Մշակութային կոթողներ Դսեղում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Մշակութային կոթողներ Դսեղում
KhatchkarDsegh1.jpg
Կոորդինատներ40°57′48″ հս․ լ. 44°39′06″ ավ. ե.HGЯO

Մշակութային կոթողներ, պաշտամունքային նշանակություն ունեցող, հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշներ՝ կանգնեցված ուղղաձիգ դիրքով, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են Դսեղում։

Դսեղի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դսեղ գյուղը գտնվում է այն բարձրավանդակի վրա, որ տարածվում է Դեբեդ գետի երկու մեծ ճյուղերի միախառնման աջ կողմում։ Երեք կողմից պատած է խոր ձորերով։ Գյուղի արևելյան կողմում բարձրանում է մի բլրակ՝ Դիդ անունով։ Իսկ հարավային կողմում բարձրանում է Տզրակածովի գլուխ, Սարի գլուխ և Բերթաղ բլրակների շարքը։ Առաջին բլուրի վրա կա մի փոքրիկ լճակ՝ տզրուկներով լի, որի պատճառով էլ լիճը կոչվում է Տզրկածով, իսկ բլուրը՝ Տզրկածովի գլուխ, քանի որ վերջինիս վրա երևում են հին բերդի հետքերը[1]։

Գյուղում կան մի քանի լայն, բայց և ոչ մի կանոնավոր փողոցներ։ Տների մեծ մասը հին ձևի գլխատներ են, իսկ փոքր մասը՝ նոր ձևի՝ կղմինդրածածկ կտուրներով։ Գյուղի հյուսիսային կողմում գտնվում է եկեղեցին, որի մեծ մասը նորոգած է։ Զանգակատան մասը հին է, և սրա վրա դեռևս մնում է Մամիկոնյան տոհմի դրոշանիշը՝ երկգլխանի արծիվ՝ ճանկերում գառ բռնած։

Գյուղի գրեթե կենտրոնում գտնվում է մի հին գերեզմանատուն, ուր բազմաթիվ տապանաքարերի մէջ նշանավոր է մի կոթող և մի խաչարձան։ Կոթողը քառանկյունի է, 2 մ բարձրությամբ, չորս երեսն էլ քանդակներով զարդարված, որի պատվանդանի վրա դժվարությամբ կարդացվում է՝

Aquote1.png Ես Վահրամ զաւտար շինար քաննկ թողի վկայ ասլանայ Գագկայ խորիշահ ով խափանէ յժը հայրապետաց նզովեսցի Տէր Աստուած ողորմի մխիթարչին։ Aquote2.png

Խաչարձանը կանգնած է երեք մեծ քարից կազմած պատվանդանի վրա, և ճակատին ունի մի առանձին քար՝ փոքր ինչ թեք տեղադրված, թերևս անձրևից պահպանելու համար։ Այս քարի վրա քանդակված է Փրկիչը նստած դիրքով, աջ ձեռքը բարձրացրած, շուրջը տարբեր պատկերներ, իսկ ձախ ձեռին բռնած մագաղաթ՝ վրան գրած.

Aquote1.png Ես եմ լույս աշխարհի։ Aquote2.png

Խաչքարի վրա քանդակված է խաչված Հիսուսը։ Խաչի գլխին գրած է.

Aquote1.png Սա է թագաւոր հրէից։ Aquote2.png

Աջ կողմից կա մի աջ և մի աղավնի, շուրջը գրված է․

Aquote1.png Աջ տեառն եւ հոգի Աստուծոյ։ Aquote2.png


Խաչած Հիսուսի մի ձեռից մինչև մյուսը՝ խաչի վրա գրված է.

Aquote1.png Ձեռք, որ զերկինս արարին՝ տարածեցան ի խաչիս։ Aquote2.png


Խաչի մի կողմը կանգնած են Հովհաննեսը և Նիկոդիմոսը, մյուս կողմում՝ Աստվածածինն և Հովսեփը, որի պատվանդանի վրա կա հետևյալ արձանագրությունը.

Aquote1.png Ի թվ. ՉԼ. Ողորմութեամբ Աստուծոյ, Ես Տէրունս որդի Խալըլին իմ աղբէրացովս կանգնեցի զխէչս յանուն Գրիգորոյ որ զուր եւ դառն մահուամբ ի Քրիստոս փոխեցաւ որ է պարծանաց եւ զմարդոյ եղբայր մեր որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք։ Պատվանդանի ձախ երեսին. Վահրամ յիշեցէք։ Aquote2.png


Գյուղացիները այս երկու գերեզմանները համարում են քույր և եղբայր, մեկին՝ Աստվածածին, մյուսին Լուսավորիչ անվանելով։ Գյուղի մեջ և շրջակայքում հաճախ հնություններ են գտնվում։ Այսպես մի գյուղացի տարածքը փորելու ժամանակ բացել է մի ընդարձակ հատակ՝ կարմիր ներկած աղյուսներով սալահատակած։ Սրա մի կողմում եղել է մի փոքրիկ տաշտաձև, քարե ավազան, իսկ մէջտեղում՝ մի աղյուս, գծերով չորս մասի բաժանված և յուրաքանչյուր մասում նկատելի է կնիք և մի տառ։ Գյուղացիներն այդ տեղին «Թագավորի աղջկա բաղնիս» են անվանում;

Գյուղամիջյան հնագույն գերեզմանոց 7-9-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքար Հովհաննեսի Դսեղ գյուղում, 14-րդ դար

Դսեղ գյուղում և նրա շրջակայքում կան միջնադարյան բազմաթիվ գերեզմանոցներ՝ Լուսավորիչ եկեղեցու բակում, «Քարի գլուխ» կոչվող թաղամասում։ Գերեզմանատեղեր կան նաև գյուղից դուրս գտնվող հուշարձանների հարևանությամբ՝ Քառասնից Մանկանց, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրների և բազմաթիվ այլ վայրերում գտնվող խաչքարերի շուրջ։

Գյուղի կենտրոնում է գտնվում Լոռու ամենահին գերեզմանոցներից մեկը, որտեղ հրաշքով պահպանվել և մեզ են հասել Քառակող կոթողը, Խաչելության խաչքարը, ևս մի քանի պահպանված ամբողջական խաչքարեր, խաչքարային բազմաթիվ բեկորներ, հարյուրավոր խաչքարերի թափուր պատվանդաններ և ավերված միանավ եկեղեցի։

13-րդ դարից պահպանված ավանդության համաձայն բլրի գագաթին եղել է դիտակետ, որտեղից Աշոտ Մամիկոնյանի հրամանով պիտի հսկվեին մոնղոլ-թաթարների տեղաշարժը դեպի գյուղ ու զգուշացնեին գյուղի բնակիչներին։ Հետագայում «դիտակետ» բառը կրճատվել է դարձել «դիտ», իսկ հետո՝ «դիդ»։ Կա նաև մի մատուռ, որի կառուցողի մասին պատմություն կա, թե այն մարդը կառուցելուց հետո անհետացել է։

Գերեզմանոցը լիարժեք ուսումնասիրված չէ։ 2014 թվականին կազմակերպվել է Քառակող կոթողի պատվանդանի ամրակայման և հետախուզական պեղման աշխատանքներ, որի շնորհիվ պարզվել է, որ տեղանքը բազմաշերտ է և մինչ այդ ներկայացված «եռաստիճան» պատվանդանը՝ հնգաստիճան է, որի ստորին հատվածում պահպանվել են ևս երկու հսկա սալաքարային աստիճաններ[2]։

Խորհրդային տարիներին գերեզմանոցի տարածքը անուշադրության է մատնվել, որի պատճառով էլ ավելացել է հողի վերնաշերտը՝ ներքևում թողնելով վաղ շրջանի տապանաքարերը։ 2004 թվականին ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով, բարեկարգվել է հուշարձանի տարածքը և մի քանի ընկած, բայց անվնաս մնացած խաչքարեր, կրկին տեղադրվել են իրենց պատվանդանների վրա։

Վահրամ «քարգետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարում Դսեղում Վահրամ Վարպետին հայտնի հայ քարգործ էին կոչում։ Այսօր պահպանվել է նրա մի խաչքարը (1281), որը գտնվում է Դսեղ գյուղի գերեզմանատանը։ Խաչքարը պատվանդանի վրա է, ճակատին՝ քիվը կազմող առանձին քարի վրա, քանդակված է Հիսուս Քրիստոսի պատկերը՝ նստած, աջ ձեռքը բարձրացրած, ձախ ձեռքին՝ մագաղաթ։ Կենտրոնում խաչելությունն է՝ մի կողմում Հովհաննեսի, Նիկադիմոսի, մյուսում՝ Աստվածածնի և Հովսեփի պատկերներով։ Պատվանդանի ընդարձակ արձանագրությունում նշված են պատվիրատուների անունները, ապա և կազմողի ստորագրությունն է։ Վարպետ Վահրամի կազմած խաչքարն աչքի է ընկնում իր եզակիությամբ, հարուստ պատկերաքանդակներով և կառուցվածքային նրբագեղությամբ։

Միջնադարյան խաչքարեր Դսեղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական միջնադարյան մշակույթին բնորոշ կոթող-հաշարձան, որի արևմտյան ճակատին կա պատկերով, զարդաքանդակների հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար։ Խաչքարերը հորինվածքով և դեկորատիվ հարդարանքով բազմազան են՝ պայմանավորված ժամանակաշրջանով, հուշարձան կանգնեցնելու նպատակով, այլ հանգամանքներով։

Ունենալով կոթողներ կանգնեցնելու վաղեմի սովորույթ՝ մենհիրներ՝ «վիշապ» կոչված քարե կերտվածքներ, ուրարտա կոթողներ, արամեատառ արձանագրություններով սահմանաքարեր՝ «թևավոր խաչով» պսակված (4-7-րդ դարեր, պատկերաքանդակներով կոթողներ և այլն)՝արաբական նվաճումներից հետո, երբ Հայաստանում վերականգնվել է քաղաքական անկախությունը, և զարգացման նոր շրջան են ապրել ճարտարապետությունն ու քանդակագործությունը, հայ իրականության մեջ ստեղծվել է հուշարձանի մի նոր տիպ, որն անվանել են խաչքարեր։

Սիրուն խաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դսեղի միջնադարյան հուշարձանների շարքը զարդարում են 13-րդ դարում կերտված խաչքարերը։ Սիրուն խաչը նրանց զարդն է։ Այն գտնվում է Բարձրաքաշ վանք իջնող արահետից 500 մ դեպի աջ՝ ձորագլխին, և կառուցվել է որպես հուշարձան։ Սիրուն անունը խաչքարին տվել են տեղացիները՝ կառույցի եզակի գեղեցկությունը շեշտելու համար։

Խաչքարի որջ ճակատը ծածկված է նրբակերտ զարդաքանդակներով, իսկ կենտրոնում ծաղկազարդ խաչն է։ 1969 թվականին խաչքարը ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսներից մեկում և արժանացել II կարգի մրցանակի։ Տեղափոխման ժամանակ խաչի հորիզոնական թևերից մեկը վնասվել է։

Սիրուն խաչը դասվում է XIII դարի հայկական խաչքարերի գլուխգործոցների շարքին։ Լավագույններն են համարվում նաև Դադիվանքի և Գոշավանքի խաչքարերը՝ նախշերի բազմաշերտ դասավորությամբ, նրանց հաջորդում են Խաչոտ Մաստարեցու ժանեկազարդ խաչքարը՝ Մաստարայում, Գրիգոր Տուտեորդու խաչքարը՝ Սանահինում, Սիրուն խաչը՝ Դսեղում, Մոմիկի պատրաստված խաչքարը՝ Նորավանքում։

Սիրուն խաչի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։ Խաչքարի արձանագրությունն օգնում է որոշելու նրա կառուցման մոտավոր ժամանակը։ Այն կառուցվել է Մամիկոնի և նրա որդի Վարդանի իշխանության ժամանակ։ Վարդանը Գրիգոր իշխանի թոռն է։ Այլ աղբյուրներից հայտնի է, որ նա 1279 թվականին ողջ չի եղել։

Մարծպան > Գրիգոր > Մամիկոն > Վարդան ճյուղագրությունից կարելի է եզրակացնել, որ Սիրուն խաչը կառուցվել է 13-րդ դարի վերջերին և մեզ հասած հուշարձաններց հավանաբար ամենաուշ ստեղծվածն է։

Խաչքարի արձանագրության բովանդակությունը թույլ է տալիս կարծիք հայտնել մի մարդու մասին, որի շնորհիվ 13-րդ դարում Դսեղը հայտնի է եղել տարածաշրջանում։ Նա Զաքարե և Իվանե Զաքարյանների քույր Նիրջիսի ամուսինն է, որի անունը մեզ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Նիրջիսը երեխա չի ունեցել։ Ենթադրվում է, որ Նրջիսի ամուսինը պետք է լիներ Բարձրաքաշը կառուցող Մարծպանի տղա Ասլաբեկը։ Նա միջնադարի հայտնի զորավարներից մեկն էր և գործել է մինչև 1240 թվականը։

13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին Դսեղի հետ կապված դեպքերի առիթով հիշատակում է հենց նրա անունը։ Մյուս կողմից Սիրուն խաչի արձանագրությունը թույլ է տալիս կարծելու, որ Ասլաբեկը ժառանգ չի ունեցել, քանի որ խաչքարը կառուցել է ինչ-որ Թերիի որդի Հայրադեցէ ի հիշատակ իրեն, իր ծնողների և Ասլաբեկի։ «Կառուցողը մեր կարծիքով ցանկացել է այսպես հավերժացնել իր համար թանկագին մարդու հիշատակը»[3]։

Կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանոցի տարածքում, եկեղեցու ավերակներից դեպի հարավարևմուտք գտնվում է VI-VII դարերի դեղին ֆելզիտով կառուցված քառակող, եռաստիճան խարսխի վրա բարձրացող քանդակազարդ կոթողը, որը կանգնած է կարմրագույն խորանարդաձև պատվանդանի վրա։ Կոթողից հարավարևելք, գերեզմանոցի եզրին 1281 թվականին Վահրամ վարպետի կերտած «Խաչելություն» խաչքարն է, որը նույնպես աչքի է ընկնում հարուստ պատկերաքանդակներով և զարդամոտիվներով։

Քառակող կոթողը գտնվում է Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանատանը։ Կոթողի սյան բարձրությունը 2 մ է, կերտված է բաց դեղնավուն ֆելզիտից, կանգնեցված է տուֆ քարից պատրաստված եռաստիճան պատվանդանին, որի վերին միակտոր քարի վրա պատկերված է խաչապատկեր, իսկ մյուս կողմում կա վիմագիր արձանագրություն։ Կոթողը վերաբերում է վաղ միջնադարյան շրջանին, իսկ պատվանդանը տեղում հավաքել է հայտնի խաչքարագործ Վահրամ Մամիկոնյանը։ Նույն տարածքում է գտնվում նաև վարպետի «Խաչելություն» խաչքարը՝ 1281 թվագրմամբ։ Կոթողի բոլոր կողմերն էլ ունեն իրենց խորհրդանշական բովանդակությունը։

Արևմտյան ճակատին վերից վար պատկերված են 6 միանման շրջանակներ։ Յոթերորդը մյուսներից տարբերվում է կրկնակի շրջագծով, իսկ ութերորդի կիսաշրջանը հպված է պատվանդանին (շրջանակներում հավանաբար եղել են պատկերներ, որոնք չեն պահպանվել)։

Քառակող կոթողի արևելյան կողմում պատկերված են վեր բարձրացող արմավենու տերևներ։ Կոթողի հյուսիսային ճակատին՝ ընձյուղագալարների միջև, պատկերված են վեր ու վար ուղղորդված արմավենու տերևներ, հարավային կողմում պատկերված է խաղողի որթատունկ։

Խաչքար «Սբ. Տերունական»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը գտնվում է Դսեղ համայնքի հյուսիսարևելյան հատվածի հարթակի եզրին, Քարինջ գյուղի դիմաց, Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին։ Խաչքարի բարձրությունը պատվանդանով 4.20 մ է և կերտված է վարդագույն քարից։ Խաչքարի վրա պատկերված է Փրկիչը՝ գահավորակի վրա նստած. աջ և ձախ կողմերում կան վիմագիր հապավումներ՝ ՅՍ - ՔՍ (Յ[իսու]Ս - Ք[րիստո]Ս)։

Խաչքարը կանգնեցված է եռաստիճան պավանդանի վրա։ Համեմատաբար բարվոք վիճակում է, վնասված է միայն խաչաքանդակի ձախ թևի ստորին հատվածը։ Ծաղկյալ խաչի ստորին հատվածից ներքև երկրագնդի խորհրդանիշն է (վնասված է նաև քանդակի ստորին ձախ մասի նախշը)։ Հուշարձանը թվագրվում է 13-րդ դարի կատույց, թեև կարելի է ավելի վաղ ժամանակաշրջանի վերագրել։

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Շրջապատված է քարե ցածր պարսպով։ Կառուցվել է VII դարում։ Քանիցս վերակառուցվել է, և նախնական շինությունից գրեթե ոչինչ չի պահպանվել։

Ներկայիս կառույցը ուղղանկյուն դահլիճ է՝ արևելյան կողմում խորանով, որի ուղղանկյուն ծավալը դուրս է գալիս եկեղեցու արևելյան պատի սահմաններից։ Խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Հարավային ավանդատունը հետագայում՝ X դարում Մամիկոնյան իշխանների միջոցով վերափոխվել է զանգակատան, որը կառուցվել է դեղնակարմրավուն ֆելզիտով։ Զանգակատան արևելյան ճակատին պահպանվել է Մամիկոնյան տոհմի զինանշանը՝ երկգլխանի արծիվ՝ ճանկերում գառ։ Հարավային պատին փորագրված է արևի ժամացույց։

Եկեղեցին վերակառուցման է ենթարկվել նաև 1900 թվականին, որի մասին հիշատակվում է գմբեթարդի ճակատային կամարի արձանագրության մեջ։ Ներկայիս տեսքը եկեղեցին ստացել է այդ վերակառուցումից հետո:Եկեղեցու վերջին վերակառուցումը վերաբերում է 1969 թվականին։

Դսեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ միջնադարյան այն ճարտարապետական հուշարձաններից է, որտեղ զուգադրվել են տարբեր դարաշրջանների վերակառուցումները։

Քառասնից Մանկանց վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քառասնից Մանկաց (այլ կիրառումներ)

Վանքը գտնվում է Դսեղ համայնքի հյուսիսարևմտյան մասում, Դեբեդի կիրճի ստորին հարթակի վրա, «Տախտեր» կոչվող հին բնակավայրի տարածքում։ Սրբավայր կարելի է այցելել միայն ոտքով՝ Դսեղից դեպի Դեբեդի կիրճ տանող քարքարոտ ճանապարհով կամ Ձորագետ համայնքից՝ բարձրանալով դեպի Դսեղ։

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, գերեզմանոցից և խաչքարերից։ Մեզ է հասել կիսավեր վիճակում։ XIII դ. կառույց է։ Վանքը կոչվել է Քառասուն Մանկանց անունով՝ ի հիշատակ այն 40 հայ պատանիների, ովքեր հավատափոխ չլինելու համար ենթարկվել են դաժան խոշտանգումների, և որոնց մասունքները այրելով թափել են գետը։ Քառասուն Մանուկներն Արևելքի ամենապաշտվող Սրբերից են։

Քառասուն Մանուկների նահատակությունից որոշ ժամանակ անց, Քրիստոսի հավատքին հավատարիմ մնացած հալածյալների մի խումբ՝ Կեսարիայից, Տարոնից և այլ վայրերից, տեղափոխվում է Դսեղ գյուղից դեպի Դեբեդի կիրճ տանող՝ «Տախտեր» կոչվող նախկին բնակավայր և, ի հիշատակ քառասուն նահատակների, կառուցում Քառասնից Մանկանց վանքը։

Հուշարձանը կառուցված է ֆելզիտե վարդագույն նրբերանգ սրբատաշ քարերով։ Որմնամույթերը բազալտից են։ Հարավային և արևելյան կողմերում կան ուշագրավ քանդակներով խաչքարեր։ Պատերը հարուստ են արձանագրությունններով, խաչանախշերով ու վիմագրերով։

Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով (11,0 × 8,0 մ) եկեղեցին է, որի գմբեթը չի պահպանվել, պատերը (հատկապես հարավայինը), թաղերն ու գմբեթակիր կամարները խարխլված ու կիսաքանդ վիճակում են։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ տիպի է, որտեղ դասական հորինվածքի արևելյան որմնամույթերը համատեղված են խորանի եզրային մասերին և նրա երկու կողմերին կից ավանդատների ճակատային պատերին:Ավանդատները կրկնահարկ են՝ երկայնական շեշտված ձգվածությամբ, և արևելյան կողմում ավարտվում են կիսաշրջանաձև խորշերով։

Ժամատան հետքերը մեզ չեն հասել, սակայն արևմտյան պատի մի արձանագրությունից, (որի թվականը չի պահպանվել) թվարկվում են նրա երբեմնի գոյությունը և նույնիսկ կառուցողը.

Aquote1.png Ողորմութեամբն Աստծոյ ես Խաչատուր ծառայ Աստծոյ շինեցի զժամատունս և սալեցի զեկեղեցիս… Aquote2.png

Տարածքում թափված են մեծ թվով համարակալված քարեր (ըստ երևույթին նախապատրաստել են վերակառուցման, սակայն այդպես էլ չեն սկսել), ձևավոր և քանդակազարդ մանրամասեր։

Ըստ վիմագրական տեղեկությունների՝ վանքի շինությունները քանիցս նորոգվել են 13-րդ դարի վերջերին և հետագա դարերում։ Համալիրում մաքրման և տարածքի բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև 2004 թվականին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հովանավորությամբ, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության կողմից իրականացված «Նպաստ՝ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 104 — 992 էջ։
  2. Երվանդ Լալայան, Երկեր, հատորներ 1 և 2
  3. Է.Լ.Դանիելյան, Ա.Ա. Մելքոնյան «Հայոց պատմություն»Երևան, 2008թ.էջ 188-189։