից բացի (սպեկտրի ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթ) մոլեկուլում առկա են նաև այլ շարժումներ՝ միջուկների տատանումները հավասարակշռության դիրքերի շուրջը (ինֆրակարմիր տիրույթ) և մոլեկուլի պտույտն իբրև ամբողջություն (սպեկտրի հեռավոր ինֆրակարմիր և գերբարձր հաճախականության տիրույթ)։ Շարժման բոլոր այս տեսակները քվանտացած են, այսինքն՝ դրանց համապատասխանող էներգիան կարող է ընդունել միայն որոշակի ընդհատ արժեքներ։ Ըստ այդ շարժումների էլ հենց տարբերում են էլեկտրոնային, տատանողական և պտտական մոլեկուլային սպեկտրներ։ Մոլեկուլների էներգիայի համապատասխան մակարդակների միջև անցումները հանգեցնում են մոլեկուլային սպեկտրներում լրացուցիչ գծերի(ատոմային սպեկտրների համեմատությամբ) առաջացման։ Մոլեկուլային սպեկտրների կոնկրետ կազմությունը տարբեր մոլեկուլների համար տարբեր է և, որպես կանոն, ավելի բարդ է դառնում, երբ ատոմների թիվը մոլեկուլում ավելանում է։ Մոլեկուլային սպեկտրների ուսումնասիրումն արժեքավոր տեղեկություններ է տալիս մոլեկուլների կառուցվածքի մասին (միջատոմային հեռավորությունների, իներցիայի մոմենտների, տատանումների հաճախականության որոշում են) և ընկած է մոլեկուլային որակական ու քանակական սպեկտրային վերլուծության հիմքում։ Մոլեկուլային սպեկտրի միջոցով կարելի է լուծել քիմիայի, կենսաբանության և գիտության այլ բնագավառների ամենաբազմազան խնդիրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 688 CC-BY-SA-icon-80x15.png