Միսս Իտալիա մրցույթի նախորդը Miss Sorriso-ն էր (Miss Smile), որն անցկացվել է 1939 թվականից մինչև 1941 թվականը Դինո Վիլանիի կողմից՝ ատամի մածուկի բրենդերից մեկի աջակցությամբ։ Մրցույթի մասնակիցները գնահատվում էին ըստ իրենց լուսանկարների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ընդհատումից հետո մրցույթը վերսկսվել է 1946 թվականին Ստրեզայում և սկսել է կոչվել «Միսս Իտալիա»։ 1950 թվականին այն առաջին անգամ հեռարձակվել է ռադիոյով։ 1987 թվականից սկսել է ուղիղ եթերով հեռարձակվել հեռուստատեսությամբ։ 1990 թվականից դադարել են դատել մասնակիցներին կրծքի, գոտկատեղի և ազդրի պարամետրերով, իսկ 1994 թվականին մրցույթը բաց է եղել ամուսնացած կանանց և մայրերի համար (1987 թվականի հաղթողը որակազրկվել է, երբ ավելի ուշ պարզվել է, որ նա ամուսնացած է եղել)։ 1996 թվականին Դենի Մենդեսը դարձավ առաջին սևամորթ միսս Իտալիան[2]։
Մասնակիցների թվում, որոնք հետագայում հաջողության են հասել կինոյի և ժամանցի արդյունաբերության մեջ (թեև նրանցից շատերը իրականում չեն հաղթել Միսս Իտալիա մրցույթում), այնպիսի աստղեր են, ինչպիսիք են Սիլվանա Պամպանինին, Սոֆի Լորենը, Մարչելա Մարիանին, Լյուչիա Բոզեն, Ստեֆանիա Սանդրելին, Միրկա Վիոլան, Սիմոնա Վենտուրան, Պատրիցիա Դեյտոսը, Աննա Ֆալչկին և Մարտինա Կոլոմբարին։
Բացի «Միսս Իտալիա» տիտղոսից, մրցույթի ժամանակ հանձնվում են նաև այլ սփոփիչ մրցանակներ, այդ թվում ՝ «Միսս էլեգանտություն» և «Միսս կինո»։ 1991 թվականին ստեղծվել է առանձին մրցույթ, որը կոչվում է «Miss Italia nel Mondo», և նախատեսված է արտասահմանում բնակվող իտալացի կանանց համար։