Միջուկային մոմենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջուկային մոմենտներ, ատոմային միջուկների ներքին առանձնահատկությունները բնութագրող մեծություններ։ Տարբերում են շարժման քանակի մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների, որպես նուկլոններից բաղկացած բարդ օբյեկտների, մեխանիկական հատկությունները և էլեկտրամագնիսական մոմենտներ, որոնք բնութագրում են միջուկների էլեկտրամագնիսական հատկությունները։ Շարժման քանակի մոմենտը կամ միջուկի սպինը կարող է ընդունել ամբողջ և կիսամբողջ թվային արժեքներ։ Զույգ թվով պրոտոններից և զույգ թվով նեյտրոններից կազմված միջուկի սպինը հիմնական վիճակում հավասար է զրոյի։ Կենտ միջուկների սպինն ընդունում է կիսամբողջ արժեքներ և որոշվում վերջին չզույգված՝ կենտ նուկլոնի սեփական շարժման քանակի մոմենտով և ուղեծրային շարժմամբ, իսկ կենտ թվով պրոտոններից և կենտ թվով նեյտրոններից կազմված միջուկի սպինն ունենում է ամբողջական՝ զրոյից տարբեր արժեք, և որոշվում է չզույգված պրոտոնով ու նեյտրոնով։ Զրոյից տարբեր սպինով միջուկի մագնիսական մոմենտը, որը ծագում է էլեկտրական լիցքերի շարժման հետևանքով, նույնպես տարբեր է զրոյից։ Միջուկի էլեկտրական դիպոլային մոմենտը հավասար է զրոյի. այդ մասին է վկայում հիմնական վիճակում միզուկներում սիմետրիայի կենտրոնի առկայությունը։ Միջուկի սիմետրիայի հատկություններից հետեում է ավելի ընդհանուր կանոն՝ բոլոր կենտ էլեկտրական մուլտիպոլները (դիպոլային էլեկտրական մոմենտ, օկտուպոլային էլեկտրական մոմենտ) և զույգ մագնիսական մուլտիպոլները (մագնիսական քվադրուպոլային մոմենտ, մագնիսական հեկսա-դեկապոլային մոմենտ) հավասար են զրոյի։ Զրոյից տարբեր էլեկտրական քվադրուպոլային մոմենտը բնութագրում է միջուկում լիցքի բաշխման շեղումը ոլորտային սիմետրիայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png