Jump to content

Մշկացուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոյացուլ
Խոյացուլ
Խոյացուլ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ցեղ 'Ovibos'
Տեսակ Խոյացուլ (O. moschatus)
Միջազգային անվանում
Ovibos moschatus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մշկացուլ կամ ոչխարացուլ (լատիներեն՝ Ovibos moschatus), Bovidae ընտանիքի մշկավոր եզների ցեղի (Ovibos) միակ ժամանակակից ներկայացուցիչ[1][1][2]։ Ժամանակակից մշկացուլերի հեռավոր նախնիները Միոցեն դարաշրջանի վերջում ապրել են Կենտրոնական Ասիայի բարձրավանդակներում: Մոտ 3.5 միլիոն տարի առաջ, երբ կլիման նկատելիորեն ցուրտ է դարձել, մշկացուլերի նախնիները Հիմալայն լեռներից իջել են և տարածվել Սիբիրում և հյուսիսային Եվրասիայի մնացած մասում: Իլինոյսի սառցակալման ժամանակ նրանք Բերինգի նեղուցով ներթափանցել են Հյուսիսային Ամերիկա, իսկ այնտեղից՝ Գրենլանդիա: Ավելի ուշ՝ չորրորդական ժամանակաշրջանի ստորին՝ ամենատևական հատվածում՝ Պլեյստոցենում սկսվել է մշկացուլերի պոպուլյացիաների կտրուկ անկում, որը կապված է գլոբալ տաքացման և հասարակ մարդկանց կողմից որսի ենթարկվելու հետ:

Մշկացուլերը, բիզոնները և եղջերուները Արկտիկայի միակ սմբակավոր կաթնասուններն են եղել, որոնք գոյատևել են ուշ Պլեյստոցենի ավարտվելուց հետո[3]: Մինչև 19-րդ դարի սկիզբը այդ կենդանիները դասակարգվում էին որպես խոշոր եղջերավոր անասունների ենթաընտանիք, բայց այսօր կենդանիների դասակակարգմամբ մտահոգված մասնագետների մեծ մասը դրանք դասակարգում է որպես այծերի ենթաընտանիք: Մշկացուլերին ամենամոտ կենդանի ազգականը համարվում է տակինը՝(լատիներեն՝ Budorcas taxicolor): Այդ կենդանին ապրում է Հիմալայներում, Բութանում, Չինաստանի Սիչուան նահանգում, Հնդկաստանի հյուսիսում և Մյանմայի որոշ շրջաններում։ Այն շատ յուրօրինակ տեսք ունի՝ արտաքինով հիշեցնում է միաժամանակ թե՛ խոզի, թե՛ կովի, թե՛ այծի։ Ունի խիտ մազածածկույթ։ Մշկացուլերը խոշոր, գեր կաթնասուններ են՝ մեծ գլխով և կարճ պարանոցով, ծածկված շատ խիտ բրդով: Ունեն սուր, կլորացված եղջյուրներ՝ ճակատի վրա հսկայական հիմքով, որոնք նրանք օգտագործում են գիշատիչներից պաշտպանվելու համար: Մարմինը պատված է երկար ու խիտ բրդով, որը հասնում է մինչև գետնին: Բուրդը բաղկացած է երկար, կոպիտ պաշտպանիչ մազերից և խիտ, փափուկ ստորին մորթուց, որը կոչվում է «քիվիուտ»։ Այն ութ անգամ ավելի տաք է, քան ոչխարի բուրդը:

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական լեզուներում օգտագործվող կենդանու անվանումը իրականում որևէ կերպ չի առնչվում մուսկուսի կամ կենդանիների մուսկուսային գեղձերի հետ։

Հայտնի է որ կենդանիների մուշկը արտադրվում է որոշ կաթնասունների (մշկայծյամ, մշկամուկ և այլն) արուների մշկագեղձերում, լինում են՝ հատիկավոր կամ քսուքանման, գորշ գույնի ու յուրահատուկ հոտով։ Պարունակում է մակրոցիկլային կետոններ (մուսկոն, ցիբետոն և այլն), ինչպես նաև սպիտակուցներ, ճարպեր, խոլեսթերին, տարբեր աղեր։ Կենդանիների համար մուշկն ունի քիմիական ազդանշանային նշանակություն՝ տարածման վայրը նշելու, էգերին գրավելու համար։ Ամենայն հավանականությամբ «մշկացուլ» բառն առաջացել է կոնտամինացիայի (երկու բառի իմաստային խառնման) հետևանքով և կապված է հնդկացիների «կրի» լեզվախմբով արտահայտած ճահճոտ տարածքները նկարագրող «musked» բառի հետ։ Իսկ ռուսերեն «Ոչխարացուլ» անվանումը բառացի թարգմանությունն է լատիներեն՝ «Ovibos» բառից, որը նշանակում է «ցլաոչխար» ինչը կապված է գիտնականների վեճերի հետ՝ այս կենդանու համակարգային դասակարգման շուրջ։

Այս անվանումների ու դասակարգման հետ կապված խառնաշփոթի պատճառով մշկացուլերի ձագերին ավանդաբար անվանում են հորթուկներ այլ ոչ թե գառներ, թեև մորֆոլոգիապես և համակարգային տեսակետից նրանք ավելի մոտ են այծերին ու ոչխարներին։

Կենդանու դիրքը առջևից։

Արտաքին տեսքի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշկացուլերը ունեն յուրահատուկ տեսք, որը ընդգծում է նրանց հարմարվողականությունը Արկտիկայի խստաշունչ միջավայրին: Նրանք չունեն մարմնի դուրս ցցված մասեր, ինչը պայմանավորված է ցուրտ կլիմայում ջերմության կորուստը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Իրենց շատ երկար և խիտ մորթու շնորհիվ կենդանիները շատ ավելի փարթամ տեսք ունեն, քան իրականում են[4]:

Մշկացուլերը ցուցաբերում են սեռական դիմորֆիզմ: Չափահաս կենդանիների հասակը կազմում է մոտ 132-138 սմ, իսկ նրանց քաշը տատանվում է 260-ից մինչև 650 կգ: Վայրի բնության մեջ արու տեսակները կշռում են մինչև 350 կգ, իսկ մարմնի բարձրությունը հասնում է 150 սմ: Էգերի քաշը կազմում է արուի քաշի մոտավորապես 60%-ը, իսկ նրանց հասակը հասնում է 120 սմ-ի: Գերության մեջ արուները կշռում են 650 կգ, իսկ էգերը՝ 300 կգ: Արուների մարմնի երկարությունը 210-260 սմ է, էգերին՝ 190-240 սմ: Կենդանիների չափսերի և քաշի վրա ազդում է նաև բնակավայրի շրջանը, որը կապված է սննդի ընդունման տարբերություններով:

Ամենամեծ մշկացուլերն ապրում են արևմտյան Գրենլանդիայում, իսկ ամենափոքրը՝ հյուսիսային Գրենլանդիայում[5]:

Մշկացուլերն ուսի հատվածում ունեն կուզ-մաշկ, որը վերածվում է նեղ մեջքի։ Ոտքերը փոքր և գեր են: Կորով չափելիս հետևի ոտքերը շատ ավելի երկար են, քան առջևիները:Բացի այդ, ունեն մեծ կլորացված սմբակներ, որոնք հարմարեցված են ձյան և ժայռերի վրայով շարժվելու համար: Առջևի սմբակները նկատելիորեն ավելի լայն են, քան հետևիները, ինչը թույլ է տալիս նրանց արդյունավետորեն «սմբակել» (փորել) և դուրս բերել սնունդը ձյան տակից: Կողային սմբակները փոքր են և քայլելիս գետնին կամ ձյան վրա հետքեր չեն թողնում։

Կենդանու գլուխը շատ զանգվածեղ է և երկարավուն, որի վրա տեղադրված են սուր կլորացված եղջյուրները՝ ճակատի վրա զանգվածեղ հիմքով[6]։ Եղջյուրները ամեն տարի չեն ընկնում այլ աճում են մինչև վեց տարեկանը, սկզբում կորանալով դեպի ներքև, ապա առաջ, ապա վերև և դուրս[7]։ Արուների եղջյուրները շատ ավելի մեծ և զանգվածեղ են, քան էգերինը։ Նրանք իրենց եղջյուրներն օգտագործում են գիշատիչներից պաշտպանվելու համար, իսկ արուները դրանք օգտագործում են նաև զուգավորման շրջանում՝ տեսակի ներսում միմյանց դեմ[7]

Էգերի եղջյուրների միջև մաշկի մի հատված կա, որը ծածկված է սպիտակ փափկամազով, և եղջյուրները հիմքում հաստացում չունեն։ Գլխի կողքերին տեղակայված են մուգ շագանակագույն խոշոր աչքերը։

Մշկացուլերի ականջները շատ փոքր են (3 սմ՝ հորթերի մոտ և 6 սմ՝ մեծահասակների մոտ), պոչը նույնպես բավականին կարճ է (6-6.5 սմ՝ հորթերի մոտ և 12.2-ից մինչև 14.5 սմ՝ չափահաս կենդանիների մոտ, որոնք թաքնված են բրդի տակ։ Էգերի կուրծքը փոքր է, ծածկված բաց գույնի մազերով։ Պտուկների երկարությունը տատանվում է 3.5-ից մինչև 4.5 սմ։

Կենդանու մորթափոխություն։

Մարմնի ծածկույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կենդանիները երկար, խիտ մորթի ունեն, որը գրեթե մինչև գետնին է քսվում[8]։ Մորթու գույնը ներքևի մասում և գլխի դիմային մասում տատանվում է մուգ շագանակագույնից մինչև սև, իսկ մյուս մասերում՝ բաց շագանակագույնից մինչև սպիտակ։

Կենդանու մորթին բաղկացած է 4 տեսակի մազից։

• ուղեկցողներ

• երկար և կոպիտ 3 կարգի մազեր, որոնք կարող են հասնել 60 սմ երկարության

• 2 կարգի միջանկյալ մազեր,

• 2 կարգի խիտ և փափուկ փետուրավոր մազեր, որոնք կազմում են ստորին մորթին, որը կոչվում է քիվիուտ։

Մշկացուլերի բուրդն ավելի նուրբ է, քան քաշմիրը և ութ անգամ ավելի տաք, քան ոչխարի բուրդը։ Արկտիկական գարնան մոտենալուն պես բուրդը թափվում է և կրկին աճում օգոստոսին։ Մորթին ծածկում է կենդանու ամբողջ մարմինը, բացառությամբ՝ եղջյուրների, սմբակների, շուրթերի և քթի։ Արուների ուսերին մազեր շատ խիտ են և արտաքուստ ստեղծում են բաշի նման մի բան[6]։ Մարմնի տարբեր մասերում մազերի երկարությունը տարբեր է և առավելագույնի հասնում է պարանոցի ստորին հատվածում, իսկ նվազագույնի՝ վերջույթների ստորին հատվածում: Ամռանը մազերը զգալիորեն կարճ են, քան ձմռանը: Մարմնի վրա փափուկ մազերի երկարությունը ամռանը 2.3-2.5 անգամ կարճ է, քան ձմռանը: Բրդափոխության տևողությունը կարճ է․ գարնանը՝ մայիս-հունիս ամիսներին, կոնկրետ ժամանակը կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ կլիմայական և կերակրման պայմաններից: Հղի և չափահաս կենդանիների մոտ բրդափոխությունը հաճախ ուշանում է: Ծածկույթի (ուղեցող, պաշտպանիչ և միջանկյալ) մազերի փոփոխությունը տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում:

Տակին։

Անատոմիական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների տարիքով պայմանավորված ինչպես արուների, այնպես էլ էգերի մոտ զարգանում են առջևի ակնագնդային գեղձերը, որոնց արտազատուկները օգտագործվում են ինչպես տեսակի ներսում իրար հետ կռիվների ընթացքում, այնպես էլ՝ վտանգի դեպքում պաշտպանվելու համար: Հետևի վերջույթներին քրտնագեղձեր չկան, բայց դրանք կան պարանոցին, մեջքին և կողքերին: Անվանմանը հակառակ՝ մշկացուլերը մաշկային գեղձեր չունեն[9]:

Կենդանիների զգայարանները բավականին լավ են զարգացած են[6]: Մեծ աչքերը կենդանուն հնարավորություն են տալիս ճանաչելու շրջապատի առարկաները բևեռային գիշերներում և մթության մեջ։ Հոտառությունը համեմատաբար թույլ է զարգացած, բայց դա կենդանուն չի խանգարում զգալ գիշատիչների մոտենալը և ձյան տակ սնունդ փնտրելը:

Մշկացուլերը նախընտրում են հաղորդակցվել լսողական կամ տեսողական ազդակների միջոցով։ Տագնապի դեպքում արուներն ու էգերը խռմփում են, իսկ ձագերը մկկում՝ փնտրելով մորը, Կռվի ժամանակ արուները մռնչում են։

Ըստ կենդանիների կարիոտիպերի վերլուծության, մշկացուլի կարիոտիպը նույնական է ասիական գոմեշին քրոմոսոմների դիպլոիդ քանակով (2n = 48), բայց տարբերվում է բիզոնի, վիզենդի, յակի, խոշոր եղջերավոր անասունների (2n = 60), ոչխարների (2n = 54) և տակինիի (2n = 52) քրոմոսոմներից: Կենդանուն հատուկ է դիպլոիդ քրոմոսոմների հավաքածուն՝ 2n = 48 է, NF = 60, որոնցից 48 քրոմոսոմ՝ 12 երկթև և 36 գնդաձև աուտոսոմներ։

Մշկացուլի սմբակ և կոտոշ։

Ողնաշարը բաղկացած է 39 ողերից, այդ թվում՝ 7 պարանոցային, 13 կրծքային, 6 գոտկային և 7 պոչային: 6 միաձուլված ողերը կազմում են սրբոսկրը, որի ընդհանուր երկարությունը արուների մոտ 211 մմ է, իսկ էգերի մոտ՝ 196 մմ: Այս կենդանիներն ունեն 13 զույգ կողոսկր:

Գանգն ունի հետևյալ տարբերվող առանձնահատկությունները՝ ակնախոռոչների մեծ լայնություն, ճակատի գրեթե հարթ մակերես, ճակատ-դեմքի մասի գոգավոր պրոֆիլ, լսողական թմբկաթաղանթների փոքր ոսկրային կառուցվածք, ծոծրակոսկրի պարիետալ մասի կարճացում, ցածր և լայն ծոծրակային կոնդիլներ՝ երկար ոսկորների վերջում կլորացված ելուստներ։ Արու կենդանու գանգի հիմքային երկարությունը՝ կախված ենթատեսակից, տատանվում է 442-ից մինչև 466 մմ, այտոսկրինը՝ 162-ից մինչև 177 մմ:

Ներքին օրգանների կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների սիրտը փոքր է՝ հասնելով 1500 գ զանգվածի: Ամենամեծ ֆունկցիոնալ օրգանը վառ կարմիր թոքերն են, որոնք բաղկացած են 9 բլթակից: Չափահաս կենդանու աղիքի երկարությունը 46-ից 52 մ է:

Ստամոքսը չորս խոռոչից բաղկացած բազմախցիկ համակարգ է ինչպես շատ ուրիշ խոտակեր կաթնասունների, այդ խոռոչներից ամենախոշորը ստամոքսի առջևի հատվածն է՝ թափանը, որը կարող է պարունակել մինչև 40 կգ սնունդ և համարվում է ստամոքսի ամենածավալուն բաժինը։

Էգերի արգանդը երկեղջյուր է, չափահաս արուների ամորձիները մեծ են՝ միջինում յուրաքանչյուրը կշռում է 315 գ: Արուի առնանդամի երկարությունը մոտ 29 սմ է:

Ունեն ճյուղավորված արյան շրջանառության համակարգ՝ բավականին բարձր մարմնի ջերմաստիճանով: Չափահաս կենդանիների ուղիղ աղիքի ջերմաստիճանը 38.4 °C է, զարկերակի հաճախականությունը՝ 75-90 զարկ րոպեում: Կենդանիների մկանային համակարգը զարգացած է և ընդհանուր մկանային զանգվածը կազմում է մարմնի քաշի գրեթե 20%-ը:

Համեմատություն ցլերի և այծերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգ առանձնյակի մարմնի և ներքին օրգանների համեմատման արդյունքում գիտնականները եկան այն եզրակացության, որ մշկացլի մարմնակազմությունն ավելի նման է ցուլի, քան այծի որևէ տեսակի: Գանգի և ատամների կառուցվածքն ունի ցուլի առանձնահատկություններին բնորոշ նմանություն իսկ անատոմիապես և սերոլոգիայի՝ արյան շիճուկի հատկությունների նմանությամբ մշկացուլերը ավելի մոտ են ոչխարներին։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշկացուլերը խոտակեր կենդանիներ են։ Նրանց սննդակարգը հիմնականում բաղկացած է եղեգից, ուռենուց և այլ խոտաբույսերից[10]: Էվոլյուցիայի ընթացքում այդ կենդանիները կարողացել են հարմարվել Արկտիկայի ծայրահեղ աղքատ կերային հողերին: Քանի որ արկտիկական ամառը տևում է ընդամենը մի քանի շաբաթ, մշկացուլերը սնվում են չոր բույսերով, որոնք նրանք փորում են դուրս բերել ձյան տակից: Մինչև ակտիվ սառնամանիքների սկիզբը (սովորաբար ամառային ամիսներին), կենդանիները այցելում են բնական աղային տարածքներ՝ հանքային մակրո և միկրոտարրեր ստանալու նպատակով։ Սա կարևոր դեր ունի նրանց օրգանիզմի պատրաստման հարցում՝ առաջիկա բազմանալու շրջանի և ձմռան դժվարին պայմանների համար։

Սեռական հասունություն և բազմացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգ մշկացուլերը սեռական հասունացման են հասնում կյանքի երկրորդ տարում, սակայն լավ սննդային պայմաններում էգերը բեղմնավորվում են կյանքի 15-17-րդ ամիսներին։ Արուները պատրաստ են բազմանալու 2-3 տարեկանում։ Էգերը սերունդ են ունենում մինչև 11-14 տարեկան դառնալը։

Էգ մուշկացուլերը սովորաբար միայն մեկ ձագ են ծնում, իսկ երկվորյակներ հազվադեպ են լինում։ Եթե սնունդը լավ է, էգերը կարող են ձագեր ծնել ամեն տարի մինչև 10 տարեկան դառնալը, իսկ հետո՝ միայն երկու տարին մեկ։ Կախված տարիքից՝ հղի էգերի մասնաբաժինը տարբեր է. 18-ից 35 ամսական հասակում հղի է լինում 25 %-ից քիչ էգերի, իսկ ավելի բարձր տարիքում՝ մինչև 63 

Կենդանու գանգի կմախք։

Սեռական վարքագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական վարքագիծը հիմնականում բնորոշ է արու կենդանատեսակներին: Արուի և էգի միջև կա սիրահետման 10-15 տարր, որն ավարտվում է զուգավորմամբ[11]: Արուի՝ էգի հետ զուգավորվելու ցանկությունը հանգեցնում է մեկ կամ երկու օրվա զույգի ձևավորմանը, երբ արուն էգի հետ քայլում է հոտի շուրջ[12]: Արուն մի քանի փորձ է անում զուգավորվելու (այսպես կոչված՝ զուգավորման փորձեր): Առաջին փորձերը սովորաբար անհաջող են լինում, բայց ամեն ինչ կախված է արուի փորձից և տարիքից: Զուգավորման պահին արուն առջևի ոտքերով սեղմում է իր զուգընկերոջը և կատարում կոնքի հրումներ: Սեռական ակտը տևում է 5-6 վայրկյան[13]։

Էգերն արուների սիրահետմանը երեք տարբեր արձագանք ունեն՝

• հնազանդություն

• խուսափում

• ագրեսիա։

Այս դասակարգումը բոլորի կողմից բնորոշ կամ ամբողջական չի համարվում։

Հղիություն և ծննդաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորթ

Բնական պայմաններում հղիությունը տևում է միջինը 8-8.5 ամիս՝ կախված բնակավայրից[14]: Նորմալ պայմաններում ձագը ծնվում է ապրիլի վերջին-հունիսի սկզբին[15][16]: Ակտիվ զուգավորման դեպքում ծննդաբերությունը կրճատվում է մինչև երկու շաբաթ՝ սկսած ապրիլի վերջին շաբաթից[16]: Մայիսի վերջին նախիրները սկսում են գաղթել տունդրայի ավելի չոր շրջաններ, որտեղ ավելի լավ կերակրման վայրեր կան, իսկ էգերը, որոնք մինչ այդ ժամանակ չեն հասցրել ծննդաբերել, ծննդաբերում են ճանապարհին:

Հղի էգին չափազանց դժվար է տարբերակել մյուս էգերի մեջ՝ մարմնի կառուցվածքի և խիտ մազերի պատճառով, որոնք թաքցնում են հղիության արտաքին նշանները: Ծննդաբերության պահի մոտենալուն պես էգն ավելի անհանգիստ է դառնում և սկսում է մնալ նախիրի ծայրային հատվածում[17]:

Ծննդաբերությունն տեղի է ունենում նախիրի ներսում կամ դրա տարածքում, եթե սա էգի առաջին ծննդաբերությունն է: Կծկումները տևում են 8-10 րոպե, և ծնվելուց 5-28 րոպե անց նորածինը կանգնում է ոտքերի վրա: Նորածին հորթի քաշը տատանվում է 8-ից 10 կգ-ի սահմաններում և կրկնապատկվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում: Նորածին հորթերն արդեն ունեն ճարպի մեծ շերտ, որպեսզի կարողանան դիմակայել դժվար պայմաններում (օդի ջերմաստիճանը կարող է հասնել -30 °C-ի):

Երկվորյակները հազվադեպ են ծնվում[18][19]: Կարծիք կա, որ երկվորյակների հայտնվելը կապված է կերակրման բարենպաստ պայմանների հետ: Գիտնականների կարծիքով՝ երկվորյակների ծնվելու հավանականությունը կազմում է 3.9%[19]:

Վայրի պոպուլյացիաներում մուշկյան եզների մոտ երկվորյակների կենսունակության վերաբերյալ փաստաթղթավորված տեղեկություններ չկան: Օրինակ՝ Դևոն կղզում հայտնաբերվել է էգ երկվորյակներ, սակայն ձմռանը նրանք գտնվել են մահացած՝ հյուծվածության նշաններով:

Էգի կողմից հորթի առաջին կերակրումը տեղի է ունենում ծնվելուց մի քանի տասնյակ րոպե անց: Առաջին երկու օրերին կերակրումների քանակը տատանվում է 18-ից 20 անգամ, իսկ մեկ նման կերակրման վրա ծախսվող ժամանակը 1-ից 9 րոպե է: Կյանքի երրորդ օրը կերակրման ինտենսիվությունը մեծանում է կերակրման ժամանակի նվազմանը զուգահեռ[20]: Այս օրինաչափությունը շարունակվում է նաև հետագայում: Կերակրման ընթացքում հորթը դնչով հարվածում է մոր կուրծքին, որպեսզի նա տա նրան ամբողջ կաթը: Երբ հորթը մեծանում է, նման հարվածները ցավոտ են դառնում էգի համար, և նա կարող է ընդհատել կերակրումը դրանց պատճառով: Մեկ ամսականից սկսած՝ հորթերը սկսում են սնվել արոտավայրերում, իսկ ծնվելուց հինգ ամիս անց կաթով կերակրումը ընդհանրապես դադարում է։

Հորթի և մոր միջև տեսողական շփումը սկսվում է հենց սկզբից: Էգերը չունեն իրենց հորթին ճանաչելու ձայնային և տեսողական մեխանիզմներ, ուստի երբ գալիս է կերակրման ժամանակը, նրանք սկսում են շրջել հոտի մեջ և հոտոտել հորթերին՝ փնտրելով իրենց հորթերին: Հորթերը, իրենց հերթին, հիշում են մոր տեսքը և նրա ձայնը, ինչը թույլ է տալիս նրանց անսխալ գտնել նրան։

Հորթեր ծնած էգերը նախիրներում կազմում են այսպես կոչված մայրական խմբեր: Կյանքի երկրորդ կամ երրորդ օրը հորթերը սկսում են խմբավորվել համատեղ խաղերի համար, ինչը էգերին միավորում է մեկ խմբի մեջ: Մայրական խմբեր են ստեղծվում նաև հորթերի համատեղ պաշտպանության և նրանց փորձի արագ կուտակման համար[21]: Հորթերը ցուցաբերում են խաղային վարքի 10-ից 13 տարր: Խաղերը շարունակվում են մինչև 2-2.5 ամիս, իսկ հետո, արոտավայր անցնելու հետ, խաղերի քանակը կտրուկ նվազում է[21]:

Հորթը պաշտպանության տակ։

Պաշտպանություն բնական թշնամիներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կենդանիները ստեղծված են պաշտպանության համար։ Նրանց բնական թշնամիները հիմնականում գայլն են, ինչպես նաև սպիտակ արջը, շագանակագույն արջը, գայլը և մարդը։ Վտանգի պահերին մշկացուլերի արտադրած «սուր հոտը» հակառակորդների մոտ սրտխառնոց է առաջացնում այն պահին, երբ նրանք հոտոտում են այն: Սա նրանց պաշտպանական հատկանիշներից են։

Մշկացուլերը բավականաչափ ուժեղ են գիշատիչների դեմ պայքարելու և իրենց ձագերին պաշտպանելու համար։ Վտանգի դեպքում նրանք նեղ շրջան են կազմում կամ փախչում։ Եթե փախուստը անհնար է կամ դժվար, նրանք շրջան են կազմում, և երբ գիշատիչը մոտենում է, հոտից մեկ արու հարձակվում է նրա վրա և հարձակումից անմիջապես հետո, հետ քաշվելով, վերադառնում է շրջան, կամ հոտի անդամները մոտենում են նրան։ Պաշտպանության այս մեթոդը բավականին արդյունավետ էր բոլոր բնական գիշատիչների դեմ, բայց բացարձակապես անօգուտ է, երբ որս են դառնում մարդկանց կողմից։ Հոտը, որը շրջան է կազմել և իր ձագերին մարմիններով ծածկել է, անշարժ մնում է, երբ կենդանուն կրակում են հրացանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Банников А. Г., Флинт В. Е. Отряд Парнокопытные (Artiodactyla) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 509—510. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  2. Данилкин А. А. Млекопитающие фауны России и сопредельных территорий. Полорогие (Bovidae). — М.: Товарищество научных изданий КМК, 2005. — С. 176. — 550 с. — ISBN 5-87317-231-5
  3. Марков Роберт Афанасьевич, Дьяконова Александра Тимофеевна, Григорьева Лена Валерьевна История научных исследований степного бизона (Bison priscus) // Universum: химия и биология. — 2017. — В. 3 (33). Архивировано из первоисточника 28 նոյեմբերի 2019.
  4. Muskox(անգլ.) // Natural History Notebooks. — Canadian Museum of Nature, 2012. Архивировано из первоисточника 19 հոկտեմբերի 2012.
  5. «Ovibos moschatus» (անգլերեն). National Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. 1 2 3 Якушкин Г. Д. Овцебыки на Таймыре. — Новосибирск: РАСХН. Сибирское отделение НИИСХ Крайнего Севера, 1998. — 236 с. — 1000 экз.
  7. 1 2 «About Muskox: Description» (անգլերեն). The Nunavut Development Corporation. 2010 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. Хлебович В. В. Овцебыки // Пока ещё не домашние. — М: Агропромиздат, 1987. — 160 с.
  9. Lent P. C. Ovibos moschatus (англ.) // Mammalian Species[англ.]. — The American Society of Mammalogists, 1988. — Iss. 302. Архивировано 15 декабря 2013 года.
  10. Muskox (Prehistoric) (англ.) // Natural History Notebooks. — Canadian Museum of Nature, 2012. Архивировано 9 декабря 2012 года.
  11. Якушкин, 1998, էջ 161
  12. Якушкин, 1998, էջ 161—162
  13. Lent, 1988, էջ 6
  14. Якушкин, 1998, էջ 163
  15. Lent, 1988, էջ 2
  16. 1 2 Якушкин, 1998, էջ 163—164
  17. Якушкин, 1998, էջ 166
  18. Якушкин, 1998, էջ 168
  19. 1 2 Lent, 1988, էջ 3
  20. Якушкин, 1998, էջ 170
  21. 1 2 Якушкин, 1998, էջ 177