Մնացականյան եղբայրների բնակելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մնացականյան եղբայրների բնակելի տուն
Մնացականյան եղբայրների տունը
Տեսակբնակելի տուն և հուշարձան
Ստեղծում1898
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան
ՀասցեԵզնիկ Կողբացու փողոց
Շինության ձևՊատմամշակութային շինություն
Ներկա վիճակՀյուրանոց

Մնացականյան եղբայրների բնակելի տուն, պատմամշակութային շինություն Երևանում՝ Եզնիկ Կողբացու փողոցում, եղել է Գեղամ և Հովհաննես Մնացականյանների բնակելի տունը։

Մնացականյան եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնացականյան եղբայրները զբաղվել են առևտրով։ Լինելով եվրոպամետ՝ նրանք Աստաֆյան փողոցում բացել են Երևանում առաջին ոսկյա իրերի և գոհարեղենի խանութը, և նորաձև զարդեր ներկրել Ռուսաստանից, Լեհաստանից և Գերմանիայից։

Հովհաննես Մնացականյանը խանութն աշխատեցրել է մինչև 1919 թ.։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ռոստով, ուր ունեին տուն և մեծ խնայողություններ բանկում։ Սակայն հասնելով այնտեղ՝ տեղեկացել են, որ խորհրդային իշխանությունները բռնագրավել են իրենց ունեցվածքը։

Մնացականյանները կրկին վերադարձան Երևան, սակայն չհասցրին փրկել իրենց ունեցվածքը։ Իշխանություններն այդ նույն շենքում նրանց միայն մի փոքրիկ անկյուն հատկացրին՝ գոյատևելու համար։

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Փավստոս Բուզանդի և Եզնիկ Կողբացու փողոցների անկյունում։ Միահարկ է, նկուղով։ Շենքի երկու ծավալը (երկարությունը՝ Եզնիկ Կողբացու փողոցի ուղղությամբ 32,3 մ) տեղավորված են ուղղանկյուն բակի շուրջը[1]</ref>։ Հիմնական շինության հատակագիծն ունի Լ-ի ձև, դեպի Փավստոս Բուզանդի փողոց նայող երկայնական ճակատով (սենյակների չափերն են՝ 26,4, 21,1 ք․մ, առաստաղների բարձրությունը՝ 4,25 մ)։ Երկու փողոցներից ունի երկու մուտք և թաղակապ երթանց։ Գլխավոր մասնաշենքին հարում է նեղ թևաշենք, որը ձգվում է դեպի խորքը։ Երկրորդ ծավալն ունի ուղղանկյուն հատակագիծ, գտնվում է առաջինի կողքին՝ Եզնիկ Կողբացու փողոցի վրա։ Բնակարանի մուտքը մասնաշենքի միջին մասում է։ Նախասենյակի շուրջը կենտրոնացած են բոլոր սենյակները, իսկ դիմացի դռները տանում են պատշգամբ (սենյակների չափերն են՝ 27,2 և 13,6 ք․մ)։ Գեղարվեստական միջոցներով ընդգծվել են հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան ճակատները, որոնց միավորում է միանման ճարտարապետական մշակումը։ Հյուսիս-արևմտյան ճակատը զուգաչափ է՝ կենտրոնական մուտքով և երկու զույգ լուսամուտներով։ Ուղղանկյուն փոքրիկ պատուհաններով հարթ գետնախարիսխը միանում է երկրորդ հարկի լուսամուտատակի քիվագոտուն։ Պատի հիմնական մասն ունի թեթևակի կոպտատաշ երիզ, որի կողապատերը հարդարված են ուղղահայաց ելուստներում։ Պատուհաններն ուղղանկյուն են, վերևից զարդարված սեպերով և բարձակներ ունեցող քիվերով։ Համանման ձևավորում ունեն գլխավոր մուտքերը, բացի անցման մուտքից, որն ավարտվում է աղեղնակամարով։

Ճակատային մասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնացականյան եղբայրների տունը կառուցվել է 1898 թվականի մարտի 14-ին։ Այս մասին է վկայում շենքի ճակատին հայերեն (Մնացականյան եղբայրք, 1898, 14/3) և ռուսերեն (Бр. М., 1898, 14/3) արձանագրությունները։

Հետնամասը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ետնամասում եղել է մեծ ապակեպատ պատշգամբ և այգի, որոնք չեն պահպանվել։

Ներկա կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս այս շենքում է գտնվում Վիլլա Դելենդա հյուրանոցը։ Շենքի արտաքին տեսքն ամբողջովին պահպանվել է, իսկ ներքին տեսքը՝ մասամբ։

Մուտքի մոտ կա տեղեկատվական վահանակ, որի վրա երեք լեզվով ներկայացված է Մնացականյան եղբայրների տոհմի պատմությունն ու շենքի կառուցման մանրամասները։

Պատկերադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 201, ISBN 978-99930-865-2-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]