Jump to content

Միրավետի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրավետի ամրոց
կատ.՝ Castel de Miravet
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեCamí del Castell
Վարչական միավորՄիրավետ[1]
Երկիր Իսպանիա[1]
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Miravet Վիքիպահեստում

Միրավետի ամրոց (կատ.՝ Castel de Miravet), միջնադարյան ամրոց Իսպանիայի Տարագոնա պրովինցիայի Ռիբերա դ’Էբրե շրջանի Միրավետ մունիցիպալիտետում։ Գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է տեսարան դեպի համանուն քաղաքը[2]։ Տեղակայված է ծովի մակարդակից 220 մետր բարձրության վրա։

Միրավետի ամրոցն այն ամրոցային ճարտարապետության օրինակ է, որ ստեղծվել է խաչակիրների կողմից Սուրբ հողում (Պաղեստին) խաչակրաց արշավանքների ժամանակ և հետագայում տարածվել է Արևմտյան Եվրոպայում Տաճարականների միաբանության կողմից։ Միրավետի ամրոցը համարվում է Եվրոպայում տաճարականների ամրոցային ճարտարապետության ամենատիպական ու ամենալավ պահպանված օրինակներից մեկը[3]։

Միրավետի ամրոցը հիմնադրվել է մավրերի կողմից 11-րդ դարում, երբ նրանք իշխում էին Պիրենեյան թերակղզում։ Ժամանակին ամրոցը եղել է ամենահզոր պաշտպանական կառույցներից մեկը ժամանակակից Կատալոնիայի հարավում։ Ռեկոնկիստայի ընթացքում այդ տարածքները գրավել են քրիստոնյաները, և 1154 թվականին ամրոցը Ռամոն Բերենգերի կողմից հանձնվել է տաճարականների տիրապետության տակ՝ դառնալով այն մեկնակետը, որտեղից սկսել է տարածվել նրանց իշխանությունն այդ տարածքների վրա։ 1308 թվականի դեկտեմբերին՝ երկարատև պաշարումից հետո, տաճարականներն ամրոցը հանձնել են Յակով II թագավորի զորքերին, ինչից հետո այն մինչև 1385 թվականը եղել է Հիվանդախնամների միաբանության տիրապետության տակ, որից հետո դարձել է թագավորական սեփականություն։

Ամրոցը վնասվել է Սեգադորյան ապստամբության ժամանակ։ 1643 թվականին ամրոցը դիմացել է Իսպանիայի թագավորական զորքերի հարձակումներին, սակայն յոթ տարի անց գրավվել է նրանց կողմից։ 1707 թվականին ամրոցն անցել է Ֆիլիպ V թագավորի կողմնակիցների ձեռքը։ Կառլական պատերազմների շրջանում Միրավետը հաջորդաբար գտնվել է լիբերալների ու աբսոլյուտիզմի կողմնակիցների տիրապետության տակ։ Կառլական երրորդ պատերազմի ժամանակ ամրոցը նախ եղել է կառլականների գլխավոր հենարաններից մեկը տարածաշրջանում, իսկ 1875 թվականին լիբերալները կրկին իրենց ձեռքն են վերցրել ամրոցի վերահսկողությունը։ 1935 թվականին ամրոցը դարձել է մասնավոր սեփականություն, սակայն 1936-1939 թվականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է բախումների թատերաբեմ։ 1938 թվականի ապրիլին այն գրավել են Ֆրանսիսկո Ֆրանկոյի կողմնակիցները։ Էբրո գետի ճակատամարտի ժամանակ՝ 1938 թվականի հուլիսի 25-ին, ամրոցն անցել է հանրապետականների ձեռքը, իսկ նույն թվականի նոյեմբերին վերջնականապես գրավվել է ֆրանկիստների կողմից։

1994 թվականին Միրավետի ամրոցում անցկացվել են վերակառուցման աշխատանքներ։ 1995 թվականին այն հայտարարվել է «մշակութային կարևորության օբյեկտ» (կատ.՝ Bé d’Interès Cultural):

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի պատերից մի հատված

Միրավետի ամրոցը տեղակայված է քարաժայռի վրա, որ պաշտպանված է գետով։ Ամրոցի պատերի բարձրությունը հասնում է 25 մետրի։ Այնտեղ, որտեղ ներկայում տեղակայված է ավտոկայանատեղին, ժայռի մեջ փորված է եղել խրամ, որպեսզի ուժեղացվի ամրոցի պաշտպանությունը։ Խրամը հարձակվողներին թույլ չէր տալիս կատարել խորը ականահատում և հասնել ամրոցի պատի հիմքին, որը թշնամու ականահատները կարող էին վնասել կամ պայթեցնել։

Արտաքինից կառույցը միօրինակ է, ինչը վկայում է այն մասին, որ կառուցվել է սեղմ ժամանակում։ Տաճարականների կառուցած ամրոցի արտաքին պատերի որոշ հատվածներ Ալ-Անդալուսի ժամանակների ամրոցի պատերի մնացորդներ են։ Տաճարականներն ամրոցի պատերը կառուցել են սպիտակ քարի ուղղանկյունաձև մեծաղյուսներից, որ հեշտ էին մշակվում։ Քարերը շարվել են շատ խիտ, և պատերը գրեթե չեն ունեցել ճեղքեր։

Արևմտյան պատի վերևի հատվածում՝ աշտարակի մոտ, մնում են կախովի հրակնատի ավերակները. այն եղել է բարձակային քարե կառույց, որ սկսվել է պատի ներքևից։ Հարձակման դեպքում պաշտպաններն այդտեղից կարող էին նետողական զենքեր գցել պատերի հիմքի մոտ գտնվող թշնամիների գլխին։

Մուտքերի համակարգ

Մուտքերի համակարգը եղել է ամրոցի ամենաթույլ կողմը, և պաշտպանության ուժեղացման համար ստեղծվել են ճարտարապետական մի շարք կառույցներ, այդ թվում նաև աշտարակներ ու բարբական։ Մուտքերը գտնվում են պարիսպների ոլորապտույտների մոտ, ինչի շնորհիվ թշնամին զրկվել է ճակատային գրոհ կատարելու հնարավորությունից և ստիպված եղել հարձակվել այն տարածքներում, որոնք հասանելի են եղել աշտարակների վրայից հակահարված տալու համար։ Ամրոցի մուտքերը կառուցվել են 17-րդ դարում։ Դրանք կառուցված են փոքր չափի քարե աղյուսներից, որոնք տեղակայված են ոչ այնքան խիտ։

Բարբականը մեծացնում էր պաշտպանական հնարավորությունները։ Այն պաշտպանում էր ամրոցի մուտքն ու ամրոց տանող ճանապարհի վերջին հատվածը։ Բարբականի գործառույթը դարպասների վրա կատարվող հեռահար հարձակումների կանխումն էր։ Եթե հարձակվողները հասնում էին բարբականին, հայտնվում էին որոգայթում և ընկնում աշտարակներում գտնվող պաշտպանների կրակի տակ։

Հյուսիսային պատն ունեցել է հինգ պաշտպանական աշտարակներ, որոնք տեղակայված են եղել միմյանցից այնպիսի հեռավորության վրա, որ պաշտպաններն ունենային հնարավորինս մեծ տարածության վրա կատարելու հեռահար հարձակում, և չեն եղել «մեռյալ կետեր», որպեսզի հնարավոր լիներ պաշտպանել մուտքերը։ 17-18-րդ դարերում պատերը վերակառուցվել են, և միջնադարյան ամրաշինությունները հարմարեցվել են պատերազմ վարելու ժամանակակից (այդ դարերի համար) մեթոդներին։ Վերակառուցման ժամանակ կառուցված պատերի հատվածները (փայտամածում և հողախառն կավով պատերի կառուցում) խիստ հակադրվում են 13-րդ դարում տաճարականների կողմից կառուցվածներին, որի օրինակներից է «Գանձերի աշտարակը»։ Վերջինս կառուցված է տաշած քարերից, որոնք շարված են շատ խիտ ու լավ մշակված են։ Չնայած իր ոչ այնքան ամուր արտաքին տեսքին՝ հյուսիսային պատն ունի նշանակալի հաստություն, որպեսզի դիմանա հրետանային հարձակման։

«Գանձերի աշտարակ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը կառուցվել է տաճարականների կողմից Ալ-Անդալուսի դարաշրջանի (այսինքն՝ մավրերի տիրապետության ժամանակները, մինչ այդ տարածքները գրավվել են Ռեկոնկիստայի ժամանակ) հին պատի վրա, որպեսզի ուժեղացվի հյուսիսային պատի պաշտպանությունը։ Հետագայում այն բազմիցս վերակառուցվել է։ Աշտարակն ունի առաջատար դիրք, ինչը թույլ է տալիս այնտեղից վերահսկել ամրոցի մուտքը, որ տեղակայված է աշտարակի հիմքի մոտ։

Աշտարակն այդպես է կոչվել, որովհետև տաճարականներն այնտեղ էին պահում իրեն միաբանության թղթակցական փաստաթղթերը, որ վերաբերում էին իրենց գործերին Կատալոնիայի ու Արագոնի տարածքում։ Երբ 13-րդ դարում նրանք որոշում էին, թե որտեղ պահեն այդ փաստաթղթերը, ընտրությունը կանգ է առել Միրավետի ամրոցի վրա։ Սակայն փաստաթղթերից բացի այնտեղ պահվել են նաև այլ արժեքավոր իրեր։ Երբ 1308 թվականին տաճարականները հանձնել են ամրոցը (պաշարումից հետո), այնտեղ հայտնաբերվել է 650 ոսկե ֆլորին, 5463 արծաթե տորնեսո, 2487 ժակյան սու և 663 բարսելոնական սու, ինչպես նաև այլ թանկարժեք իրեր։

Ներքին բակի կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի բակը նախատեսված էր զանազան կառույցների տեղակայման համար։ 12000 մ2 տարածության վրա տեղակայված էին պահեստներ, ձիանոցներ, թռչնանոցներ, արհեստանոցներ, ջրամբար ու այգիներ։ Այդ կառույցների մեծ մասից ոչինչ չի պահպանվել, որպեսզի հնարավոր լինի որոշել նրանց ստույգ տեղը, սակայն դրանց մասին հայտնի է գրավոր աղբյուրների շնորհիվ։

Տնտեսական կառույցներին հատկացված տարածքը համընկնում է մավրերի կողմից պարսպով շրջապատված այն տարածքին, որ նախատեսված էր վտանգի դեպքում ամրոցի բնակչության տեղավորման համար։ Կապված դրա հետ՝ ամրոցի կառուցվածքը քիչ է փոփոխվել դարերի ընթացքում՝ չնայած նրան, որ վերակառուցվել է, որպեսզի հարմարեցվի այս կամ այն դարաշրջանի պատերազմական կարիքներին։

Ներքին բակը շրջապատող պատերից յուրաքանչյուրը նախատեսված էր այդ տարածքը տարբեր միջոցներով պաշտպանելու համար; Հյուսիսային պատն ուներ չորս աշտարակ, որ պաշտպանում էին մուտքերը։ Արևելյան պատն ուներ հատուկ նեղ հրակնատներ, որոնք թույլ էին տալիս կրակել անվտանգ դիրքից։ Հարավային պատն ամենաապահովն էր. այն գտնվում էր ժայռի ծայրին, որի ներքևում հոսում էր գետը։ Նախատեսված լինելով որպես պաշտպանության առաջին մակարդակ՝ ամրոցի ներքին տարածքը շրջապատված էր պարսպով, որը մասամբ միանում էր ամրոցի վերին հատվածի պատերին, որոնց հիմքը ներքին բակի պատերի շարունակությունն էր։

Այս կառույցները, որ տեղակայված են ամրոցի ներսում, օգտագործվել են նրա՝ որպես պաշտպանական կառույց գոյություն ունենալու ողջ ընթացքում։ Ձիանոցը կառուցվել է տաճարականների տիրապետության ժամանակ, ինչի մասին են վկայում քարի որմածքն ու նրա որոշ հատվածների դեկորատիվ մշակումը, սակայն հայտնի չէ, թե այդ ժամանակ ինչ նպատակով են օգտագործվել։ 14-րդ դարից մինչև 17-րդ դարերը կառույցն օգտագործվել է որպես ձիանոց, սակայն այնտեղ կարող էին պահվել նաև այլ կենդանիներ, քանի որ որոշ փաստաթղթերում կառույցը հիշատակվում է որպես կովերի գոմ։ Այդ նպատակով օգտագործման համար փոփոխվել է դեպի կառույցը տանող ուղու թեքությունը։ Հետագայում կառույցի հատակը հավասարեցվել է դռան մակարդակին՝ ավելի ցածր թողնելով միայն կենդանիների կերամանները։ Կառույցն ուներ կոնաձև ծածկ, որ ներկայում մասամբ ավերված է։ Ըստ փաստաթղթերի՝ կառուցված է եղել նաև երկրորդ հարկ, որ ծառայել է որպես ցախանոց։

Ներքին սանդղավանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես այս տարածքում տեղակայված էին սնադղավանդներ, որ աստիճանաձև դասավորված էին քարաժայռի լանջին։ 16-րդ դարում լցվել է հողի շերտ՝ նպատակ ունենալով հարթեցնել այդ տարածքը, ինչը կապված էր նոր պարսպի կառուցման հետ։ Ներկայում այդ տարածքում ոչ մի կառույց չկա, սակայն նախկինում այդտեղ եղել են շտեմարաններ ու թռչնանոցներ։ Փաստաթղթերից հայտնի է, որ այդտեղ եղել են այգիներ, որոնց բերքն օգտագործվել է ամրոցի բնակիչների կողմից, ովքեր զբաղվել են նաև ձիթենիների մշակմամբ ու Մետաքսագործությամբ։ Ժամանակ առ ժամանակ այդ տարածքն օգտագործվել է որպես գերեզմանոց։

Միջնադարյան պատեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերը լեռան լանջով տարածվում են ներքին սանդղավանդից այն կողմ։ Ի տարբերություն ամրոցի մյուս պատերի՝ այս հատվածն ավելի նեղ է։ Միջնադարյան պատերը վերակառուցման չեն ենթարկվել և պահպանել են իրենց նախնական տեսքը։ Այս պատերի գործառույթն էր պաշտպանել ամրոցը հարձակումներից, ինչով էլ պատճառաբանվում է նրանց նշանակալի բարձրությունը։ Նետաձիգները կարող էին պաշտպանել ամրոցը՝ տղաորվելով պատի վերևում, որ ուներ ատամնաձև ելուստներ, ինչը տիպական է միջնադարյան բերդերի համար։ Պատերի վրայի նեղ ուղիներով միաժամանակ կարող էր շարժվել միայն մեկ մարդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. AADD (2010). Museus i Centres de Patrimoni Cultural a Catalunya. Barcelona: Departament de Cultura de la Generalitat de Catalunya. էջեր p. 81. ISBN 84-393-5437-1. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)
  3. Gracià, Oriol (juliol 2010). Sàpiens (ed.). L'hegemonia dels templers. Barcelona. էջեր p. 64. ISSN 1695-2014. {{cite book}}: |pages= has extra text (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Artur Bladé i Desumvila, El castell de Miravet, Barcelona, Rafael Dalmau, 1966.
  • Pere Català i Roca i Miquel Brasó Vaqués, «Castell de Miravet», a Els castells catalans, Barcelona, Rafael Dalmau, 1967—1979, vol. 4, pp. 479–494.
  • Joan Fuguet i Sans, [1]"De Miravet (1153) a Peníscola (1294): novedad y persistencia de un modelo de fortaleza templaria en la província catalano-aragonesa de la orden", a Acri 1291: la fine della presenza degli ordini militari in Terra Santa e i nuovi orientamenti nel XIV secolo (Perugia, 1996), Perugia, Quattroemme, 1996, pp. 44–67.
  • Joan Fuguet i Sans, «Els castells templers de Gardeny i Miravet i el seu paper innovador en la poliorcètica i l’arquitectura catalanes del segle XII», Acta historica et archaelogica mediaevalia, 13 (1992), 354—374.
  • Maribel Cedó Rovira, Francisco José Lorente Regordosa i Enrique Vijande Majem, Proyecto de rehabilitación del castillo de Miravet con objeto de instalar un museo,, treball de fi de carrera de l’Escola Universitària Politècnica de Barcelona (UPC), 1994 [dir. per Jesús Gandullo i Benito Vila].
  • Pere Lluís Artigues i Conesa, «El castell de Miravet: darreres actuacions», Tribuna d’Arqueologia, 1995—1996 [=1997], 39-60.
  • Pere Lluís Artigues i Conesa, «Miravet», a Catalunya romànica, vol. 26, Barcelona, Enciclopèdia Catalana, 1997, pp. 190–197.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոդված Կատալոնական մեծ հանրագիտարանում (կատ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրավետի ամրոց» հոդվածին։