Միքայել Օրդյան
Միքայել Օրդյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1928 (95 տարեկան) Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Միքայել Բախշիի Օրդյան (սեպտեմբերի 27, 1928, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000)[1]։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 27-ին, Գորիս քաղաքում։ 1953 թվականին ավարտել է Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետը[1]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի և հայ-քիմնախագիծ (1959–1968, Երևան) ինստիտուտներում։ 1969 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի օրգանական և ֆիզկոլոիդ քիմիայի (1980 թվականից՝ դեղագործական, թունաբանական, օրգանական և ֆիզկոլոիդ քիմիայի) ամբիոնի վարիչն է։
Կազմակերպել (1976) և ղեկավարում է ամբիոնի ճյուղային լաբորատորիան։
Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական աշխատանքները նվիրված են պենտենների հիդրոկոնդենսման, ածխաջրածինների կարբալկօքսիլման ռեակցիաների հետազոտմանը։ Մշակել է ճյուղավորված կարբոնաթթուների ստացման բարձր ճնշումներ չպահանջող եղանակ։ Առաջարկել է սինթետիկ կաուչուկի թափոններից (սպիրտի և պոլիվինիլացետատի արտադրության թափոններից) քացախաթթվի և մեթանոլի ստացման եղանակներ (1960 թվականին ներդրվել է Սևերո–Դոնեցկի քիմիական կոմբինատում՝ տարեկան 50 հազար տոննա)։
Զբաղվում է կենսաբանորեն ակտիվ պորֆիրինների սինթեզով և ուսումնասիրությամբ։ Աշխատակիցների հետ սինթեզել է արյան ճնշումը և պսակաձև անոթների դիմադրողականությունն իջեցնող և հակաջղաձգային հատկություններ ունեցող նյութեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |