Մշակութա-ազգային ինքնավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մշակութա-ազգային ինքնավարություն, 20-րդ դարի սկզբին ավստրիական սոցիալ-դեմոկրատիայի որոշ գործիչների առաջ քաշած ավստրոմարքսիզմի բաղադրիչ մասը կազմող օպորտունիստական ազգայնական տեսություն։ Հավակնում էր ավստրո-հունգարական բազմազգ բուրժուա-ֆեոդալական պետության պայմաններում լուծել ազգային հարցը՝ առանց նրա սոցիալական հիմքերի վերացման։ Աչքի ընկնող տեսաբաններն էին Կ. Ռենները և Օ. Բաուերը։ Մշակութա-ազգային ինքնավարության հիմքն ազգի մասին սխալ տեսությունն է, ըստ որի ազգը միատեսակ մտածող և ընդհանուր ճակատագիր ունեցող մարդկանց միություն է։ Մշակութա-ազգային ինքնավարության տեսության մեջ ազգը կտրվել է իր զբաղեցրած տարածքից, անտեսվել է նրա դասակարգային կազմը, մերժվել դասակարգային պայքարը։ Մշակութա-ազգային ինքնավարությունն ազգային հարցի լուծումը հանգեցնում էր միայն մշակույթի, դպրոցի, լեզվի հարցերով սահմանափակված ազգային ինքնավարության նվաճման։ Իրականում դա պրոլետարիատի ենթարկումն է բուրժուազիային, նրա մեկուսացումը և ըստ ազգային հատկանիշների բաժանումը։ Վլադիմիր Իլյիչ Լենինը 1913-1914 թվականներին գրած մի շարք աշխատություններում քննադատել է տեսության ավստրիական և ռուսական կողմնակիցներին, ցույց տվել այդ տեսության սնանկությունը, ապացուցել, որ դրա պրոպագանդան նացիոնալիզմի նրբացրած քարոզ է։ Հայ իրականության մեջ Մշակութա-ազգային ինքնավարության տեսության կողմնակիցներն էին «սպեցիֆիկները», դաշնակցականները և ուրիշներ։ Հայ բուրժուական նացիոնալիստների դեմ մղած պայքարում խոշոր դեր է խաղացել Ա. Շահումյանի «Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին> աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 6 CC-BY-SA-icon-80x15.png