Մյուրիել Սփարք
Մյուրիել Սառա Սփարք (անգլ.՝ Dame Muriel Sarah Spark) - փետրվարի 1, 1918[1][2][3], Էդինբուրգ[4] - ապրիլի 13, 2006[1][2][5][…], Ֆլորենցիա, Իտալիա), բրիտանացի բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, քննադատ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյուրիել Սփարքը ծնվել է 1918 թվականին շոտլանդական Էդինբուրգ քաղաքի Բրունթսֆիլդ թաղամասում: Նրա հայրը՝ ինժեներ Բերնարդ Քեմբերգը, հրեա էր[10], Մեծ Բրիտանիա էր գաղթել այն տարիներին ռուսական կայսրության մի մասը հանդիսացող Լիտվայից: Անգլուհի մայրը բողոքական էր, ինչպես և Մյուրիելը: Ապագա գրողը սովորել է ծննդավայրի Ջորջ Գիլեփսիի իգական դպրոցում: 1934-1935 թթ. կոմերցիոն թղթակցության և ճշգրիտ գրելու դասընթաց է անցել Հերիոթ-Ուաթ քոլեջում, որն ավարտելուց հետո մի կարճ ժամանակ աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի, այնուհետև աշխատանքի անցել հանրախանութներից մեկում որպես քարտուղարուհի: 1937 թվականի սեպտեմբերի 3-ին ամուսնացել է Սիդնեյ Սփարք Օսվալդի հետ, ընդունել նրա ազգանունը:
Պսակադրությունից կարճ ժամանակ անց զույգը մեկնում է Աֆրիկա՝ Հարավային Ռոդեզիա (այժմյան Զիմբաբվե): 1938 թ.-ի հուլիսին ծնվում է նրանց որդին՝ Ռոբինը: Սակայն մի քանի ամսվա համատեղ կյանքն էլ բավական էր, որպեսզի Մյուրիելը համոզվեր, որ իր ամուսինը հոգեկան լուրջ խանգարում ունի, որը դրսևորվում էր բռնության կատաղի պոռթկումներով: Ամուսնուց բաժանվելով և որդուն վերջինիս մոտ թողնելով՝ Մյուրիելը 1944 թ.-ի սկզբներին վերադառնում է Բրիտանիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի մնացյալ ժամանակաշրջանում աշխատում արտաքին գործերի նախարարության հետախուզական բաժնում: Ընդ որում՝ որդու նյութական կարիքները հոգալու նպատակով կանոնավոր կերպով գումարներ էր փոխանցում: Ի վերջո՝ երեխայի խնամքի ու դաստիարակության գործով զբաղվում են Մյուրիելի՝ Շոտլանդիայում բնակվող ծնողները:
Գրական աշխատանքով Մյուրիել Սփարքը (նա ամուսնական ազգանունը գերադասեց իր օրիորդական Քեմբերգ ազգանունից) լրջորեն սկսել է զբաղվել պատերազմի ավարտից հետո: Նրա առաջին ստեղծագործությունները բանաստեղծություններ էին և քննադատական ու գրականագիտական հոդվածներ:Երբ արդեն լավ բանաստեղծի ու գրականագետի համբավ էր ձեռք բերել, ձեռնամուխ եղավ իր առաջին գեղարվեստական արձակ գործի ստեղծմանը: Դա «Սերովբեն և Զամբեզին» պատմվածքն էր, որը 1951 թվականի Ծննդյան տոների կապակցությամբ լոնդոնյան «Observer» հանդեսի հայտարարած մրցույթում շահեց բարձրագույն պարգևը և միանգամից գրավեց գրական շրջանակների ուշադրությունը՝ թեմայի, նյութի յուրահատուկ մշակման շնորհիվ: Բայց այդ նույն ժամանակաշրջանում Սփարքը հավատքի, դավանանքի հետ կապված ճգնաժամ էր ապրում: Այդ դժվարին ամիսներին նրան ֆինանսապես և հոգեպես թև ու թիկունք դարձավ անվանի գրող Գրեհեմ Գրինը. վերջինս ժամանակին ինքն էլ էր ներքին ծանր պայքարի արդյունքում անցում կատարել կաթոլիկական դավանանքին: Վերջապես, 1954 թվականին Մյուրիելը նույնպես կաթոլիկություն ընդունեց: Այդ վճռորոշ քայլը ողջունեցին ու խրախուսեցին Գրեհեմ Գրինը, Իվլին Վոն... Այս դարձը ահռելի ազդեցություն գործեց Սփարքի ստեղծագործության վրա. այստեղ ի հայտ եկան կրոնական մոտիվներ, մարդկային կյանքի հետազոտություններ ու մեկնություններ քրիստոնեական պատվիրանների լույսի ներքո: Մասնավորապես՝ ,,Մխիթարողները»(«The Comforters», 1957) վեպում նա կերտել է տագնապալից հոգիներով մարդկանց անչափ բնական կերպարներ, որոնք բարոյական անորոշության անհանգիստ զգացողություն են առաջացնում:
1959 թվականին Մյուրիել Սփարքը ճաշակեց իր առաջին գրական մեծ հաջողության պարգևած բերկրանքը. լույս տեսավ նրա «Memento mori» վեպը, որը կարելի է անվանել ծերացող մտավորականների «մահվան պարի» չափազանց տպավորիչ արտացոլում, մտավորականներ, որոնք միմյանց հետ անխնա վիճում ու մրցակցում են նույնիսկ այն ժամանակ, երբ մեկը մյուսի հետևից մեռնում են: 1961 թվականին Սփարքը հրատարակեց ևս մեկ վեպ՝ «Միսս Ջին Բրոուդին ծաղկուն տարիքում» («The Prime of Miss Jean Brodie»), որը, համընդհանուր կարծիքի համաձայն, կարելի է համարել նրա գլուխգործոցը: 1966-1968 թվականներին մեծ հաջողությամբ բեմականացվեց դրա հիման վրա գրված թատերգությունը, հաջորդ տարում էկրան բարձրացավ փառաբանված կինոնկարը՝ Մեգի Սմիթի մասնակցությամբ, իսկ այնուհետև՝ նաև վեցմասանոց հեռուստաֆիլմը, որը նույնպես հսկայական միջազգային հաջողություն ունեցավ: 1975 թվականին 75-ամյա Սփարքը գրեց ինքնակենսագրական «Curriculum Vitae» գիրքը, որտեղ պատկերավոր ներկայացնում է իր կյանքի առաջին 39 տարիները՝ ընդհուպ մինչև առաջին վեպի՝ «Մխիթարողների» լույսընծայումը:
1993 թվականին Մյուրիել Սփարքը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով, 1997 թ.-ին արժանացել Դևիդ Քոհենի մրցանակին:
Վախճանվել է 88 տարեկան հասակում, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118798197 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 6,0 6,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ https://www.englishpen.org/events/prizes/golden-pen-award-for-a-lifetimes-distinguished-service-to-literature/
- ↑ https://www.theguardian.com/books/2010/mar/25/lost-booker-prize-shortlist
- ↑ «Muriel Spark, Novelist Who Wrote 'The Prime of Miss Jean Brodie,' Dies at 88»։ The New York Times։ ապրիլի 23, 2010
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Мюриэл Спарк в библиотеке А. Белоусенко (ռուս.)
- Apostolou F. Seduction and Death in Muriel Spark’s Fiction / F. Apostolou. - Connecticut, Lnd: Greenwood Press, 2001. - 121 p.
- Spark M. Aiding and Abetting / M. Spark. - London: Penguin Books, [Б.г]. - 212 p.
- Spark M. Symposium / M. Spark. - London: Penguin Books, [Б.г]. - 192 p.
- Martin J. The Action Is Not at the Table // www.nytimes.com/books/97/05/11/ reviews/ 970511.11/fitzget.html, (20.09.2001)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Official Website of Dame Muriel Spark (Last Internet Archive capture of defunct website - 5 March 2016)
- Muriel Spark on IMDb
- Muriel Spark personal archive at National Library of Scotland
- The Muriel Spark Papers at Washington University in St. Louis
- Muriel Spark fonds at University of Victoria, Special Collections
- Guardian obituary, 17 April 2006
- In their own words BBC interview 3 December 1971 (Video, 30 mins)
- Chrysalis: a poem by Muriel Spark from TLS, 17 January 2008
- "Dame Muriel Spark", Fellows Remembered, The Royal Society of Literature
|