Մկրտիչ Մկրտչյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Մկրտչյան
Ծնվել էհունիսի 7, 1957(1957-06-07) (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ, խմբավար և թարգմանիչ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Մկրտիչ Կարապետի Մկրտչյան (ֆր.՝ Mekertitch Mekertitchyan, հունիսի 7, 1957(1957-06-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, խմբավար, թարգմանիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964-1974 թթ. ուսանել է Երևանի Ս. Զորյանի անվան 56 միջնակարգ դպրոցում։ 1974 թվականին ընդունվել է և 1979 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժինը։ Զուգահեռաբար վոկալ դասեր է վերցրել ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Մարիամ Չմշկյանից։ 1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ նախապատրաստական բաժինը, 1983 թվականին՝ առաջին կուրս։ Սովորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Գոհար Գալաչյանի դասարանում։ Հաճախել է խմբավարության դասերի Հովհաննես Միրզոյանի դասարանում։ Կոնսերվատորիան ավարտել է 1987 թվականին։

Կատարողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ուսանողական տարիներից զբաղվել է համերգային գործունեությամբ, հանդես է եկել մենահամերգներով։ 1986 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիա որպես մեներգիչ։ Նույն թվին կազմակերպել և 15 տարի շարունակ ղեկավարել է «Նարեկ» արական երգչախումբը (նախ Երևանի թիվ 3 մշակույթի տանը, այնուհետև՝ Հայֆիլհարմոնիային կից)։ 1981-1993 թթ. եղել է Խոր Վիրապ եկեղեցու երգչախմբի խմբավարը։ Զբաղվել է հայ հոգևոր երաժշտության և Կոմիտասի ժառանգության ուսումնասիրությամբ։ «Նարեկ» երգչախմբով առաջին անգամ բեմ է հանել Կոմիտասի «Պատարագ»-ն ամբողջությամբ։ Երեք տարի շարունակ Իրանի Սպահան քաղաքի հայ համայնքի հրավերով աշխատել է Նոր Ջուղայի «Կռունկ» երգչախմբի հետ։

Որպես մեներգիչ հանդիսանում է եվրոպացի կոմպոզիտորների՝ Հ. Բեռլիոզի, Ժ. Բիզեի, Մ. Ռավելի, Կ. Դեբյուսիի, Յ. Բրամսի, Ֆ. Շուբերտի, Ռ. Շումանի և այլոց շատ ստեղծագործությունների առաջին կատարողը Հայաստանում։ 1992-1999 թթ. աշխատել է որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար։ Դիրիժորներ Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի, Գևորգ Մուրադյանի, Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ մասնակցել է համաշխարհային դասական կոմպոզիտորների մեսսաների և ռեքվիեմների կատարմանը Երևանում։ Դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ մասնակցել է Յ. Ս. Բախի «Չարչարանքների» և շատ կանտատների առաջին կատարմանը Երևանում։ Զուգահեռաբար աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգիչ։

2000 թվականին տեղափոխվել է Փարիզ, ընդունվել է Սորբոնի համալսարանի երաժշտագիտական ֆակուլտետ, որտեղ երկու տարի ուսումնասիրել է գրիգորյանական խորալները և դրանց կատարման սկզբունքները։ Այնուհետև կատարելագործվել է Ֆրենի կոնսերվատորիայում և արժանացել ֆրանսիական բարձրագույն գերազանց դիպլոմի՝ օպերային ու կամերային երգեցողության և խմբավարության գծով։ Որպես մեներգիչ մասնակցել է օպերային ներկայացումների փարիզյան շրջանի տարբեր թատրոններում։ Կազմակերպել է պրոֆեսիոնալ երգիչներից բաղկացած «Հանդիպակաց ձայներ» վոկալ քառյակը, որի երկացանկում տեղ են գտել եվրոպական շատ կոմպոզիտորների՝ Ջ. Ռոսսինիի, Յ. Բրամսի, Ժ. Մասնեի, Շ. Գունոյի, Ք. Սեն-Սանսի և այլոց ինչպես հայտնի, այնպես էլ ոչ շատ կատարվող վոկալ անսամբլները։ Բացառապես ֆրանսիացի երգիչներից կազմել է 12 հոգուց բաղկացած արական երգչախումբ և ձայնագրել Կոմիտասի «Պատարագ»-ը։ Որպես մեներգիչ և որպես խմբավար՝ իր ղեկավարած «Նարեկ» արական երգչախմբով կատարել է մեծ թվով ձայնագրություններ, թողարկել է մեկ տասնյակից ավելի ձայնասկավառակ։

2002-2003 թթ. եղել է փարիզյան շրջանի Իեր քաղաքի կոնսերվատորիայի երգչախմբի ղեկավար։

2006 թվականից ղեկավարում է Արնուվիլ քաղաքի Վարագա Սբ. Խաչ եկեղեցու երգչախումբը։

2014-2015 թթ. եղել է փարիզյան շրջանի Սարսել քաղաքի կոնսերվատորիայի արական երգչախմբի ղեկավար։

Շարունակում է իր համերգային գործունեությունը՝ եվրոպացի և ռուս դասականների կողքին անդրադառնալով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Լատվիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Իրանում և ԱՄՆ-ում։

Հայաստանի և Սփյուռքի մամուլին պարբերաբար թղթակցում է հայ մշակույթի գործիչների վերաբերյալ հոդվածներով։

Օպերային դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժերմոն - Ջ. Վերդիի «Տրավիատա»
  • Ռիգոլետտո - Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»
  • Սեմպրոնիո - Յ. Հայդնի «Դեղագործը»
  • Պապագենո - Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ»
  • Էսկամիլիո - Ժ. Բիզեի «Կարմեն»
  • Գուսան - Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»
  • Մոսի - Ա. Տիգրանյանի «Անուշ»։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խմբավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Մկրտիչ Մկրտչյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերային երգեցողությունը նույնը չէ, ինչ օպերայինը։ Այն ավելի ինտելեկտուալ երգեցողություն է։ Այդ առումով ինձ շատ ուրախացրեց Մկրտիչ Մկրտչյանը Հայաստանից։
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Զարուհի Դոլուխանյան
Մենք Կոմիտասին քիչ ենք լսում և նրա քիչն ենք լսում։ Երիտասարդ երգիչ Մկրտիչ Մկրտչյանի պես նվիրյալներ են հայտնվում, որոնք փորձում են շրջանառության մեջ դնել Կոմիտասի քիչ հայտնի կամ ունկնդրին լրիվ անհայտ երգերը։
- Բանաստեղծ Ռազմիկ Դավոյան
Մկրտիչ Մկրտչյանը իր կատարումներով Սայաթ-Նովային մի աստիճանով բարձրացրեց վերև։ Սա այն դեպքն էր, երբ երաժիշտներս ասում ենք. «Զգացմունքային ու վառվռուն Արևելքը հրամցվեց Արևմուտքին բնորոշ զուսպ ու կիրթ արտահայտությամբ, այսինքն՝ հային բնորոշ կատարողական ոճով»։
- Երաժշտագետ, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյան
Մոսիի դերում Մկրտիչ Մկրտչյանը կարողացավ համադրել բեմական և վոկալ խնդիրների ներդաշնակությունը։ Ամենակարևորը՝ նա հավատարիմ է նոր բեմադրության Մոսիի առաքելությանը։ Նա նույնպես զոհն է բարքերի ու ժամանակի։ Եվ շատ հուզիչ մտասևեռեց իր պլաստիկ աղոթք-խաղը։
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյան
Կարելի է գտնել Նարեկացու տաղերի որոշ լավ կատարումներ։ Օրինակ՝ ես ճանաչում եմ մի երգչի, որի անունն է Մկրտիչ Մկրտչյան։ Նա կատարել է այդ տաղերի փայլուն ձայնագրություններ։
- Ֆրանսիացի արևելագետ, հայագետ, ակադեմիկոս Ժան-Պիեռ Մահե

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2016 թթ. դասավանդել է փարիզյան շրջանի Վոքրեսոն քաղաքի, իսկ 2008-2009 թթ. Լյուսե քաղաքի կոնսերվատորիաներում՝ որպես դասական երգեցողության դասախոս։

Թարգմանչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերենից, գերմաներենից և իտալերենից թարգմանել է ավելի քան 70 հեղինակների բանաստեղծություններ, այդ թվում՝ Վիկտոր Հյուգո, Պոլ Վեռլեն, Սյուլլի Պրյուդոմ, Թեոֆիլ Գոթիե, Յոհան-Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Հայնրիխ Հայնե։ Կատարել է նաև մեծ քանակությամբ արձակ ստեղծագործությունների թարգմանություններ՝ Գի դը Մոպասանի, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Մարսել Էմեի, Ռոմեն Գարիի վիպակներ, նովելներ և պատմվածքներ։

Հայաստանում եվրոպական ծրագրով նրա մենահամերգները մշտապես ուղեկցվում են համերգի ծրագրի իր սեփական թայգմանություններով՝ ֆրանսերենից և գերմաներենից, իսկ Ֆրանսիայում հայկական և ռուսական ծրագրերով նրա մենահամերգները՝ հայերենից և ռուսերենից կատարած իր ֆրանսերեն թարգմանություններով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]