Մոլդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մոլդեն
անգլ.՝ Malden Island

Մոլդեն կղզին
Տեղագրություն Խաղաղ Օվկիանոս
Երկիր Կիրիբատի Կիրիբատի
Ջրատարածություն Խաղաղ Օվկիանոս
Մակերես 39,3 կմ2
Ամենաբարձր կետը 10 մ
Բնակչություն 0 մարդ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Մոլդեն (անգլ.՝ Malden Island), չոր, ցածրադիր ատոլլ Լայն արշիպելագում (Կիրիբատի)։ Անմարդաբնակ է։ Կղզու մակերեսը՝ 39,3 կմ² է։ Արդեն 1860—1927 թվականներից ատոլլը հայտնի է թռչնաղբի (գուանո) հարուստ պաշարներով։ Բացի այդ, 1957 թվականին կղզին օգտագործվում էր Մեծ Բրիտանիայի կողմից որպես ջրածնային ռումբի փորձարկման վայր։ Կղզում գտնվում են պոլինեզիական ծագմամբ նախապատմական ավերակներ։ Ներկայումս Մոլդեն ատոլլի տարածքը արգելոց է, ծովային թռչունների բնադրման վայր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդեն ատոլլը ձգվում է հասարակածից 447 կմ դեպի հարավ, Հոնոլուլուից (Հավայան կղզիներ) 2840 կմ դեպի հարավ եւ ավելի քան 8000 կմ Հարավային Ամերիկայի ափերից դեպի արևմուտք։ Մոտակա Ստարբաք կղզին գտնվում է 204 կմ դեպի հարավ-արևմուտք։ Մոտակա բնակելի վայրը Տոնգարևա կղզին է, գտնվում է 450 կմ դեպի հարավ-արեւմուտք։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Սուրբ Ծնունդ (կամ Կիրիբատի) կղզում, որը ատոլլից 675 կմ դեպի հյուսիս-արևմուտք է։ Մոտակա այլ կղզիներ են Ջարվիս կղզին (690 կմ), Արևելք կղզին (713 կմ) և Քարոլայն կղզին (850 կմ)։

Մոլդեն կղզին ցածրադիր, կրային ատոլլ է, ունի 8 կմ երկարությամբ կողմերով հավասարակողմ եռանկյան ձև։ Ատոլլի արևելքում կղզյակներով աղի ծովածոց է՝ բոլոր կողմերից սահմանազատված ցամաքով (փոքրիկ նեղուցներ կան միայն ծովածոցի հյուսիսում և արևելքում)։ Կղզու մակերեսը 39,3 կմ² է։

Ատոլլը ցածրադիր է, կղզու ամենաբարձր կետը ունի 10 մ բարձրություն։ Մոլդենը արիդային կլիմայով ատոլլ է, տեղումների միջին տարեկան մակարդակը հասնում է 726 մմ-ի։ Միջին տարեկան ջերմաստիճանը կղզում +29,3 °C (նվազագույն 23,8 °C, առավելագույնը 37,2 °C) է։ Քամիները առավելապես արևելյան ուղղությամբ են։

1975 թվականի մայիսի 29-ին Մոլդեն կղզին հայտարարվել է որպես ծովային արգելոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդեն կղզին հայտնաբերվել է 1825 թվականի հուլիսի 30-ին Ջորջ Էնսոն Բայրոնի (ականավոր բանաստեղծի զարմիկի) կողմից։ Բրիտանական ռազմական "Blonde" նավի կապիտան Ջորջ Էնսոն Բայրոնը, վերադառնում էր Մեծ Բրիտանիա, կատարելով իր առաքելությունը՝ հայրենիք էր վերադարձնում ԱՄՆ-ում կարմրուկից պատահաբար մահացած Հավայան կղզիների թագավորի ու թագուհու աճյունները։ Կղզին կոչվել է ի պատիվ նավաստի Չարլզ Ռոբերտ Մոլդենի, որն առաջինն էր նկատել կղզին և ուսումնասիրել։ Երբ նավի անձնակազմը իջել է ատոլլում, կղզին անմարդաբնակ էր, սակայն, գտել են տաճարների և այլ շինությունների խորհրդավոր ավերակներ, ինչը վկայում է այն մասին, որ մի օր կղզին բնակեցված է եղել։ Այդ կառույցների առկայությունը բացատրվել է կղզում նավաստիների ներկայությամբ, որոնց նավերը վնասվել են ծովահենների, հարավամերիկյան ինկերի կամ նույնիսկ առաջին չինացի ծովագնացների կողմից։ 1924 թվականին կղզում իրականացվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում գիտնականները հաշվել են, որ կղզին ժամանակին բնակեցված է եղել պոլինեզիացիներով, որոնք այստեղ ապրել են կղզու հայտնաբերումից դեռ մի քանի դար առաջ։ XIX դարի առաջին կեսին, ամերիկյան կետորսության արդյունաբերության ծաղկման շրջանում կղզի հաճախ էին այցելում կետորսներ։ Շուտով, ըստ 1856 թվականի Գուանոյի մասին օրենքի, որը թույլ էր տալիս ԱՄՆ քաղաքացիներին տիրելու Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի բոլոր անմարդաբնակ կղզիներին թռչնաղբի՝ հարուստ պարարտանյութի արդյունահանման համար, յուրացվում է թռչնաղբի (գուանո) արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան ընկերության կողմից։ Ճիշտ է, նրանց կղզում թռչնաղբի արդյունահանմամբ զբաղվում էր ավստրալական ընկերությունը՝ Բրիտանիայի տրամադրած լիցենզիայով։ Կղզում թռչնաղբի արդյունահանում կատարվել է 1860-ականներից մինչև 1927 թվականը։

1956 թվականին մեծ Բրիտանիան ընտրել է Մոլդեն կղզին իր ջրածնային ռումբերի փորձարկման համար։ 1957 թվականին կղզու ափերից ոչ հեռու պայթեցվել են երեք ռումբեր։

Մինչեւ 1979 թվականի հուլիսին Կիրիբատի հանրապետության ի հայտ գալը կղզու իրավունքները Մեծ Բրիտանիան վիճարկում էր ԱՄՆ-ի հետ։ Միայն 1979 թ-ի սեպտեմբերի 20-ին Կիրիբատիի հետ բարեկամության պայմանագրի կնքումից հետո ԱՄՆ-ը հրաժարվեց Ֆենիքս և Լայն արշիպելագների Մոլդեն և այլ կղզիների նկատմամբ իր ներկայացրած պահանջներից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիպսի հանքավայրը կղզում չի մշակվում՝ կապված տնտեսական աննպատակահարմարության (փոխադրման բարձր արժեքը, անկայուն պահանջարկի) հետ։ Կղզում էկոտուրիզմի զարգացման փորձեր են արվել, որոնք ավարտվել են անհաջողությամբ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]