Միրնա Յուկիչ (խորվ.՝ Mirna Jukić, ծնվել է՝ 9 ապրիլի, 1986, Նովի Սադ, Հարավսլավիա), ավստրիացի լողորդուհի, որն ունի խորվաթական ծագում։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եռակի մրցանակակիր (երկու անգամ 50 մետրանոց ջրավազանում և մեկ անգամ կարճ տարածությունում), Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն։
Միրնա Յուկիչը ծնվել է 1986 թվականի ապրիլի 9-ին Նովի Սադ քաղաքում (ներկայում՝ Սերբիա), հասակ է առել Խորվաթիայի Վուկովեր քաղաքում։ 1991 թվականի նոյեմբերին ընտանիքը տեղափոխվել է Զագրեբ, և Միրնան 1996 թվականին սկսել է հոր հետ պարապել լող «Մլադոտս» մարզական ակումբում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Դինկո Յուկիչը, նույնպես միջազգային մակարդակի լողորդ է։ 1999 թվականի աշնանը Միրնա Յուկիչը տեղափոխվել է Վիեննա և նույն թվականին ստացել է Ավստրիայի քաղաքացիություն[1]։
2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ 100 մետրը լողացել է 1։07,34 ժամանակում ու գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Մանսակցել է նաև 200 մ տարածության լողի առաջնությանը։ Մեկ տարի անց աշխարհի առաջնության ժամանակ 200 մետր տարածությունում արժանացել է բրոնզե մեդալի։