Միջճյուղային տնտեսական կապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջճյուղային տնտեսական կապեր, հասարակական ամբողջական արդյունքի արտադրության ու իրացման ընթացքում նյութական արտադրության ճյուղերի միջև առաջացող փոխկապակցություններ։ Դրսևորվում են նյութական արժեքների միջճյուղային հոսքերում և արտացոլում վերարտադրության պրոցեսի բոլոր փուլերը։ Արտադրության ճյուղերի քանակական հարաբերակցությունների ու համամասնությունների որոշման միջոց են։ Կապիտալիզմի ժամանակ, արտադրության անարխիայի ու մրցակցության օրենքի գործողության պայմաններում, արտադրության ճյուղերի հարաբերակցությունները ձևավորվում են տնտեսության մեջ մշտապես խախտված համամասնությունները ժամանակավորապես վերականգնելու միջոցով։ Կոմունիստական (սոցիալիստական) հասարակարգում դրանք սահմանվում են պլանաչափ համամասն զարգացման տնտեսական օրենքի և տնտեսական մյուս օրենքների պահանջներին համապատասխան։ Արտադրության համամասնությունների ու Միջճյուղային տնտեսական կապերի կատարելագործման միջոցով ստեղծվում է արտադրության առաջադիմական կառուցվածք և բարձրացվում հասարակական արտադրության արդյունավետությունը։ Նյութական արտադրության մեջ առանձնացվում են աշխատանքի առարկաների ընթացիկ արտադրության և արտադրական ծառայությունների, արտադրության ընդլայնման և շարքից դուրս եկած հիմնական ֆոնդերի փոխհատուցման կապերը։ Տարբերվում են նաև միջանկյալ արտադրանքի (որն ընթացիկ արտադրության մեջ հետագա վերամշակման է ենթարկվում) և հասարակության վերջնական սպառմանը (անձնական և հասարակական սպառում, կուտակում, շարքից դուրս եկած հիմնական ֆոնդերի փոխհատուցում, արտահանում) գնացող արտադրանքի կապերը։ Միջճյուղային տնտեսական կապերի վերլուծության և պլանավորման կատարելագործման միջոց է հասարակական արդյունքի արտադրության ու բաշխման միջճյուղային հաշվեկշիռը։ Նյութական արտադրության յուրաքանչյուր ճյուղ կապված է նյութական ռեսուրսների մատակարարների և պատրաստի արտադրանքի սպառողների հետ։ Միջճյուղային հաշվեկշռում տրվում են միջճյուղային քանակական կապերը բնութագրող արտադրանքի թողարկման ու բաշխման գործակիցները։ Առաջինները բնութագրում են ծախսերի, երկրորդները՝ ըստ առանձին սպառողների թողարկվող արտադրանքի բաշխման կառուցվածքը։ Նյութական ծախսերի գործակիցներով որոշում են տարբեր ճյուղերի արտադրանքի պահանջի չափը տվյալ ճյուղի ընթացիկ արտադրության կարիքների համար։ Արտադրանքի թողարկման գործակիցների միջոցով վերլուծվում են յուրաքանչյուր ճյուղի կոնկրետ արտադրանքի արտադրության ծավալի պահանջարկի տարրերը և մասերը։ Արտադրության ճյուղերի տնտեսության կապերը տարբերվում են միմյանցից, օրինակ, թեթև ու սննդի արդյունաբերության արտադրանքի հիմնական մասն օգտագործվում է ժողովրդական սպառման, իսկ մեքենաշինությանն ու շինարարությանը՝ կուտակման համար։ Արտադրանքի բնույթից կախված, ճյուղերի մի մասի տնտեսական կապերը խիստ սահմանափակ են, իսկ մյուսների (օրինակ, էլեկտրաէներգետիկայի) արտադրանքն օգտագործվում է արտադրության բոլոր ճյուղերում կամ դրանց մեծ մասում։ ժողտնտեսության զարգացման տեմպերի ու համամասնությունների վրա վճռորոշ ազդեցություն ունեն Միջճյուղային տնտեսական կապերի 10-15%-ը։ Ճյուղերի ուղղակի կապերից բացի, ժողտնտեսության մեջ կան նաև անուղղակի կապեր, որոնք միջնորդավորվում են մի շարք ճյուղերի արտադրանքի թողարկմամբ։ Արտադրության ճյուղերի կապերի ու հարաբերակցությունների փոփոխությունը կատարվում է գիտատեխնիկական առաջընթացի հիման վրա։ Շ․ Մարգարյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 593 CC-BY-SA-icon-80x15.png